Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Աստվածաշունչ ուսումնասիրողները՝ համաժողովին (Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ)

Հարյուր տարի առաջ. 1917

Հարյուր տարի առաջ. 1917

«ՆՈՐ ՏԱՐՎԱ արշալույսը բացվեց արյունահեղությունների, խռովությունների ու թեժ պայքարի բովում»,— նշվում էր 1917 թ. հունվարի 1-ի «Դիտարանում»։ Այո՛, Առաջին համաշխարհային պատերազմը՝ համաշխարհային սպանդը, շարունակում էր մոլեգնել Եվրոպայում։

Թեև Աստվածաշունչ ուսումնասիրողները այդ ժամանակ դեռ լիովին չէին հասկանում, թե ինչ է քրիստոնեական չեզոքությունը, նրանցից շատերը ջանք էին թափում, որ խուսափեին արյունապարտության մեղքից, ինչը գովասանքի էր արժանի։ Այդ անհատներից մեկը Անգլիայում ապրող 19-ամյա Ստենլի Ուիլիսն էր։ Նա վճռել էր չեզոքություն պահել։ Նախքան իր դիրքորոշումը  դատարանի առաջ ներկայացնելը նա գրեց. «Ես մեծ առանձնաշնորհում եմ համարում, որ ինձ թույլ է տրվել այս վկայությունը տալ։ Այս առավոտ գնդապետն ասաց, որ ինձ հրաման է տրվելու զինվորական համազգեստ հագնել, ու եթե ես հրաժարվեմ, իմ գործը կհանձնեն ռազմական տրիբունալի քննությանը»։

Երբ Ստենլին հրաժարվեց զիջումների գնալուց, նրան ազատազրկեցին։ Բանտում նա պետք է ծանր աշխատանքներ աներ։ Այնուամենայնիվ, նա դրական տրամադրվածություն էր պահպանում։ Երկու ամիս անց Ստենլին գրեց. «Զորության ոգու շնորհիվ, որ տալիս է Ճշմարտությունը, կարող ես համբերատարորեն կրել.... այնպիսի բաներ, որոնք ուրիշների համար շատ դժվար է կրել»։ Ստենլին իր ժամանակը իմաստնորեն էր օգտագործում բանտում։ Եղբայրը գրեց. «Ամենամեծ օրհնություններից մեկն այն է, որ այստեղ շատ ժամանակ ունեմ հանգիստ աղոթելու, խորհրդածելու և ուսումնասիրություն անելու համար»։

Կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգները պաշտոնապես ներգրավվեց պատերազմի մեջ։ 1917 թ. ապրիլի 2-ին Կոնգրեսին ուղղված իր ելույթում նախագահ Վուդրո Ուիլսոնը կոչ արեց պաշտոնապես պատերազմ հայտարարել Գերմանիային։ Չորս օր հետո Միացյալ Նահանգները ներքաշվեց պատերազմի մեջ։ Շատ չանցած՝ այդ երկրում բնակվող քրիստոնյաները բախվեցին չեզոքության հարցին։

Բանակը համալրելու համար մայիսին Միացյալ Նահանգներն ընդունեց «Զինապարտության մասին» օրենքը։ Մեկ ամիս անց ընդունվեց «Լրտեսության մասին» օրենքը։ Առաջինը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն էր տալիս պատերազմի ժամանակ հազարավոր տղամարդկանց զորակոչելու բանակ, իսկ երկրորդի համաձայն՝ հանցանք էր համարվում զորակոչն ու ռազմական գործողությունները խոչընդոտելը։ Կարճ ժամանակ անց ճշմարտության թշնամիները այս օրենքներն օգտագործեցին, որ Եհովայի խաղաղասեր երկրպագուների համար «չարիք պատրաստեն օրենքի միջոցով» (Սաղ. 94։20

Աշխարհում տիրող խռովությունները հանկարծակիի չբերեցին Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Տասնամյակներ շարունակ նրանք մարդկանց ուշադրությունը հրավիրում էին աստվածաշնչյան այն մարգարեությունների վրա, որոնցում  կանխագուշակված էին այդ իրավիճակները։ Սակայն շատերին զարմացրեց այն, որ Եհովայի ծառաներից ոմանք խռովություններ մտցրին եղբայրների մեջ։

Փորձվում ու մաղվում են

Միացյալ Նահանգներում խնդիրները սկսվեցին Չարլզ Թեյզ Ռասելի մահից կարճ ժամանակ անց։ Հարց առաջացավ, թե ինչպես էր վերահսկվելու Եհովայի ծառաների գործունեությունը։ 1884-ին եղբայր Ռասելը պետականորեն գրանցել էր Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը և այդ իրավաբանական միավորման նախագահն էր եղել մինչև իր մահը՝ 1916 թ. հոկտեմբերը։ Երբ Ջ. Ֆ. Ռադերֆորդը նախագահ դարձավ, կազմակերպության մեջ աչքի ընկնող որոշ տղամարդիկ, այդ թվում՝ տնօրենների խորհրդի չորս անդամներ իշխանատենչ ոգի դրսևորեցին։

Այդ չորսին, ինչպես նաև մի քանի այլ անհատների դուր չէր գալիս եղբայր Ռադերֆորդի գործելակերպը, օրինակ՝ այն, թե նա ինչպես վարվեց Փոլ Ս. Լ. Ջոնսոնի հետ, որը ծառայում էր որպես պիլիգրիմ, կամ՝ շրջագայող վերակացու։

Եղբայր Ռասելը իր մահից կարճ ժամանակ առաջ որոշել էր Ջոնսոնին Անգլիա ուղարկել՝ որպես կազմակերպության շրջագայող ներկայացուցիչ։ Այնտեղ Ջոնսոնը պետք է քարոզեր բարի լուրը, այցելեր ժողովներ և հաշվետվություն ուղարկեր այդ տարածքում կատարվող գործի վերաբերյալ։ Երբ 1916 թ. նոյեմբերին Ջոնսոնը ժամանեց Անգլիա, եղբայրները ջերմորեն ընդունեցին նրան։ Ցավոք, նրա հանդեպ ցուցաբերված հատուկ ուշադրությունը մթագնեց նրա դատողությունը, և նա եկավ այն եզրահանգման, որ եղբայր Ռասելից հետո ինքը պետք է լինի կազմակերպության նախագահը։

Առանց որևէ լիազորության՝ Ջոնսոնը պատասխանատվությունից զրկեց Անգլիայի Բեթելի ընտանիքի որոշ անդամների, ովքեր ընդդիմացել էին իրեն։ Նա նաև փորձեց իր ձեռքը վերցնել կազմակերպության բանկային հաշիվները Լոնդոնում, սակայն հենց այդ ժամանակ եղբայր Ռադերֆորդը նրան հետ կանչեց Միացյալ Նահանգներ։

Ջոնսոնը վերադարձավ Բրուքլին, սակայն փոխանակ խոնարհաբար ընդունելու իրեն տրված խորհուրդը՝ նա շարունակ փորձում էր համոզել եղբայր Ռադերֆորդին, որ իրեն թույլ տա վերադառնալ Անգլիա, որպեսզի այնտեղ շարունակի իր գործը։ Հաջողության  չհասնելով՝ Ջոնսոնը փորձեց ազդեցություն բանեցնել տնօրենների խորհրդի վրա, որի չորս անդամները նրա կողմը բռնեցին։

Մտավախություն ունենալով, որ այդ մարդիկ կփորձեն իրենց ձեռքը վերցնել Միացյալ Նահանգներում կազմակերպության ֆինանսները, ինչպես որ Ջոնսոնն էր փորձել անել Անգլիայում՝ եղբայր Ռադերֆորդը քայլեր ձեռնարկեց, որ նրանց հեռացնի տնօրենների խորհրդից։ Միացյալ Նահանգների օրենքը պահանջում էր, որ Ընկերության հիմնադիրները ամեն տարի տնօրենների խորհրդի անդամներ ընտրեին։ Սակայն 1917 թ. հունվարի 6-ին տեղի ունեցած Ընկերության հիմնադիրների տարեկան հանդիպման ժամանակ տնօրենների խորհրդի ընդամենը երեք անդամ ընտրվեց՝ Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը, Ա. Ն. Փիրսոնը և Ուիլյամ Է. վան Ամբուրգը։ Նրանք համապատասխանաբար ստանձնեցին նախագահի, փոխնախագահի և քարտուղար-գանձապահի պատասխանատվությունները։ Տնօրենների խորհրդի թափուր մնացած չորս տեղերի համար ընտրություններ չանցկացվեցին։ Այդ չորս հակառակորդները տարիներ առաջ էին ընտրվել այդ պատասխանատու դիրքերը զբաղեցնելու համար, և ոմանք կարծում էին, թե նրանք ցմահ պետք է մնային տնօրենների խորհրդում։ Սակայն քանի որ տարեկան հանդիպման ժամանակ այդ անհատները չվերընտրվեցին, իրավական տեսանկյունից նրանք տնօրենների խորհրդի անդամ չէին կարող համարվել։ Ուստի 1917 թ. հուլիսին եղբայր Ռադերֆորդը, գործելով իր իրավունքների սահմաններում, այդ չորսի փոխարեն՝ ընտրեց չորս հավատարիմ մարդկանց, որպեսզի նրանք զբաղեցնեն խորհրդի թափուր տեղերը։

Ինչպես և կարելի էր ակնկալել, հեռացված չորս տնօրենները շատ վրդովվեցին և իրենց պատասխանատու դիրքը կրկին զբաղեցնելու համար պայքար սկսեցին։ Սակայն նրանք հաջողություն չունեցան։ Թեև որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ նրանց կողմն անցան և տարբեր խմբավորումներ ստեղծեցին, մեծամասնությունը հավատարիմ մնաց, իսկ այն չորս հոգին այդպես էլ տնօրենների խորհրդում պատասխանատու դիրքեր չզբաղեցրին։

Առաջընթաց՝ չնայած հակառակությանը

Այդ ընթացքում եղբայր Ռադերֆորդը և Բեթելում ծառայող հավատարիմ եղբայրները շարունակում էին առաջ տանել Թագավորության շահերը։ Շրջագայող վերակացուների թիվը, որոնք այն ժամանակ կոչվում էին պիլիգրիմներ, 69-ից հասավ 93-ի, իսկ գրքեր  տարածողների, կամ՝ ռահվիրաների թիվը 372-ից հասավ 461-ի։ Բացի այդ, առաջին անգամ նշանակվեցին գրքեր ենթատարածողներ, որոնք այսօր կոչվում են ենթառահվիրաներ։ Որոշ ժողովներում նախանձախնդիր ծառայողների թիվը հասնում էր 100-ի։

1917 թ. հուլիսի 17-ին լույս տեսավ մի նոր գիրք, որը կոչվում էր «Գաղտնիքը բացահայտված է»։ Այդ տարվա վերջում գրքի պաշարներն արդեն սպառվել էին, և մեր գրականությունը տպագրող ընկերությանը պատվեր տրվեց ևս 850 000 գիրք տպագրել։ *

1916 թ.-ին Բեթելի գործունեության մեջ եղբայր Ռասելի նախաձեռնած կազմակերպչական փոփոխությունները ավարտվեցին 1917 թ.-ին։ Այդ տարվա դեկտեմբերին «Դիտարան» ամսագրում գրվեց. «Գրասենյակում ծառայողների անձնակազմում բոլոր փոփոխություններն.... ավարտվել են, և այժմ ամեն ինչ ընթանում է անխափան և կազմակերպված ձևով, ինչպես որ պետք է լինի ցանկացած լավ ղեկավարվող հաստատությունում.... Գրասենյակում ծառայողները հասկանում են, որ այդտեղ են ոչ թե այն պատճառով, որ դրա իրավունքն ունեն, այլ այն պատճառով, որ իրենց առանձնաշնորհում է տրված»։

1917 թ. սեպտեմբերին «Դիտարանում» նշվեց. «Զուգահեռ անցկացնելով 1916 թ. ամիսների հետ՝ [այս տարվա] հունվարի 1-ից սկսած՝ ավելացել է [գրականության տպաքանակը].... Դա մեզ համար ապացույցն է այն բանի, որ Տերը օրհնում է այստեղ՝ Բրուքլինում, կենտրոնացված աշխատանքը»։

Շարունակում են փորձվել ու մաղվել

Հակառակորդները հեռացվել էին կազմակերպությունից, և ժողովներում անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնք տպագրվել էին «Դիտարանում», ցույց տվեցին, որ եղբայրների մեծամասնությունը թիկունք էր կանգնում եղբայր Ռադերֆորդին և Բեթելում ծառայող ուրիշ հավատարիմ մարդկանց։ Սակայն այդ անհատները դեռ լիովին չէին փորձվել։ Թեև 1918 թվականը լավ սկիզբ ունեցավ, սակայն դրանով նշանավորվելու էր մեր ժամանակակից պատմության ամենամութ ժամանակաշրջանը։

^ պարբ. 18 Մինչև 1920 թ. մեր ողջ գրականության տպագրությունն իրականացվում էր կոմերցիոն ընկերությունների կողմից։