Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ | 1991–1997 թթ.

Հոգատար հովիվները կրթում են եղբայրներին

Հոգատար հովիվները կրթում են եղբայրներին

Ջոնի Շալամբերիձեն Թամազի Բիբլաիայի հետ (1990-ականների սկիզբ)

1990-ականների սկզբին Վրաստանի ժողովներից շատերում միայն մեկ երեց կամ ծառայող օգնական կար։ Հիմնականում ժողովները կազմված էին տարբեր խմբերից, որոնք առանձին էին անցկացնում իրենց հանդիպումները։ Պատճառն այն է, որ ժողովի տարածքը շատ մեծ էր և ընդգրկում էր փոքր քաղաքներ ու գյուղեր, որտեղ ապրում էին տվյալ ժողովի քարոզիչները։

Ջոնի Շալամբերիձեն և Պավլե Աբդուշելիշվիլին, որոնք արդեն ծառայել էին հեռավոր տարածքներում, նշանակվեցին ծառայելու Կախեթի մարզի Թելավ քաղաքի ժողովում, որտեղ 300 քարոզիչ կար, բայց ոչ մի երեց չկար։ Ժողովը կազմված էր 13 խմբից, որոնք հանդիպումներն անցկացնում էին տարբեր վայրերում։

Պավլե Աբդուշելիշվիլին

 Ջոնին ու Պավլեն շուտով նկատեցին մի խնդիր, որը խանգարում էր եղբայրներին հոգևորապես առաջադիմել։ Ջոնին ասում է. «Շատ եղբայրներ մեծ արտեր ու խաղողի այգիներ ունեին։ Քանի որ գյուղական տարածքում հարևանները սովորություն ունեն գյուղատնտեսական գործերում իրար օգնելու, մեր եղբայրները շատ ժամանակ էին անցկացնում ոչ Վկա անհատների հետ» (1 Կորնթ. 15։33

Ջոնին ու Պավլեն առաջարկեցին նրանց, որ իրենց հավատակիցներին խնդրեն օգնել բերքը հավաքելու։ Այդպես նրանք աշխատելիս լավ ընկերակցություն կունենային (Ժող. 4։9, 10)։ Ջոնին ասում է. «Ժողովում եղբայրական սիրո կապերը ամրացան»։ Երբ նա և Պավլեն երեք տարի անց հեռացան Կախեթի մարզից, այնտեղ 5 երեց և 12 ծառայող օգնական կար։

Ժողովի հանդիպումները օգնում են հմտանալու քարոզչական գործում

Քանի որ մինչև 1990-ականների սկիզբը Վկաների գործունեությունը արգելքի տակ էր, նրանք փոքր խմբերով էին հավաքվում և միայն ժողովի Գրքի ուսումնասիրություն ու «Դիտարանի» ուսումնասիրություն էին անցկացնում։ Այդ հանդիպումները, թեև քաջալերական էին, սակայն դրանց նպատակը քարոզիչներին ծառայության մեջ հմտանալու հարցում օգնելը չէր։

Ամեն բան փոխվեց, երբ փլուզվեց կոմունիստական վարչակարգը։ Այդ ժամանակ Եհովայի կազմակերպությունը հրահանգ տվեց ժողովներին ամեն շաբաթ Աստվածապետական ծառայության դպրոց ու Ծառայողական հանդիպում անցկացնել։

Նաիլի Խուցիշվիլին և նրա քույր Լալի Ալեկպեռովան այդ հանդիպումներից լավ հուշեր ունեն։ Լալին պատմում է. «Շատ հետաքրքիր ժամանակներ էին։ Բոլորը ոգևորված էին այն բանից, որ քույրերը կարող են մասնակցել ծրագրին»։

 «Ցուցադրումներից մեկի ժամանակ,— պատմում է Նաիլին,— տանտիրուհին, բեմի վրա նստած, թերթ էր կարդում, երբ դռան թակոց լսեց։ Երբ նա երկու քույրերին ներս հրավիրեց, նրանք մուտքի դուռը բացեցին, ներս մտան ու բեմ բարձրացան»։ Լալին ավելացնում է. «Որքան էլ որ հանդիպումները ինքնատիպ էին, այնուամենայնիվ, դրանք օգնում էին մեզ բարելավելու մեր քարոզչական հմտությունները»։

Մեծանում է հոգևոր սննդի պահանջը

Երկար տարիներ մի քանի եղբայր աստվածաշնչյան գրականությունը տանն էին բազմացնում պատճենող սարքերի միջոցով, որոնք ձեռքով էին աշխատեցվում։ Հրատարակությունների՝ գնալով մեծացող պահանջարկը բավարարելու համար եղբայրները դիմեցին տպագրական ընկերությունների, որոնք մեր ամսագրերը կարող էին տպել ողջամիտ գների սահմաններում։

Վրացերեն ամսագրերի նմուշը պատրաստելու համար եղբայրները թերթերից կտրում էին տառերը և սոսնձում անգլերեն բնօրինակի շապիկի վրա

Տպիչ սարքերի համար վրացերեն ամսագրի նմուշ պատրաստելիս եղբայրները հնարամտություն էին դրևսորում։ Վրացերեն թարգմանված տեքստը զգուշորեն մեքենագրում էին անգլերեն տեքստի օրինակով։ Այնուհետև էջերի վրա կպցնում էին բնագրային ամսագրից կտրած պատկերները։ Վերջում պատրաստում էին շապիկը. թերթերից կտրում էին գեղեցիկ տառատեսակով գրված տառերը և սոսնձում շապիկի վրա։ Եվ այսպես՝ վրացերեն ամսագրի նմուշը պատրաստ էր պատճենահանվելու։

Տեղում տպագրված վրացերեն առաջին ամսագրերը

Երբ համակարգիչները մատչելի դարձան, երկու երիտասարդ եղբայրներ՝ Լևանի Կոպալիանին և Լերի Միրզաշվիլին, դասընթացներ անցան, որպեսզի սովորեն լավագույնս օգտվել դրանցից։ Լերին պատմում է. «Մենք փորձ չունեինք, և միշտ չէ, որ ամեն ինչ հարթ էր ընթանում։ Սակայն Եհովայի օգնությամբ շուտով համակարգիչներով սկսեցինք պատրաստել մեր ամսագրերը»։

Չնայած խոչընդոտներին՝ ողջ Վրաստանում ժողովները սկսեցին ստանալ տեղում տպագրված քառագույն  ամսագրեր։ Սակայն ժամանակի ընթացքում դժվարացավ աճող պահանջարկին համընթաց քայլելը։ Ճիշտ ժամանակին Եհովայի կազմակերպությունը սիրով լի առաջնորդություն տվեց Վրաստանի եղբայրներին։

Շրջադարձային իրադարձություն

1992 թ.-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային համաժողովը Վրաստանի եղբայրներին հնարավորություն տվեց հանդիպելու Գերմանիայի մասնաճյուղի ներկայացուցիչներին։ «Նրանք բացատրեցին, թե սովորաբար ինչպես է արվում թարգմանությունը,— պատմում է Գենադի Գուդաձեն։— Նաև ասացին, որ որոշ ժամանակ հետո մեզ կայցելի մի եղբայր՝ թարգմանչական գործում օգնելու համար»։

Աստվածաշնչյան հրատարակությունները վրացերենով տպելը բարդ աշխատանք էր։ Այդ լեզուն առանձնահատուկ գիր ունի, և կազմակերպության բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագրում (MEPS) վրացերեն այբուբենը դեռևս չկար։ Հետևաբար հարկավոր էր նոր տառատեսակ ստեղծել լուսաշարվածքի և տպագրության համար։

Դեռևս 1970-ականների վերջին վրացի մի ընտանիք՝ Դաթիկաշվիլիները, գաղթել էր Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց երեխաներից մեկը՝ Մարինան, հետագայում իմացել էր ճշմարտությունը։ Երբ Բրուքլինի Բեթելում եղբայրները սկսեցին նկարել վրացերեն տառերը՝ դրանք MEPS ծրագրի մեջ մտցնելու համար, նա անգնահատելի օգնություն ցույց տվեց այդ հարցում։ Կարճ ժամանակ անց Գերմանիայում լույս տեսան մի քանի թերթիկներ և «Ահա ամեն բան նոր եմ անում» գրքույկը։

Օգնություն՝ թարգմանչական գործը կազմակերպելու հարցում

1993-ին Մայքլ Ֆլեքենշտայնը և նրա կին Սիլվիան Գերմանիայի մասնաճյուղից եկան Թբիլիսի, որպեսզի թարգմանչական գրասենյակ հիմնեն։ «Իմ մտքում դեռ Սանկտ  Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումն էր,— ասում է Մայքլը։— Երբ 18 ամիս անց եկանք Թբիլիսի, զարմացանք՝ տեսնելով, թե թարգմանչական թիմը որքան լավ էր անում իր գործը»։

Լերի Միրզաշվիլին, Պաատա Մորբեդաձեն և Լևանի Կոպալիանին՝ թարգմանչական գրասենյակում աշխատելիս (Թբիլիսի, 1993 թ.)

Մի քանի ամիս անց 11 թարգմանիչներից կազմված խումբը արդեն լիաժամ աշխատում էր մի փոքր բնակարանում գտնվող գրասենյակում։ Եհովայի կազմակերպության տված կրթության շնորհիվ ժողովները սկսեցին կանոնավորաբար հոգևոր կերակուր ստանալ։

Հոգևոր կերակուրը մատակարարվում է անհանգիստ ժամանակներում

Խորհրդային Միության փլուզումից հետո դրա նախկին հանրապետություններից շատերում քաղաքացիական խռովություններ և էթնիկական կոնֆլիկտներ սկսվեցին, և Վրաստանը բացառություն չեղավ։ Արդյունքում՝ ճանապարհորդելը, հատկապես երկրի սահմաններով անցնելը վտանգավոր դարձավ։

Եղբայրներ Զազա Ջիկուրաշվիլին և Ալեկո Գվրիտիշվիլին (նկարներում իրենց կանանց հետ են) անհանգիստ տարիներին հավատակիցներին գրականություն էին հասցնում

Մի օր՝ 1994 թ. նոյեմբերին, Ալեկո Գվրիտիշվիլին երկու եղբայրների հետ անցնում էր սահմանը, երբ մի խումբ զինված մարդիկ կանգնեցրին նրանց և հրամայեցին դուրս գալ մեքենայից։ «Երբ նրանք տեսան աստվածաշնչյան գրականությունը,  բարկացան,— պատմում է Ալեկոն։— Մեզ կողք կողքի կանգնեցրին, ասես պատրաստվում էին գնդակահարել։ Մենք ջերմեռանդորեն աղոթեցինք Եհովային։ Մոտ երկու ժամ հետո նրանցից մեկն ասաց. «Վերցրեք ձեր գրականությունը ու գնացեք։ Եթե հետ գաք, ձեր մեքենան կվառենք ու ձեր կյանքին վերջ կտանք»»։

Չնայած այսպիսի սպառնալիքներին՝ եղբայրները շարունակեցին հոգևոր կերակուր հասցնել հավատակիցներին։ Եղբայր Զազա Ջիկուրաշվիլին, որը մեծ զոհողություններ էր արել աստվածաշնչյան գրականությունը Վրաստան բերելու համար, ասում է. «Մենք գիտեինք, որ մեր եղբայրները հոգևոր սննդի կարիք ունեին։ Եվ մեր սիրելի կանայք աջակցում էին մեզ, որ նրանց հասցնենք այդ սնունդը»։

«Գրականությունը փոխադրող մեր եղբայրներից շատերը ընտանիքի տեր մարդիկ էին»,— նշում է Ալեկոն։ Ի՞նչն էր մղում նրանց անելու այդ գործը՝ չնայած վտանգներին։ Նա ասում է. «Նախևառաջ Եհովայի հանդեպ խոր երախտագիտությունն ու սերն էին մղում մեզ դա անելու։ Մենք նաև ուզում էինք ընդօրինակել Եհովային և հոգ տանել մեր սիրելի եղբայրներին ու քույրերին»։

Այսպիսի անձնազոհ եղբայրների շնորհիվ այդ անհանգիստ տարիներին գրականության մատակարարումը երբեք չդադարեցվեց։ Հետագայում եղբայրները Գերմանիայի ու Վրաստանի միջև ավելի ապահով երթուղիներ գտան։

Ժամանակահարմար քաջալերանք

Երբ 1995 թ.-ին քաղաքական իրավիճակը կայունացավ, Վրաստանում կազմակերպվեց առաջին մարզային համաժողովը։ 1996 թ. ամռանը ողջ Վրաստանից մոտ 6 000 պատվիրակներ ներկա եղան այդ մարզային համաժողովին, որն անցկացվեց երեք վայրերում՝ Գորիի մոտակայքում, Մառնեուլում և Ծնորիում։

Վկաները՝ Գորիի մոտակայքում անցկացված մարզային համաժողովին (1996 թ.)

Ներկաների համար հատկապես հիշարժան էր Գորիի մոտակայքում անցկացված համաժողովը։ Որքա՜ն բան էր  փոխվել այն ժամանակից ի վեր, երբ եղբայրները վարանում էին դահլիճ վարձել Հիշատակի երեկոն անցկացնելու համար՝ մտածելով, թե շատ մարդ ներկա չի լինի։ Իսկ այժմ նրանք ակնկալում էին, որ երկու հազարից ավելի մարդ էր գալու համաժողով, բայց չէին կարողանում բավականաչափ ընդարձակ տեղ գտնել նրանց հյուրընկալելու համար։ Այդ պատճառով եղբայրները որոշեցին համաժողովն անցկացնել քաղաքից ոչ հեռու գտնվող մի գեղեցիկ լեռնային վայրում, որտեղ արշավներ էին կազմակերպվում։

Եղբայր Կակո Լոմիձեն, որը ծառայում էր մարզային համաժողովի կոմիտեում, ասում է. «Ծրագրից հետո եղբայրներն ու քույրերը միասին ժամանակ էին անցկացնում, երգեր էին երգում և ջերմ ընկերակցություն էին վայելում։ Բոլորի համար ակնհայտ էր, որ Աստծու ժողովուրդը միավորված է ամուր սիրո կապով» (Հովհ. 13։35

Սիրառատ շրջագայող վերակացուները նպաստում են ժողովների աճին

Որպեսզի շրջագայող վերակացուները կարողանային յուրաքանչյուր ժողով այցելել մեկ շաբաթով, 1996 թ.-ին նշանակվեցին նոր շրջագայող վերակացուներ։

Անկասկած, այդ շրջագայող վերակացուների «սիրառատ աշխատանքը» և հավատարիմ ծառայությունը օգնեցին ժողովներին աճելու և սերտորեն հետևելու աստվածապետական առաջնորդությանը (1 Թեսաղ. 1։3)։ 1990–1997 թթ.- ին իսկապես բացառիկ աճ տեղի ունեցավ։ Եթե 1990 թ.-ին 904 քարոզիչ էր հաշվետվություն հանձնում, ապա ընդամենը յոթ տարի անց նրանց թիվը հասավ 11 082-ի։

Հոգևոր աճը, որ սկսվել էր տասնամյակներ առաջ, այժմ ակնհայտ երևում էր ողջ երկրում։ Բայց Եհովան Վրաստանում ապրող իր ժողովրդի համար ավելի շատ օրհնություններ ուներ պահած։