Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ | 1924–1990 թթ.

Ժողովի հանդիպումները օգնում են կերտելու հավատը

Ժողովի հանդիպումները օգնում են կերտելու հավատը

Քրիստոնեական հանդիպումները կարևոր դեր ունեին նորեկների հավատը կերտելու հարցում։ Ինչպես այն քրիստոնյաները, ովքեր երկար ժամանակ էր, ինչ ճշմարտության մեջ էին, այնպես էլ նոր մկրտված անհատները մեծ ցանկություն ունեին իրենց տները տրամադրելու ժողովի հանդիպումների անցկացման համար։ Նրանք, ովքեր հաճախում էին հանդիպումներին, ջերմ ընդունելության էին արժանանում, և դա շատ էր ամրացնում նրանց սիրո կապը։

Երբ մի քանի ուսումնասիրողներ պատրաստ էին լինում մկրտվելու, եղբայրները, զգուշություն դրսևորելով, հատուկ հանդիպումներ էին կազմակերպում։ 1973 թ. օգոստոսին այդպիսի մի հանդիպում կազմակերպվեց Սուխում քաղաքից դուրս՝ Սև ծովի ափամերձ տարածքում։ Սակայն մկրտության 35 թեկնածուները չհասցրին մկրտվել։ Նախքան հանդիպման ավարտը ոստիկանները ընդհատեցին այն  և ձերբակալեցին մի քանի եղբոր ու քրոջ, այդ թվում՝ Վլադիմիր Գլադյուկին։

Հենց որ Վլադիմիրն ու մյուս եղբայրները ազատ արձակվեցին, կապ հաստատեցին մկրտության բոլոր թեկնածուների հետ։ Ի վերջո, առաջին փորձից երկու օր անց նրանք մկրտվեցին։ Վլադիմիրը պատմում է. «Մենք զգում էինք, որ Եհովան մեր կողքին է։ Մկրտությունից հետո բոլորս միասին աղոթեցինք և մեր երախտագիտությունը հայտնեցինք Եհովային»։

Հակառակությունը նպաստում է բարի լուրի տարածմանը

Այդ մկրտությունից երկու օր անց Վլադիմիր Գլադյուկը նորից ձերբակալվեց։ Ավելի ուշ նա, Իտտա Սուդարենկոն և Նաթելա Չարգեիշվիլին դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման։ Թեև քարոզիչները տխրեցին, սակայն վճռեցին շարունակել իրենց ծառայությունը, բայց ավելի զգույշ լինել։

Իշխանությունների ուշադրությունը չգրավելու համար քարոզիչները ոչ թե իրենց տարածքում էին քարոզում, այլ գնում էին ուրիշ փոքր քաղաքներ և գյուղեր։ Արդյունքում՝ հակառակությունը նպաստեց, որ բարի լուրը տարածվի ավելի շատ վայրերում։

Կոմունիստական վարչակարգի ներքո մեծ քաղաքներում ապրող քարոզիչները վկայություն էին տալիս այն փողոցներում ու այգիներում, որտեղ եռուզեռը քիչ էր։ Հաճախ նրանք հանդիպում էին այնպիսի մարդկանց, ովքեր փոքր քաղաքներից ու գյուղերից եկել էին այցելելու իրենց ազգականներին կամ գնումներ կատարելու։ Եթե ինչ-որ մեկը հետաքրքրություն էր ցույց տալիս, քարոզիչները վերցնում էին նրա հասցեն ու քայլեր ձեռնարկում, որ նորից հանդիպեն նրան։

Բաբուցա Ջեջելավան նրանց թվում էր, ովքեր շատ էին ճանապարհորդում Վրաստանի արևմուտքում։ Նա պատմում է. «Քանի որ տարբեր վայրերում ազգականներ ունեի,  իմ հաճախակի ճանապարհորդությունները կասկածներ չէին առաջացնում։ Մոտ երկու տարի անց ես Զուգդիդի քաղաքում ավելի քան 20 մարդու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն էի անցկացնում, իսկ Չխորոծղու քաղաքում՝ 5 մարդու հետ։ Նրանք բոլորը մկրտվեցին»։

Գնալով մեծանում է վրացերեն գրականություն ունենալու կարիքը

Շուտով ակնհայտ դարձավ, որ գնալով մեծանում է վրացերեն հրատարակություններ ունենալու կարիքը։ Քարոզիչները տեսնում էին, որ վերայցելություններ անելու կամ աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնելու համար կարիք կար մայրենի լեզվով Աստվածաշունչ և աստվածաշնչյան գրականություն ունենալու, ինչի շնորհիվ ուսումնասիրողները լավ կհասկանային ճշմարտությունը։ *

Բաբուցան հիշում է, թե որքան դժվար էր Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել՝ առանց վրացերեն որևէ հրատարակության։ Նա ասում է. «Ես միայն ռուսերեն Աստվածաշունչ և գրականություն ունեի, այդ պատճառով հաճախ ստիպված էի լինում ուսումնասիրության նյութը թարգմանել նրանց համար, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում»։ Բաբուցան, բացի մեկ բառարանից, ձեռքի տակ ուրիշ ոչինչ չուներ, և դրա օգնությամբ նա մեր ամսագրերից որոշ հոդվածներ թարգմանում էր վրացերեն։ Նա թարգմանեց անգամ ողջ Մատթեոսի Ավետարանը։

Խիզախ Վկաները փոքր միմիոգրաֆների օգնությամբ կրկնօրինակում էին գրականությունը իրենց տներում

Ճշմարտությամբ հետաքրքրված անհատները այնքան շատ էին գնահատում իրենց մայրենի լեզվով թարգմանված հոդվածները, որ իրենց անձնական օրինակը ունենալու համար պատրաստ էին արտագրելու մեր հրատարակությունները։ Քանի որ վրացերենով Աստվածաշունչ գտնելը դժվար էր, որոշ ուսումնասիրողներ դարձան Աստծու Խոսքի ժամանակակից «գրագիրներ»։

 «Ողջ օրը արտագրում էի»

Վրացերենով թարգմանված հրատարակությունները հերթով փոխանցվում էին եղբայրներին ու ճշմարտությամբ հետաքրքրվող անհատներին, որպեսզի բոլորը կարողանային կարդալ դրանք։ Ամեն մեկին մի քանի օր կամ շաբաթ էր տրվում որևէ հրատարակություն կարդալու համար։ Մի անգամ, երբ եղբայրների ձեռքն ընկավ ժամանակակից վրացերենով Հունարեն Գրությունների մի օրինակ, մի ընտանիք, առիթից օգտվելով, արտագրեց այն։

Ռաուլ Կարչավան ընդամենը 13 տարեկան էր, երբ նրա հայրը խնդրեց նրան արտագրել Հունարեն Գրությունները։ Նա պատմում է. «Հայրս գնեց մի արկղ տետր և տարբեր գրիչներ ու մատիտներ՝ ցանկանալով այդպես քաջալերել ինձ։ Թեև այդ միտքն ինձ սկզբում վախեցրեց, բայց ես համաձայնվեցի։ Ողջ օրը արտագրում էի և դադար էի տալիս միայն ձեռքերս մի փոքր ձգելու համար»։

«Դիտարանի» և «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկի ձեռագիր օրինակներ՝ վրացերենով

 Ռաուլի հարազատները շատ ուրախացան, երբ իմացան, որ եղբայրները համաձայնել են բաղձալի գիրքը ևս մի քանի շաբաթով թողնել իրենց մոտ, որպեսզի պատանի Ռաուլը կարողանա ավարտին հասցնել իր տքնաջան աշխատանքը։ Ընդամենը երկու ամսում նա կարողացավ արտագրել Հունարեն Գրությունների բոլոր 27 գրքերը։

Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը գնալով ավելանում էր։ Եվ չնայած ջանասեր արտագրողների ջանքերին՝ նրանց հոգևոր քաղցը լիովին չէր բավարարվում։ Այդ նպատակով խիզախ եղբայրներն ու քույրերը ստանձնեցին աստվածաշնչյան հրատարակությունները իրենց տներում կրկնօրինակելու և հետո դրանք բաժանելու առաջադրանքը, ինչը վտանգավոր էր։

Այսպիսով՝ Վրաստանի արևմուտքում քարոզչական գործը մեծ թափ էր առնում։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում երկրի արևելքում։ Մայրաքաղաք Թբիլիսիում կա՞ր մեկը, ով  կարող էր օգնել Վասո Կվենիաշվիլիի (որի մասին արդեն խոսվել է) նման անկեղծ անհատներին, ովքեր որոնում էին ճշմարտությունը։

Ճշմարտությունը հասնում է մայրաքաղաք

1970-ականներին խորհրդային իշխանությունները փորձում էին վհատության մեջ գցել Վկաներին՝ մեկը մյուսի հետևից տեղահան անելով նրանց։ Հենց այդպիսի բան տեղի ունեցավ Օլեկսիյ և Լիդիա Կուռդասների՝ մի ուկրաինացի զույգի հետ, որը տեղափոխվեց Թբիլիսի։ Իրենց հավատի համար նրանք երկար տարիներ անցկացրել էին խորհրդային գաղութ-բնակավայրերում։

Լարիսա Կեսաևան (Գուդաձե) (1970-ականներ)

Կուռդասները ճշմարտությունը հայտնեցին Զաուռ և Էթերի Կեսաևներին, որոնք շատ կրոնասեր մարդիկ էին։ Ահա թե Օլեկսիյի և Լիդիայի հետ առաջին հանդիպման մասին ինչ է պատմում նրանց աղջիկը՝ Լարիսան, որն այդ ժամանակ 15 տարեկան էր. «Մենք փորձում էինք ապացուցել, որ ուղղափառ եկեղեցին է դավանում ճշմարիտ կրոնը։ Սակայն մի քանի քննարկումներից հետո այլևս փաստարկներ չունեինք բերելու, իսկ նրանք շարունակում էին տրամաբանել Աստվածաշնչի հիման վրա»։

Լարիսան շարունակում է. «Երբ գնում էինք եկեղեցի, ես միշտ կարդում էի սրբապատկերների միջև գտնվող պատի վրա գրված Տասը պատվիրանները։ Բայց այդ երեկո, երբ Օլեկսիյը կարդաց Ելք 20։4, 5-ը, ցնցվեցի։ Այդ գիշեր չկարողացա քնել. շարունակ մտածում էի. «Մի՞թե ճիշտ է, որ սրբապատկերներ պաշտելով՝ մենք իրականում խախտում ենք Աստծու պատվիրանը»»։

Իր հարցի պատասխանը գտնելու վճռականությամբ լցված՝ Լարիսան վաղ առավոտյան վազեց տեղի եկեղեցի ու նորից կարդաց երկրորդ պատվիրանը. «Քեզ համար կուռք չ’շինես.... Նորանց երկրպագութիւն չ’անես»։ Կյանքում առաջին անգամ նա հասկացավ Աստծու տված այս պատվիրանի նշանակությունը։ Ի վերջո, Լարիսան և նրա  ծնողները մկրտվեցին։ Նրանք Թբիլիսիում առաջիններից էին, որ դարձան Վկաներ։

Ճշմարտությունը որոնելու նրա ջանքերը վարձատրվեցին

Ճշմարտությունը առաջին անգամ լսելուց մոտ 20 տարի անց Վասո Կվենիաշվիլին հանդիպեց մի անհատի, որը Թբիլիսիում հաճախում էր Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։ Վասոն անչափ ուրախ էր, որ նորից հանդիպեց Վկաներին։ Նա այնքա՜ն երկար էր սպասել այդ հանդիպմանը։

Ճշմարտությունը առաջին անգամ լսելուց մոտ 24 տարի անց Վասո Կվենիաշվիլին դարձավ Վկա

Սկզբում, սակայն, տեղի Վկաները այդքան էլ չէին ցանկանում ներգրավել Վասոյին ժողովի գործունեության մեջ, քանի որ նա հայտնի էր իր հանցավոր անցյալով։ Ոմանք անգամ վախենում էին, որ նա խորհրդային իշխանությունների կողմից ուղարկված լրտես է։ Այդ պատճառով չորս տարի շարունակ նրան թույլ չէին տալիս հաճախել քրիստոնեական հանդիպումներին։

 Երբ պարզ դարձավ, որ Վասոն լավ մղումներ ունի, նրան թույլ տվեցին դառնալ ժողովի անդամ և մկրտվել։ Վերջապես նա կարող էր մոտենալ «արդարադատ Աստծուն», որին փնտրել էր դեռևս փոքր տարիքից (Ես. 30։18)։ Նա Եհովային ծառայեց անսասան վճռականությամբ մինչև իր մահը՝ 2014 թ.։

1990 թ.-ին քարոզչական գործն արդեն առաջընթաց էր ապրում Վրաստանի և՛ արևմտյան, և՛ արևելյան մասերում։ Մոտ 900 քարոզիչներ Աստվածաշնչի 942 ուսումնասիրություն էին անցկացնում։ Հիմք էր դրվել այն տպավորիչ աճի համար, որը շուտով լինելու էր։

^ պարբ. 12 Կոմունիստական ժամանակներում հազվադեպ կարելի էր Աստվածաշունչ գտնել, թեև դրա որոշ մասեր թարգմանվել են վրացերեն դեռևս մ. թ. հինգերորդ դարում։ Տես «Վրացերեն Աստվածաշունչը» շրջանակը։