Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

 ՎՐԱՍՏԱՆ

Նրանք հիշում են իրենց Մեծ Արարչին

Նրանք հիշում են իրենց Մեծ Արարչին

Այն անհատներից շատերը, որոնց մասին ընթերցեցինք այս գրքում, «հիշել են իրենց Մեծ Արարչին երիտասարդության օրերում» (Ժող. 12։1)։ Վրաստանում ծառայող 3 197 ռահվիրաների մեկ երրորդը 25 տարեկան կամ ավելի փոքր է։ Ո՞րն է պատճառը, որ այսքան շատ երիտասարդներ իրենց լավագույնն են անում ծառայության մեջ։

Դրան նպաստում են մի քանի գործոններ, որոնցից մեկն այն է, որ Վրաստանում ընտանիքի անդամները սովորաբար շատ մտերիմ են իրար հետ։ Կոնստանտինը, որը ճշմարտության մեջ հինգ երեխա է մեծացրել, ասում է. «Երբ իմացա ճշմարտությունը, ինձ գրավեց այն, որ Եհովան սիրառատ Հայր է։ Ու երբ ինքս հայր դարձա, նպատակ դրեցի օգնել երեխաներիս, որ իմ կողքին իրենց անկաշկանդ զգան»։

Մալխազին ու նրա կինը, որոնք երեք երեխաներ ունեն, անխոնջ ջանքեր են թափել, որ իրենց ընտանեկան կապերը ամուր լինեն։ Նա ասում է. «Ժամանակ առ ժամանակ մեր երեխաներին ասում ենք, որ մտածեն այն մասին, թե ինչն են գնահատում մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի մեջ։ Մենք հորդորում ենք նրանց արտահայտել իրենց մտքերը  ընտանեկան երկրպագության ժամանակ։ Արդյունքում՝ նրանք սովորել են ուրիշների մեջ լավը տեսնել ու գնահատել նրանց»։

«Հիմա իմ կյանքը իսկապես իմաստալից է»

Ջանալով օգնել ծնողներին երեխաներին կրթելու հարցում՝ երեցները փոքրերին ներգրավում են ժողովի գործերի մեջ հնարավորինս վաղ տարիքից։ Նեստորին, որը մկրտվել է 11 տարեկանում, պատմում է. «Երեցները ինձ փոքր հանձնարարություններ սկսեցին տալ, երբ դեռ շատ փոքր էի։ Դա օգնեց ինձ զգալու, որ ժողովի անդամ եմ»։

Լավ օրինակներն ու երեցների աջակցությունը շատ կարևոր են։ Նեստորիի եղբայրներից մեկը՝ Կոբան, ասում է. «Իմ պատանեկության տարիները շատ բուռն են անցել։ Մի երիտասարդ երեց, որը լավ օրինակ էր ինձ համար, միշտ փորձում էր հասկանալ ինձ ու երբեք չէր դատապարտում։ Նա վճռական դեր ունեցավ այն բանում, որ ես վերադառնամ Եհովայի մոտ»։

 Այսօր Նեստորին ու Կոբան իրենց քույր Մարիի հետ ծառայում են հեռավոր տարածքում։ Կոբան ասում է. «Հիմա իմ կյանքը իսկապես իմաստալից է»։

«Իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել»

Մասնաճյուղը ձգտում է աջակցել ծնողներին երեխաներին կրթելու հարցում՝ երիտասարդ քրիստոնյաներին ներգրավելով աստվածապետական նախագծերի մեջ։ Մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը նշում է. «Մենք թանկ ենք համարում մեր երիտասարդներին, ուստի փորձում ենք աջակցել նրանց, որպեսզի նրանք հասնեն իրենց հոգևոր նպատակներին»։

Վրացի Վկաները Թբիլիսիում միջազգային ծառայողների հետ մասնակցում են համաժողովների սրահի շինարարական աշխատանքներին

Հասուն եղբայրների և քույրերի հետ համագործակցությունն ու մտերիմ ընկերակցությունը երիտասարդների վրա մեծ ազդեցություն են թողնում։ Մամուկան, որը Թբիլիսիում միջազգային ծառայողների հետ մասնակցել է համաժողովների սրահի շինարարությանը, պատմում է. «Այդ միջազգային նախագիծը ինձ համար հրաշալի հնարավորություն էր սովորելու ուրիշներից։ Բացի գործնական հմտություններ ձեռք բերելուց, ես հոգևոր շատ դասեր քաղեցի»։

Ընտանեկան սերտ կապերը, երեցների քաջալերանքը և լավ օրինակները դրական ազդեցություն են թողել Վրաստանում բնակվող բազմաթիվ երիտասարդների վրա։ Նրանց ծնողները զգում են այն, ինչ զգում էր Հովհաննես առաքյալը, որը գրեց. «Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհ. 4

Թարգմանչական գործն ընդլայնվում է

2013 թ.-ին Կառավարիչ մարմինը հորդորեց բոլոր մասնաճյուղերին պարզել, թե արդյոք իրենց տարածքում կարիք կա, որ հրատարակությունները թարգմանվեն տեղի այլ լեզուներով։ Դրա նպատակը ավելի շատ մարդկանց բարի լուրը հայտնելն էր։

 Ուստի Վրաստանի մասնաճյուղը որոշում կայացրեց որոշ հրատարակություններ թարգմանել սվաներեն և մեգրելերեն. այդ երկու լեզուները այնքան մոտ են վրացերենին, որ ոմանք դրանք բարբառ են համարում։

Սվանեթում ծառայող նախանձախնդիր ռահվիրաները գրեցին. «Սվանները անկեղծ հետաքրքրվում են հոգևորով և խոր հարգանք ունեն Աստվածաշնչի հանդեպ։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սկզբում վարանում էին վերցնել մեր հրատարակությունները, սկսեցին կարդալ դրանք, քանի որ իրենց մայրենի լեզվով էին գրված»։

Մեգրելախոս քարոզիչները շատ հուզվել էին, երբ ժողովի հանդիպումները սկսեցին անցկացվել իրենց մայրենի լեզվով։ Գիգա անունով մի երիտասարդ ռահվիրա ասում է. «Այժմ ես կարող եմ ժողովի հանդիպման ժամանակ մտքերս իմ խոսքերով արտահայտել։ Այլևս կարիք չունեմ  պատասխանելուց առաջ մտքումս թարգմանություն անելու»։

Զուրի անունով մի երեց, որը ծառայում է Տկաիա քաղաքի մեգրելախոս ժողովում, այսպես է արտահայտում իր զգացումները. «Իմ կյանքում բազմաթիվ հուզիչ պահեր են եղել՝ թե՛ երջանիկ, թե՛ տխուր, բայց դրանց պատճառով աչքերս երբեք արցունքով չեն լցվել։ Սակայն երբ հանդիպման ժամանակ առաջին անգամ Թագավորության երգերը մեգրելերենով երգեցինք, ոչ ոք չկարողացավ զսպել իր արցունքները, ես՝ նույնպես»։

Վերջին տարիների շրջադարձային իրադարձությունները

Վրաստանի Եհովայի վկաների պատմության շրջադարձային իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 2013 թ. ապրիլի 6-ին՝ շաբաթ, երբ Կառավարիչ մարմնի անդամ  Դեյվիդ Սփլեյնը վերանորոգված և ընդլայնված մասնաճյուղի, համաժողովների սրահի և աստվածապետական դպրոցների նոր շենքի նվիրման համար ելույթ ներկայացրեց։ Բազմաթիվ Վկաներ իրենց սիրտն ու տան դռները բացեցին 24 երկրներից ժամանած 338 պատվիրակների առաջ։

Հաջորդ օրը եղբայր Սփլեյնը հատուկ ելույթ ներկայացրեց, որը աուդիո/վիդեո կապի միջոցով ունկնդրեցին տարբեր սրահներում հավաքված 15 200 եղբայրներ և քույրեր։ Սա Վրաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ միջազգային աստվածապետական իրադարձությունն էր։ Շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը քաջալերում միմյանց և ուրախանում։ Մի երիտասարդ եղբայր ասաց. «Հիմա տեսնում եմ, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհը»։

Մասնաճյուղի նվիրումը (Թբիլիսի, 2013 թ.)

Վրաստանում բնակվող Եհովայի ժողովրդի համար իսկական օրհնություն է Քրիստոնյա զույգերի դպրոցը, որն այժմ կոչվում է Թագավորության քարոզիչների դպրոց։ 2013 թ.- ից ի վեր այդ դպրոցում սովորել է ավելի քան 200 ուսանող։ Շրջանավարտները, անչափ գնահատելով իրենց ստացած կրթությունը, պատրաստ են նախանձախնդրորեն ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։

«Ձգտելով դեպի առջևում եղածները»

Վրաստանում Թագավորության առաջին խիզախ քարոզիչների ջանքերի շնորհիվ բարի լուրը տարածվել է այդ երկրի բոլոր անկյուններում։ Եհովան օրհնել է նրանց իր և մերձավորի հանդեպ անեսասեր սեր, հավատ և քաջություն դրսևորելու, ինչպես նաև քարոզչական գործում նախաձեռնություն վերցնելու համար։

Վրաստանում բնակվող մեր եղբայրներն ու քույրերը, որոնց թիվը ավելի քան 18 000 է, ուրախ են շարունակելու իրենց նախակարապետների սկսած գործը և մերձավորին օգնելու անձամբ զգալ Աստծու Խոսքի զորությունը (Փիլիպ. 3։13; 4։13

Վրաստանի մասնաճյուղի կոմիտեն. Ուեյն Տամչուկ, Լևանի Կոպալիանի, Ջոնի Շալամբերիձե, Մայքլ Ջոնս