Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Զուգդիդիի մոտակայքում Ռահվիրայական ծառայության դպրոց է անցկացվում

 ՎՐԱՍՏԱՆ | 1998–2006 թթ.

Օրհնություններ՝ «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ» (2 Տիմոթ. 4։2)։

Օրհնություններ՝ «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ» (2 Տիմոթ. 4։2)։

 1990-ԱԿԱՆՆԵՐԻ վերջերից սկսած՝ Վրաստանում քարոզիչների և ճշմարտությամբ հետաքրքրվող անհատների թիվը առանձնահատուկ կերպով սկսեց աճել։ 1998 թ.-ին Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին ներկա էր առնվազն 32 409 մարդ։

Սակայն քարոզիչներից շատերը, այդ թվում՝ երեցները համեմատաբար նոր էին ճշմարտության մեջ և փորձ չունեին։ Նրանց մեծ մասը հոգևոր գործունեության տարբեր ոլորտներում կրթվելու կարիք ուներ։ Ինչպե՞ս էին նրանք ստանալու այդ կրթությունը։

Ավելի շատ աջակցություն՝ Եհովայի կազմակերպության կողմից

1998 թ. մարտին «Գաղաադի» լրացուցիչ դպրոցի երկու շրջանավարտներ Առնո և Սոնյա Թյունգլերները նշանակվեցին ծառայելու Վրաստանում։ Այդ նույն տարի Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ այդ երկրում գրասենյակ հիմնվի, որը գործելու էր Ռուսաստանի մասնաճյուղի վերահսկողության տակ։

Շուտով կազմավորվեց երկրի կոմիտե, որը սկսեց վերահսկել քարոզչական գործը։ Երբ մեր գործունեությունը օրինականապես գրանցվեց, աստվածաշնչյան գրականությունը սկսեց ներմուծվել անմիջականորեն Գերմանիայի մասնաճյուղից (այժմ՝ Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղ)։ Օրինական գրանցումը նաև հնարավորություն տվեց մեզ Թագավորության սրահների և մասնաճյուղի շինարարության համար տարածքներ գնելու։

Հոգևոր կրթություն ստանալու ժամանակաշրջան

Խորհրդային վարչակարգի ներքո դրված արգելքի պատճառով շատ քարոզիչներ երկար տարիներ չէին կարողանում  բացեիբաց քարոզել տնից տուն։ Առնո Թյունգլերը պատմում է. «Քարոզիչներից շատերը հիմնականում փողոցի վկայություն էին տալիս, բայց նրանցից ոչ բոլորն էին գնում տնից տուն և վերայցելում հետաքրքրություն ցույց տվող մարդկանց»։

Առնո և Սոնյա Թյունգլերները

Դավիթ Դևիձեն, որը նոր հաստատված գրասենյակում սկսել էր ծառայել 1999 թ. մայիսին, ասում է. «Շատ գործ կար անելու դաշտում և Բեթելում։ Կային բաներ, որոնց մասին կարդացել էինք, բայց գաղափար չունեինք, թե ինչպես է հարկավոր անել։ Մենք սովորում էինք Կառավարիչ մարմնի կողմից ուղարկված փորձառու եղբայրներից»։

Վրաստանի եղբայրները սկսեցին ինտենսիվ կրթություն ստանալ։ Սակայն միայն նրանք չէ, որ օգուտներ ստացան այդ համագործակցությունից (Առակ. 27։17)։ Այն եղբայրները, որոնք եկել էին հոգևոր կրթություն տալու, նույնպես շատ բան սովորեցին տեղի եղբայրներից ու քույրերից։

Տեղի Վկաները հիանալի հատկություններ են դրսևորում

Առնոն և Սոնյան լավ հուշեր ունեն այն ջերմ ընդունելությունից, որին արժանացան Վրաստանում։ Եղբայրներն ու քույրերը անում էին իրենց ձեռքից եկածը, որ օգնեին նրանց հարմարվելու իրենց նոր նշանակմանը։

 Սոնյան հիշում է, թե որքան առատաձեռն էին նրանք։ Նա պատմում է. «Մոտակայքում ապրող մի ամուսնական զույգ մեզ համար համեղ կերակուր էր բերում։ Մի քույր ծառայության տարավ մեզ, ծանոթացրեց մեր նոր ժողովի հետ և շատ բաներ պատմեց վրացական մշակույթի մասին։ Մեկ ուրիշ քույր համբերատարությամբ վրացերեն սովորեցրեց մեզ»։

Ուորեն և Լեսլի Շուֆելտները, որոնք 1999 թ.-ին Կանադայից նշանակվել էին ծառայելու Վրաստանում, պատմում են. «Մեր վրացի եղբայրների ու քույրերի դրսևորած սերը գերում էր մեզ և մղում խոնարհ լինելու։ Բոլորը, այդ թվում՝ երիտասարդները ազատորեն արտահայտում էին իրենց սերը միմյանց նկատմամբ»։

Տեղի եղբայրները գրասենյակում ծառայում էին փորձառու միսիոներների հետ

Նրանք, ովքեր այլ երկրներից նշանակվել էին ծառայելու Վրաստանում, ոչ թե կենտրոնանում էին իրենց կրած դժվարությունների վրա, այլ տեղաբնակների լավ հատկությունների։ Իրենց հերթին վրացի եղբայրները շատ արագ  սիրեցին միսիոներներին նրանց խոնարհության ու սիրո համար։

Աստվածավախ մարդիկ արձագանքում են ճշմարտությանը

1990-ականներին բազմաթիվ անկեղծ մարդիկ շարունակում էին արձագանքել ճշմարտությանը։ Միայն 1998 թ.-ին մկրտվեց 1 724 մարդ։ Ի՞նչն էր այդքան շատ վրացիների մղում հետաքրքրվելու ճշմարտությամբ։

Թամազի Բիբլաիան, որը երկար տարիներ շրջագայող վերակացու է ծառայել, բացատրում է. «Աստծու հանդեպ սերը արմատավորված է ժողովրդի մեջ։ Այդ պատճառով, երբ մարդկանց հայտնում էինք աստվածաշնչյան լուրը, նրանք հեշտությամբ ընդունում էին այն»։

Դավիթ Սամխարաձեն, որը դասավանդում է Թագավորության քարոզիչների դպրոցում, նշում է. «Երբ անհատը սկսում է ուսումնասիրել Աստվածաշունչը, ազգականներն ու ընկերները սովորաբար միջամտում են և փորձում համոզել նրան, որ դադարեցնի ուսումնասիրությունը։ Սակայն հաճախ այնպես է լինում, որ հենց իրենք են սկսում ուսումնասիրել Աստվածաշունչը»։

Թագավորության լուրը տարածվեց ու փոխեց շատերի կյանքը։ 1999 թ. ապրիլին գրանցվեց Հիշատակի երեկոյին ներկա եղածների նոր բարձրագույն թիվ՝ 36 669։

«Հակառակորդները շատ են»

Հին Եփեսոսում իրականացվող հոգևոր գործունեության մասին Պողոս առաքյալը գրեց. «Գործունեության լայն դուռ է բացվել իմ առաջ, սակայն հակառակորդները շատ են» (1 Կորնթ. 16։9)։ Նրա խոսքերը լավ նկարագրում են այն իրավիճակը, որին բախվեցին Վրաստանի Վկաները 1999 թ.-ին անցկացված Հիշատակի երեկոյից ընդամենը մի քանի ամիս անց։

Այդ տարվա օգոստոսին ուղղափառ ծայրահեղական մի խումբ, որին առաջնորդում էր կարգալուծված քահանա Վասիլի  Մկալավիշվիլին, Թբիլիսիում ցույց կազմակերպեց և հանրորեն վառեց մեր գրականությունը։ Դա հալածանքի ալիք բարձրացրեց, որը տևեց չորս տարի։

1999 թ.-ին հակառակորդները Վրաստանի Եհովայի վկաների դեմ սկսեցին ցույցեր կազմակերպել, այրել նրանց գրականությունը և հարձակումներ գործել նրանց վրա

1999 թ. հոկտեմբերի 17-ին մի քանի կրոնական ծայրահեղականներ մոտ 200 համախոհ հավաքեցին և ընդհատեցին Թբիլիսիի «Գլդանի» ժողովի հանդիպումը։ Փայտե մահակներով և երկաթե խաչերով նրանք հարձակվեցին ներկաների վրա, ինչի հետևանքով մի քանի Վկա հոսպիտալացվեց։

Ցավոք, այդ խառնամբոխը չձերբակալվեց, և Վկաների դեմ հարձակումները շարունակվեցին։ Մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Շևարնաձեն խիստ դատապարտության ենթարկեցին այդ դաժան հարձակումները, սակայն ոչ մի կոնկրետ գործողություն չձեռնարկեցին։ Ոստիկանները սովորաբար դեպքի վայր էին հասնում այն ժամանակ, երբ բռնարարքներն արդեն գործված էին լինում։

Մոտավորապես այդ ժամանակ Վրաստանի պառլամենտի անդամ Գուրամ Շարաձեն Վկաների դեմ զրպարտչական աննախադեպ արշավ սկսեց։ Նա մեղադրում էր նրանց՝ ասելով, թե նրանք վտանգավոր մարդիկ են։ Թվում էր՝ բարի լուրը քարոզելու համար «բարենպաստ ժամանակը» անցյալում էր մնացել։

Եհովայի կազմակերպությունը արձագանքում է հակառակությանը

Եհովայի կազմակերպությունը արագ արձագանքեց Վրաստանի Վկաների հետ տեղի ունեցող իրադարձություններին։ Եղբայրները առաջնորդություն ստացան, թե ինչպես պետք է արձագանքեն հարձակման ենթարկվելիս։ Նրանց նաև հորդոր տրվեց հիշել այն պատճառները, թե ինչու են ճշմարիտ քրիստոնյաները երբեմն հալածվում (2 Տիմոթ. 3։12

Բացի այդ, իրավական քայլեր ձեռնարկվեցին մեր եղբայրներին դատարանում պաշտպանելու համար։ Մի եղբայր, որը ծառայում էր Վրաստանի մասնաճյուղի  իրավաբանական բաժնում, պատմում է. «Այդ չորս տարվա ընթացքում մենք ավելի քան 800 գանգատ ներկայացրինք՝ ընդդեմ Վասիլի Մկալավիշվիլիի խմբի գործողությունների։ Օգնության համար նաև դիմում էինք պաշտոնյաների և իրավապաշտպան կազմակերպությունների։ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը հանրությանը այդ մասին իրազեկելու լայնամասշտաբ արշավ ձեռնարկեց, սակայն հակառակորդներին ոչինչ չէր կանգնեցնում»։ *

^ պարբ. 30 Մեր իրավունքները ճանաչելու ուղղությամբ տարված իրավական պայքարի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար տես «Արթնացե՛ք», 2002, հունվարի 22, էջ 18–24 (անգլ., ռուս)։