Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Ֆիջի

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Օվկիանիա

Օվկիանիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 29

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 41 051 379

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 98 574

  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 67 609

Ինը տարի հետո դաստիարակչուհին ընդունեց հրավերը

Ավստրալիայում ապրող Օլիվիան, որը մանկապարտեզ էր հաճախում, իր դաստիարակչուհուն հրավիրեց Հիշատակի երեկոյին։ Հաջորդ ութ տարիներին ամեն անգամ նա հրավիրում էր նրան Հիշատակի երեկոյին։ Ի վերջո, 2016 թ.- ին Օլիվիայի դաստիարակչուհին զանգահարեց և ասաց, որ ընդունում է նրա հրավերը։ Նա ասաց, որ շոյվել է այն  բանից, որ Օլիվիան ամեն տարի հրավիրել է իրեն այդ Երեկոյին։ Դաստիարակչուհին Հիշատակի երեկոյին եկավ իր ամուսնու հետ։ Քանի որ նրա ամուսինը աշխատել էր քաղաքապետարանում, հիշեց այն ժամանակները, երբ կառուցվում էր այդ Թագավորության սրահը։ Նա ասաց եղբայրներին, որ շատ տպավորվել էր այն բանից, թե որքան լավ էին կազմակերպված Թագավորության սրահի շինարարական աշխատանքները։ Դաստիարակչուհին և նրա ամուսինը մեծ բավականություն ստացան այդ երեկոյից և բավականին ուշ դուրս եկան Սրահից։

Ինը տարի անց Օլիվիայի հաստատակամությունը վարձատրվեց (Ավստրալիա)

Նա երեք անգամ կարդաց գիրքը

Ջեսինտուն իր կնոջ հետ ապրում է Թիմոր Լեստեում։ Այդ ամուսինները նվիրյալ կաթոլիկներ էին, և երբ նրանց զարմիկը դարձավ Եհովայի վկա ու դադարեց ընտանիքի հետ եկեղեցի գնալուց, նրանք շատ զարմացան։ Ցանկանալով ապացուցել նրան, որ սխալ ուղի է բռնել՝ Ջեսինտուն որոշեց կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Նրա նպատակն էր սխալ ուսմունքներ գտնելը։ Որոշ ժամանակ անց նա ասաց կնոջը.

— Ես վերջացրի գիրքը։ Բայց այնտեղ միայն լավ բաներ են գրված։

— Դու երևի լավ չես կարդացել այն։ Նորից կարդա, բայց այս անգամ՝ ավելի դանդաղ,— ասաց նրա կինը։

Ջեսինտուն նորից կարդաց գիրքը և ասաց կնոջը.

— Չէ՛, միայն լավ բաներ են գրված։ Այն ամբողջությամբ Աստվածաշնչի վրա է հիմնված։ Նույնիսկ Աստվածաշնչով հերքում է մահացածներին երկրպագելու մասին գաղափարը։

Կինը պատասխանեց.

 — Երրորդ անգամ կարդա, բայց այս անգամ յուրաքանչյուր պարբերություն ընդգծիր և լավ ուսումնասիրիր։ Այդ գիրքը պետք է որ սխալ լինի։

Ջեսինտուն մանրամասնորեն ուսումնասիրեց գիրքը և նշումներ արեց յուրաքանչյուր պարբերությունում։ Երբ նա ավարտեց ընթերցանությունը, ասաց. «Ամեն ինչ ճիշտ է։ Մեր զարմիկը ճիշտ ուղու վրա է»։ Այժմ Ջեսինտուն Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրում է Աստվածաշունչը։

Աղջիկը խոսեց վճռականությամբ

Մի ռահվիրա քույր, որն ապրում է Գուամում, այցելեց Պոնպեյ կղզուց եկած մի կնոջ և ցույց տվեց նրան «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» վերնագրով տեսանյութը։ Մեր քույրը այդ կնոջը խոստացավ, որ նորից կգա։ Դրանից հետո նա մի քանի անգամ եկավ նրա տուն, բայց կինը տանը չէր։ Երբ մի անգամ այդ կնոջ աղջիկը բացեց դուռը, նա ցույց տվեց նրան մի մուլտֆիլմ «Դարձիր  Եհովայի ընկերը» ֆիլմաշարից։ Աղջիկը հաճույքով դիտեց մուլտֆիլմը։ Հաջորդ անգամ դուռը բացեց աղջկա մայրը և աստվածաշնչյան լուրին դրականորեն արձագանքեց։ Ըստ երևույթին, աղջիկը ասել էր մորը, որ իրենք պետք է գնան այն կնոջ եկեղեցին, որը ցույց էր տվել նրան տեսանյութը։ Հավանաբար, մոր սրտում հետաքրքրություն էր առաջացել։ Այդ կնոջը ցույց տրվեց, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և քայլեր ձեռնարկվեցին այն շարունակելու համար։

«Ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»

Թերենսը, որը շրջանային վերակացու է, իր կնոջ՝ Ստելլայի հետ գնաց Ինակոր՝ չնշանակված տարածք Պապուա Նոր Գվինեայում։ Նա պատմում է. «Առաջին օրը՝ վաղ  առավոտյան, երբ դեռ քնած էինք, դռան թակոց լսեցինք։ Դրսում շատ մարդիկ էին հավաքվել և սպասում էին մեզ։ Ժամը 6-ից մինչև կեսօր քարոզեցինք նրանց։ Մենք դադարեցրինք զրույցը, որպեսզի գնանք և ցնցուղ ընդունենք։ Երբ եկանք, տեսանք, որ ավելի շատ մարդ է մեզ սպասում։ Ուստի ժամը երկուսից նորից սկսեցինք քարոզել մինչև կեսգիշեր»։ Հաջորդ առավոտ այս զույգը որոշեց շատ վաղ դուրս գալ տնից և այցելել մեկ ուրիշ տարածք։ Կրկին շատ մարդիկ եկան այս ամուսինների տուն, բայց տեսան, որ նրանք տանը չեն։ «Պարզելով, թե ուր ենք գնացել՝ նրանք եկան մեր հետևից ու գտան մեզ,— ասում է Թերենսը։— Եվ նորից մենք քարոզեցինք նրանց մինչև կեսօր։ Երբ վերադարձանք տուն, մեկ ուրիշ խումբ էր մեզ սպասում։ Եվ այսպես ամեն օր նույն բանն էր լինում։ Այդ մարդիկ հոգևորապես քաղցած էին, «ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»» (Մատթ. 9։36

Մարդիկ անհամբերությամբ սպասում են Թերենսին ու Ստելլային (Պապուա Նոր Գվինեա)

Նվերներ՝ թերապևտի համար

Անյես անունով մի ռահվիրա, որն ապրում է Նոր Կալեդոնիայում, գնաց թերապևտի մոտ, քանի որ ձեռքը ցավում էր։ Մինչ թերապևտը զննում էր Անյեսին, ասաց, որ այնքան շատ տառապող մարդկանց է տեսել, որ մտածում է՝ Աստված պետք է որ դաժան լինի։ Անյեսը մտքում շնորհակալություն հայտնեց Եհովային, որ իրեն հնարավորություն է ընձեռել վկայություն տալու նրա մասին։ Հետո թերապևտին ցույց տվեց « Մի օր վերջ կլինի՞ տառապանքին» թերթիկը և կարդաց Հայտնություն 21։3, 4 համարները։

Թերապևտն ասաց. «Այդ համարները իմ Աստվածաշնչում չկան. ես միայն Ավետարանները ունեմ»։ Ապա գլխի ընկնելով, որ Անյեսը Եհովայի վկա է՝ ասաց, որ իր հայրենիքում՝ Չիլիում, հանդիպել է Վկաների։

Անյեսը հիշեց Չիլիի մասնաճյուղի մասին հաշվետվությունը, որ տեսել էր մեր հեռարձակմամբ։ Ուստի հաջորդ այցելության ժամանակ բերեց իր պլանշետը և թերապևտին ցույց տվեց այդ տեսանյութը։ Վերջինս շատ հուզվեց, երբ տեսավ  Չիլիի Բեթելը և համաժողովների սրահը։ Հետո Անյեսն ասաց. «Մյուս բանը, որ բերել եմ ձեզ համար՝ ամբողջական Աստվածաշունչն է։ Այստեղ կարող եք կարդալ Հայտնություն 21։3, 4-ը՝ այն համարները, որ անցած շաբաթ ընթերցեցի ձեզ համար»։ Թերապևտը ոգևորված վեր կացավ իր տեղից, գրկեց Անյեսին ու ասաց. «Անչափ շնորհակալ եմ այս երկու հրաշալի նվերի համար»։

Թերապևտը խորապես հուզվեց (Նոր Կալեդոնիա)

Հաջորդ այցելության ժամանակ Անյեսը բերեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և մանրամասնորեն բացատրեց, թե ինչու են մարդիկ տառապում։ Թերապևտը ասաց, որ ինքը արձակուրդ է գնալու Չիլի և իր հետ կվերցնի այդ գիրքը, որպեսզի կարդա այն։