Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2017

Նրանք միասին սովորում են Բրայլի գրատիպը (Մեքսիկա)

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամերիկա

Ամերիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 57

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 998 254 087

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 4 154 608

  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4 353 152

«Ես կսովորեմ քեզ հետ»

Տարիներ առաջ Իսմայելը, որն ապրում է Մեքսիկայում, որոշեց ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը։ Մեկ տարվա ընթացքում նա երկու անգամ կարդաց այն, բայց հետո կորցրեց իր տեսողությունը։ Մի քանի տարի անց Անխել անունով մի Եհովայի վկա հանդիպեց Իսմայելին և նրա հետ խոսեց Աստծու խոստումների մասին։ Իսմայելը շատ էր ցանկանում ավելին իմանալ, բայց ասաց.

 — Ես կույր եմ։ Չեմ կարող կարդալ Աստվածաշունչը։

Անխելը հանգստացրեց նրան՝ ասելով.

— Մի՛ մտածիր։ Ես քեզ կսովորեցնեմ Բրայլի գրատիպը։

— Դու գիտե՞ս Բրայլի գրատիպը,— հարցրեց նրան Իսմայելը։

— Ո՛չ, բայց ես կսովորեմ քեզ հետ,— պատասխանեց Անխելը։

Իսմայելը չէր կարողանում հավատալ, որ Անխելը իր համար այդպիսի բան կանի։ Այնուամենայնիվ, Անխելը գնաց տուն, Բրայլի գրատիպը կարդալու վերաբերյալ փնտրտուքներ արեց և ստվարաթղթի վրա շոշափողական տառեր պատրաստեց։ Հետո նա սկսեց Իսմայելին սովորեցնել, թե ինչպես կարդալ Բրայլի գրատիպը։ Կարճ ժամանակ անց Իսմայելը արդեն գիտեր Բրայլի այբուբենը, հաճախում էր ժողովի հանդիպումներին և կարդում էր Բրայլի գրատիպով գրված մեր հրատարակությունները։ Այժմ Անխելը Աստվածաշունչ է ուսումնասիրում չորս կույր անհատների հետ։ Նրանք սիրում են խոսել ապագա դրախտի մասին, որտեղ կրկին կկարողանան տեսնել։

Նա չճանաչեց նրան

Վիաննեյ անունով մեր քույրը, որը 14 տարեկան է և բնակվում է Միացյալ Նահանգներում, գրում է. «Հասարակական գիտությունների դասին ուսուցիչը, որը փոխարինում էր մեր ուսուցչին, սկսեց խոսել կրոնների մասին։ Նա ասաց մեզ, որ նշենք մի քանի կրոններ, և ես հիշատակեցի Եհովայի վկաներին։ Դասընկերներս սկսեցին ծիծաղել՝ ասելով, որ մենք՝ Վկաներս, խլում ենք իրենց ժամանակը, որևէ զբաղմունք չունենք, և որ իրենք դեն են նետում մեր տված  գրականությունը։ Նույնիսկ ուսուցիչը բացասաբար արտահայտվեց մեր մասին։

Ես աղոթեցի Եհովային, որ ինձ զորացնի, որպեսզի վկայություն տամ։ Նրանց ասացի, որ մենք գնում ենք իրենց տները ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք խլել իրենց ժամանակը, այլ այն պատճառով, որ Եհովան է մեզ ուղարկում, որպեսզի Աստվածաշնչից լավ մտքեր հայտնենք։ Ես խնդրեցի նրանց, որ դեն չնետեն մեր գրականությունը, և ասացի,  որ այն կարող է փոխել նրանց կյանքը ու փրկել նրանց։ Ուսուցիչս ներողություն խնդրեց և խոստացավ, որ երբ հաջորդ անգամ որևէ Վկա գա իր տուն, նա կբացի դուռը, կլսի ու կկարդա մեր գրականությունը։ Սակայն ես չհավատացի, որ նա այդպես կվարվի։

Չորս ամիս հետո ես նրան կրկին հանդիպեցի։ Ի զարմանս ինձ՝ նա սկսել էր ուսումնասիրել Աստվածաշունչը։ Դրանից վեց ամիս անց նա գտավ ինձ դպրոցում, որ շնորհակալություն  հայտնի իրեն քարոզելու համար։ Ես նույնիսկ չճանաչեցի նրան, քանի որ կտրել էր մազերը և սափրել մորուքը։ Հիմա նա չմկրտված քարոզիչ է»։

Վկայություն են տալիս Ամազոնիայում

Անցած տարի Բրազիլիայում բնակվող Եհովայի ժողովրդի ուշադրության կենտրոնում հսկայական Ամազոնիան էր։ Այդ տարածքում շատերը երբեք հնարավորություն չեն ունեցել լսելու բարի լուրը։ Դա ի մտի ունենալով՝ Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ մեկ տարի տևողությամբ հատուկ քարոզարշավ անցկացվի, որպեսզի բարի լուրը քարոզվի Ամազոնի դաշտավայրի ամենամեկուսի տարածքներից մի քանիսում բնակվող հազարավոր մարդկանց։

Քարոզում են Ամազոնիայում (Բրազիլիա)

Մասնաճյուղն ընտրեց Ամազոնի ցիրուցան եղած 53 գյուղաքաղաքներ, ուր պետք է գնային Թագավորության քարոզիչները։ Ընդամենը չորս ամսում ավելի քան 6 500 քարոզիչ ընդունեց քարոզարշավին մասնակցելու հրավերը։

Տասը եղբայրներ ու քույրեր 11 օր մնացին հեռավոր Անաման քաղաքում, որտեղ Թագավորության քարոզիչներ չկան։ Նրանք տարածեցին 12 500-ից ավելի գրականություն և մոտ 200 Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին, որոնք այժմ անցկացնում են հեռախոսով։ Այնտեղ եղած ժամանակ եղբայրները նաև ժողովի հանդիպումներ անցկացրին։ Վերջին հանդիպմանը, որը տեղի ունեցավ նախքան նրանց մեկնելը, ներկա էր 90 հոգի։ Եղբայրները անչափ ոգևորվել էին։ Քարոզարշավի ամբողջական արդյունքները հայտնի կլինեն ապագայում։

Առաջարկում է այցելել jw.org կայք

Վեց տարի է, ինչ Վենեսուելայում բնակվող Հեյզելն ու Մարիաննան նույն դասարանում են սովորում։ Մարիաննան հաճախ ծաղրում էր Հեյզելին, քանի որ նա Եհովայի վկա է։ Նա համոզված էր, որ Հեյզելը չգիտեր, թե ինչպես կյանքից հաճույք ստանալ։ Մի օր իր հասցեին բացասական խոսքեր լսելուց հետո մեր քույրն ասաց. «Մարիա՛ննա, մտիր մեր  կայք՝ jw.org, հետո՝ «Գտնել տեսանյութ» բաժինը և սեղմիր «Պատանիներ»»։

Կեսօրին Մարիաննան զանգահարեց Հեյզելին և ասաց.

— Հիմա ես գիտեմ, թե ինչու ես դու անում այս ամենը։

Չհասկանալով, թե ինչ նկատի ունի Մարիաննան՝ Հեյզելը հարցրեց.

— Նորից ծաղրո՞ւմ ես ինձ։

— Ո՛չ, ես էլ երբեք չեմ ծաղրի քեզ, — պատասխանեց նա։ — Քո շնորհիվ հասկացա, որ այն, ինչ ես համարում էի «կյանքից հաճույք ստանալ», իրականում իմ խնդիրների մեծ մասի պատճառն էր։

Մարիաննան սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և այժմ հաճախում է ժողովի բոլոր հանդիպումներին։

 Հարցեր՝ քահանային

Հայիթիում ապրող Ժարուլին, որն իր եկեղեցում աշխատում էր որպես քարտուղար, տպավորեց այն, որ Վկաները իր բոլոր հարցերին պատասխանում էին Աստվածաշնչի օգնությամբ։ Նա և նրա աղջիկը համաձայնեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրանց այնքան դուր եկավ այն, ինչ սովորում էին, որ խնդրեցին ուսումնասիրությունն անցկացնել շաբաթը երկու անգամ։

Երեք ամիս էր, ինչ Ժարուլը ուսումնասիրում էր Աստվածաշունչը։ Մի օր նա մոտեցավ իր եկեղեցու քահանային և տվեց հետևյալ չորս հարցերը՝ ո՞ր թվին Հիսուսը Թագավոր դարձավ, մահանալուց հետո ո՞ւր են գնալու լավ մարդիկ, մահանալուց հետո ո՞ւր են գնալու չար մարդիկ, Հիսուսը մահացավ խաչի՞, թե՞ ցցի վրա։ Քահանան ասաց, որ ինքը կարող է պատասխանել միայն երկրորդ և երրորդ հարցերին։ «Եհովայի վկաները ասում են, որ 144 000 հոգի են երկինք գնալու,— ասաց նա։— Բայց ես ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կատարում են Աստծու կամքը, գնալու են երկինք։ Իսկ չարերը հավիտյան վառվելու են դժոխքում»։ Երբ Ժարուլը քահանային խնդրեց Աստվածաշնչով հիմնավորել իր ասածները, նա չկարողացավ որևէ համար մեջբերել։ Ժարուլը հիասթափված էր։ Այդ պատճառով նա ավելի մեծ վճռականությամբ լցվեց շարունակել ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա հեռացավ իր եկեղեցուց և ասաց, որ Եհովայի վկաների օգնությամբ երեք ամիս Աստվածաշունչը ուսումնասիրելով ավելի շատ բան է սովորել, քան 30 տարուց ավելի եկեղեցի հաճախելով։ Վերջերս Ժարուլն ու նրա աղջիկը մկրտվեցին և իրենց գյուղում Աստվածաշնչի 23 ուսումնասիրություն են անցկացնում։

Ժարուլն ու նրա աղջիկը Աստվածաշունչ են ուսումնասիրում բազմաթիվ մարդկանց հետ (Հայիթի)