Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

Եղբայր Ռասելը և նրա հետ համագործակցող ջանասեր պիլիգրիմները

Հարյուր տարի առաջ (1916)

Հարյուր տարի առաջ (1916)

ՀԱՐՅՈՒՐ տարի առաջ՝ 1916թ.-ին, արդեն մեկ տարուց ավելի էր, ինչ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը։ Երկու ճակատներում էլ ահռելի կորուստներ կային։

«Դիտարանի» 1916թ. հունվարի 1-ի համարում նշվեց. «Եվրոպայում բռնկված այս մեծ պատերազմի թողած ազդեցություններից մեկն այն է, որ շատերը սկսել են մտածել հոգևոր բաների և ապագայի մասին»։ Նույն հոդվածում նաև ասվում էր. «Թող որ բարձր գնահատենք մեր ունեցած առանձնաշնորհումները, բաց չթողնենք մեզ ընձեռված հնարավորությունները, չլինենք թուլասիրտ, այլ նախանձախնդրություն դրսևորենք Աստծու և նրա հայտնած լուրի հանդեպ»։

1916թ. տարվա խոսքը՝ Հռոմեացիներ 4։20-ը, որը վերցված էր «Ջեյմս թագավորի թարգմանությունից», հորդորում էր «հավատի մեջ ամուր» մնալ։ Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը վարվեցին այդ հորդորի համաձայն և առատ օրհնություններ ստացան Եհովայից։

Պիլիգրիմները քաջալերում են եղբայրներին

Պիլիգրիմները՝ Դիտարանի ընկերության ներկայացուցիչները, որոնք շրջագայական ծառայություն էին կատարում, գնում էին քաղաքից քաղաք և քաջալերում ու առաջնորդություն էին  տալիս Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ 1916թ.-ին ավելի քան 69 պիլիգրիմներ շրջագայական ծառայության ժամանակ ընդհանուր հաշվով մոտ 1 մլն կիլոմետր ճանապարհ անցան։

Վիրջինիայի Նորֆոլկ քաղաքում տեղի ունեցած համաժողովի ժամանակ պիլիգրիմ Վալտեր Թորնը իր ելույթի մեջ քրիստոնյաների մղած պայքարը համեմատեց Առաջին համաշխարհային պատերազմի հետ։ Նա ասաց. «Տվյալների համաձայն՝ ներկայումս քսանից երեսուն միլիոն զինվոր է մասնակցում պատերազմին.... Բայց կա [զինվորների] մեկ այլ բանակ, որի մասին աշխարհը չգիտի։ Նրանք Տիրոջ զինվորներն են, և Գեդեոնի ռազմիկների պես՝ նրանք էլ են մարտնչում, թեև՝ ոչ բառացի զենքերով։ Նրանք կռվում են հանուն ճշմարտության և արդարության ու մղում են հավատի բարի պատերազմը»։

Ծառայում են՝ չնայած պատերազմի դժվարություններին

Ֆրանսիայում 1916թ. վերջերին Սոմ գետի մոտ տեղի ունեցած առաջին ճակատամարտում ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվեց կամ վիրավորվեց։ Այդ ժամանակահատվածում Ֆրանսիայի տարբեր վայրերում մեր ջանասեր եղբայրները աջակցում էին խմբակներին, կամ՝ ժողովներին՝ չնայած պատերազմի բերած դժվարություններին։ «Դիտարանի» 1916թ. հունվարի 15-ի  համարում տպվեց մի նամակ։ Այն ուղարկել էր Ժոզեֆ Լֆեվղեն, որը Աստվածաշունչ ուսումնասիրող էր։ Նա ստիպված էր եղել փախչել իր հայրենի քաղաք Դենենից, երբ 1914թ.-ին գերմանական զորքերը ներխուժել էին այնտեղ։ Եղբայր Լֆեվղեն մեկնել էր հարավ՝ Փարիզ, և սկսել էր համագործակցել այդ քաղաքի Աստվածաշունչ ուսումնասիրողների միակ խմբակի հետ։ Չնայած առողջական խնդիրներին՝ նա շուտով սկսել էր անցկացնել բոլոր հանդիպումները։

Հետագայում Ժոզեֆին էր միացել Թեոֆիլ Լեքիմը, որը նույնպես փախել էր Դենենից։ Սկզբում եղբայր Լեքիմը գնացել էր Օշել, որտեղ սկսել էր «Դիտարանից» հոդվածներ թարգմանել և փոստով ուղարկել Ֆրանսիայի այլ շրջաններ, որոնք օկուպացված չէին։ Բայց նրա գործունեությունը կասկածներ էր առաջացրել զինվորական իշխանությունների մեջ, ուստի վերջիններս կարգադրել էին նրան հեռանալ Օշելից։ Եղբայր Լֆեվղեն վստահ էր, որ եղբայր Լեքիմի՝ Փարիզ գալը, իր աղոթքների պատասխանն էր։

Եհովան օրհնեց նրանց ծառայությունը Փարիզում։ Եղբայր Լֆեվղեն գրել էր. «Այժմ մենք 45 հոգանոց խմբակ ունենք.... Նրանցից մի քանիսը արդեն վայելում են Աստծուն նվիրված լինելու ուրախությունն ու առանձնաշնորհումը և մեծ քայլերով առաջադիմում են։ Գրեթե բոլորը ամեն շաբաթ ներկա են լինում քաջալերական դեպքերի հանդիպմանը»։

Նրանք պահեցին իրենց չեզոքությունը

Պատերազմի տարիներին մեր եղբայրներից շատերը կանգնեցին չեզոքություն պահելու հարցի առաջ։ Մեծ Բրիտանիայում ընդունվեց «Զինծառայության մասին» օրենքը, համաձայն որի՝ 18–40 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է անցնեին զինծառայության։ Սակայն շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ հաստատակամորեն չեզոքություն պահեցին։

«Դիտարանի» 1916թ. ապրիլի 15-ի համարում տպագրվեց եղբայր Ու. Օ. Ուորդենի գրած մի նամակ։ Այդ եղբայրը, որը Շոտլանդիայից էր, գրում էր. «Իմ որդիներից մեկը արդեն 19 տարեկան է։ Այսքան ժամանակ նա Տիրոջ համար լավ վկայություն է տվել՝ հրաժարվելով բանակին զինվորագրվելուց, և եթե անգամ բանը հասնի նրան, որ զինծառայությունից հրաժարվելու համար որդուս գնդակահարություն սպառնա, ես վստահ եմ, որ նա Աստծու օգնությամբ մինչև վերջ հավատարիմ կմնա ճշմարտության և արդարության սկզբունքներին»։

 Ջեյմս Ֆրեդերիկ Սկոտը, որը գրքեր տարածող մի երիտասարդ էր Էդինբուրգից (Շոտլանդիա), զինծառայության չներկայանալու համար կանգնեց դատարանի առաջ։ Դատարանը բոլոր փաստերը լսելուց հետո վճռեց, որ եղբայր Սկոտի դեպքը դասվում է «օրենքով սահմանված բացառությունների շարքին», և արդարացրեց նրան։

Սակայն շատ այլ եղբայրների չազատեցին զինծառայությունից։ Զինծառայությունից ազատվելու դիմում ներկայացրած 264 եղբայրներից 23-ին 1916թ. սեպտեմբերին նշանակեցին ոչ շարային ծառայության։ «Դիտարանի» 1916թ. հոկտեմբերի 15-ի համարում նշվեց, որ մյուս եղբայրներին, որոնցից մի քանիսը «տարբեր պատիժներ կրեցին», ուղարկեցին «պետության համար զանազան աշխատանքներ անելու՝ մասնակցելու ճանապարհաշինարարության, աշխատելու քարհանքերում և այլն»։ Միայն հինգ եղբայրներ ազատվեցին զինծառայությունից։

Մահանում է Չարլզ Թեյզ Ռասելը

Չարլզ Թեյզ Ռասելը, որն այն ժամանակ առաջնորդություն էր վերցնում Աստվածաշունչ ուսումնասիրողների մեջ, 1916թ. հոկտեմբերի 16-ին մեկնեց Միացյալ Նահանգների արևմտյան շրջաններ՝ ելույթներ ներկայացնելու։ Նա այլևս չվերադարձավ տուն։ Հոկտեմբերի 31-ի կեսօրին եղբայր Ռասելը Տեխասի Պամպա քաղաքում մահացավ գնացքի մեջ։ Այդ ժամանակ նա 64 տարեկան էր։

Եղբայրներից շատերը պատկերացնել անգամ չէին կարողանում, որ ինչ-որ մեկը կարող է փոխարինել եղբայր Ռասելին։ Վերջինիս թողած կտակում, որը տպագրվեց «Դիտարանի» 1916թ. դեկտեմբերի 1-ի համարում, գրված էին նրա ցանկությունները՝ կապված այն գործի հետ, որը այդքան ժամանակ առաջնորդել էր։ Այնուամենայնիվ, մի հարց մնում էր անպատասխան. նրանից հետո ո՞վ էր առաջնորդություն վերցնելու այդ գործում։

Այս հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացվեր Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) տարեկան հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենալու 1917թ. սկզբին։ Այդ հանդիպման մասնակիցները քվեարկություն արեցին և միաձայն որոշում կայացրին։ Սակայն հետագա ամիսներին պարզ դարձավ, որ այդ միասնությունը ժամանակավոր էր։ Առջևում լուրջ փորձություններ էին սպասվում։