Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ճապոնիայի լծի տակ

Ճապոնիայի լծի տակ

1942թ. սկզբներին ճապոնական ռազմական ուժերը ներխուժեցին Ինդոնեզիա և իրենց երկաթե բռունցքի մեջ առան ողջ երկիրը։ Եղբայրներից շատերին պարտադրում էին ծանր ֆիզիկական աշխատանք անել՝ ճանապարհներ կառուցել կամ ջրանցքներ մաքրել։ Մյուսներին էլ պատերազմին չաջակցելու պատճառով ուղարկում էին ուղղիչ աշխատանքային ճամբարներ ու տանջանքների էին ենթարկում։ Հայտնի է, որ առնվազն երեք եղբայրներ այդ ճամբարներում մահացել են։

Ջոհանա Հարփը, նրա երկու դուստրերը և ընտանիքի ընկերներից մեկը՝ Բեթ Գոդենզին (մեջտեղում)

Հոլանդացի մի քույր՝ Ջոհանա Հարփը, որն ապրում էր Արևելյան Ճավայի հեռավոր լեռնային մի գյուղում, պատերազմի առաջին երկու տարիներին կարողացավ խուսափել բանտարկությունից։ Ազատության մեջ լինելով՝ նա և իր երեք դեռահաս երեխաները  անգլերենից հոլանդերեն թարգմանեցին «Փրկություն» գիրքը։ Նրանք նաև թարգմանում էին «Դիտարանի» թողարկումները։ * Թարգմանված հրատարակությունները կրկնօրինակվում ու գաղտնի բաժանվում էին Ճավայում ապրող Վկաներին։

Ազատության մեջ մնացած փոքրաթիվ Վկաները հավաքվում էին փոքր խմբերով և քարոզում էին զգուշորեն։ Ժոզեֆինա Էլիասը (նախկինում՝ Թան) պատմում է. «Ես միշտ հարմար առիթ էի փնտրում անպաշտոն վկայություն տալու համար։ Հետաքրքրվողներին այցելելիս ինձ հետ շախմատ էի վերցնում, որ մարդիկ մտածեն, թե մենք պարզապես շախմատ ենք խաղում»։ Ֆելիքս Թանը և նրա կինը՝ Բոլան, տնից տուն քարոզելիս ձևացնում էին, թե օճառ են վաճառում։ Ֆելիքսը պատմում է. «Մեզ հաճախ հետևում էին կեմպեյտայի՝ ճապոնական ռազմական ոստիկանության լրտեսները։ Կասկածների տեղիք չտալու համար ուսումնասիրող անհատներին այցելում էինք տարբեր ժամերի։ Այդ անհատներից վեցը լավ առաջադիմում էին և պատերազմի տարիներին մկրտվեցին»։

Տարաձայնություն եղբայրների միջև

Մինչ եղբայրները փորձում էին հարմարվել պատերազմի բերած դժվարություններին, նրանց առջև ծառացավ մեկ այլ լուրջ խնդիր։ Ճապոնիայի իշխանությունները պահանջեցին, որ բոլոր օտարերկրացիները (այդ թվում՝ չինական ծագում ունեցող ինդոնեզացիները) գրանցվեն և ունենան անձը հաստատող փաստաթուղթ, որը ներառում էր հավատարմության երդում՝ ուղղված Ճապոնական կայսրությանը։ Շատ եղբայրներ տարակուսանքի մեջ էին. չգիտեին՝ գրանցվեն ու ստորագրեն անձը հաստատող փաստաթուղթը, թե հրաժարվեն։

Ժոզեֆինա Էլիասը իր եղբոր՝ Ֆելիքսի հետ

Ֆելիքս Թանը պատմում է. «Ջակարտայի եղբայրները մեզ՝ Սուկաբումիի եղբայրներիս, ասացին, որ հրաժարվենք անձը հաստատող փաստաթուղթը ստորագրելուց։ Բայց մենք հարցրինք իշխանություններին, թե կարող ենք արդյոք փաստաթղթի մեջ մի փոքր փոփոխություն անել՝ «ներքոստորագրյալ անձը հավատարմության երդում է տալիս ճապոնական բանակին»  արտահայտությունը փոխարինել «ներքոստորագրյալ անձը որևէ խոչընդոտ չի հարուցի ճապոնական բանակի համար» արտահայտությամբ։ Ի զարմանս մեզ՝ նրանք համաձայնվեցին, ուստի բոլորս ձեռք բերեցինք այդ փաստաթուղթը։ Երբ Ջակարտայի եղբայրները իմացան մեր որոշման մասին, սկսեցին մեզ հավատուրացներ համարել և դադարեցին մեզ հետ շփվելուց»։

Ցավոք, խիստ դիրքորոշում ունեցող այդ եղբայրների մեծ մասը ձերբակալվեց և հրաժարվեց ճշմարտությունից։ Ջակարտայի եղբայրներից մեկը, որը չէր ստորագրել փաստաթուղթը, հայտնվել էր այն նույն բանտում, որտեղ գտնվում էր Անդրե Էլիասը։ Անդրեն պատմում է. «Ես օգնեցի, որ նա տրամաբանի փաստաթղթի ձեռք բերման հարցի շուրջ և հավասարակշռված տեսակետ ունենա։ Նա խոնարհաբար ներողություն խնդրեց մեզ հետ շփումը դադարեցնելու համար։ Մենք իրար հետ հիանալի օրեր անցկացրինք՝ քաջալերելով միմյանց։ Բայց, ցավոք, բանտի դաժան պայմանների պատճառով նա մահացավ»։

Մերդե՛կա

Երբ 1945թ.-ին պատերազմն ավարտվեց, եղբայրները և քույրերը լի էին քարոզչական գործը շարունակելու վճռականությամբ։ Մի եղբայր, որը բանտարկվել ու տանջանքների էր ենթարկվել, գրեց Ավստրալիայի մասնաճյուղին. «Չորս երկար ու  դժվարին տարիներից հետո մնացել եմ անկոտրում և լի եմ նույն վճռականությամբ։ Այդ բոլոր դժվարությունների ժամանակ երբեք չեմ մոռացել հավատակիցներիս։ Խնդրում եմ՝ ինձ մի քանի գիրք ուղարկեք»։

Երկար սպասված գրականությունը շուտով տեղ հասավ։ Սկզբում ուղարկվում էր քիչ քանակությամբ, իսկ հետո՝ ավելի ու ավելի շատ։ Ջակարտայում տասը քարոզիչներից բաղկացած մի խումբ վերսկսեց գրականության թարգմանությունը։

1945թ. օգոստոսի 17-ին Ինդոնեզիայի անկախության շարժման առաջնորդները երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն, և այդպիսով սկսվեց չորսամյա հեղափոխական պայքար Հոլանդիայի գաղութային տիրապետության դեմ։ Երկրում քաոսային վիճակ էր տիրում, ինչի պատճառով տասնյակ հազարավորներ մահացան, և ավելի քան յոթ միլիոն մարդ տեղահանվեց։

Հեղափոխության տարիներին եղբայրները շարունակում էին քարոզել տնից տուն։ Ժոզեֆինա Էլիասը պատմում է. «Հայրենասերները փորձում էին պարտադրել մեզ, որ կրկնենք նրանց մարտական կարգախոսը՝ «մերդե՛կա», որը նշանակում է «ազատություն»։ Բայց մենք ասացինք, որ չեզոքություն ենք պահում քաղաքական հարցերում»։ 1949թ.-ին Հոլանդիան ճանաչեց երկար ժամանակ իր գաղութային տիրապետության տակ գտնվող երկրի անկախությունը։ Նորակազմ պետությունը պաշտոնապես կոչվեց Ինդոնեզիայի Միացյալ Նահանգների Հանրապետություն (այժմ կոչվում է Ինդոնեզիայի Հանրապետություն)։ *

1950թ.-ին Ինդոնեզիայի եղբայրները իրենց հետևում էին թողել պատերազմի դժվարությունները, որոնց տոկացել էին մոտ տասը տարի։ Բայց դեռ շատ գործ կար անելու։ Ինչպե՞ս էին նրանք բարի լուրը քարոզելու Ինդոնեզիայի՝ միլիոնների հասնող բնակչությանը։ Մարդկային տեսանկյունից դա անհնարին էր թվում։ Սակայն եղբայրները, մեծ հավատով լցված, շարունակեցին եռանդորեն քարոզել. նրանք վստահ էին, որ Եհովան «աշխատողներ կուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։38)։ Եհովան հենց այդպես էլ արեց։

^ պարբ. 2 Քույր Հարփի կրտսեր դուստրը՝ Հերմինան (Միմի), պատերազմից հետո հրավիրվեց «Գաղաադ» դպրոց և հետո վերադարձավ Ինդոնեզիա որպես միսիոներ։

^ պարբ. 3 Արևմտյան Պապուան (այն ժամանակ կոչվում էր Արևմտյան Նոր Գվինեա) մինչև 1962թ. մնաց Հոլանդիայի տիրապետության տակ։