Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

Քարոզում են Ջակարտայի շուկաներից մեկում

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Քարոզչական գործը թափ է առնում

Քարոզչական գործը թափ է առնում

Երբ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները իմացան, որ Եհովայի վկաները կրոնական ազատություն են ձեռք բերել, խիստ վրդովվեցին։ Յոթ բողոքական եկեղեցիների ավելի քան յոթ հարյուր հոգևորականներ և այդ եկեղեցիների անդամ հանդիսացող պաշտոնյաներ Ջակարտայում հատուկ ժողով հրավիրեցին, որ կառավարությանը կոչ անեն վերահաստատել արգելքը։ Բայց կառավարությունը չփոխեց իր որոշումը։

Երբ արգելքը հանելու մասին լուրերը տարածվեցին երկրում, հետաքրքրվող շատ անհատներ նամակ գրեցին մասնաճյուղ. նրանք գրականություն էին խնդրում կամ էլ ցանկություն հայտնում, որ ինչ-որ մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսի իրենց հետ։ 2003թ. Հիշատակի երեկոյին ներկա եղավ ավելի քան 42000 մարդ՝ Ինդոնեզիայի քարոզիչների թվից մոտ երկու անգամ ավելի։ Իսկ Ջակարտայում անցկացված մի համաժողովի ներկա եղավ մոտ 10000 հոգի, այդ թվում Կրոնի հարցերով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Պաշտոնյան հիացել էր՝ տեսնելով, թե ինչպես էին և՛ փոքրերը, և՛ մեծահասակները իրենց Աստվածաշնչերում բացում մեջբերվող համարները ու հետևում։ Նա եղբայրներին ասաց, որ ամեն բան կանի, որ Եհովայի վկաների մասին տարածված սխալ կարծիքը փոխվի։

Երբ արգելքը հանվեց, դա նաև ճանապարհ հարթեց, որ միսիոներները կարողանան վերադառնալ Ինդոնեզիա։ Վերադարձող առաջին միսիոներներն էին Յոզեֆ ու Հերևատի Նոյհարտները * (Սողոմոնի կղզիներից), Էսա ու Վիլհելմինա Տարհոնենները (Թայվանից), Ռայներ ու Ֆելոմենա Տիքմանները (Թայվանից) և Բիլ ու Նինա Պերիները (Ճապոնիայից)։ Նրանցից հետո եկան Գաղաադն ավարտած նոր միսիոներներ, որոնք նշանակվել էին ծառայելու Հյուսիսային Սումատրայում, Կալիմանտանում, Հյուսիսային Սուլավեսիում և այլ հեռավոր տարածքներում։

«Մեծ ուրախություն էի ստանում՝ օգնելով ուսանողներին, որ բարելավեն իրենց ուսուցողական և հռետորական ունակությունները» (Ջուլիանուս Բենիգ)

 2005թ.-ին մասնաճյուղը կազմակերպեց երկու նոր աստվածապետական դպրոցների դասընթացներ։ Ծառայության կատարելագործման դպրոցի (այժմ՝ Թագավորության քարոզիչների դպրոց) դասավանդողներից մեկը՝ Ջուլիանուս Բենիգը, ասում է. «Մեծ ուրախություն էի ստանում՝ օգնելով ուսանողներին, որ բարելավեն իրենց ուսուցողական և հռետորական ունակությունները և ավելի օգտակար լինեն կազմակերպությանը»։ Այս դպրոցի շատ շրջանավարտներ այժմ ծառայում են որպես հատուկ ռահվիրաներ կամ շրջանային վերակացուներ։ Իսկ Շրջագայող վերակացուների դպրոցի * առաջին դասարանում սովորող եղբայրներից շատերը մինչ այդ համապատասխան կրթություն էին ստացել արգելքի տարիներին։ Նոր դպրոցը օգնեց նրանց, որ շարունակեն հաջողությամբ կատարել իրենց գործը նաև արգելքը հանվելուց հետո։ Պոնչո Պրաչոյոն, որը սովորել էր այդ դպրոցի առաջին դասարանում, ասում է. «Դպրոցն օգնեց, որ որպես շրջանային վերակացու՝ ավելի կարեկից լինեմ և ավելի մեծ պատասխանատվությամբ կատարեմ  իմ գործը։ Այն նաև ոգևորեց ինձ ու մղեց ավելին անելու Թագավորության գործում»։

Թագավորության սրահներ են կառուցվում

Արգելքի 25 տարիների ընթացքում Ինդոնեզիայի շատ ժողովներ տներում էին հավաքվում հանդիպումներ անցկացնելու համար։ Ժողովների մեծ մասը Թագավորության սրահ կառուցելու համար չուներ բավարար միջոցներ։ Բացի այդ, գրեթե անհնար էր շինարարության թույլտվություն ստանալ։ Սակայն քանի որ ժողովների թիվը արագորեն ավելանում էր, Սրահների կառուցման համար մասնաճյուղը հիմնեց Թագավորության սրահների շինարարության բաժին (այժմ՝ նախագծման/շինարարության տեղի բաժին)։

Առաջին տարածքներից մեկը, որտեղ իրականացվեց այդ նոր շինարարական ծրագիրը, Նիաս կղզին էր (Հյուսիսային Սումատրա)։ Գունունգսիտոլիի ժողովի երկար տարիներ ծառայած մի եղբայր՝ Հաուգոարո Գեան, ասում է. «Մենք ուղղակի ցնծում էինք, երբ իմացանք, որ նոր Թագավորության սրահ ենք ունենալու։ Շինարարական նախագիծը վերահսկելու համար մասնաճյուղը ուղարկեց յոթ կամավորների։ Սրահի շինարարությունն ավարտվեց 2001թ.-ին»։ Տեղի շինարարական կոմիտեի անդամներից մեկը՝ Ֆաունասոկի Լաուլին, պատմում է. «Նախկինում մենք հանդիպումներ էինք անցկացնում տներում, և մարդիկ արհամարհանքով էին վերաբերվում Եհովայի վկաներին։ Բայց երբ կառուցեցինք Թագավորության սրահը, հանդիպումներին ներկա եղողների թիվը կտրուկ աճեց՝ 20-ից հասնելով 40-ի։ Իսկ 12 ամիս անց այդ թիվը աճեց ավելի քան 500 տոկոսով։ Մեր երկրպագության վայրը այդ տարածքի ամենագեղեցիկ շինությունն է, և մարդիկ այժմ հարգանքով են վերաբերվում Եհովայի վկաներին»։

Թագավորության սրահ Բանդունգում

2006թ.-ին Բանդունգում (Արևմտյան Ճավա) եղբայրները սկսեցին տարածք փնտրել Թագավորության սրահ կառուցելու համար։ Դա լինելու էր առաջին Սրահը այդ քաղաքում։ Շինարարական կոմիտեում ծառայող մի երեց՝ Սինգապ Պանյատանը, ասում է. «Մեկ տարի անցավ, մինչև որ կարողացանք մի հարմար տարածք գտնել։ Բայց որպեսզի իշխանությունները մեզ շինարարության թույլտվություն տային, առնվազն 60 ոչ  Վկա հարևաններ պետք է իրենց հավանությունը տային շինարարական նախագծի իրականացմանը։ Յոթանասունվեց հարևաններ, այդ թվում մի ազդեցիկ կին, որը սկզբում թշնամաբար էր տրամադրված, հավանություն տվեցին նախագծին։ Երբ Սրահը կառուցվեց, հարևաններին և Բանդունգի քաղաքապետին հրավիրեցինք էքսկուրսիայի։ Սրահը տեսնելուց հետո Քաղաքապետն ասաց. «Երկրպագության այս մաքուր և կոկիկ վայրը հիանալի օրինակ է, որին պետք է հետևեն մյուս բոլոր եկեղեցիները»»։ Թագավորության այդ երկհարկանի սրահի նվիրումը տեղի ունեցավ 2010թ.-ին։

2001թ.-ից սկսած՝ Ինդոնեզիայում կառուցվել է ավելի քան 100 Թագավորության սրահ, բայց դեռ շատ Սրահների կարիք կա։

^ պարբ. 3 Հերևատի Նոյհարտի կենսագրությունը տպագրվել է «Արթնացե՛ք»-ի 2011թ. փետրվարի համարում (անգլ., ռուս.)։

^ պարբ. 1 Այժմ կոչվում է Դպրոց շրջանային վերակացուների և նրանց կանանց համար։