Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2016

 ԻՆԴՈՆԵԶԻԱ

Գալիս են ավելի շատ միսիոներներ

Գալիս են ավելի շատ միսիոներներ

Ինդոնեզիայի արդարադատության նախարարությունը 1964թ. հուլիսի 9-ին պաշտոնապես գրանցեց Աստվածաշունչ ուսումնասիրողների միությունը, որը Եհովայի վկաների կողմից օգտագործվող իրավաբանական միավորում էր։ Սակայն լիարժեք կրոնական ազատություն ստանալու համար անհրաժեշտ էր, որ միավորումը գրանցվեր կրոնական հարցերով նախարարության կողմից։ Այդ պետական կառույցի վրա մեծ ազդեցություն ուներ քրիստոնյա համայնքի վարչության գլխավոր տնօրինությունը, իսկ այդ տնօրինության աշխատակազմը հիմնականում բաղկացած էր անհանդուրժողական բողոքականներից, որոնք խիստ դեմ էին Եհովայի վկաներին։

Մի անգամ եղբայրներից մեկը հանդիպեց բարձրաստիճան մի պաշտոնյայի, որը սերտորեն համագործակցում էր կրոնական հարցերով նախարարի հետ։ Պարզվեց, որ եղբայրն ու այդ պաշտոնյան նույն գյուղից են։ Նրանք սկսեցին աշխուժորեն զրուցել իրենց մայրենի բարբառով։ Եղբայրն այդ պաշտոնյային պատմեց, թե Եհովայի վկաները ինչ խնդիրներ ունեն քրիստոնյա համայնքի վարչության գլխավոր տնօրինության հետ։ Պաշտոնյան հոգ տարավ, որ երեք եղբայրներ հանդիպեն  անձամբ նախարարի հետ, որը մի հանդուրժամիտ ու բարյացակամ մուսուլման էր։ 1968թ. մայիսի 11-ին նախարարը մի պաշտոնական հրամանագիր արձակեց, որով Եհովայի վկաները ճանաչվում էին որպես կրոն, և որը հաստատում էր Ինդոնեզիայում ազատորեն գործունեություն ծավալելու Վկաների իրավունքը։

Այդ բարձրաստիճան պաշտոնյան նաև պատրաստակամություն հայտնեց օգնելու, որ օտարերկրացի Վկաները միսիոներական վիզաներ ստանան առանց քրիստոնյա համայնքի վարչության գլխավոր տնօրինությանը դիմելու։ Այս արդարամիտ պաշտոնյայի օգնությամբ հաջորդ մի քանի տարիների ընթացքում 64 միսիոներների թույլ տրվեց գալ Ինդոնեզիա։

1968թ.-ին Ինդոնեզիայում արդեն կային մոտ 300 միսիոներներ ու հատուկ ռահվիրաներ և 1200 քարոզիչներ, որոնք բարի լուրը քարոզում էին երկրի ամեն անկյունում։ Միսիոներները անգնահատելի օգնություն ցուցաբերեցին տեղի եղբայրներին՝ կրթելով և ուսուցանելով նրանց։ Նրանք մեծապես նպաստեցին եղբայրների հոգևոր աճին։ Այդ կրթությունը ժամանակահարմար էր, որովհետև շուտով նրանք բախվելու էին հալածանքի ու ճնշումների։

«Սուրբծննդյան նվեր» հոգևորականներին

1974թ.-ին քրիստոնյա համայնքի վարչության գլխավոր տնօրինությունը վերսկսեց իր վաղեմի պայքարը, որի նպատակը Եհովայի վկաների գործունեությունը արգելելն էր։ Այդ տնօրինության ղեկավարը նամակ գրեց կրոնի հարցերով նախարարության բոլոր տարածաշրջանային բաժիններին՝ հայտարարելով, թե Եհովայի վկաները օրինական գրանցում չունեն։ Նա հորդորեց տեղի պաշտոնյաներին, որ ազատորեն քայլեր ձեռնարկեն Վկաների դեմ, երբ էլ որ վերջիններս «խնդիրներ» ստեղծեն նրանց համար։ Սա թեթևակի քողարկված կոչ էր հալածելու Եհովայի ժողովրդին։ Պաշտոնյաների մեծ մասն անտեսեց այդ հրահանգը։ Բայց ոմանք օգտվեցին առիթից և արգելեցին հանդիպումներն ու տնից տուն քարոզչությունը։

1976թ. դեկտեմբերի 24-ին թերթում գրվեց, որ Եհովայի վկաների գործունեությունը արգելված է

Գրեթե այդ նույն ժամանակաշրջանում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) ծրագրեց միջազգային համաժողով անցկացնել Ջակարտայում։ Տեղի մուսուլմանները դա սադրիչ  և հանդուգն քայլ համարեցին։ Միջկրոնական լարվածությունը գնալով սրվում էր, ուստի ԵՀԽ-ն որոշեց չանցկացնել այդ համաժողովը։ Սակայն բնակչության քրիստոնեացման հարցը թեժ քննարկումների առարկա էր դարձել, և քաղաքական գործիչների շրջանում լարվածություն էր տիրում։ Ինչպեսև ակնկալվում էր, հոգևորականները, այդ առիթն օգտագործելով, մեղադրանքներ ներկայացրին Եհովայի վկաների դեմ՝ հանրորեն քննադատելով նրանց քարոզչական գործունեությունը։ Սա պատճառ հանդիսացավ, որ ավելի շատ պետական պաշտոնյաներ բացասաբար տրամադրվեն Եհովայի վկաների հանդեպ։

Միջկրոնական լարվածությունը շարունակում էր աճել, երբ 1975թ. դեկտեմբերին Ինդոնեզիայի զինված ուժերը ներխուժեցին Արևելյան Թիմոր (այժմ՝ Թիմոր Լեստե), որը նախկինում պորտուգալական գաղութ էր եղել։ Յոթ ամիս անց Արևելյան Թիմորը բռնի կերպով միացվեց Ինդոնեզիային, ինչն էլ ավելի բորբոքեց ժողովրդի հայրենասիրական զգացումները։ Եղբայրները քաղաքական հարցերում չեզոքություն էին պահում և հրաժարվում էին զինծառայությունից ու դրոշին պատիվ տալուց։ Նրանց այդ դիրքորոշումը հարուցում էր ավագ հրամանատարների զայրույթը (Մատթ. 4։10; Հովհ. 18։36)։ Օգտվելով առիթից՝ հոգևորականները կառավարությանը կոչ էին անում վճռական քայլեր ձեռնարկել Վկաների դեմ։ 1976թ. դեկտեմբերի կեսերին հոգևորականները ստացան իրենց «սուրբծննդյան նվերը». կառավարությունը հայտարարեց, որ Եհովայի վկաների գործունեությունն արգելված է։