Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

2002-2013 Վերջին տարիները (մաս 1)

2002-2013 Վերջին տարիները (մաս 1)

«Շնորհակա՜լ եմ, Եհո՛վա»

Իրավիճակը աստիճանաբար կայունացավ։ Եղբայրներն ու քույրերը վերադարձան իրենց ավերված տները։ Ժողովները կրկին կենդանություն առան։ Շրջաններից մեկում նշանակված հատուկ ռահվիրաների ուղարկած հաշվետվության մեջ ասվում էր. «Ժողովի առաջին հանդիպմանը եկել էր 16 հոգի, երկրորդին՝ 36, երրորդին արդեն՝ 56, իսկ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 77 մարդ։ Մենք անչափ ոգևորվել էինք»։ Ինը նոր ժողովներ բացվեցին, և ժողովների ընդհանուր թիվը հասավ 24-ի։ Ժամանեցին «Գաղաադն» ավարտած տասը նոր միսիոներներ, դա նոր թափ հաղորդեց քարոզչական գործին։ 2004-ի Հիշատակի երեկոյին ներկա եղավ 7594 հոգի։ Այս թիվը հինգ անգամ գերազանցում էր քարոզիչների ընդհանուր թվին։ Նման մեծ աճ գրանցվեց նաև Գվինեայում։

Կառավարիչ մարմինը անմիջապես օգնության ֆոնդ ստեղծեց վերադարձող փախստականներին աջակցելու համար (Հակ. 2։15, 16)։ Կամավորների փոքր խմբերը կառուցեցին և վերանորոգեցին 12 Թագավորության սրահ և 1 համաժողովների սրահ Կոյնդուում։ Կավե աղյուսներով նրանք կառուցեցին նաև 42 համեստ կացարաններ այն ընտանիքների համար, որոնց տները ամբողջովին քարուքանդ էին եղել։ 70-ն անց մի այրի քույր, կանգնած իր նոր, մետաղական տանիքով տան առաջ, արցունքն աչքերին ասում էր. «Շնորհակա՜լ եմ, Եհո՛վա, շնորհակա՜լ եմ։ Ձե՛զ էլ, եղբայրնե՛ր, շնորհակալ եմ»։

Մասնաճյուղը սկսեց Թագավորության սրահներ կառուցել սահմանափակ միջոցներ ունեցող երկրներին հատկացվող գումարով։ Սայդու Ջուանան, որը Բո քաղաքի Արևմտյան ժողովում երեց է և ռահվիրա, պատմում է. «Մի քույր ինձ ասաց. «Եթե իմանամ, որ նոր Թագավորության  սրահ ենք ունենալու, ձեռքերով ու ոտքերով ծափ կտամ»։ Երբ ժողովում հայտարարեցի նոր Սրահի մասին, նա ցատկեց տեղից և սկսեց ծափ տալ ու պարել»։

2010-ին Վաթեռլո ժողովում տեղի ունեցավ նոր Թագավորության սրահի նվիրումը։ Անհրաժեշտության դեպքում այդ սրահը հնարավոր էր ընդլայնել և դարձնել 800 տեղանոց համաժողովի սրահ։ Երբ եղբայրները պատրաստվում էին գնել այդ տարածքը, նույն օրը մեկ ուրիշ գնորդ հայտնվեց, որը տարածքի սեփականատիրոջը ավելի մեծ գումար առաջարկեց։ Սակայն նա ասաց. «Ավելի լավ է, որ իմ տարածքը դառնա կրոնական կոնֆերանսների կենտրոն, քան օգտագործվի կոմերցիոն նպատակներով»։

Սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար կազմված ծրագրի շրջանակներում կառուցվեց 17 Թագավորության սրահ Սիեռա Լեոնեում և 6-ը՝ Գվինեայում։ Այս համեստ, բայց արժանավայել երկրպագության վայրերը նպաստել են, որ ավելի շատ մարդիկ գան հանդիպումներին։

Եհովայի կորած գառնուկները

Շատերը սկսեցին ակտիվորեն մասնակցել ծառայությանը, և մասնաճյուղը հազվադեպ մշակվող տարածքներում կազմակերպեց երկամսյա քարոզարշավ։ Քարոզիչները այդ ընթացքում բաժանեցին մոտ 15000 գիրք։ Շատ հետաքրքիր դեպքեր եղան։ Տարբեր տարածքներում մարդիկ հարցնում էին՝ արդյոք Եհովայի վկաները ժողովներ կբացեն իրենց քաղաքում։ Երկու նոր ժողով կազմավորվեց։ Իսկ մի հեռավոր գյուղում եղբայրները գտան երկու Վկա քույրերի, ովքեր կորցրել էին կապը կազմակերպության հետ, երբ պատերազմի պատճառով ստիպված են եղել թողնելու իրենց տները։ Քանի որ եղբայրները գյուղում Աստվածաշնչի ուսուցումներ էին սկսել, անմիջապես ժողովի հանդիպումներ կազմակերպեցին։

2009թ.-ին մասնաճյուղը տեղեկացավ, որ Գվինեայի անտառներում գտնվող մի խուլ գյուղի մարդիկ ասում են,  թե իրենք Եհովայի վկաներ են։ Անմիջապես եղբայրներ ուղարկվեցին՝ ճշտելու այդ տեղեկությունը։ Պարզվեց, որ տարիներ առաջ մի տարեց եղբայր թոշակի անցնելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, սկսել է քարոզել մարդկանց և ուսուցումներ անցկացրել։ Նրա մահանալուց հետո ուսումնասիրողներից մեկը, մեծ հավատ ունենալով Եհովայի հանդեպ, սկսել է իր իմացածը պատմել ուրիշներին։ Նա նաև հանդիպումներ է անցկացրել՝ օգտագործելով մահացած եղբոր ունեցած հրատարակությունները։ Այսպես՝ մի խումբ մարդիկ մոտ 20 տարի երկրպագել են Եհովային, մինչև մի քարոզիչ պատահաբար հանդիպել է նրանց։ Մասնաճյուղն անհապաղ եղբայրներ նշանակեց՝ նրանց հոգևորապես աջակցելու նպատակով։ Իսկ արդեն 2012-ին գյուղում կազմակերպված Քրիստոսի Հիշատակի երեկոյին ներկա եղավ 172 հոգի։

Վերջին ժամանակներում շատ «կորած գառնուկներ» են գտնվել։ Նրանք այն մարդիկ են, ովքեր մի ժամանակ հեռացել կամ վտարվել էին ժողովից, ու հիմա իրենց քայլերը կրկին ուղղել են դեպի ճշմարտության ճանապարհը։ Եհովայի ժողովուրդը գրկաբաց է ընդունել բոլորին (Ղուկ. 15։11–24

Ճշմարտությունն ընդունում են նաև մահմեդականները

Բարի լուրը քարոզելիս Պողոս առաքյալը «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղավ» (1 Կորնթ. 9։22, 23)։ Նրան ընդօրինակելով՝ Սիեռա Լեոնեում և Գվինեայում ապրող Եհովայի վկաները այնպես են քարոզում տարբեր մարդկանց, որ բարի լուրը հասնի նրանց սրտին։ Ահա թե ինչպես են որոշ քարոզիչներ փորձում տրամաբանել այն մահմեդականների հետ, ովքեր հանդուրժողաբար են տրամադրված մյուս կրոնների հանդեպ։ Հարկ է նշել, որ երկու երկրներում էլ մահմեդականները ամենամեծ կրոնական համայնքն են։

Սայդու Ջուանան, ով նախկինում մահմեդական է եղել, ասում է. «Մուսուլմանները հավատում են, որ Ադամը ստեղծվել է հողից, սակայն սկզբում ապրել է երկնային  դրախտում։ Որպեսզի օգնեմ նրանց ճշմարտությունը հասկանալ, ես հարցնում եմ. «Որտե՞ղ կա հող»։

— Երկրի վրա,— պատասխանում են նրանք։

— Ուրեմն որտե՞ղ է Ադամը ստեղծվել։

— Երկրի վրա՞։

Հետո, որպեսզի համոզվեն դրանում, կարդում եմ Ծննդոց 1։27, 28 համարներն ու հարցնում. «Իսկ երկնքում ապրողները երեխաներ ունենո՞ւմ են»։

— Ո՛չ։ Հրեշտակները ո՛չ տղամարդ են, ո՛չ էլ կին,— ասում են նրանք։

— Ուրեմն երբ Աստված Ադամին ու Եվային պատվիրեց երեխաներ ունենալ, նրանք որտե՞ղ էին։

— Երկրի վրա։

— Իսկ երբ Աստված վերականգնի դրախտը, որտե՞ղ այն կլինի։

— Այստեղ, երկրի վրա,— պատասխանում են նրանք»։

Սայդուն ավելացնում է. «Նման տրամաբանությունը շատերին է մղում հետաքրքրվելու և աստվածաշնչյան գրականություն վերցնելու»։

Իսկ Մոմոն՝ մի մահմեդական խանութպան, ով հույս ուներ, որ մի օր կդառնա իմամ (մոլլա), հանդիպեց Վկա միսիոներների։ Երբ նրանք փորձեցին տրամաբանել Սուրբ Գրքով, դա շարժեց նրա հետաքրքրությունը։ Մոմոն ներկա եղավ շրջանային համաժողովի ծրագրի մի հատվածին և տպավորվեց իր լսածով։ Չորս օր անց իր կնոջ՝ Ռամաթուի և հինգ երեխաների հետ ներկա եղավ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։ Նա մեծ ոգևորությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի քանի անգամ Վկաների հետ հանդիպելուց հետո դադարեց ծխախոտ վաճառել։ Նա իր հաճախորդներին ասում էր, որ ծխախոտը վնասակար է առողջությանը և տհաճ է Աստծուն։ Նաև սկսեց հենց խանութում ուսումնասիրություն անցկացնել կնոջ ու երեխաների հետ։ Իսկ երբ այդ ընթացքում հաճախորդ էր մտնում, Մոմոն առաջարկում էր նրան նստել ու սպասել՝ բացատրելով,  որ ուսումնասիրությունը շատ կարևոր է իր ընտանիքի համար։ Երբ նա Ռամաթուի հետ իր ամուսնությունը օրինականացրեց, հարազատները սկսեցին հալածել նրանց։ Մոմոյին ու Ռամաթուին դա չվախեցրեց։ Նրանք համարձակորեն վկայություն տվեցին իրենց բարեկամներին, ովքեր ի վերջո սկսեցին հարգել նրանց՝ տեսնելով նրանց վայելուչ վարքը։ Մոմոն մկրտվեց 2008-ին, իսկ Ռամաթուն՝ 2011-ին։

Հարգում ենք արյան սրբությունը

Եհովայի ժողովուրդը քաջաբար թիկունք է կանգնում Աստծու սահմանած բարոյական չափանիշներին՝ ներառյալ արյան վերաբերյալ սկզբունքին (Գործ. 15։29)։ Ժամանակի ընթացքում Սիեռա Լեոնեում և Գվինեայում գնալով ավելի շատ բժիշկներ են սկսել հարգել Վկաների՝ արյան փոխներարկումից հրաժարվելու դիրքորոշումը։

Եղբայրները այցելել են մի հիվանդ քրոջ

 Սիեռա Լեոնեում 1978-ին եղբայրները բաժանեցին «Եհովայի վկաները և արյան հարցը» գրքույկը բժիշկներին, բուժքույրերին, հիվանդանոցների ադմինիստրատորներին, իրավաբաններին և դատավորներին։ Դրանից կարճ ժամանակ անց մի քրոջ մոտ ծննդաբերության ցավերի ընթացքում ներքին արյունահոսություն սկսվեց։ Բժիշկները հրաժարվեցին առանց արյան փոխներարկման որևէ բուժօգնություն ցույց տալ։ Այնուամենայնիվ, նրանցից մեկը համաձայնվեց օգնել։ Նա կարդացել էր «Արյուն» գրքույկը, և այնտեղ ամփոփված տրամաբանական և ուսանելի նյութը անչափ տպավորել էր նրան։ Քույրը առողջ տղա ունեցավ և ապաքինվեց։

1991-ին դոկտոր Բաշիրու Կորոման, ով վիրաբույժ էր Կենեմայի հիվանդանոցում, կարդաց «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը» գրքույկը։ Իր կարդացածով տպավորված՝ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովի հանդիպումներին։ Մի օր վթարի ժամանակ մի 9-ամյա Վկա տղայի փայծաղը պայթեց։ Տղայի բժիշկները հրաժարվեցին առանց արյան փոխներարկման վիրահատել նրան և ծնողներին ասացին. «Ձեր երեխային տարե՛ք, թող տանը մեռնի»։ Ծնողները դիմեցին դոկտոր Կորոմային, և նա հաջող վիրահատություն արեց։

Դոկտոր Կորոման շուտով դարձավ եղբայր Կորոմա և անարյուն վիրաբուժության ջատագով։ Այդ պատճառով նրա կոլեգաները երես թեքեցին իրենից, բայց նրա հիվանդները միշտ առողջանում էին։ Որոշ ժամանակ անց վիրաբույժներից ոմանք սկսեցին դիմել նրա օգնությանը, որպեսզի բարդ վիրահատությունների ժամանակ համագործակցի իրենց հետ։

1994-ից սկսած՝ Ֆրիթաունի Բեթելի հիվանդանոցային տեղեկատվական բաժինը «Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ» հիմնեց Սիեռա Լեոնեում և Գվինեայում։ Այս կոմիտեների եղբայրները սիրով ու հոգատարությամբ աջակցել են շատ հիվանդ Վկաների։ Նրանց ջանքերի շնորհիվ տասնյակ բժիշկներ համաձայնվել են բուժել Վկաներին առանց արյան։