Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1915-1947 Վաղ տարիներ (մաս2)

1915-1947 Վաղ տարիներ (մաս2)

Մարտահրավեր գլադիատորներին

Ֆրիթաունի հոգևորականները, երբ տեսան, որ իրենց հոտի անդամները գնում են լսելու եղբայր Բրաունի ելույթները, նախանձով ու զայրույթով լցվեցին։ «Դիտարանի» 1923թ. դեկտեմբերի 15-ի համարում հետևյալ տեղեկությունը տպվեց. «Հոգևորականությունը, ասես մահակն առած, հարձակվել է ճշմարտության վրա։ Եղբայր Բրաունը անպատասխան չի թողնում մամուլի միջոցով նրանց ուղղած հարվածները։ Երկու կողմերի ասելիքն էլ տպագրվում է թերթերում»։ Ի վերջո հոգևորականների ասելիքը սպառվեց. բացահայտվեցին նրանց կեղծ ուսմունքներն ու սուտ մեղադրանքները։ Ճշմարտությունը տարածվեց ամենուրեք, և թերթեր ընթերցողներից շատերը ցանկացան աստվածաշնչյան գրականություն ստանալ։ Հոգևորականներն ուզում էին լռեցնել Աստծու ժողովրդին, բայց Եհովան «նրանց անօրենությունը նրանց վրա դարձրեց» (Սաղ. 94։21–23

Եկեղեցասեր երիտասարդների մի խումբ, որոնք գլադիատորներ էին կոչվում, եկեղեցուն սատարելու համար հանրային ժողովներ կազմակերպեցին, որպեսզի վերջ տան «ռասելիզմին»՝ այն ամենին, ինչ քարոզում էին Աստծու ծառաները։ Ի պատասխան՝ եղբայր Բրաունը նրանց հանրայնորեն հրավիրեց բանավեճի։ Գլադիատորները մերժեցին հրավերը, իսկ թերթի խմբագրին, ով տպագրել էր եղբայր Բրաունի հրավերը, սպառնացին։ Նաև արգելեցին եղբայր Բրաունին ներկա լինել իրենց ժողովներին, ուստի նրա փոխարեն Ալֆրեդ Ջոզեֆը գնաց։

Ժողովներն անցկացվում էին Բաքսթոն եկեղեցում, որը Ֆրիթաունում հայտնի մեթոդիստական եկեղեցի էր։ «Երբ ներկաները հնարավորություն ստացան ուղղելու իրենց հարցերը,— պատմում էր Ալֆրեդը,— ես հարցրի անգլիկան եկեղեցու դավանաբանության, Երրորդության և էլի մի քանի ոչ սուրբգրային ուսմունքների վերաբերյալ։ Դրանից հետո նախագահողը այլևս ինձ նման առիթ չընձեռեց»։

Այդ ժողովին ներկա գլադիատորներից մեկը Մելբուրն Գարբերն էր՝ եկեղեցու երիտասարդ սան, որը մինչ այդ լսել էր Բայբլ Բրաունի ելույթները և դրանցից մեկի  ժամանակ ասել էր. «Պարոն Բրաունը անգի՛ր գիտի Աստվածաշունչը»։ Իր լսածի շուրջ խորհելուց հետո Գարբերը համոզվեց, թե որն է ճշմարտությունը։ Ուստի Աստվածաշունչ ուսումնասիրելու համար դիմեց եղբայր Բրաունին։ Եղբայրը նրան հրավիրեց ամեն շաբաթ ներկա լինել իր տանը անցկացվող «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Թեպետ Գարբերի ընտանիքը հրաժարվեց նրանից, նա արագ հոգևորապես առաջադիմեց, և շատ չանցած՝ մի քանիսի հետ մկրտվեց։

Նոր-նոր սկիզբ առնող քարոզչական գործը կասեցնելու Սատանայի ջանքերը ապարդյուն անցան։ Ֆրիթաունի քաղաքագլուխը գլադիատորներին զգուշացրել էր. «Եթե այս գործը մարդկանցից է, կխափանվի։ Բայց եթե Աստծուց է, չեք կարողանա խափանել այն» (Գործ. 5։38, 39

Բրաունների կրոնը

1923-ի մայիսի սկզբին եղբայր Բրաունը հեռագրով Լոնդոնի մասնաճյուղից ավելի շատ գրականություն խնդրեց։ Շատ չանցած՝ 5000 գիրք ուղարկվեց, որին հաջորդեցին այլ խմբաքանակներ։ Բրաունը շարունակում էր հանրային հանդիպումներ անցկացնել, և հազարավոր մարդիկ գալիս էին նրան լսելու։

Այդ նույն տարի «Դիտարանում» գրվեց. «Սիեռա Լեոնեում մեր գործունեությունը այնքան մեծ թափ է առել, որ եղբայր Բրաունը խնդրել է, որ իրեն օգնական ուղարկեն։ Եվ այժմ Կլոդ Բրաունը, որը Վինիպեգից է (նախկինում՝ Վեստ Ինդիայից), ճանապարհ է ընկել՝ միանալու նրան»։

Կլոդ Բրաունը փորձությունների մեջ թրծված, հմուտ քարոզիչ էր։ Առաջին համաշխարհայինի տարիներին քրիստոնեական չեզոքություն պահելու պատճառով նա ազատազրկվել էր և դաժան խոշտանգումների ենթարկվել կանադական և անգլիական բանտերում։ Նա չորս տարի ծառայեց Սիեռա Լեոնեում՝ զորացնելով այնտեղի եղբայրների և քույրերի հավատը։

Պաուլին Քոուլը պատմում էր. «Իմ մկրտությունից առաջ՝ 1925-ին, եղբայր Կլոդը մանրակրկիտ հարցաքննեց ինձ։

 — Քո՛ւյր Քոուլ, հասկացե՞լ ես այն ամենը, ինչ սովորել ես «Գրությունների ուսումնասիրություն» գրքերից,— հարցրեց նա։— Չէինք ուզի, որ Աստվածաշնչի ուսմունքները լավ չհասկանալու պատճառով մի օր թողնես ճշմարտությունը։

— Եղբա՛յր Կլոդ, ես սերտել եմ այդ գրքերը ու հաստատ համոզված եմ այն ամենում, ինչ սովորել եմ,— պատասխանեցի ես»։

Պաուլին Քոուլ

Պաուլինը ծառայեց Եհովային ավելի քան 60 տարի, մեծ մասամբ՝ որպես հատուկ ռահվիրա։ Նա իր երկրային կյանքի ընթացքը ավարտեց 1988թ.-ին։

Ուիլյամ Բայբլ Բրաունը ուշադիր էր եղբայրների հոգևոր լավ սովորությունների հանդեպ։ Ալֆրեդ Ջոզեֆը պատմում էր. «Երբ առավոտյան տեսնում էի եղբայր Բրաունին, մեր զրույցը հիմնականում այսպես էր սկսվում. «Բարև՛, եղբա՛յր Ջո։ Ինչպե՞ս ես։ Այսօրվա խոսքը ո՞րն է»։ Եթե կարդացած չէի լինում, նա ընդգծում էր «Ամենօրյա մանանա» (այժմ կոչվում է «Աստվածաշունչը քննենք ամեն օր») գրքից օրվա խոսքը կարդալու կարևորությունը։ Հաջորդ առավոտ արթնանալուն պես ձեռքս էի վերցնում «Մանանան», որպեսզի  պատրաստված լինեի նրա հետ հանդիպմանը։ Սկզբում դա ինձ դուր չէր գալիս, բայց հետո հասկացա, թե ինչ կարևոր դաս էր նա սովորեցնում, ու շատ գնահատեցի դա»։

Հոգևորապես հասուն այս եղբայրների ջանքերը հրաշալի արդյունքներ տվեցին։ 1923թ.-ին Ֆրիթաունում ժողով հիմնվեց, և 14 հոգի մկրտվեց։ Նոր եղբայրներից մեկի անունը Ջորջ Բրաուն էր, նա երրորդ Բրաունն էր նորաստեղծ ժողովում։ Այս երեք Բրաունների ընտանիքները այնքան եռանդորեն էին ծառայում, որ կարճ ժամանակ անց քաղաքի բնակիչները Աստվածաշունչ ուսումնասիրողներին կնքեցին «Բրաունների կրոն» անունով։