Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1915-1947 Վաղ տարիներ (մաս 1)

1915-1947 Վաղ տարիներ (մաս 1)

 Ճշմարտության շողերը հասնում են այստեղ

Սիեռա Լեոնեում բարի լուրի շողերը փայլեցին դեռևս 1915-ին, երբ տեղացիներից ոմանք Անգլիայից վերադառնալիս իրենց հետ բերեցին աստվածաշնչյան գրականություն։ Այդ տարի հուլիսին էր, որ մկրտված առաջին եղբայրը՝ Ալֆրեդ Ջոզեֆը, եկավ Ֆրիթաուն։ Նա 31 տարեկան էր, ծագումով Գայանայից՝ Հարավային Ամերիկայից։ Նա մկրտվել էր ամիսներ առաջ Բարբադոսում (Վեստ Ինդիա)։ Ալֆրեդը եկել էր այստեղ աշխատանքային պայմանագրով՝ լինելու էր շոգեքարշի ինժեներ Ֆրիթաունում։ Նա հաստատվեց Կլայն Թաունում՝ երկաթուղուն պատկանող բնակելի տարածքում, որն ընդամենը 3 կիլոմետր էր հեռու Ֆրիթաունի մետաքսածառից։ Առանց հապաղելու նա սկսեց աստվածաշնչյան լուրը հայտնել իր գործընկերներին։

Մեկ տարի անց Բարբադոսից Ալֆրեդի մոտ եկավ նրա նախկին գործընկերը՝ Լեոնարդ Բլակմանը, որի մայրը՝ Էլվիրա Հյուիթն էր Ալֆրեդին հայտնել ճշմարտությունը։ Լեոնարդը դարձավ Ալֆրեդի հարևանը։ Նրանք պարբերաբար միասին Աստվածաշնչից մտքեր էին քննարկում, նաև աստվածաշնչյան գրականություն էին բաժանում իրենց ընկերներին և առհասարակ նրանց, ում այն հետաքրքրում էր։

Ալֆրեդի և Լեոնարդի համար պարզ էր, որ Ֆրիթաունի արտերը սպիտակել էին հնձի համար (Հովհ. 4։35)։ 1923-ին Ալֆրեդը նամակ գրեց Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչություն, որում ասում էր. «Այստեղ շատերը հետաքրքրված են Աստվածաշնչով։ Կարո՞ղ եք մեկին ուղարկել, որ հոգ տանի նրանց համար և օգնի, որ քարոզչական գործը առաջ գնա Սիեռա Լեոնեում»։ Նա կարճ պատասխան ստացավ. «Անպայման մեկին կուղարկենք»։

Ուիլյամ Բայբլ Բրաունը իր կնոջ՝ Անտոնիայի հետ

 «Ամիսներ անց՝ մի շաբաթ օր՝ ուշ գիշերին, անսպասելի հեռախոսազանգ ստացա,— պատմում էր Ալֆրեդը։

— Դո՞ւք եք այն մարդը, որ գրել է «Դիտարան ընկերությանը» և խնդրել է քարոզիչ ուղարկել,— հարցրեց մի անծանոթ ձայն։

— Այո՛,— պատասխանեցի ես։

— Նրանք ինձ են ուղարկել,— թնդաց ձայնը։

Դա Ուիլյամ Բրաունն էր։ Նա կնոջ՝ Անտոնիայի և աղջկա հետ ժամանել էր այդ օրը և տեղավորվել էր Գեյնֆորդ հյուրանոցում։

Առավոտյան ես ու Լեոնարդը Աստվածաշնչի մեր շաբաթական ուսումնասիրությունն էինք անցկացնում, երբ շեմքին երևաց բարձրահասակ ու թիկնեղ մի տղամարդ՝ Ուիլյամ Բրաունը։ Նա ճշմարտության այնպիսի նախանձախնդիր ջատագով էր, որ ուզում էր հենց հաջորդ օրը հանրային ելույթ ներկայացնել։ Առանց հետաձգելու վարձեց Ուիլբերֆորսի անվան դահլիճը, որն ամենամեծն էր Ֆրիթաունում, և ծրագրեց հենց հաջորդ հինգշաբթի ներկայացնել իր նախատեսած չորս հանրային ելույթներից առաջինը։

 Մեր փոքրիկ խումբը անմիջապես գործի անցավ. թերթերում հայտարարություններ տվեցինք, գովազդագրեր բաժանեցինք և բոլորին սկսեցինք հրավիրել ելույթները լսելու։ Հետաքրքիր էր՝ ինչպիսին կլիներ տեղացիների արձագանքը։ Անհանգստանալու պատճառ չկար. նշված ժամին մոտ 500 հոգի հավաքվել էր դահլիճում։ Նրանց մեջ շատ հոգևորականներ կային։ Մենք ցնծում էինք»։

Մեկ ժամանոց ելույթի ընթացքում եղբայր Բրաունը շատ հաճախ մեջբերումներ էր անում Աստվածաշնչից և պրոյեկտորի միջոցով աստվածաշնչյան համարների սլայդներ էր ցույց տալիս մեծ էկրանին՝ միաժամանակ կրկնելով. «Ոչ թե Բրաունն է ասում, այլ Աստվածաշունչը»։ Ունկնդիրները հիացած լսում էին, ամեն մտքից հետո նրանք ոգևորված ծափահարում էին։ Այո՛, ոչ թե եղբայր Բրաունի գերազանց հռետորական ունակությունը, այլ Աստվածաշնչի զորավոր խոսքերն էին, որ տպավորում էին ունկնդիրներին։ Մի երիտասարդ, որը ճեմարանի ուսանող էր, դահլիճից գոչեց. «Պարոն Բրաունը անգի՛ր գիտի Աստվածաշունչը»։

1930

Քաղաքը ցնցված էր եղբայր Բրաունի ելույթներից։ Բոլորը շտապում էին նրան լսելու։ Հաջորդ կիրակի դահլիճը կրկին լեփ լեցուն էր։ Ելույթի վերնագիրն էր՝ «Ովքե՞ր են գնում դժոխք, կա՞ վերադարձ այնտեղից»։ Այն անհերքելի ճշմարտությունները, որ ներկայացրեց եղբայր Բրաունը այդ երեկո, նույնիսկ եկեղեցու նախանձախնդիր անդամներին մղեցին թողնել իրենց եկեղեցին։

Վերջին՝ «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթը լսելու եկած մարդիկ այնքան շատ էին, որ քաղաքի մի բնակիչ հետագայում, հիշելով այդ օրը, ասաց. «Եկեղեցիները ստիպված հետաձգեցին երեկոյան պատարագները, քանի որ իրենց բոլոր անդամները գնացել էին եղբայր Բրաունին լսելու»։

Եղբայր Բրաունը ամեն անգամ բացում էր Աստվածաշունչը, շեշտելով, որ այն ճշմարտության հիմքն է և միակ հեղինակավոր աղբյուրը։ Դա էր պատճառը, որ նա ստացավ Բայբլ (Աստվածաշունչ) Բրաուն մականունը և ամբողջ Արևմտյան Աֆրիկայում հայտնի դարձավ այդ անունով, ինչը հպարտությամբ կրեց մինչև իր երկրային կյանքի ավարտը։