Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Եհովան բարձրացրել է ինձ

Ջեյ Կամբել

Եհովան բարձրացրել է ինձ
  • ԾՆՎԵԼ Է՝ 1966թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1986թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒՅԹՈՒՆ. Պոլիոմիելիտի զոհ, որ դարձավ ռահվիրա։

ԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄ երեխա էի, գոտկատեղիցս ներքև մարմինս թույլ էր և թերզարգացած։ Մորս հետ ապրում էի մի բակում, որտեղ կացարան էին գտել էլի մի քանի աղքատ ընտանիքներ։ Բակից դուրս չէի գալիս. ամաչում էի իմ տեսքից և վախենում էի անծանոթների հայացքներից։ Խիզախությունս բավարարեց ընդամենը մեկ անգամ դուրս գալ իմ աշխարհից, երբ արդեն 18 տարեկան էի։

Այդ ժամանակ էր, որ Պաուլին Լանդիսը՝ մի Վկա միսիոներ, եկավ մեզ մոտ ու առաջարկեց ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ասացի, որ գրել-կարդալ չգիտեմ։ Նա ասաց, որ սիրով կօգնի ինձ թե՛ Աստվածաշունչ ուսումնասիրել, թե՛ գրել-կարդալ սովորել։ Ես համաձայնեցի։

Այն, ինչ իմանում էի Աստվածաշնչից, ուրախությամբ էր լցնում հոգիս։ Մի օր հարցրի Պաուլինին՝ կարելի է գնալ այն ժողովին, որն անցկացվում էր մեր հարևանությամբ։ «Ես կգնամ այնտեղ իմ փայտե քայլակների օգնությամբ»,— ասացի ես։

Ժողովի օրը Պաուլինը եկավ իմ հետևից։ Մայրս ու մեր հարևանները անհանգիստ նայում էին, թե ինչ եմ անելու։ Ես վերցրի  փայտե քայլակներս, մեկնվեցի, դրանք գետնին դրեցի, ապա ձեռքերով հենվելով դրանց՝ մարմինս դեպի առաջ ճոճեցի, կրկին քայլակներս առաջ դրեցի և այդպես շարժվեցի առաջ։ Երբ անցնում էի բակի միջով, հարևաններս բարկացած ասացին Պաուլինին. «Մի՛ ստիպիր խեղճ աղջկան։ Նա փորձել է «քայլել», բայց ոչինչ չի ստացվել»։

— Ջե՛յ, ուզո՞ւմ ես գալ ինձ հետ,— մեղմորեն հարցրեց ինձ Պաուլինը։

— Իհարկե՛,— ասացի։— Ես որոշել եմ ու գալիս եմ։

Հարևանները անխոս հետևում էին իմ «քայլերին»։ Երբ հասա դարպասին ու արդեն դուրս էի գալիս, բոլորը շունչ առան և ուրախ ծափ տվեցին։

Ինձ անչափ դուր եկավ այդ ժողովի հանդիպումը։ Որոշեցի, որ այդուհետ գնալու եմ Թագավորության սրահ։ Ամեն անգամ ես «քայլելով» դուրս էի գալիս մեր փողոցից, տաքսի էի նստում, հետո եղբայրները ինձ տանում էին Սրահ՝ բարձրացնելով բլուրն ի վեր։ Հաճախ տեղ էի հասնում թրջված ու ցեխոտ և ստիպված փոխվում էի Թագավորության սրահում։ Հետո Շվեյցարիայից մի քույր ինձ անվասայլակ ուղարկեց, որի օգնությամբ արդեն ավելի արժանավայել կերպով էի տեղաշարժվում։

Կարդալով այլ հաշմանդամ Վկաների մասին՝ ես մղվեցի ավելի շատ ծառայելու Եհովային։ 1988-ին դարձա ռահվիրա։ Աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ հասնել նպատակիս՝ հարազատներիցս կամ իմ շրջապատի մարդկանցից գոնե մեկին օգնել, որ դառնան Աստծու ծառա։ Իմ աղոթքները պատասխան ստացան։ Ես կարողացա օգնել քրոջս երկու տղաներին և մի կնոջ, որին հանդիպել էի փողոցում վկայություն տալիս։

Հիմա արդեն ձեռքերիս ուժը պակասել է, և պետք է մեկի օգնությունը, որ տեղից տեղ գնամ։ Բացի դրանից քրոնիկ ցավեր ունեմ։ Իմ միակ դարմանը ուրիշներին Եհովայի մասին սովորեցնելն է։ Այն ուրախությունը, որ ստանում եմ ծառայությունից, ասես մեղմում է ցավս և մխիթարում է ինձ, քանի որ Եհովան իսկապես բարձրացրել է ինձ և կյանքս իմաստով է լցրել։