Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճամփորդություն ժամանակի միջով

Ճամփորդություն ժամանակի միջով

2012-ի հոկտեմբերին Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող մեր գլխավոր վարչությունում բացվեց նոր ցուցասրահ՝ նվիրված Եհովայի վկաների պատմությանը։ Ցուցասրահում ներկայացված է, թե ինչ վտանգների միջով են անցել նրանք, ովքեր դավանել են այն քրիստոնեությունը, որ քարոզում էր Հիսուսը։

Միայն առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 4200 հյուրեր և Բեթելի ընտանիքի անդամներ են այցելել ցուցասրահ։ Նաումին՝ մոտակայքում ապրող մի վկա, որն առաջին այցելուներից էր, ասում է. «Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված փաստերը օգնեցին ինձ հստակ պատկերացնել, թե երբ և ինչու են որոշ բաներ եղել։ Ես շատ բան իմացա մեր կազմակերպության և նրա ժամանակակից պատմության մասին»։

Պատմությունը սկսվում է վաղ քրիստոնեության ժամանակաշրջանից՝  մ.թ. 33-ից, և շարունակվում է մինչև մեր օրերը։ Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը հիմնված է առանձին սուրբգրային թեմայի վրա։ Ամեն բաժնի մուտքի մոտ ներկայացվում է անգլերեն կարճ տեսանյութ, որն ունի յոթ լեզուներով ենթագրեր։

Առաջին բաժինը՝ «Մարդիկ խավարը սիրեցին», հիմնված է Հովհաննես 3։19-ում գրված Հիսուսի խոսքերի վրա։ Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ առաքյալների մահից հետո չար մարդիկ «կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն» (Գործ. 20։30)։ Իսկ նրանք, ովքեր փորձում էին դեմ գնալ հոսանքին, թանկ էին վճարում։

Իսկ հաջորդ բաժնում՝ «Թող լույսը ծագի», որը վերցված է 2 Կորնթացիներ 4։6-րդ համարից, ներկայացվում են 1800-ականների վերջերը, երբ մի խումբ անկեղծ մարդիկ նոր սկիզբ դրեցին Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Նրանք մի կողմ թողեցին դարեդար փոխանցված հավատալիքները, որոնք աստվածաշնչյան հիմք չունեին, և խիզախությամբ սկսեցին  քարոզել աստիճանաբար բացահայտվող ճշմարտությունները։ Բաժնում ներկայացված է, թե մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ինչպես այս մարդիկ ավելի շատ բան իմացան Աստվածաշնչից, և ինչպես աճեց նրանց թիվը։

Բաժնի մյուս հատվածում ներկայացված է այն, ինչն առայսօր հիացնում է Եհովայի վկաներին։ 1914-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները (այսպես էին կոչվում Եհովայի վկաները այդ ժամանակ) սկսեցին ցուցադրել «Արարչության լուսադրաման», որի ժամանակ շարժվող ու անշարժ պատկերները ցուցադրվում էին ձայնագրության հետ զուգահեռ։ Այն տարիների համար այս յուրօրինակ ֆիլմը դիտեցին միլիոնավոր մարդիկ։ Ցուցասրահում ներկայացված են որոշ գեղարվեստական աշխատանքների բնօրինակներ, կարճ հատված ֆիլմի նախաբանից և ավելի քան 500 գունավոր սլայդներ։

Քրիստոսի հետևորդների դեմ ուղղված Սատանայի հալածանքը, որը նկարագրված է Հայտնություն 12։17-ում, հաջորդ բաժնի թեման է, որը կոչվում է «Վիշապը զայրացավ»։   Այստեղ ներկայացված է պատերազմի տարիներին քրիստոնյաների դրսևորած չեզոքությունը։ Մեծ ցուցափեղկերում դրված են այն ժամանակներում օգտագործված տարբեր իրեր և նկարներ, կարճ տեսանյութեր այն բռնությունների մասին, որոնց ենթարկվել են զինծառայությունից հրաժարվող մեր եղբայրները։ Նրանցից է, օրինակ, Ռեմիջյո Կումինետին, որը հրաժարվել էր զինվորական համազգեստ կրել և կռվել Առաջին համաշխարհային պատերազմում։ Մեկ այլ տեսանյութ ավստրիացի Ալոիս Մոզըրի մասին է, որը հրաժարվեց ասել «հայլ Հիտլեր», ինչի պատճառով կորցրեց աշխատանքը և ուղարկվեց Դախաուի համակենտրոնացման ճամբար։ Ցուցասրահում կա նաև մռայլ բանտախցի մի կրկնօրինակ, որը ճշգրտորեն փոխանցում է այն պայմանները, որում եղել են իրենց հավատի համար ազատազրկված Եհովայի վկաները Լեհաստանում, նախկին Հարավսլավիայում, Հունաստանում, Ճապոնիայում և այլուր։

Վերջին բաժինը՝ «Բարի լուր բոլոր ազգերի համար», հիմնված է Հայտնություն 14։6-ի վրա և այն մասին է, թե ինչպես են վերջին տասնամյակներում Եհովայի վկաները տարածել բարի լուրը աշխարհով մեկ։ Պատի երկայնքով փակցված պաստառները պատկերում են նրանց արագ աճը, քարոզչական գործի տեմպը և եղբայրական ջերմ սերը։ Վերջում՝ այցելուները սենսորային էկրանների օգնությամբ կարող են «շրջել» Աստվածաշնչի տանը և Բրուքլինի խորանում, շինություններ, որոնք ավելի քան 100 տարի առաջ ծառայել են Եհովայի վկաներին։

Այս ցուցասրահը գտնվում է Բրուքլինում, Նյու Յորք՝ Կոլումբիա Հայթս 25 հասցեում։ Այն բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 5-ը։ Մուտքն անվճար է։ Եթե այժմ դուք Նյու Յորք քաղաքում եք, կարող եք այցելել և հետաքրքիր ճամփորդություն կատարել ժամանակի միջով։