Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպություն, որը տեղում չի մնում

Կազմակերպություն, որը տեղում չի մնում

2013թ. հուլիսի 5-ին՝ ուրբաթ, Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքը ուրախ հայտարարություն լսեց։ Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը ասաց. «2013-ի հուլիսի 4-ին՝ հինգշաբթի, գնորդի հետ համաձայնության եկանք Բրուքլինի համալիր շինությունների՝ Ադամս Սթրիթ 117 և Սենդզ Սթրիթ 90 հասցեում գտնվող 6 շենքերի վաճառքի հարցում։ Ըստ համաձայնության՝ այս տարի մինչև օգոստոսի կեսը 1–5 մասնաշենքերից պետք է դուրս գանք»։

Եղբայր Մորիսը բացատրեց, որ լվացքատունը և քիմմաքրման բաժինը, որոնք գտնվում են 3-րդ մասնաշենքի 6-րդ և 7-րդ հարկերում, կշարունակեն գործել այնտեղ մինչև 2014-ի կեսերը։ «Սենդզ Սթրիթ 90 հասցեի շենքից,—  ասաց նա,— ամենայն հավանականությամբ դուրս կգանք 2017 թվականի ընթացքում»։

Այս 6 մեծ շինությունների վաճառքը մտնում է Եհովայի վկաների գլխավոր վարչությունը Նյու Յորք քաղաքից Ուորվիք տեղափոխելու ծրագրի մեջ։ Այնտեղ 102 հեկտար հողատարածք է գնվել։ Սակայն շինարարության նախնական աշխատանքները հնարավոր չէր սկսել առանց անհրաժեշտ թույլտվությունների։

Հուլիսի 18-ին՝ հինգշաբթի, Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքը կրկին ուրախանալու առիթ ունեցավ, երբ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը հայտարարեց. «Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 17-ին՝ չորեքշաբթի երեկոյան, Ուորվիքի քաղաքաշինության խորհուրդը միաձայն հավանություն տվեց Վկաների նոր գլխավոր վարչության նախագծին։ Դա վերջին հավանությունն էր, որ անհրաժեշտ էր շինարարության թույլտվությունը ստանալու և աշխատանքները սկսելու համար։ Այս փաստաթուղթը տրվեց ուղիղ չորս տարի անց այն օրից, երբ Եհովայի վկաները ձեռք բերեցին Ուորվիքի տարածքը։ Այս ամենը վկայում են, որ Եհովան օրհնում է մեզ»։ Եղբայր Սանդերսոնը բոլորին շնորհակալություն հայտնեց նախագծի հետ կապված իրենց ջանադիր աշխատանքի և ջերմեռանդ աղոթքների համար։ «Գլխավոր վարչությունը Ուորվիք տեղափոխելու ծրագրում այս հաջողության համար մենք երախտապարտ են Եհովային և փառքը ուղղում ենք նրան»,— ասաց եղբայրը։

Հուլիսի 26-ին՝ ուրբաթ օրը, եղբայր Մորիսը Թաքսիդոյում հանդիպում ունեցավ տարածաշրջանային շինարարական կոմիտեի և Բեթելից մոտ 1000 կամավոր շինարարների հետ։ Այս վայրը հեռու չէ Ուորվիքից և օգտագործվում է շինարարական աշխատանքների կազմակերպման համար։  Հոգևոր քաջալերական ելույթ ներկայացնելուց հետո եղբայր Մորիսը ասաց, որ կարևոր հայտարարություն ունի։ «Իմ ձեռքում կա մի թուղթ,— ասաց նա,— որը քիչ առաջ եմ ստացել։ Ուզում եմ դուք էլ իմանաք, թե ինչ է դա։ Թղթի վերևում գրված է «Շինարարության թույլտվություն»»։ Թնդացին ուժգին ծափահարություններ՝ ընդհատելով եղբոր խոսքը։ Ներկաները ուրախությունից ցնծում էին։ Եղբայր Մորիսը որոշ հատվածներ կարդաց ընդամենը երեք ժամ առաջ ստացված այդ փաստաթղթից, որը Ուորվիքի քաղաքապետարանի տված առաջին թույլտվությունն էր։

Ի՞նչ է տեղի ունենում Ուոլքիլում, Ուորվիքում և Թաքսիդոյում

Սկսած 2009թ. օգոստոսից, երբ ընթացք տրվեց Ուոլքիլում գտնվող համալիրի ընդլայնման նախագծին՝ մոտ 2800 եղբայրներ և քույրեր են ծառայել որպես ժամանակավոր կամավորներ։ Նախագծի համաձայն՝ կառուցվում է նոր բնակելի շենք, ավտոկայանատեղ և գրասենյակային շենք։ Վերանորոգվում է բնակելի շենքերից մեկը, որոշ փոփոխություններ են արվում տպարանում, լվացքատանը, սրահում, տեխնիկական վերահսկողության մասնաշենքում և ընդունարանում։ Ուոլքիլում շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2015թ. վերջը։

Ուորվիքում աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Նախքան բուն շինարարությունը սկսելը առաջին մի քանի ամիսների ընթացքում տարածքը մաքրվեց, պատրաստվեց, և իրականացվեցին ստորգետնյա աշխատանքները։ 2013-ի վերջին սկսեցին կառուցվել առաջին երեք շինությունները՝ ավտոսպասարկման արհեստանոցը, ավտոկայանատեղը և տեխսպասարկման շենքը, որոնք խիստ անհրաժեշտ են տեխնիկան և սարքավորումները շինարարության ընթացքում և դրանից հետո սարքին վիճակում պահելու համար։ Իսկ մյուս՝ գրասենյակային և բնակելի շենքերի շինարարությունը նախատեսված է սկսել 2014-ին։

 Թաքսիդոյում գտնվող տարածքը (Ուորվիքից մոտ 10 կիլոմետր հյուսիս գտնվող 20 հեկտար հողատարածքը) «ծառայում է որպես գլխավոր վարչության շինարարության համար օժանդակ գոտի, որտեղ պատրաստվել են կացարաններ շինարարների համար, որտեղ նրանք նաև սնվում են,— ասում է նախագծի կոմիտեի անդամ Քենեթ Չերնիշը։— Այստեղ ենք պահում մեխանիզմներն ու շինանյութը»։ Թաքսիդոյում շինարարությունն արագ վերջացնելու համար Միացյալ Նահանգների արևելյան շրջանի շինարարական կոմիտեներից եղբայրներ են ընդգրկվել որոշ աշխատանքներ իրականացնելու համար։

Բազմաթիվ կամավորներ, ովքեր տարբեր վայրերում համագործակցում են տարածաշրջանային շինարարական կոմիտեների հետ, անհամբերությամբ սպասում են, թե երբ հնարավորություն կունենան մասնակցելու այս աշխատանքներին։ Շատ հմուտ եղբայրներ և քույրեր արդեն իսկ որպես կամավոր ծառայում են այստեղ։ Լեսլի Բլոնդուն, ով ամուսնու՝ Պիտերի հետ ջրմուղ-կոյուղու բաժնում է աշխատում, ասում է. «Միասին աշխատելը մեզ ավելի է մտերմացրել։ Այստեղից մենք հաճելի հուշեր կտանենք մեզ հետ, որոնք երկար ժամանակ կջերմացնեն մեր սիրտը»։

«Ես հիմա աշխատում եմ Թաքսիդոյում՝ էլեկտրիկների խմբում,— ասում է Մելըրի Ռաշմորը,— Ամեն օր ոգևորվում եմ՝ տեսնելով, թե ինչպես են բոլոր կամավորները աշխատում համախմբված, մի մարդու պես»։

«Սա յուրահատուկ առանձնաշնորհում է,— ասում է Քուինզի Դոտսոնը։— Այս ծառայությանը մասնակցելով՝ այնքա՜ն շատ բան եմ ստանում։ Բայց սկզբում մտածում էի, թե միայն տալու եմ իմ ողջ ուժերը»։

«Անչափ ոգևորիչ է մասնակցել այս ծրագրին,— ասում է եղբայր Չերնիշը։— Եղբայրներն ու քույրերը աշխատանքը շատ որակով ու արագ են կատարում և միևնույն ժամանակ մեծ բավականություն են ստանում»։