Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրավաբանական հաշվետվություն

Իրավաբանական հաշվետվություն

Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված» (Եբր. 13։3)։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք հիշում ենք մեր հավատարիմ քույրերին ու եղբայրներին և աղոթում ենք «բոլոր բարձր դիրք ունեցողների համար, որպեսզի շարունակենք հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ» (1 Տիմոթ. 2։1, 2; Եփես. 6։18

Ներկայացնում ենք որոշ իրավաբանական խնդիրներ, որոնց բախվել են Եհովայի վկաները անցած տարվա ընթացքում։

Ռուսաստանում մեր եղբայրները «առանց դադարի շարունակում են սովորեցնել ու.... բարի լուրը հռչակել»՝ չնայած ռուսական ուղղափառ եկեղեցու և որոշ պաշտոնյաների  շարունակական ջանքերին՝ ուղղված մեր գործունեության դեմ (Գործ. 5։42)։ Ռուսաստանի իշխանությունը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի համար ոչ հստակ սահմանված օրենքը կիրառել մեր գրականության և եղբայրների դեմ։ Արդյունքում ռուսական ատյանները մեր հրատարակություններից մոտ 70-ը համարել են «ծայրահեղական» և ընդգրկել են արգելված գրականության ցուցակում։ Դրանով իսկ տպավորություն է ստեղծվում, թե մենք վտանգավոր ենք։ Այդ պատճառով որոշ քաղաքներում տեղական իշխանությունների ներկայացուցիչները ներխուժել են Թագավորության սրահներ և մեր եղբայրներից ոմանց տները՝ հետախուզելու և այդ հրատարակությունները առգրավելու համար։ Քարոզչական ծառայության ժամանակ ոստիկանները շատ Վկաների կալանավորել են, լուսանկարել, մատնահետքեր են վերցրել և, եղբայրներին ոստիկանությունում երկար պահելով, փորձել են վախեցնել։

 2013-ի մայիսի սկզբին 16 եղբայրներ և քույրեր Տագանրոգ քաղաքում դատարանի առաջ են կանգնել քրիստոնեական հանդիպումներ կազմակերպելու, դրանց մասնակցելու և քարոզելու համար։ Սա առաջին անգամ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Վկաները քրեական պատասխանատվության են ենթարկվում իրենց հավատի համար։ Ռուսաստանի այլ քաղաքներում նույնպես իշխանությունները փորձում են դատարանների միջոցով մեր գրականությունը «ծայրահեղական» համարել և դատել մեր եղբայրներին որպես հանցագործների կրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով։

Էրիթրեայում մեր եղբայրների և քույրերի վիճակը չի փոխվել։ 2013թ. հուլիսի դրությամբ 52 հոգի գտնվում էր բանտում, որոնցից 8 եղբայրները 70-ն անց են։ Նրանց մեջ կան նաև 6 քույրեր։ Երեք եղբայրներ՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը, 1994-ի սեպտեմբերի 24-ից բանտարկված են զինծառայությունից հրաժարվելու համար։

Ազատազրկվածների կեսից ավելին Մայտեր բանտում են, որը գտնվում է մայրաքաղաքի՝ Ասմարայի հյուսիսային մասում՝ անապատում։ 2011-ի հոկտեմբերից մինչև 2012-ի օգոստոսը իշխանությունները որպես պատիժ մեր եղբայրներից 25-ին պահեցին մետաղե տնակում, որը կիսով չափ գետնի տակ էր։ Ամռան ամիսներին բանտապահները նրանց թույլ էին տալիս օրվա ընթացքում դուրս գալ, որ ներսում շոգից չխաշվեին։ Սակայն եղբայրներին շատ քիչ ուտելիք և ջուր էին տալիս, այդ պատճառով նրանց առողջությունը գնալով վատանում էր։ Ցավոք, 2012-ի օգոստոսին այդ դաժան պայմանների պատճառով մեր եղբայր Յոհանես Հայլին 68 տարեկանում մահացավ, ինչպես որ եղբայր Միսգինա Գեբրեթինսաեն էր մահացել 2011-ին։