Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Աֆրիկա

Աֆրիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 58

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 979685702

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1363384

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 3265314

«Ես պատրաստ եմ դուրս գալ Մեծ Բաբելոնից»

Թոմսոն անունով մի երիտասարդ, որն ապրում է Ուգանդայում, բարկանում էր, որ իր եկեղեցու սպասավորները անընդհատ փող էին հավաքում։ Ուստի հիասթափվեց և այլևս չմասնակցեց նրանց կրոնական ոչ մի արարողության։ Սակայն նա շարունակում էր ամեն օր կարդալ Աստվածաշունչը, շատ էր ուզում հասկանալ «Հայտնություն» գիրքը, և կարդալիս միշտ նշումներ էր  անում տետրում։ Մի անգամ, երբ մի Եհովայի վկա մոտեցավ նրան աշխատանքի վայրում՝ փոքր շինհրապարակում, նա Աստվածաշունչ էր կարդում։ Հետաքրքիր զրույց ստացվեց, և նա վերցրեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Մի գիշերվա մեջ Թոմսոնը ծայրից ծայր կարդաց այն։ Հաջորդ օրը մեր եղբայրը նրանից հաղորդագրություն ստացավ, որտեղ ասվում էր. «Շնորհակալ եմ Տիրոջը այն տեղեկության համար, որ տվիր ինձ։ Ես պատրաստ եմ դուրս գալ Մեծ Բաբելոնից»։ Թոմսոնը խնդրեց, որ եղբայրը իրեն տրամադրի այն հրատարակությունները, որոնց մասին նշված է գրքի ծանոթագրություններում և հավելվածներում։ Նա խանդավառությամբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, արագ առաջադիմեց և 2012թ.-ին՝ «Պահպանի՛ր քո սիրտը» մարզային համաժողովին, մկրտվեց։ 2013թ. մարտից Թոմսոնը ծառայում է որպես լիաժամ ռահվիրա։ Այժմ ինքն է օգնում ուրիշներին հասկանալու, որ հարկավոր է դուրս գալ Մեծ Բաբելոնից։

Նրա հետ ութ եղբայր է ուսումնասիրել

Ջիմին մեծացել է Մավրիկիոսի մայրաքաղաքում՝ Պորտ Լուիում։ Տասնվեց տարեկանից նա սկսեց խմել և շուտով դարձավ հարբեցող։ Նա հարբում էր ամեն օր։ Ալկոհոլի ազդեցության տակ հաճախ էր կորցնում ինքնատիրապետումը և հայտնվում բանտում։ Լինում էր՝ մի օրում խմում էր երեք շիշ ռոմ և ծխում էր երեք տուփ ծխախոտ։ Երբ փող չէր ունենում, իր ծարավը հագեցնում էր պատուհան մաքրելու սպիրտ և նույնիսկ մոր օդեկոլոնը խմելով։ Երբ նրան ասացին, որ ասես քայլող դիակ լինի, որոշեց գնալ թմրաբանական դեսպանսեր՝ բուժվելու և տարի ու կես այնտեղ մնաց։ Բայց, ավաղ, դա նրան չօգնեց։

Ռոդրիգես։ Ջիմին փոխեց իր կյանքը

Մի օր Ջիմին հանդիպեց Եհովայի վկաներին և համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Պատահում էր, որ ուսումնասիրության ընթացքում դուրս էր գալիս կոկորդը թրջելու։ Ի վերջո Ջիմին գիտակցեց, որ պետք է փոխի  իր կյանքը։ Նա ասաց. «Ասես Եբրայեցիներ 4։12-ում նկարագրված սրի պես մի բան անցավ սրտիս միջով։ Մի օր Աստվածաշունչ կարդալիս ուշադրությունս գրավեց Առակներ 24։16 համարը. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա»։ Այդ օրը շրջադարձային եղավ իմ կյանքում»։ Մինչ այդ Ջիմիի հետ յոթ տարբեր եղբայրներ էին ուսումնասիրել, սակայն «յոթ անգամ ընկնելուց» հետո Ջիմին վճռեց ութերորդ եղբոր օգնությամբ «վերկենալ» ու փոխել իր կյանքը։ Նա սկսեց Եհովայից ուժ խնդրել, հաճախել ժողովի հանդիպումներին և ժամանակի ընթացքում ազատվեց վատ սովորություններից։ 2003-ին Ջիմին մկրտվեց, իսկ 2012-ին սկսեց ծառայել ռահվիրա։ Այժմ նա Ռոդրիգես կղզու ժողովում ծառայող օգնական է։

Նրա նոր ընկերները

Յոթանասուն տարեկան Մարին, որն ապրում է Քենիայում, իր ողջ կյանքի ընթացքում պրեսբիտերական եկեղեցու անդամ է եղել։ Նա աջակցում էր եկեղեցուն նվիրաբերություններ հավաքելու հարցում։ Նույնիսկ օգնել է, որ կառուցվի իրենց տեղանքում եղող եկեղեցիներից մեկը։ Երբ նրա որդիներից մեկը Եհովայի վկա դարձավ, մեղմ ասած, դա նրան դուր չեկավ։ Որդին մորը հրավիրում էր ժողովի հանդիպումներին, սակայն նա հրաժարվում էր՝ պատճառաբանելով, թե ուզում է Աստծու Խոսքը ոչ թե սվահիլի, այլ իր մայրենի՝ կիկույու լեզվով լսի։ Վերջապես, Մարին համաձայնվեց գնալ մարզային համաժողով, որը կիկույու լեզվով էր անցկացվելու։ Այնտեղ նստեց տարեցների համար հատկացված սեկտորում։ Նրան շատ տպավորեց այն բարի և սիրալիր վերաբերմունքը, որ ցույց տվեցին իր հանդեպ։ Տարեց կինն ասաց, որ իր եկեղեցում երբեք նման սեր չի տեսել։ Նա ուշադիր լսում էր բոլոր ելույթները։  Այն ամենը, ինչ լսեց համաժողովի ծրագրին, նրան շատ դուր եկավ, և երբ առաջարկեցին Աստվածաշունչ ուսումնասիրել «Լսիր Աստծուն» գրքույկի միջոցով, Մարին առանց վարանելու համաձայնվեց։

Մի քանի ամիս անց Մարին որոշեց Եհովայի վկա դառնալ և հրաժարվեց եկեղեցու անդամակցությունից։ Եկեղեցու առաջնորդները զայրացել էին։ Նրանք մայրաքաղաքից՝ Նայրոբիից, կանչեցին իրենց հովվին, որ խոսի Մարիի հետ։ Չնայած հովվի ջանքերին՝ Մարին իր որոշման մեջ հաստատուն մնաց։ «Եթե թողնես եկեղեցին, ո՞վ ընկերություն կանի քո հետ,— հարցրեց հովիվը։— Չէ՞ որ քո բոլոր ընկերներն ու հարևանները մեր եկեղեցու անդամներն են»։

— Եհովան ու հրեշտակները,— պատասխանեց Մարին,— ու բոլոր Եհովայի վկաները կլինեն իմ ընկերները։

Տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, հովիվը հեռացավ։ Մարին շարունակում է Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել հանդիպումներին, թեև ժողովի վայրը շատ հեռու է իրենց տնից։ Վերջերս նա երկու ժամ անձրևի տակ քայլելով էր գնացել ժողով, քանի որ ինչ-որ պատճառով չէր կարողացել հասարակական տրանսպորտից օգտվել։  Չնայած հարևանների ճնշումներին՝ Մարին վճռական քայլեր է անում, որ հասնի իր նպատակին՝ մկրտվի։

Լիբերիա։ Հիշատակի երեկոյի համար աթոռներ են բերում։ 2013-ին Երեկոյին ներկա եղավ 81762 հոգի, թեև քարոզիչների թիվը 6148 էր

Հովիվն էր, որ հրեց նրան

Աշտոն անունով 14-ամյա մի աղջիկ ապրում է Կամերունում։ Երբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, իր հորեղբայրն ու նրա կինը, որոնց հետ ապրում է, խիստ հակառակվեցին։ Նրանք ստիպում էին, որ աղջիկը իրենց հետ հաճախի հիսունականների եկեղեցում անցկացվող հավաքույթներին։ Դրանցից մեկի ժամանակ նրանց հովիվը ձեռքերը դրեց ներկաների գլուխներին, որ նրանք «սուրբ ոգի» ստանան։ Ստացողներն ընկնում էին գետնին։ Սակայն Աշտոնը չընկավ։ Հովիվը սկսեց ջերմեռանդորեն աղոթել, բայց Աշտոնը այդպես էլ չէր ընկնում։ Ուստի հովիվը աննկատ ոտքով հրեց, ու աղջիկն ընկավ։ Տանը Աշտոնը հորեղբորն ու նրա կնոջը ասաց, որ իրականում հովիվն է իրեն հրել, բայց նրանք չհավատացին։ Դրանից հետո նա որոշեց, որ ինչ էլ լինի, այդ եկեղեցի այլևս ոտք չի դնի։ Այսօր, թեպետ ընտանիքի անդամները և հարևանները հալածում են և ճնշում նրան, Աշտոնը շարունակում է գնալ Թագավորության սրահ։

Հրավեր մանկիկից

Անիլպան շատ փոքր էր՝ մեկ տարի հինգ ամսական, բայց մայրիկի հետ ոգևորությամբ մասնակցում էր Անգոլայում անցկացվող մարզային համաժողովի հրավիրատոմսերը բաժանելու քարոզարշավին։ Անիլպայի «պատասխանատվությունը» դուռ թակելն էր և մոր կարճ մատուցումից հետո հրավիրատոմս տալը։ Սակայն երբեմն ոգևորված փոքրիկը հրավիրատոմսը տալուց հետո չէր սպասում, որ մայրիկը ավարտի իր խոսքը, և գնում էր հաջորդ դռան  մոտ։ Նա լավ տպավորություն էր թողել տարածքի մարդկանց վրա։ Մարզային համաժողովի վերջին օրը մի կին մոտեցավ փոքրիկ Անիլպային ու ասաց. «Ես էլ քեզ եմ փնտրում։ Ինչ լավ է, որ գտա։ Չէ՞ որ հենց դու ես ինձ հրավիրել այստեղ»։

Հոգնել էին ճնշված լինելուց

2012-ի օգոստոսին Մադագասկարում Անտավայրանամբո ժողովի քարոզիչները հանդիպեցին մի խումբ մարդկանց, ովքեր ցանկանում էին դառնալ Եհովայի վկաներ։ Նրանք հիասթափված էին իրենց եկեղեցուց, քանի որ առաջնորդները ասում էին մի բան, բայց անում էին լրիվ ուրիշ բան։ Այդ մարդիկ ասացին, որ իրենց եկեղեցում Աստվածաշունչը սովորեցնելու որևէ ծրագիր կամ իրենց հավատալիքները բացատրող որևէ հրատարակություն չկա, եկեղեցու անդամավճարը շատ բարձր է, չկա իսկական եղբայրություն և քրիստոնեական սեր։ Ասացին նաև, որ գիտեն՝ Եհովայի վկաները նման խնդիրներ չունեն։

Հետագայում այդ մարդիկ Եհովայի վկաների մասնաճյուղ նամակ ուղարկեցին, որտեղ ասվում էր. «Այս  նամակով ուզում ենք հայտնել ձեզ, որ մենք ցանկանում ենք ծառայել Եհովային։ Սակայն ապրում ենք հանդիպումների անցկացման վայրից շատ հեռու։ Աղաչում ենք ձեզ, ուղարկեք մեկին, որ օգնի մեզ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Մենք չենք կարողանա ողջ սրտով ծառայել Եհովային, եթե Աստծու հանդեպ մեր սերը զորացնելու համար մեզ չօգնեք։ Մենք ընդհանուր հաշվով 215 հոգի ենք առնվազն երեք տարբեր գյուղերից, որտեղ հասնելու համար 9–15 ժամ պետք է քայլել։ Բոլորս տարբեր կրոններից ենք, բայց ուզում ենք ամբողջ սրտով ծառայել և հնազանդվել Եհովային։ Վստահ ենք, որ դուք մեզ չեք մերժի»։

Եղբայրները գնացին հանդիպելու այդ մարդկանց։ Առաջին գյուղ հասնելու համար 9 ժամ քայլեցին։ Այնտեղ ժողով անցկացրին, որին ներկա եղավ 65 հոգի։ Լուրն իսկույն տարածվեց, և կողքի գյուղերից մարդիկ նույնպես ցանկացան, որ իրենց էլ այցելեն ու Աստվածաշունչ սովորեցնեն։ Ուստի եղբայրները ևս 4 ժամ ճանապարհ անցան և երկրորդ գյուղում էլ հանդիպում անցկացրին, որին ներկա եղավ ավելի քան 80 հոգի։ Այստեղ էլ մարդիկ կային, որ խնդրեցին իրենց գյուղ էլ գնալ, որտեղ հասնելու համար 2 ժամ էլ պետք է քայլեին։ Եղբայրները պատրաստակամորեն համաձայնեցին և այնտեղ նույնպես հանդիպում անցկացրին։ Ներկա էր 50-ից ավել մարդ։

Երկու անգամ այդ գյուղերից ավելի քան 30 հոգի եկավ մասնակցելու Մահանուրուում կազմակերպված համաժողովներին։ Այստեղ հասնելու համար նրանք օր ու կես ճանապարհ էին եկել։ 25 հոգի ներկա եղավ նաև շրջանային վերակացուի այցելությանը։ Նրանց մեջ կային ամուսնական զույգեր, ընտանիքներ և տարեցներ։ Բոլորը մնացին մի տան մեջ։ Մինչև ուշ գիշեր պատմում էին իրենց տպավորություններից և հարցեր էին տալիս։ Նրանք ասում էին, որ դեռ շատերը կմիանան Եհովայի վկաներին, քանի որ մարդիկ հոգնել են իրենց կրոնական առաջնորդների ճնշումներից։