Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

2014 Եհովայի վկաների տարեգիրք

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամերիկա

Ամերիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 57

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 970234987

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 3943337

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 4341698

Հրավիրեցին մնալ իրենց տանը

Լաս Վեգասում (Նևադա) բնակվող մի ամուսնական զույգ ցանկանում էր մի հանգիստ վայրում ապրել, ուստի վաճառեցին իրենց տունը, որպեսզի տեղափոխվեն Դոմինիկյան Հանրապետություն։ Սակայն այնպես ստացվեց, որ իրենց տունը պետք է ազատեին մեկնելուց տասը օր առաջ։ Նրանց հարևանները, ովքեր Եհովայի վկաներ էին, առաջարկեցին մնալ իրենց տանը։ Այդ օրերին զույգը ներկա եղավ Թագավորության սրահում անցկացվող  հանդիպումներից մեկին, որի ժամանակ լսեցին 1914 թվականի մասին։ Դա անչափ հետաքրքրեց ու զարմացրեց զույգին. նրանք իմացան, որ այդ թվականը մարդկության պատմության մեջ նշանակալից տարի է։ Երբ արդեն Դոմինիկյան Հանրապետությունում էին, հենց առաջին Վկաներին, որ հանդիպեցին, խնդրեցին իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ընդամենը 1 տարի և 2 ամիս հետո նրանք երկուսն էլ նվիրվեցին Եհովային և մկրտվեցին։

Հենց այն էր, ինչ պետք էր աղջկան

Պանամայում գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ եղբայրները գրականության տաղավար դրեցին։ Մի անգամ երկու դպրոցական աղջիկներ մոտեցան տաղավարին։ Նրանցից մեկը այնտեղ կանգնած քրոջն ասաց, որ իր հայրը թմրամոլ է, և ինքը չգիտի՝ ինչ անի։ Քույրն առաջարկեց նրան կարդալ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 23-րդ գլուխը՝ «Ի՞նչ անեմ, եթե ծնողս հարբեցող է կամ թմրամոլ» (2-րդ հատոր)։ Աղջիկը ուրախ բացականչեց. «Սա հենց այն է, ինչ պետք է ինձ»։ Հետո աղջիկները, գրկախառնվելով քրոջը, հրաժեշտ տվին։ Մեկ ժամ անց նրանք վերադարձան կրկին շնորհակալություն հայտնելու։ Ցուցահանդես-տոնավաճառի 5 օրերի ընթացքում մեր եղբայրները բաժանեցին 1046 գիրք, 1116 ամսագիր և 449 գրքույկ։ Իսկ 56 հոգի թողեց իր հասցեն, որպեսզի Եհովայի վկաները այցելեն իրենց։

«Ոնց որ իսկական Վկա լինի»

Ֆրեդին ապրում է Կոստա Ռիկայի լեռնային շրջանում, նրա մայրենի լեզուն կաբեկարն է։ Չորս տարի առաջ, երբ աշխատում էր Սան Խոսեում՝ մայրաքաղաքում, մի Վկա  նրան տվեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը։ Նա ասաց Ֆրեդիին, որ գնա ու քարոզի իր ժողովրդին։ Ուստի նա վերադարձավ, ինքնուրույն ուսումնասիրեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, փոփոխություններ արեց կյանքում և օրինականացրեց ամուսնությունը։ Հետո սկսեց ճշմարտությունը սովորեցնել մարդկանց։

Ֆրեդին Աստվածաշունչ ուսումնասիրողների վեց դասարան կազմեց։ Նա աստվածաշնչյան գիտելիքների քննության արդյունքների հիման վրա նրանց փոխադրում էր հաջորդ դասարան։ Նաև կազմակերպում էր հանդիպումներ և նույնիսկ Հիշատակի երեկո էր անցկացնում, որին հրավիրում էր իր պատրաստած հրավիրատոմսերով։ Այնտեղ ասվում էր. «Եհովայի վկաները հրավիրում են ձեզ միասին նշելու Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն»։ Նա չորս տարի շարունակ առանց Եհովայի վկաների հետ կապ ունենալու կազմակերպում էր այս ամենը։ Բայց միևնույն ժամանակ միշտ աղոթում էր Եհովային, որ Վկաներ ուղարկի իրեն օգնելու։

Ֆրեդիի աղոթքները անպատասխան չմնացին։ Վկաների մի խումբ, դժվար ճանապարհ անցնելով, եկավ այդտեղ քարոզելու։ Նրանք ապշեցին՝ տեսնելով, թե ինչ է արել Ֆրեդին մեն-մենակ։ Նրանք տեղեկացրին. «Թեև Ֆրեդին մկրտված չէ, բայց ոնց որ իսկական Վկա լինի»։ Ընդամենը երեք ամիս անց նա դարձավ չմկրտված քարոզիչ։ Մկրտվելու համար Ֆրեդին իր հեռավոր բնակավայրից եկավ և առաջին անգամ ներկա եղավ համաժողովի։ Նրա հետ եկան նաև իր 19 ուսուցումները։ Այսօր նա կազմել է կաբեկար լեզվով խոսողների ևս երեք խմբեր ավելի հեռավոր և մեկուսի տարածքներում։

Կոստա Ռիկա։ Ֆրեդին ծառայում է որպես լիաժամ ռահվիրա և հաճախ երկար ճանապարհ է անցնում, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնի

Նա պաշտպանեց իր հավատը դպրոցում

Աննան, ով Միացյալ Նահանգներում ավագ դպրոցի աշակերտուհի է, մի օր հասակակիցների կողմից լուրջ ճնշման ենթարկվեց իր համոզմունքների համար։ Նրանք վրդովվել էին,  որ Աննան չի հավատում Երրորդությանը։ Աղջիկը պատմում է. «Նրանք միասին իմ դեմ դուրս եկան, բայց ես վեճի մեջ չմտա, քանի որ չէի ուզում, որ մարդիկ վատ կարծիք կազմեն Եհովայի վկաների մասին»։ Այդ գիշեր նա Եհովայից համարձակություն խնդրեց և մանրակրկիտ փնտրտուքներ արեց Երրորդության վերաբերյալ։ Հաջորդ օրը Աստվածաշունչը իր հետ դպրոց տարավ։ Դասարանցիները անմիջապես շրջապատեցին նրան, և շատերը սկսեցին ծաղրել։ Բայց նա համարձակորեն մի քանի աստվածաշնչյան համարներ կարդաց և մղեց նրանց տրամաբանելու։ Նրա հետ վիճողներն այլևս ոչինչ չկարողացան ասել։ Իսկ ամենաշատ հակառակվողը, որը դասարանի ավագն էր, ասաց, որ հիմա արդեն հարգում է Եհովայի վկաներին։ Ամբողջ տարվա ընթացքում նա հավատի վերաբերյալ տարբեր հարցեր էր տալիս Աննային։

Կոշիկը նրան ճիշտ ճանապարհով տարավ

Բարբադոսում ապրող մի երիտասարդ կին կիրակի առավոտյան գնում էր եկեղեցի, երբ հանկարծ նրա կոշիկի  ճարմանդը կոտրվեց։ Նա թակեց մոտակա տան դուռը և քորոց խնդրեց, որպեսզի սարքի կոշիկը։ Այդ տանը ապրում էին մեր քույրն ու նրա աղջիկը։ Մինչ կինը սարքում էր կոշիկը, քույրը սկսեց խոսել նրա հետ, թե ինչպես են աստվածաշնչյան որոշ մարգարեություններ կատարվում մեր օրերում։ Իսկ նրա աղջիկը հրավիրեց իրենց հետ գնալ ժողովի հանդիպման։ Տեսնելով, որ արդեն ուշացել է պատարագից՝ կինը որոշեց ընդունել հրավերը։ Ժողովի ընթացքում նա բացում էր իր Աստվածաշունչը և կարդում մեջբերված բոլոր համարները։ Ծրագիրը նրան շատ տպավորեց։ Նա ասաց, որ իր եկեղեցում աղմուկը արդեն հոգնեցրել է իրեն, և որ միշտ ցանկացել է Աստվածաշունչ ուսումնասիրել հանգիստ միջավայրում։ Նա վերցրեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և ընդունեց Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկը։ Այժմ նա հաճախում է ժողովի բոլոր հանդիպումներին և հաճույքով մասնակցում է քննարկումներին։

Միայն մեկը կարող է ինձ արգելել, որ քարոզեմ

Գայանայից մի պատանի եղբայր պատմում է. «Ես սիրում եմ դպրոցում դասարանցիներիս հետ խոսել Աստվածաշնչից, բայց մի տղա կա, ում դա դուր չի գալիս։ Մի օր նա ինձ պատին դեմ տվեց ու ասաց. «Էլ չտեսնեմ, որ քարոզես»։ Նրան ասացի, որ միայն Եհովան կարող է արգելել ինձ։ Քանի որ շարունակեցի քարոզել, այդ տղան պատռեց իմ ուսապարկը, հետո խփեց դեմքիս, և շրթունքս ճղվեց։ Երկուսիս էլ կանչեցին ուսուցչանոց։ Ուսմասվարը հարցրեց, թե ինչ եմ արել, որ այդ տղան հարվածել է ինձ։ Պատասխանեցի, որ ես բարի լուրն էի քարոզում, դրա համար էլ նա ինձ խփեց։ Ուսմասվարը բարկացավ նրա վրա ու ինձ հարցրեց, թե ինչու ես նրան նույն կերպ չեմ պատասխանել։ Բացատրեցի, որ Աստվածաշնչից՝ Հռոմեացիներ 12։17-ից սովորել եմ, որ քրիստոնյան չարին չարով չպետք է հատուցի։ Դա լսելով՝ ուսմասվարը թույլ տվեց՝ գնամ, և ասաց, որ մյուսի հարցերը ինքը կլուծի»։

Կատամարկա, Արգենտինա