Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

Հարյուր տարի առաջ 1915

Հարյուր տարի առաջ 1915

 «ՀԻՄԱ փորձվելու ժամանակն է,— ասվում էր «Դիտարանի» 1915թ. մարտի 1-ի համարում։— Արդյո՞ք նախկինում ակտիվ էինք, որովհետև հույս ունեինք, որ մեր փառահեղ փոխակերպումը տեղի կունենա 1914-ին, թե՞ ակտիվ էինք ՏԻՐՈՋ, Նրա Պատգամի և եղբայրության հանդեպ ունեցած սիրուց ու հավատարմությունից մղված»։ 1915թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք պայքարում էին հուսահատության զգացումի դեմ։ Սակայն այդ ընթացքում աշխարհի մեծ մասում այլ պայքար էր գնում։

Մեծ պատերազմը, որը հետագայում կոչվեց Առաջին համաշխարհային պատերազմ, ընդգրկել էր ողջ Եվրոպան։ Ռազմական տեխնիկայի զարգացումը փոխեց պատերազմի բնույթը. խաղաղ բնակչությանը հասցված վնասը աննախադեպ չափերի էր հասնում։ Օրինակ՝ 1915-ին գերմանական սուզանավերը սկսեցին շրջել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրերում։ Մայիսի 7-ին այդ սուզանավերից մեկը խորտակեց բրիտանական «Լուզիտանիա» ուղևորանավը, և ավելի քան 1100 մարդ զոհվեց։

Չեզոքության հարցը

Աստվածաշունչ ուսումնասիրողները չէին ուզում մասնակցել այս պատերազմին։ Սակայն այն ժամանակ նրանք դեռևս լիովին չէին պատկերացնում քրիստոնեական բացարձակ չեզոք դիրքորոշումը։ Նրանք կամավոր չէին ընդգրկվում բանակում, սակայն երբ զորակոչվում էին, ձգտում էին անցնել ոչ շարային ծառայության։ Իսկ եթե ստիպում էին կատարել շարային ծառայություն, ոմանք մտածում էին, որ կարող են պարզապես այնպես կրակել, որ փամփուշտը չդիպչի թշնամուն, այլ նրա գլխավերևով անցնի։

1915թ. հուլիսի 15-ի «Դիտարանում» տպվեց հունգարացի զինվորի հետ պատահած մի դեպք, ով մկրտվել էր այն ժամանակ, երբ ապաքինվում էր պատերազմում ստացած վերքերից։ Հետո նա կրկին վերադարձել էր ռազմի դաշտ։ Հոդվածում ասվում էր, թե ինչ պատահեց այնտեղ. «Նրանք [հունգարացի զինվորները] այնքան մոտեցան ռուսական սահմանին, որ հակառակորդ զինվորներին ընդամենը 25 մետր էր բաժանում իրարից։ Լսվեց հրաման. «Գրո՛հ սվիններով»։ Հունգարացի եղբայրը  զորքի ձախ թևում էր։ Նա սկսեց միայն պաշտպանվել թշնամուց և ուզում էր վայր գցել իր դեմ կռվող ռուս զինվորի ձեռքի զենքը։ Հենց այդ պահին գլխի ընկավ, որ իր հակառակորդն էլ է փորձում նույնը անել... Ռուս զինվորը ցած գցեց իր զենքը. նա արտասվում էր։ Մեր եղբայրը ուշադիր նայեց իր «թշնամուն» և ճանաչեց նրա վերարկուի վրա ամրացված «խաչ ու պսակ» զարդասեղը։ Այդ ռուս զինվորը իր հոգևոր եղբայրն էր»։ *

«Քրիստոնյայի պարտականությունը և պատերազմը» հոդվածում, որը լույս էր տեսել 1915թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանում», շոշափվում էր քրիստոնեական չեզոքության թեման։ Այնտեղ ասվում էր. «Դառնալ զինվոր և կրել զինվորական համազգեստ, նշանակում է ստանձնել զինվորի պարտականություններն ու պարտավորությունները, ինչպես որ ընդունված կարգն է.... Մի՞թե դրանով քրիստոնյան չի կորցնի իր ինքնությունը»։ Ժամանակի ընթացքում ավելի հստակ դարձավ, որ քրիստոնյաները բացարձակապես ոչ մի առնչություն չպետք է ունենան պատերազմի հետ։

Փոփոխություններ գլխավոր վարչությունում

1915-ին Նյու Յորքի Բեթելի ընտանիքի 70 անդամներ տեղեկացան, որ ֆինանսների սղության պատճառով նրանք պետք է թողնեն Բեթելը և շարունակեն իրենց ծառայությունը դաշտում։ Նրանց ասվեց. «Մենք չպետք է պարտք անենք ու դրանով ընդհանուր առմամբ վտանգենք գործը. այս որոշմամբ կկրճատվեն ծախսերը»։

Քլեյթոն Վուդվորդը և երկու ուրիշ եղբայրներ միասին նամակ գրեցին «հեռացող յոթանասունի» կողմից։ Նրանց նամակը տպվեց 1915թ. մայիսի 1-ի «Դիտարանում»։ Հեռացողները նշում էին, որ գնում են «ուրախ ու շնորհակալ այն բազմաթիվ օրհնությունների և առանձնաշնորհումների համար [որ ունեցել են]՝ լինելով Բեթելի ընտանիքի անդամ»։

Նշանակման փոփոխությունը թեև հեշտ չէր ընդունել, սակայն  դա հնարավորություն տվեց, որ ակնհայտ դառնա, թե իրականում ինչին են եղբայրները նվիրված։ Արդյոք դրանից հետո նրանք հավատարիմ կմնայի՞ն Աստծուն, թե՞ դառնությամբ կլցվեին։ Եղբայր Վուդվորդը շարունակեց քարոզել դաշտում։ Որոշ ժամանակ անց նա նորից հրավիրվեց Բեթել և 1919-ին դարձավ «Ոսկե դար» ամսագրի (այսօր՝ «Արթնացե՛ք») առաջին խմբագիրը։ Նա ստանձնեց այդ առանձնաշնորհումը մինչև 1946 թվականը։

Ծառայության հնարավորություններ

Թեև դժվար տարի էր, բայց «Դիտարանը» պարբերաբար խրախուսում էր եղբայրներին շարունակել քարոզչությունը։ Սկսեց հատուկ ուշադրություն դարձվել այն մարդկանց, ովքեր նախկինում հետաքրքրություն էին ցույց տվել։ 1915թ. դեկտեմբերի 15-ի համարում ասվում էր. «Մենք ունենք երկրի տարբեր ծայրերում ապրող այն մարդկանց ցուցակը, ովքեր մեզ գրականության պատվերի քարտեր են ուղարկել։ Առաջարկում ենք այցելել նրանց.... ստուգելու՝ արդյոք նրանք չե՞ն շեղվել ուղուց»։ Նպատակը նրանց հետաքրքրությունը բորբոքելը և «Աստծու ու ճշմարտության հանդեպ նախանձախնդրությունը բոցավառելն» էր։

Այն ժամանակ, ինչպես և այսօր, քրիստոնյաների համար անչափ կարևոր էր Թագավորության շահերի վրա կենտրոնացած մնալ։ «Մենք, որ հիմա արթուն ենք, պետք է շատ ակտիվ և եռանդուն լինենք Աստծուն ծառայելու մեջ»,— ասվում էր 1915թ. փետրվարի 15-ի «Դիտարանում»։ Աստծու ծառաները պետք է արթուն մնային։ «Դիտարանը» շարունակում էր. «Մենք պետք է ուշադիր լինենք։ Իսկ ինչի՞ հանդեպ։ Նախևառաջ՝ ինքներս մեր հանդեպ, որպեսզի չընկնենք ներկայիս ծուղակների մեջ»։

1916թ. տարվա խոսքը հորդորում էր եղբայրներին ամուր մնալ հավատում՝ համաձայն Հռոմեացիներ 4։20-ի։ Այս սուրբգրային համարը զորության աղբյուր էր լինելու հավատարիմների համար հաջորդ տարվա ընթացքում, որն իր հետ նոր փորձություններ էր բերելու։

^ պարբ. 4 Տարիներ շարունակ Աստվածաշունչ ուսումնասիրողները կրել են «խաչ ու պսակ» զարդասեղը որպես իրենց բնորոշող կրծքանշան։ Այս խորհրդանշանը երկար տարիներ պատկերված է եղել «Դիտարանի» շապիկին։ 1930-ականների սկզբներին Եհովայի վկաները լիովին հրաժարվեցին «խաչ ու պսակ» խորհրդանշանից։