Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Օվկիանիա

Օվկիանիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 29

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 40 208 390

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 97 583

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 64 675

Գրականության փաթեթներ

Միկրոնեզիայի կղզիներից շատերը հազվադեպ են քարոզվում, ուստի Մարշալյան կղզիներում ապրող մի խումբ քարոզիչներ երկու շաբաթ տևողության ճանապարհորդություն ծրագրեցին։ Մաջուրոյից նրանք ուղևորվեցին դեպի Վոտյե և Օրմեդ կղզիներ։

Որպեսզի կարողանան հնարավորինս շատ մարդկանց վկայություն տալ, նախքան մեկնելը նրանք գրականության փաթեթներ պատրաստեցին։ Յուրաքանչյուր փաթեթում  դրեցին 4 ամսագիր և 2 գրքույկ։ Քանի որ քարոզիչները չգիտեին, թե հաջորդ անգամ երբ կգան այդ կղզիներ, հետաքրքրություն ցույց տվող մարդկանց տալիս էին այդ փաթեթներից և հորդորում, որ փոխանցեն նաև իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին։ Երկու շաբաթվա ընթացքում նրանք բաժանեցին 531 գրքույկ, 756 ամսագիր և 7 գիրք։

«Շնորհակալ ենք, որ մեր մասին չմոռացար»

2014-ի փետրվարին վեց Եհովայի վկաներ Պապուա Նոր Գվինեայից տասը օրով գնացին Կարկար հրաբխային կղզու գյուղերում քարոզելու։ Շատերը դրականորեն արձագանքեցին բարի լուրին, և նրանք բաժանեցին 1064 հրատարակություն։ Ռելվի անունով մի քույր պատմում է. «Առաջին օրվանից սկսեցին ջանադրաբար քարոզել։ Ցերեկվա ժամը երեքն էր, բայց մենք դեռ հանգիստ չէինք առել։ Մեր ջրի շշերը դատարկվել էին, և անդադար խոսելուց մեր բերանը հոգնել էր ու չորացել։ Մի աղջկա հետ էի խոսում, ուզում էի Աստվածաշնչից համար կարդալ, բայց չկարողացա, քանի որ չափազանց ծարավ էի։ Այդ ժամանակ նա ինձ ջուր առաջարկեց»։

Մեկնելու նախորդ գիշերը գյուղերից մեկում մեծ հանդիպում եղավ համայնքի անդամների և եկեղեցու առաջնորդների հետ։ Ռելվին ասում է. «Ես ասես Ստեփանոսը լինեի՝ Սինեդրիոնի առաջ կանգնած, բայց մի տարբերությամբ. մեզ լսողները բարյացակամ էին տրամադրված»։ Երբ բոլոր վեց Վկաները ավարտեցին իրենց խոսքը, լյութերական կիրակնօրյա դպրոցի տնօրենը ոտքի կանգնեց և շնորհակալություն հայտնեց իր մորաքրոջից, ով այցելած Վկաներից մեկն էր, որ ճշմարտությունը իրենց գյուղ էր բերել։ Նա ասաց. «Դու նման ես այն սամարացի կնոջը, ով գնաց ու իր  ընտանիքին պատմեց այն բոլոր լավ բաները, որ Հիսուսն ասել էր իրեն։ Շնորհակալ ենք, որ մեր մասին չմոռացար»։

Շատ փոքր չէ՞ քարոզելու համար

Կիրիբատի։ Տեարիկին և Տուետին քարոզելիս

Կիրիբատիի Տարավա կղզում մի առավոտ յոթ տարեկան Տեարիկին հոր հետ ծառայության էր դուրս եկել։ Նրանք մտան մի տուն, որտեղ հավաքված էին մոտ տասը երիտասարդ աղջիկներ ու տղաներ։ Երբ Տեարիկիի հայրը՝ Տուետին, նրանց հայտնեց Թագավորության մասին լուրը, նրանցից մեկը ասաց. «Նկատել եմ, որ դուք բոլորդ քարոզում եք ձեր երեխաների հետ։ Ինչո՞ւ եք ստիպում, որ նրանք ձեզ հետ գան։ Չե՞ք կարծում, որ շատ փոքր են քարոզելու համար»։

Տուետին պատասխանեց. «Եկեք տեսնենք՝ իմ որդին շատ փոքր է, թե չէ։ Ես կարող եմ դուրս գալ, իսկ նա ձեզ կասի այն, ինչի համար եկել ենք»։ Երիտասարդները միաբերան համաձայնվեցին. «Շատ լավ։ Թող ինքը մեզ քարոզի»։

Երբ հայրը դուրս եկավ, Տեարիկին հարցրեց բոլորին. «Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է Աստծու անունը»։

«Այո՛, Հիսուս է»,— ասաց նրանցից մեկը։ Մյուսն էլ, թե՝ «Աստված է», մի ուրիշը՝ «Տեր» է։

Տեարիկին ասաց. «Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Բացենք Եսայիա 42։5-ը և միասին կարդանք»։ Կարդալուց հետո տղան հարցրեց. «Ո՞ւմ մասին է խոսվում այս համարում»։

Երիտասարդներից մեկը պատասխանեց՝ «Աստծու»։ Տեարիկին ասաց. «Այո՛, ճշմարիտ Աստծու։ Եթե շարունակենք կարդալ, 8-րդ համարում կտեսնենք, թե ինչ է ասում մեզ ճշմարիտ Աստված. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը։ Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա»։ Տեսա՞ք, թե ինչ է Աստծու անունը»։

— Եհովա,— պատասխանեց խումբը։

Հիմա արդեն բոլորը համակ ուշադրությամբ լսում էին։  Տղան հարցրեց. «Իսկ գիտե՞ք՝ ինչու պետք է Աստծու անունը տանք։ Տեսնենք՝ ինչ է ասում Գործեր 2։21-ը. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։ Ուրեմն ինչո՞ւ պետք է տանք Աստծու անունը»։

Աղջիկներից մեկը պատասխանեց. «Որ փրկվենք»։

Այդ պահին Տեարիկիի հայրը ներս մտավ։ Նա նայեց բոլորին ու հարցրեց. «Հը՞, ի՞նչ կասեք։ Մեր երեխաները շա՞տ փոքր են քարոզելու համար։ Ճիշտ չե՞նք անում, որ նրանց մեզ հետ ենք վերցնում»։ Երիտասարդներն ընդունեցին, որ մեր երեխաները շատ խելացի են և կարող են մասնակցել քարոզչական գործին։ Այնուհետև Տուետին ավելացրեց. «Որդուս պես՝ դուք էլ կարող եք Աստվածաշնչից  ճշմարտությունը քարոզել, եթե սովորեք, թե ինչ է այնտեղ գրված»։

Բարի լուրը հասնում է մինչև լեռան գագաթը

2013թ. նոյեմբերին Ժան-Պիեռը, ով ծառայում է Վանուատուի Պորտ-Վիլայում գտնվող թարգմանչական գրասենյակում, մեկնեց իր հայրենի կղզի՝ մասնակցելու շրջանային համաժողովին։ Երբ դուրս եկավ ինքնաթիռից, մի խումբ մարդիկ, ովքեր ապրում էին կղզու հարավային մասում, մոտեցան նրան ու աստվածաշնչյան գրականություն խնդրեցին։ Նա բաժանեց իր հետ վերցրած գրեթե բոլոր ամսագրերը։ Հանկարծ մոտեցավ մի կրոնական առաջնորդ ու նույնպես գրականություն խնդրեց։ Նա սկսեց համոզել եղբորը, որ գա իր գյուղ. «Մենք հոգևորի ծարավ ենք։ Դու պետք է գաս ու պատասխանես մեր բոլոր հարցերին»։ Համաժողովից հետո՝ հաջորդ օրը վաղ առավոտյան, Ժան-Պիեռը զառիվեր ճանապարհով բարձրացավ սարի գագաթը, որտեղ գյուղն էր։ Նրան ջերմ ընդունեցին, որից հետո Ժան-Պիեռը «Կարո՞ղ են մահացածները նորից ապրել» թերթիկով վկայություն տվեց նրանց։ Նա իր ունկնդիրներին, որոնք մոտ 30 հոգի էին, քաջալերում էր բացել ու հետևել իրենց Աստվածաշնչերով։ Քննարկումը տևեց մոտ 7 ժամ։ Իրոք որ այդ մարդիկ հոգևորի ծարավ էին։ Մի 70-ամյա տղամարդ ասաց. «Այսքան ապրել եմ, բայց երբեք նման պարզ բացատրություն չեմ լսել մահացածների վիճակի մասին»։

Ժան-Պիեռը գիշերը մնաց գյուղում՝ քահանայի մոտ։ Առավոտյան, երբ արթնացավ, տեսավ, որ նա կարդում է մեր ամսագրերից մեկը։ Նրան հարցրեց, թե ինչի մասին է կարդում։ Հոգևորականը ոգևորված պատասխանեց՝ Աստծու Թագավորության, և ասաց, որ համաձայն է գրվածի հետ, որ Աստծու Թագավորությունը չէր կարող փարիսեցիների սրտում լինել, ուստիև չի կարող մեր սրտում լինել, ինչպես սովորեցրել էին իրեն (Ղուկ. 17։21)։ Պորտ-Վիլա  վերադառնալուց հետո էլ Ժան-Պիեռը շարունակեց կապ պահպանել գյուղացիների հետ հեռախոսի միջոցով։ Իսկ Հիշատակի երեկոյին մոտակա ժողովից երեք եղբայրներ պատրաստակամություն հայտնեցին գնալ և կազմակերպել միջոցառումը, որին ներկա եղավ 109 մարդ։

Վանուատու