Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Քարոզիչների մեծ կարիք

Քարոզիչների մեծ կարիք

Բարի լուրը հասնում է մինչև հեռուներ

Ժամանակի ընթացքում այլ միսիոներներ էլ եկան։ Նրանց թվում էին՝ Փիթ Պասկալը, Ամոս և Բարբարա Փարքերները, Ռիչարդ և Բելվա Ստադարդները, որոնք ծառայել են Բոլիվիայում, և Ջեսսի ու Լին Կանտուելները՝ Կոլումբիայից։ Միսիոներները նոր թափ հաղորդեցին քարոզչական գործին։ Մինչև 1973-ը աստվածաշնչյան կրթական լայնածավալ գործունեություն էր իրականացվում Դոմինիկյան Հանրապետության մեծ ու փոքր քաղաքներում, սակայն բարի լուրը չէր հասել ավելի մեկուսի բնակավայրեր։ Ուստի քայլեր ձեռնարկվեցին այդ ուղղությամբ։ Քարոզիչները հրավեր ստացան մասնակցելու հեռավոր վայրերում ապրողների հոգևոր կարիքները բավարարելու գործին։ Այդ կոչին արձագանքեց 19 ռահվիրա։ 1973 թ. դեկտեմբերից մինչև 1977 թ. հունվարը ռահվիրաների խմբեր էին նշանակվում այն տարածքներ, որտեղ բարի լուրը քիչ կամ ընդհանրապես չէր քարոզվել։

«Հրատարակությունների դիմաց տալիս էին հավ, ձու և մրգեր»

Մի ռահվիրա, որը մասնակցել էր այս հատուկ քարոզչական գործին, պատմում է. «Բարի լուրը ներկայացնելուց և գրականություն թողնելուց հետո մենք հաջորդ օրը վերայցելում էինք հետաքրքրություն ցույց տված մարդկանց։ Քանի որ գյուղացիները շատ փող չունեին, մեր հրատարակությունների դիմաց տալիս էին հավ, ձու և մրգեր։ Շնորհակալ ենք Եհովային, որ նա մեզ երբեք սոված չթողեց»։ Շատերը կյանքում առաջին անգամ էին լսում Աստվածաշնչի խոսքերը։ Որոշ տեղերում կրոնական առաջնորդները ասել էին, թե Եհովան Սատանան է։ Որքան էին զարմանում նրանք, երբ կարդում էին Աստվածաշնչի խոսքերը, օրինակ՝  Սաղմոս 83։18-ը, որտեղ ասվում է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։ Որոշ տեղերում այնքան շատ մարդիկ էին հետաքրքրվում, որ հանրային հավաքույթներ էին կազմակերպվում։

Նոր միսիոներներ և նոր մասնաճյուղ

1979 թ. սեպտեմբերին եկան միսիոներներ Աբիգայել Պերեսը և իր կինը՝ Ջորջինան։ Նրանք նշանակվեցին շրջանային ծառայության։ Հետագայում՝ 1987-ին, «Գաղաադի» շրջանավարտներ Թոմ և Շերլի Դիները եկան խթանելու քարոզչական գործը։ Եկան նաև հատուկ լիաժամ ծառայողներ Պուերտո Ռիկոյից։ 1988 թ. օգոստոսին Ռայներ և Ջին Թոմսոնները նշանակվեցին Դոմինիկյան Հանրապետություն. դա նրանց հինգերորդ միսիոներական նշանակումն էր։

Մինչև 1989-ը քարոզիչների միջին թիվը հասել էր 11081-ի, որն ակնհայտորեն դեռ ավելանալու էր, քանի որ հաշվետվության համաձայն՝ Աստվածաշնչի ուսուցում էր անցկացվում 20494 հոգու հետ։ Այս աճող դաշտի մասին հոգ տանելու համար համապատասխան քայլեր պետք է արվեին։ Օրինակ՝ մասնաճյուղի շենքը, որը մինչ այդ լավագույնս ծառայում էր իր նպատակին, 1980-ականների վերջում արդեն փոքր էր։ Ռայներ Թոմսոնը պատմում է. «Մենք արդեն շատ էինք մասնաճյուղում և տեղը չէր բավարարում, ուստի հարկավոր էր գտնել կացարաններ ու պահեստներ քաղաքի այլ մասերում»։

Ռայները շարունակում է. «Մասնաճյուղի համար հարմար տարածք գտնելը դժվար էր։ Երբ մի գործարար լսեց, որ տարածք ենք փնտրում, կապ հաստատեց մեզ հետ։ Նա ասաց, որ ունի մի շատ հարմար տարածք, որը ուզում է վաճառել միայն Եհովայի վկաներին։ Նախկինում նա կարի գործարան է ունեցել, որտեղ նրա քարտուղարն ու մի քանի  աշխատողներ Եհովայի վկաներ են եղել։ Նրան մեծապես տպավորել էր Վկաների բացառիկ ազնվությունն ու հարգալից վերաբերմունքը, որոնց նա ականատես է եղել տարիներ շարունակ։ Քանի որ գործարարը շատ էր հարգում Վկաներին, տարածքը վաճառեց շատ ցածր գնով»։ 1988 թ. դեկտեմբերին կազմակերպությունը գնեց այն, իսկ ավելի ուշ ձեռք բերեց հարակից ևս 3 տարածք։ Ընդհանուր հաշվով՝ մասնաճյուղը և համաժողովների սրահը զբաղեցնում էր 9,9 հեկտար տարածք։

Հարյուրավոր տեղացի և միջազգային կամավորներ միասին կառուցեցին նոր մասնաճյուղը և համաժողովի սրահը։ Շինությունների նվիրումը տեղի ունեցավ 1996-ի նոյեմբերին։ Կառավարիչ մարմնի անդամներ Քերի Բարբերը, Թեոդոր Յարաչը և Գերիտ Լյոշը եկան ու մասնակցեցին նվիրման արարողությանը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը։ Հաջորդ օրը երկրի ամենամեծ երկու մարզադաշտերում հատուկ ծրագիր անցկացվեց։ Ավելի քան 10000 հոգի էքսկուրսիա անցավ նոր մասնաճյուղի շենքերում։

«Անցիր Մակեդոնիա»

Դոմինիկյան Հանրապետությունում Եհովայի վկաների պատմությունը թերի կլիներ, եթե չխոսեինք այն բազմաթիվ վկաների մասին, ովքեր տեղափոխվեցին ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ 1980-ականների վերջում, ոգեշնչված այն տեղեկությունից, որ այս դաշտը բերրի է և որ այստեղ յուրաքանչյուր Վկա կարող է ունենալ բազմաթիվ ուսումնասիրություններ, շատ-շատերը եկան Դոմինիկյան Հանրապետություն. ըստ էության՝ «անցան Մակեդոնիա» (Գործ. 16։9)։ Այս կամավորները միշտ ուրախությամբ պատմում էին մյուսներին այն հետաքրքիր դեպքերը, որ տեղի են ունեցել իրենց հետ Դոմինիկյան Հանրապետությունում հնձի գործի ժամանակ։ Արդյունքում՝ հնձվորների այս միգրացիան գագաթնակետին հասավ 1990-ականներին։

 Օրինակ՝ Դանիայից եկած Ստիվեն և Միրիամ Նորեյները ծառայում են Դոմինիկյան Հանրապետությունում 2001 թ.-ից։ Դրանից առաջ Միրիամն այստեղ ծառայել է մոտ մեկուկես տարի իր քրոջ հետ։ Այն մասին, թե ինչը մղեց իրեն ու իր ամուսնուն տեղափոխվել ուրիշ մշակույթ ու լեզու ունեցող այս հեռավոր երկիր, Միրիամն ասում է. «Մենք երկուսս էլ մեծացել ենք հոգևորապես ամուր ընտանիքներում։ Երկուսիս ծնողներն էլ երիտասարդ տարիներին հատուկ լիաժամ ծառայության մեջ են եղել և երեխաներ ունենալուց հետո էլ չեն թողել ռահվիրայությունը։ Մեր ծնողները միշտ քաջալերել են մեզ լիաժամ ծառայել Եհովային՝ նրան տալով լավագույնը»։

Ստիվենն ու Միրիամը հատուկ ռահվիրաներ են 2006 թ.-ից և արդեն շատերին են օգնել իմանալու ճշմարտությունը։ Ստիվենն ասում է. «Մեր օրհնությունները բազմաթիվ են։ Դժվարություններն ու առողջական խնդիրները  ոչինչ են՝ համեմատած այն ուրախության հետ, որ ստանում ենք, երբ անկեղծ մարդկանց օգնում ենք ճանաչել ու սիրել Եհովային։ Մենք ձեռք ենք բերել բազմաթիվ անկեղծ ու նվիրված ընկերներ։ Դոմինիկյան Հանրապետությունում ծառայելիս սովորել ենք խոնարհ ու համբերատար լինել, իսկ պարզ կյանք վարելը ամրացրել է մեր հավատը ու վստահությունը Եհովայի հանդեպ»։

Ջենիֆեր Ջոյը ծառայում է այստեղ արդեն 20 տարուց ավել և օգնում է ժեստերի լեզվով դաշտին

Ջենիֆեր Ջոյը մեկն է այն ամուրի քույրերից, ովքեր եկել են Դոմինիկյան Հանրապետությունում ծառայելու։ Երբ 1992-ին նա այցելեց իր մորաքրոջը՝ երկար տարիներ միսիոներ ծառայող Էդիթ Ուայթին, տպավորվեց ծառայության լավ արդյունքներից։ Նա հանդիպեց այլ երկրներից եկած քույրերի, ովքեր տեղափոխվել էին այստեղ՝  ծառայելու որպես «օժանդակ ուժեր»։ «Ես ամաչկոտ էի և անվըստահ,— պատմում է նա։— Բայց մտածեցի՝ եթե նրանք կարող են, գուցե ես էլ կարողանամ»։

Սկզբում Ջենիֆերը ծրագրել էր մնալ ընդամենը մեկ տարի, բայց տարիներն անցնում էին, իսկ նա չէր ուզում գնալ։ Արդեն ավելի քան 20 տարի նա ծառայում է այստեղ։ Նրա ուսումնասիրություններից շատերը դարձել են Եհովայի երկրպագուներ։ Ջենիֆերը նպաստել է նաև երկրում ժեստերի լեզվի դաշտի ընդլայնմանը և օգնել է մշակել լեզվի դասերի ծրագիր։

«Մինչև այսօր Եհովան հոգացել է իմ մասին։

Ինչպե՞ս է քույրը հոգում իր ծախսերը։ Նա ասում է. «Ամեն տարի մի քանի ամսով գնում եմ Կանադա աշխատելու։ Ես տարբեր աշխատանքներ եմ արել. լուսանկարել եմ, լուսանկարներ եմ խմբագրել, տներ եմ ներկել, գրասենյակներ եմ մաքրել, մեքենայի լուսարձակներ եմ հավաքել և կարպետներ եմ պատրաստել։ Եղել եմ նաև էքսկուրսավար, տուրիստական գործակալ, անգլերենի ուսուցիչ և թարգմանիչ»։ Ջենիֆերը իր վիճակը համեմատում էր անապատում իսրայելացիների վիճակի հետ։ Նա ասում է. «Նրանք ապրում էին Եհովայի բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Աստված ասում էր, որ հոգ կտանի իրենց մասին, և այդպես էլ արեց։ Նրանք ունեցան իրենց օրվա հացը, իսկ իրենց հագուստն ու սանդալները չմաշվեցին (2 Օրենք 8։3, 4)։ Եհովան մեզ էլ է խոստացել, որ հոգ կտանի մեր մասին (Մատթ. 6։33)։ Ու մինչև այսօր նա հոգացել է իմ մասին։ Ինչո՞ւ պիտի կասկածեմ, որ մյուս տարի չի հոգա»։

Մոտ 1000 անձնազոհ քարոզիչներ են եկել այստեղ տարբեր երկրներից՝ Ավստրիայից, Թայվանից, Իսպանիայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Պուերտո Ռիկոյից և Ռուսաստանից։ Ավելի  քան 30 տարբեր ազգությունների պատկանող այս «օժանդակ ուժերը» միացան ամերիկյան ժեստերի լեզվի, անգլիական, իսպանական, հայիթյան կրեոլ, չինական և ռուսական ժողովներին։ Նրանք Պողոս առաքյալի պես ասացին. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք» (Մարկ. 10։28