Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Քարոզելու ազատություն

Քարոզելու ազատություն

 Տրուխիլիոն սպանվեց

1960-ականներին մեծանում էր Տրուխիլիոյի վարչակարգի դեմ դժգոհությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Երկիրը քաղաքական այդ լարված իրավիճակում էր, երբ գլխավոր վարչությունից եղբայր Միլթոն Հենշելը այցելեց և ներկա եղավ 1961 թ. հունվարին կազմակերպված եռօրյա համաժողովին։ Հանրային ելույթը լսեց 957 հոգի, և 27-ը մկրտվեց։ Իր այցի ընթացքում եղբայր Հենշելը օգնեց եղբայրներին վերակազմակերպել գործը և քարտեզագրել տարածքը։

Ժողովներ այցելելու համար նշանակվեցին երկու շրջանային վերակացուներ՝ Էնրիկե Գլասը և Խուլիան Լոպեսը։ Եղբայր Լոպեսը պատմում է. «Իմ շրջանի մեջ էին մտնում հյուսիսային մասի բոլոր ժողովները, երկու ժողով էլ երկրի արևելյան մասից։ Իսկ Էնրիկեի շրջանի մեջ էին բոլոր արևմտյան և հարավային ժողովները»։ Այս այցելությունները վերականգնեցին ժողովների կապը կազմակերպության հետ և օգնեցին եղբայրներին հոգևորապես ամրապնդվել։

Սալվինո և Հելեն Ֆեռարիները Դոմինիկյան Հանրապետություն ուղևորվելիս, 1961

1961 թ.-ին Դոմինիկյան Հանրապետություն եկան Գաղաադի երկրորդ դասարանի շրջանավարտներ Սալվինո և Հելեն Ֆեռարիները։ Կուբայում որպես միսիոներ նրանց ծառայության փորձը շատ օգտակար եղավ այստեղ՝ հոգևոր հնձի այս դաշտում։ Հետագայում Սալվինոն ծառայեց մասնաճյուղի կոմիտեում մինչև իր մահը՝ 1997 թ., իսկ Հելենը լիաժամ ծառայեց ավելի քան 79 տարի, մեծ մասամբ որպես միսիոներ։

1961 թ. մայիսի 30-ին՝ Ֆեռարիների գալուց կարճ ժամանակ հետո, Տրուխիլիոյի բռնատիրական վարչակարգը տապալվեց, երբ մարդասպանները նրա մեքենայի վրա կրակահերթ բացեցին։ Բռնապետի սպանությունից հետո, սակայն, երկրում քաղաքական լարվածությունը չհանդարտվեց, ընդհակառակը՝ մի քանի տարի շարունակվում էին  քաղաքացիական բախումները և քաղաքական ընդվզումները։

Քարոզչական գործը առաջ է ընթանում

Այդ նույն ժամանակահատվածում եկան ուրիշ միսիոներներ։ Գաղաադի առաջին դասարանի շրջանավարտներ Ուիլյամ և Էստել Դինգմանները, Թելմա Կրիթսը և Ֆլասե Կորոնեոսը Տրուխիլիոյի սպանությունից անմիջապես երկու օր հետո Պուերտո Ռիկոյի մասնաճյուղից նշանակվեցին Դոմինիկյան Հանրապետություն։ Ուիլյամը հիշում է. «Երկրում հեղաշրջման խմորումներ էին։ Երբ մենք եկանք, ամենուրեք զինված մարդիկ էին։ Հեղաշրջման վտանգ կար, ուստի զինվորները գլխավոր փողոցներում ստուգում էին բոլորին։ Մեզ էլ մի քանի անգամ կանգնեցրին անցակետերում և ստուգեցին ոչ միայն փաստաթղթերը, այլ նաև բոլոր իրերը. ամեն ինչ դատարկում էին մեր ճամպրուկներից»։ Ինչ խոսք, հեշտ չէր քարոզել նման լարված քաղաքական մթնոլորտում։

Թելմա Կրիթսը, Էստել և Ուիլյամ Դինգմանները 67 տարի միսիոներական ծառայությունից հետո շարունակում են մնալ երկրում

Ուիլյամը շարունակում է. «Տրուխիլիոյի վարչակարգի ժամանակ մարդկանց ասել էին, թե Եհովայի վկաները կոմունիստներ են և ամենավատ մարդիկ.... Կամաց-կամաց, սակայն, մեզ հաջողվեց կոտրել այդ կարծրատիպը»։ Արդյունքը եղավ այն, որ Թագավորության լուրին դրականորեն արձագանքող մարդկանց թիվն ավելացավ։ 1961թ. վերջում Դոմինիկյան Հանրապետությունում արդեն կար 33 հատուկ ռահվիրա։