Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է նրանց առաջնորդը

Ո՞վ է նրանց առաջնորդը

«Նրանց եղբայրությունը գլխատված կլինի»

1957 թ. հուլիսի 13-ին Լուիս Կոլոնը պետքարտուղարությանը գրեց. «Կա մի հին ասացվածք՝«օձին սատկացնելու համար պետք է գլխին խփես»։ Ուստի, եթե Եհովայի վկաների միսիոներներին երկրից վտարենք, մեծ քայլ արած կլինենք այդ աղանդը երկրից վերացնելու հարցում։ Այդպիսով նրանց եղբայրությունը գլխատված կլինի, իսկ իրենց պլանները հօդս կցնդեն»։

Կարճ ժամանակ անց անվտանգության քարտուղար Արտուրո Էսպիյատը 10 միսիոներներին կարգադրեց լքել երկիրը։ 1957 թ. հուլիսի 21-ին Ռոյ Բրանտը նախագահ Տրուխիլիոյին նամակ գրեց՝ խնդրելով հանդիպում՝ մեր իրավիճակը բացատրելու համար։ Նամակում ասվում էր. «Ատելությամբ լի բուռն պայքարը, որ որոշ մարդիկ այս երկրում մղում են Եհովա Աստծու անվան դեմ, նման է այն նույն պայքարին, որն ուղղված էր Հիսուսի առաքյալների դեմ»։ Հետո եղբայր Բրանտը Տրուխիլիոյին առաջարկում էր կարդալ Գործեր 2–6 գլուխները և բացատրում էր. «Այն ժամանակ դատավոր Գամաղիելի տված խորհուրդը այսօր էլ արդիական է ու ողջամիտ»։ Նամակում եղբայր Բրանտը մեծատառերով մեջբերել էր Գործեր 5։38, 39-ը՝ «ՁԵՌՔ ՄԻ՛ ՏՎԵՔ ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՀԱՆԳԻ՛ՍՏ ԹՈՂԵՔ  ՆՐԱՆՑ (ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵԹԵ ԱՅՍ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՅՍ ԳՈՐԾԸ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ԿԽԱՓԱՆՎԻ, ԲԱՅՑ ԵԹԵ ԱՍՏԾՈՒՑ Է, ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱ ԽԱՓԱՆԵԼ ԴՐԱՆՔ), ԱՅԼԱՊԵՍ ՄԻԳՈՒՑԵ ԱՍՏԾՈՒ ԴԵՄ ԿՌՎՈՂՆԵՐ ԷԼ ԴԱՌՆԱՔ»։ Բայց ավա՜ղ, ձայն բարբառո հանապատի։ 1957 թ. օգոստոսի 3-ին միսիոներներին արտաքսեցին երկրից։

«Հիսուսն է գլուխը»

Դոնալդ Նոուիլսը սկսեց վերահսկել մասնաճյուղի աշխատանքները, երբ ընդամենը 20 տարեկան էր

Ի՞նչ էր լինելու եղբայրների ու քույրերի հետ հիմա, երբ միսիոներները երկրում չէին։ Արդյո՞ք նրանք մնացին «անգլուխ», կամ՝ առանց առաջնորդի, ինչպես ասում էր Լուիս Կոլոնը։ Նա չգիտեր, որ Հիսուսն է «մարմնի՝ ժողովի գլուխը» (Կող. 1։18)։ Դոմինիկյան Հանրապետությունում Եհովայի ժողովուրդը չմնաց առանց գլխի։ Եհովան և նրա կազմակերպությունը շարունակում էին հոգ տանել նրանց մասին։

 Դոնալդ Նոուիլսը միսիոներների հեռանալուց հետո նշանակվեց վերահսկելու մասնաճյուղի աշխատանքները։ Այդ ժամանակ նա ընդամենը 20 տարեկան էր և չորս տարվա մկրտված։ Թեև մի ամիս ծառայել էր շրջանային վերակացու, սակայն այն, ինչ պետք է աներ մասնաճյուղում, բոլորովին անծանոթ էր իրեն։ Եղբայր Նոուիլսը մի համեստ աշխատասենյակ ուներ իր տանը, որը կառուցված էր փայտից ու երկաթյա թիթեղից, իսկ հատակը հող էր։ Այն գտնվում էր Սիուդադ Տրուխիլիոյի շատ վտանգավոր թաղամասում՝ Գուալեում։ Ֆելիքս Մարտեի օգնությամբ նա պետք է պատճեներ «Դիտարանները» ամբողջ երկրի քարոզիչների համար։

1958-ի պատճենահանված «Դիտարան»

Մարի Գլասը, ում ամուսինը՝ Էնրիկեն, այդ ժամանակ բանտում էր, օգնում էր եղբայր Նոուիլսին։ Նա պատմում է. «Ժամը 5-ին՝ աշխատանքից հետո, գնում էի եղբայր Նոուիլսի աշխատասենյակ՝ «Դիտարանը» տպելու, հետո եղբայր Նոուիլսը միմիոգրաֆի ապարատով պատճենում էր դրանք։ Այնուհետև Սանտյագոյից մի քույր, որի  գաղտնանունը «հրեշտակ» էինք դրել, պատճենահանված ամսագրերը դնում էր ձեթի մոտ 20-լիտրանոց մետաղյա տարայի մեջ՝ ամենաներքևում։ Խնամքով այն ծածկելուց հետո վրան դնում էր արմատապտուղներ՝ մանիոկա, կարտոֆիլ կամ տարո, որոնց վրա պարկի կտոր էր գցում։ Հետո նա հանրային տրանսպորտով ուղևորվում էր դեպի հյուսիս՝ ճանապարհին մեկական օրինակ թողնելով ամեն մի ժողովում։ Ժողովի ընտանիքները հերթով իրար էին փոխանցում այն, որպեսզի բոլորը կարողանան միասին ուսումնասիրել։

Մարին պատմում է. «Մենք պետք է շատ զգույշ լինեինք, քանի որ փողոցներում շրջում էին գաղտնի գործակալներ, ովքեր ուզում էին բացահայտել, թե որտեղ է տպվում «Դիտարանը»։ Դա նրանց երբեք չհաջողվեց, քանի որ Եհովան միշտ պաշտպանում էր մեզ»։