Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Նրանք սիրում են իրենց հավատակիցներին

Նրանք սիրում են իրենց հավատակիցներին

Դպրոց, որը բացվեց աճին ընդառաջ

Եհովան օրհնում էր Դոմինիկյան Հանրապետությունում իր ծառաների եռանդուն աշխատանքը։ 1994-ին երկրում կային 16 354 Թագավորության քարոզիչներ և 259 ժողովներ։ Այս աճին զուգընթաց ավելանում էր երեցների և ծառայող օգնականների կարիքը, ովքեր կհոգային հոտին։ Այդ տարի էր, որ Կառավարիչ մարմինը հավանություն տվեց այստեղ Ծառայության կատարելագործման դպրոց անցկացնելուն, որին այժմ փոխարինում է Թագավորության քարոզիչների դպրոցը։

 Մինչև 2011-ի հոկտեմբերը արդեն մոտ 600 հոգի սովորել էր 25 դասարաններում։ Այժմ շրջանավարտների ավելի քան կեսը լիաժամ ծառայության մեջ են, 71-ը նշանակվել են հատուկ ռահվիրաներ, իսկ 5-ը՝ շրջանային վերակացուներ։ Առաջին տասը դասարանները անցկացվել են մասնաճյուղում։ 11-րդ դասարանից սկսած՝ դպրոցն ունեցավ իր շենքը Վիյա Գոնսալես քաղաքում։

«Եհովայի վկաները հոգ են տանում իրենց հավատակիցների մասին»

1998 թ. սեպտեմբերի 22-ին «Խորխես» փոթորիկը՝ քամու 190 կիլոմետր ժամ արագությամբ, լուրջ ավերածություններ պատճառեց Դոմինիկյան Հանրապետությանը։ Հազարավոր մարդիկ մնացին անօթևան, իսկ ավելի քան 300 հոգի կորցրեց իր կյանքը։ Տարածաշրջանային շինարարական կոմիտեի օգնությամբ Լա Ռոմանայի Թագավորության սրահում կազմվեց աղետից տուժածներին օգնելու կոմիտե։ Մոտ 300  կամավորներ, որոնց մեջ էին նաև 16 այլ երկրներից եկած Վկաներ, աջակցեցին օգնության աշխատանքներին։

Ընդհանուր հաշվով վերանորոգվեցին կամ վերակառուցվեցին 23 Թագավորության սրահներ և մեր եղբայրներին ու քույրերին պատկանող ավելի քան 800 տներ։ Օրինակ՝ մեր տարեց քույրերից մեկը՝ Կարմենը, ով նաև ծառայում էր ընդհանուր ռահվիրա, անտուն մնաց, երբ աղետը հողին հավասարեցրեց իր տունը, որտեղ նա ապրել էր 38 տարի։ Երբ 15 եղբայրներից բաղկացած խումբը եկավ իր նոր տան հիմքը գցելու, նրա ուրախությանը սահման չկար։ Կարմենն ասում է. «Եհովան միշտ մտածում ու հոգ է տանում մեր մասին։ Ապա նայեք այս հրաշալի տանը, որ եղբայրները կառուցում են ինձ համար։ Հարևաններս ասում են. «Եհովայի վկաները հոգ են տանում իրենց հավատակիցների մասին, նրանք իսկապես սիրում են իրար»»։ Նման խոսքեր ասում էին նաև երկրի այլ մասերում գտնվող մեր քույրերն ու եղբայրները, մինչ կամավորներն օգնում էին նրանց վերադառնալ բնականոն կյանքի։

Փոթորկի պատճառած մեծ ավերածություններից տուժած մեր քույր-եղբայրները, իրենց հավատակիցների աջակցությունը զգալով, մեծապես մխիթարվեցին։ Իսկ ամենակարևորն այն է, որ անձնուրաց կամավորների ջանքերը փառք բերեցին Եհովային՝ ամենայն մխիթարության աղբյուրին։

Թագավորության սրահների շինարարության տեմպը արագանում է

Եհովայի ծառաների թվի արագ աճը ավելի էր մեծացնում նոր Թագավորության սրահների կարիքը։ 2000 թ. նոյեմբերին սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար նախատեսված ծրագրի շրջանակներում եղբայրները Դոմինիկյան Հանրապետությունում սկսեցին կառուցել նոր Թագավորության սրահներ։ Յուրաքանչյուր ժողով ընդամենը ութ շաբաթում կարող էր կառուցել հարմարավետ Սրահ։ 2011 թ. սեպտեմբերի դրությամբ՝ երկու շինարարական խումբ կառուցել կամ նորոգել էր 145 Թագավորության սրահ։

 Թե՛ այս շինությունները, թե՛ շինարարության կամավորները մեծ վկայություն տվեցին։ Օրինակ՝ երկրի հյուսիս-արևմտյան մասում՝ մի փոքրիկ քաղաքում, եղբայրները մի հարմար տարածք էին գտել նոր Թագավորության սրահ կառուցելու համար։ Մի հատուկ ռահվիրա այդ տարածքի տիրոջը հարցրեց, թե կարող ենք արդյոք գնել այն։ Տերը պատասխանեց. «Անտեղի մի վատնեք ձեր ժամանակը, ես չեմ պատրաստվում այն վաճառել ձեզ, հատկապես, որ այնտեղ եկեղեցի եք կառուցելու»։

Այդ զրույցից քիչ ժամանակ անց սեփականատերը գնաց Պուերտո Պլատա՝ այցելելու իր մեծ եղբորը, ով Եհովայի վկա է։ Երբ հասավ տեղ, իմացավ, որ Եհովայի վկաների մի ընտանիք իր վատառողջ եղբորը տարել է իրենց տուն նրա մասին հոգ տանելու համար։ Այդ ընտանիքը նրան տանում էր բժշկի, ժողովի և ծառայության։ Սեփականատերը իր եղբորը հարցրեց, թե ինչքան է վճարում այդ ծառայությունների համար։ Նա պատասխանեց. «Ես ոչինչ չեմ վճարում, նրանք իմ եղբայրներն են»։

«Նրանք իմ տեսած ամենամիասնական մարդիկ են»

Սեփականատերը այնքան էր տպավորվել Վկաների բացառիկ բարությունից, որ նա զանգեց այն հատուկ ռահվիրային, ով մինչ այդ տարածքի համար խոսել էր իր հետ, և ասաց, որ փոխել է իր միտքը։ Եղբայրները գնեցին այն և սկսեցին կառուցել Սրահը։ Տարածքի սեփականատիրոջ կինը սկզբում բացասական կարծիք ուներ Եհովայի վկաների մասին, սակայն տեսնելով, թե ինչպես են եղբայրները աշխատում, ասաց. «Նրանք իմ տեսած ամենամիասնական մարդիկ են»։