Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում, քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը, սիրառատ աշխատանքը և այն տոկունությունը, որ դրսևորում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեցած ձեր հույսի շնորհիվ» (1 Թեսաղ. 1։2, 3)։ Որքա՜ն գեղեցիկ են այս խոսքերը նկարագրում այն, ինչ զգում ենք ձեր հանդեպ։ Մենք շնորհակալ ենք Աստծուն ձեզ ու ձեր արած բարի գործի համար։

Անցած տարվա ընթացքում դուք զբաղված եք եղել Թագավորության գործում՝ կատարելով «հավատի գործեր» և «սիրառատ աշխատանք»։ Շատերդ կերպեր եք փնտրել և ընդլայնել եք ձեր ծառայությունը։ Ձեզանից ոմանք տեղափոխվել են ոչ միայն ուրիշ տարածքներ, այլև ուրիշ երկրներ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ոմանք էլ ընդլայնել են իրենց ծառայությունը՝ ներգրավվելով հրապարակային վկայության գործում։ Շատ-շատերը ծառայել են ենթառահվիրաներ Հիշատակի երեկոյի շրջանում՝ գարնան ամիսներին, շրջանային վերակացուի այցի ժամանակ, ինչպես նաև օգոստոսին՝ հատուկ քարոզարշավի ժամանակ։ Թեև ձեր բոլորի հանգամանքները տարբեր են, սակայն ակնհայտ է, որ դուք ամբողջ հոգով եք ծառայում Եհովային, ինչի համար գովասանքի եք արժանի (Կող. 3։23, 24)։ Ձեր «հավատի գործը» անկասկած պատճառ է, որ մենք շնորհակալություն հայտնենք Եհովային։

Մենք նաև խորապես գնահատում ենք ձեր «սիրառատ աշխատանքը», որ կատարում եք՝ մասնակցելով աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող աստվածապետական  կառույցների շինարարական նախագծերին։ Այդ շինությունները անչափ անհրաժեշտ են մեզ, քանի որ Եհովայի ժողովրդի թիվը շարունակում է աճել (Ես. 60։22)։ Պատկերացրեք միայն՝ անցած տարի քարոզիչների բարձրագույն թիվը եղել է 8 201 545, իսկ ամեն ամիս Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացվել միջինը 9 499 933 հոգու հետ։ Այս աճի արդյունքում կարիք է առաջացել ընդլայնելու կամ վերանորոգելու մեր մասնաճյուղերից շատերը։ Ինչ խոսք, նաև մեծացել է Թագավորության սրահների կարիքը։ Միևնույն ժամանակ հարկավոր է եղել թարգմանչական գրասենյակներ բացել տարբեր վայրերում, որպեսզի մեր թարգմանիչները ապրեն ու աշխատեն այնտեղ, որտեղ ապրում են տվյալ լեզվով խոսող մարդիկ։

Այդ պատճառով շատերս մեզ հարց ենք տալիս. «Ինչպե՞ս կարող եմ աջակցել շինարարական գործին»։ Մեզնից ոմանք գուցե կարող են որպես կամավոր մասնակցել շինարարությանը։ Ու անկախ այն բանից՝ ունենք շինարարական հմտություն, թե ոչ, բոլորս էլ կարող ենք մեր արժեքավոր բաներից նվիրաբերել այս կարևոր նախագծերի իրականացման համար (Առակ. 3։9, 10)։ Օրինակ՝ հնում՝ խորանի կառուցման ժամանակ, իսրայելացիներն այնքան առատաձեռն էին, որ հարկ եղավ հայտարարել, որ նրանք դադարեն նվիրաբերություն անել (Ելք 36։5–7)։ Անկասկած, նման սուրբգրային օրինակները հուզում են մեր սիրտը և մղում են ընդօրինակել նրանց։ Ձեր կատարած «սիրառատ աշխատանքը» սուրբ ծառայության այս կարևոր ոլորտում մեկ այլ պատճառ է, որ մենք շնորհակալություն հայտնենք Եհովային։

Մենք առանձնահատուկ պատճառ ունենք ուրախանալու, երբ տեսնում ենք մեր եղբայրների աննկուն տոկունությունը։ Օրինակ՝ հիշենք Հարավային Կորեայի մեր սիրելի եղբայրներին։ 1950-ից ի վեր այս երկրում երիտասարդ եղբայրները տարբեր ժամկետներով դատապարտվել են  ազատազրկման, քանի որ չեն ցանկացել փոխզիջման գնալ իրենց քրիստոնեական չեզոքության հարցում։ Եղբայրների արդեն մի քանի սերունդ է՝ առանց վարանելու նման փորձության միջով է անցնում։ Նրանց տոկունության օրինակը ամրացնում է մեր հավատը։

Իսկ Էրիթրեայում մեր եղբայրներից երեքը արդեն 20 տարուց ավել է, ինչ բանտում են։ Շատերն էլ, որոնց թվում կան քույրեր իրենց երեխաների հետ, ազատազրկվել են ավելի կարճ ժամկետներով։ Մեծ ջանքեր են ներդրվել նրանց ազատելու ուղղությամբ, սակայն դեռևս ապարդյուն։ Մեր եղբայրները փոխզիջման չեն գնացել։ Նրանք պահել են իրենց անարատությունը նույնիսկ սարսափելի դաժան պայմաններում։ Մենք չենք մոռանում հիշատակել այս հավատարիմներին մեր աղոթքներում (Հռոմ. 1։8, 9

Ճիշտ է, ձեզանից շատերը չէ, որ ազատազրկվել են հավատի համար։ Սակայն շատերդ եք դիմագրավում տարիքի հետ գլուխ բարձրացնող խնդիրներին, քրոնիկ հիվանդություններին, ոչ Վկա կողակցի կամ հարազատների հալածանքին, ինչպես նաև այնպիսի խնդիրների, որոնց մասին ձեզանից բացի ուրիշ ոչ ոք չգիտի։ Չնայած այդ ամենին՝ դուք շարունակում եք հավատարմորեն ծառայել Եհովային (Հակ. 1։12)։ Դուք գովասանքի եք արժանի, և ձեր տոկունությունը ևս մեկ պատճառ է, որ մենք շնորհակալություն հայտնենք Եհովային։

Այո՛, ձեր հավատի գործերը, սիրառատ աշխատանքը և տոկունությունը հիացնում են մեզ ու հիմքեր են տալիս, որ «շնորհակալություն հայտնենք Եհովային, որովհետև բարի է նա» (Սաղ. 106։1)։ Մենք անկեղծորեն սիրում ենք ձեզ բոլորիդ և աղոթում ենք, որ Եհովան զորացնի, սատարի ու օրհնի ձեզ, որպեսզի ծառայեք նրան հավիտյան։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին