Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Մի օր կգտնենք նրանց»

«Մի օր կգտնենք նրանց»

«Մի օր կգտնենք նրանց»

1935 թ.-ին Սիբաու հարթավայրում ապրող Պաբլո Գոնսալես անունով մի մարդ սկսեց մեծ հետաքրքրությամբ կարդալ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը։ Նա որոշ ժամանակ շփվեց բողոքականների հետ։ Սակայն, երբ տեսավ, որ նրանց ապրելակերպը ներդաշնակ չէ Աստվածաշնչում իր կարդացածին, դադարեցրեց իր շփումը։ Այդուհանդերձ, նա շարունակեց ինքնուրույն ուսումնասիրել Սուրբ Գիրքը և սկսեց իր իմացածը պատմել ուրիշներին, նախ՝ ընտանիքի անդամներին, հարևաններին, ապա՝ նաև մոտակա քաղաքներում ու գյուղերում ապրողներին։ Իր ճանապարհածախսը փակելու համար նա վաճառեց իր հողատարածքը և խոշոր եղջերավոր անասուններին։

1942 թ.-ին Պաբլոն այցելում էր շրջակա տարածքներում ապրող առնվազն 200 ընտանիքի և կանոնավորաբար ժողովներ էր անցկացնում։ Նա դեռ չէր հանդիպել Եհովայի վկաներին։ Պաբլոն հորդորում էր մարդկանց կարդալ ու քննել Աստվածաշունչը և ապրել դրա համաձայն։ Շատերը ականջ դրեցին նրա խոսքին, թողեցին ծխելը, ոմանք էլ դադարեցին բազմակին լինել։

 Պաբլոյի հայտնած Աստվածաշնչի պատգամը հասավ նաև Սելեստե Ռոսարիոյին։ Նա պատմում է. «17 տարեկան էի, երբ մորս հորեղբոր տղան՝ Նեգրո Խիմենեսը, այցելեց մեզ և կարդաց Աստվածաշնչից որոշ համարներ։ Նա հաճախում էր Պաբլո Գոնսալեսի կազմած խմբակներից մեկը։ Ես անմիջապես որոշեցի, որ պետք է թողնեմ կաթոլիկ եկեղեցին, որտեղ լատիներեն էին կարդում, և մենք ոչինչ չէինք հասկանում։ Շուտով Պաբլո Գոնսալեսը այցելեց և քաջալերեց մեզ՝ ասելով. «Մենք չենք պատկանում մեզ հայտնի կրոններից և ոչ մեկին, բայց մենք ունենք եղբայրներ, ովքեր սփռված են աշխարհում։ Մենք դեռ չգիտենք՝ ովքեր են նրանք և թե ինչպես են կոչվում, բայց մի օր կգտնենք նրանց»։

Պաբլոն Աստվածաշնչյան խմբակներ էր կազմել Լոս Կակաոս Սալսեդո, Մոնտե Ադենտրո, Սալսեդո և Վիյա Տենարես քաղաքներում։ 1948 թ.-ին, երբ նա կանգ առավ Սանտյագոյում, որպեսզի մեկ ուրիշ ավտոբուս նստի, տեսավ փողոցում քարոզող Վկաների։ Նրանք իրեն «Դիտարան» տվեցին։ Մեկ ուրիշ անգամ մի քույր նրան երկու գիրք տվեց և հրավիրեց Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին, որն  անցկացվելու էր Սանտյագոյում։ Հիշատակի երեկոյի ժամանակ լսածը նրան անչափ տպավորեց, և նա հասկացավ, որ գտել է ճշմարտությունը և ոչ միայն... նա վերջապես գտել է նրանց, ում երազում էր հանդիպել։

Միսիոներները այցելեցին Պաբլոյի կազմած խմբակներ։ Մի տեղ նրանց անհամբերությամբ սպասում էին 27 հոգի։ Նրանցից ոմանք ոտքով անցել էին 25 կիլոմետր, ոմանք էլ ձիերով եկել էին 50 կիլոմետր հեռվից։ Մյուս խմբում հավաքվել էին 78 հոգի, մեկ ուրիշում՝ 69։

Պաբլոն միսիոներներին տվեց մի ցուցակ, որտեղ գրված էին 150 հետաքրքրվող մարդկանց անուններ։ Այս խոնարհ և հոգևորի ծարավ մարդիկ արդեն ուսումնասիրում էին Աստվածաշունչն ու կիրառում էին սուրբգրային սկզբունքները։ Նրանց ընդամենը հարկավոր էր կազմակերպել ու առաջնորդել։ Սելեստեն պատմում է. «Միսիոներներն այցելեցին մեզ և հանդիպում անցկացրին։ Քայլեր էին ձեռնարկել նաև, որ մկրտություն լինի։ Մեր ընտանիքից առաջինը ես մկրտվեցի։ Հետո մկրտվեցին նաև մայրս՝ Ֆիդելիա Խիմենեսը, և փոքր քույրս՝ Կարմենը»։

Դոմինիկյան Հանրապետությունում առաջին համաժողովը, որն անցկացվեց Սանտյագոյում 1949թ. սեպտեմբերի 23–25-ին, նոր թափ հաղորդեց քարոզչական գործին։ Շատ հետաքրքրվող մարդիկ եկան համաժողով։ Կիրակի օրը հանրային ելույթն ունկնդրեց 260 հոգի։ 28 հոգի մկրտվեց։ Այս եռօրյա համաժողովն ամրապնդեց նորահավատների համոզմունքը, որ սա այն կազմակերպությունն է, որն Աստված օգտագործում է իր կամքն իրագործելու համար։