Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Ես միշտ Եհովայի վկա կմնամ»

Անա Մարիա (Մարի) Գլաս

«Ես միշտ Եհովայի վկա կմնամ»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1935 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1956 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Երիտասարդ տարիներին՝ ջերմեռանդ կաթոլիկ, ով աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալուց հետո քաջաբար տոկացել է ընտանիքի, եկեղեցու և պետության ճնշումներին։

ԿԱԹՈԼԻԿ եկեղեցու շատ կրոնասեր ու ակտիվ անդամ էի։ Երգում էի եկեղեցու երգչախմբում և քահանաների հետ գնում էի առանձնատներ, որտեղ նրանք պատարագ էին անում։ 1955-ին մեծ քույրս ինձ պատմեց ապագա դրախտի մասին։ Նա ինձ տվեց Աստվածաշունչ, մի գրքույկ՝ «Թագավորության այս բարի լուրը» վերնագրով, ու «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը։ Ես շատ ոգևորված էի ու քահանային հարցրի, թե կարող եմ արդյոք կարդալ Աստվածաշունչը։ Նա ինձ ասաց, որ ես «կխելագարվեմ» դրանից, բայց ես որոշեցի՝ ինչ էլ լինի՝ կարդամ։

Բոկա Չիկա քաղաք՝ պապիկիս տուն, տեղափոխվելուց հետո մի քահանա հարցրեց, թե ինչու եկեղեցի չեմ գնում։ Պատասխանեցի, որ պարզել եմ, որ եկեղեցու սովորեցրած շատ ուսմունքներ չկան Աստվածաշնչում։ Քահանան բորբոքվեց։  «Լսի՛ր, աղջի՛կ,— գոռաց նա,— դու իմ հոտի ոչխարն ես, ու հիմա մոլորված ես»։

«Ո՛չ,— պատասխանեցի,— դուք եք մոլորված Եհովայի հոտից, որովհետև նա՛ է հոտի տերը, ոչ թե որևէ մարդ»։

Ես էլ երբեք եկեղեցի չգնացի։ Հետո տեղափոխվեցի քրոջս մոտ ապրելու և ճշմարտությունը լսելուց ընդամենը 6 ամիս անց մկրտվեցի։ Անմիջապես ընդհանուր ռահվիրայություն սկսեցի։ Մեկ տարի անց ամուսնացա Էնրիկե Գլասի հետ, ով ծառայում էր շրջանային վերակացու։ Մի անգամ, երբ քարոզում էինք Լա Ռոմանայի զբոսայգիներից մեկում, ոստիկանությունը ձերբակալեց Էնրիկեին։ Մինչ նրանք տանում էին ամուսնուս, ես գնում էի նրանց հետևից ու ասում. «Ես էլ եմ Եհովայի վկա, ես էլ էի քարոզում։ Ինչո՞ւ ինձ էլ չեք տանում»։ Բայց նրանք չուզեցին ինձ ձերբակալել։

Էնրիկեն արդեն ընդհանուր հաշվով յոթուկես տարի անցկացրել էր բանտում։ Այս անգամ նրան տվեցին 20 ամիս։ Ամեն կիրակի ես այցի էի գնում Էնրիկեին։ Մի անգամ բանտապահներից մեկը հարցրեց ինձ. «Ի՞նչ եք անում այստեղ»։

— Ամուսինս բանտարկված է Եհովայի վկա լինելու պատճառով,— պատասխանեցի։

— Դու դեռ երիտասարդ ես, ու ապագադ առջևում է,— ասաց նա,— ինչո՞ւ ես կյանքդ վատնում այս Վկայի վրա։

— Ես էլ եմ Եհովայի վկա։ Ու եթե ինձ յոթ անգամ սպանեք ու յոթ անգամ հարություն տաք, ես միշտ Եհովայի վկա կմնամ,— ասացի ես։ Նա ոչինչ չուներ ավելացնելու։

Արգելքը հանվելուց հետո ես ու Էնրիկեն երկար տարիներ շրջանային ու մարզային ծառայության մեջ ենք եղել։ 2008-ի մարտի 8-ին Էնրիկեն մահացավ։ Ես շարունակում եմ ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։