Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ճշմարտությունն ընդունած առաջին համր անձնավորությունը

Խոսե Պերես

Ճշմարտությունն ընդունած առաջին համր անձնավորությունը
  • ԾՆՎԵԼ Է՝ 1960 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1982 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Վաղ պատանեկության տարիներին ճշմարտությունը գրավեց նրան, երբ տեսավ եղբայրների սերը, թեև ժողովում ոչ ոք չգիտեր ժեստերի լեզուն։

ՄԱՆՈՒԿ հասակում կորցրի լսողությունս։ Խուլերի համար հատուկ դպրոցում սովորեցի ժեստերի լեզու։ 11 տարեկան էի, երբ առաջին անգամ առնչվեցի ճշմարտությանը. մեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաների ընտանիքը ինձ հրավիրեց ժողովի հանդիպման։ Թեև ոչինչ չհասկացա ելույթներից, սակայն այն ջերմ ընդունելությունը, որ ես գտա, մղեց ինձ շարունակել հաճախել այդ հանդիպումներին։ Ժողովի անդամներից շատերը ինձ հրավիրում էին միասին ճաշելու կամ ժամանակ անցկացնելու։

Ես քարոզիչ դարձա 1982-ին և նույն տարի էլ մկրտվեցի։ 1984-ին ամուսնացա Եվայի հետ, ով նույնպես խուլ էր։ Չնայած որ մենք խորապես չէինք հասկանում որոշ աստվածաշնչյան ճշմարտություններ, սակայն տեսնելով մարդկանց միջև տիրող սերը՝ հասկանում էինք, որ սա Եհովայի կազմակերպությունն է, ու մեզ համար անչափ հաճելի էր լինել Աստծու ժողովրդի մեջ (Հովհ. 13։35

 1992-ին որոշ եղբայրների ու քույրերի համար ամերիկյան ժեստերի լեզվի դասընթացներ կազմակերպվեցին։ Նրանք սկսեցին փնտրել խուլ ու համր մարդկանց և նրանց քարոզել բարի լուրը։ 1994-ին ժեստերի լեզվի դաշտում աշխատանքը նոր թափ առավ, երբ Պուերտո Ռիկոյից մի զույգ հրավիրվեց մասնաճյուղ՝ 25 եղբայրների ու քույրերի ժեստերի լեզու սովորեցնելու համար։

Այդ տարի ես ու Եվան սկսեցինք մասնակցել նոր կազմավորված ժեստերի լեզվի խմբի հանդիպումներին։ Միայն դրանից հետո էր, որ մենք սկսեցինք լիովին պատկերացնել աստվածաշնչյան ուսմունքների հետ կապված որոշ մանրամասներ, ինչպիսիք էին, օրինակ, Եհովայի գերիշխանության դեմ Սատանայի բարձրացրած վիճաբանական հարցը և Աստծու նպատակներում Մեսիական Թագավորության դերը։

1995-ի դեկտեմբերի 1-ին ամերիկյան ժեստերի լեզվի ժողովներ հիմնվեցին Սանտո Դոմինգոյում և Սանտյագոյում։ 2014 թ. օգոստոսին արդեն երկրում գործում էին ժեստերի լեզվի 26 ժողովներ և 18 խմբեր։

Ես ու Եվան մեր երեք երեխաներին սովորեցրել ենք ժեստերի լեզուն. դա նրանց մայրենին է։ Մեր ավագ որդին՝ Էբերը, Միացյալ Նահանգների մասնաճյուղում օգնում է մեր գրականությունը թարգմանել ժեստերի լեզվով։ Ես ծառայող օգնական եմ մեր ժողովում, իսկ Եվան ընդհանուր ռահվիրա է։