Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայտնագործում

Հայտնագործում

 Հայտնագործումը սկսված է

1945 թ. ապրիլի 1-ն էր, երբ «Գաղաադն» ավարտած միսիոներներ Լենարտ և Վիրջինա Ջոնսոնները ժամանեցին Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք՝ Սիուդադ Տրուխիլիո (այժմ՝ Սանտո Դոմինգո)։ Նրանք առաջին Վկաներն էին, ովքեր ոտք դրեցին հակամարտությունների և կռիվների խճճված պատմություն ունեցող այս երկիր։ * «Սա ռահվիրայության համար իսկական տարածք է,— ասվում էր 1946թ. «Տարեգրքում»,— և մեր միսիոներները պետք է սկսեն զրոյից»։ Միայն պատկերացրեք՝ չկար մասնաճյուղ, չկային Թագավորության սրահներ, չկար ոչ մի ժողով, միսիոներները ոչ ոքի չէին ճանաչում, իսպաներեն գրեթե չգիտեին, չունեին ո՛չ տուն, ո՛չ հարմարություններ։ Ի՞նչ էր լինելու նրանց։

Լենարտը պատմում է. «Մենք գնացինք Վիկտորիա հյուրանոց և օրը հինգ դոլարով վարձեցինք մի համար, ներառյալ սնունդը։ Նույն օրը՝ կեսօրին, մենք սկսեցինք Աստվածաշնչի մեր առաջին ուսումնասիրությունը։ Այսպես եղավ. երկու դոմինիկացի կանայք, ում հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրել Բրուքլինում, տվել էին մեզ իրենց հարազատների և ծանոթների հասցեները։ Նրանցից մեկը դոկտոր Գրինն էր։ Երբ այցելեցինք նրան, հանդիպեցինք նաև նրա հարևանին՝ Մոզես Ռոլինսին։ Պարզելուց հետո, թե որտեղից գիտենք իր անունն ու հասցեն, տանտերը և նրա հարևանը ուշադրությամբ լսեցին Թագավորության լուրն ու համաձայնեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Կարճ ժամանակ անց Մոզեսը դարձավ Դոմինիկյան Հանրապետությունում առաջին քարոզիչը»։

Նույն տարի՝ հունիսի սկզբներին, ժամանեցին ևս չորս  միսիոներներ։ Կարճ ժամանակում նրանք բաժանեցին մեծ թվով գրականություն և շատ ուսուցումներ սկսեցին։ Արդեն հոկտեմբերին ակնհայտ դարձավ, որ հարկավոր է տեղ գտնել հանդիպումներ անցկացնելու համար։ Ուստի միսիոներները փոքր-ինչ ձևափոխեցին իրենց միսիոներական տան ճաշասենյակն ու հյուրասենյակը և այն դարձրին Թագավորության սրահ։ Ժողովի հանդիպումներին գրեթե միշտ ներկա էր լինում 40 հոգի։

Ճշմարտությունը ընդունած առաջին մարդկանցից էր Պաբլո Բրուզաուդը, որին բոլորը ճանաչում էին Պալե անունով։ Նա ավտոբուսով Սանտյագո-Սիուդադ Տրուխիլիո միջքաղաքային ուղևորափոխադրումներ էր իրականացնում և հաճախ էր լինում մայրաքաղաքում։ Այստեղ նա զրուցեց երկու միսիոներ քույրերի հետ և սիրով վերցրեց «Ճշմարտությունը կազատի ձեզ» գիրքը։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, որն անցկացվում էր ամեն օր։ Շատ չանցած՝ Պաբլոն քարոզում էր միսիոներների հետ՝ միաժամանակ նրանց ապահովելով տրանսպորտով։ Նա Լենարտ Ջոնսոնի հետ մայրաքաղաքից գնում էր Սանտյագոյից էլ հեռու՝ լեռներից այն կողմ՝ ծովափնյա Պուերտո Պլատա քաղաք, այցելելու համար մի խումբ հետաքրքրված մարդկանց, ովքեր Աստվածաշնչից ավելի շատ տեղեկություններ ստանալու համար նամակներ էին գրել գլխավոր վարչություն՝ Բրուքլին (Նյու Յորք)։

Եղբայր Նորի և Ֆրանցի այցելությունը

1946 թ. մարտին գլխավոր վարչությունից եղբայր Նաթան Նորը և Ֆրեդերիկ Ֆրանցը այցելեցին Դոմինիկյան Հանրապետություն։ Այդ այցից սպասելիքները մեծ էին։ Եղբայր Նորի ելույթը լսելու էին եկել 75 հետաքրքրվողներ։ Եղբայրը նաև քայլեր ձեռնարկեց երկրում մասնաճյուղ բացելու համար։

Եղբայր Նորը և Ֆրանցը Դոմինիկյան Հանրապետությունում՝ առաջին Թագավորության սրահի պատշգամբում կանգնած (Սիուդադ Տրուխիլիո)

Այլ միսիոներներ էլ նշանակվեցին այստեղ, և 1946 թ. ծառայողական տարվա վերջում երկրում կային արդեն 28 քարոզիչներ։ Քանի որ քարոզչական գործը նոր-նոր էր սկսվում  այստեղ, միսիոներները օրեր շարունակ, հիմնականում երեկոները, պատրաստում էին տարածքի մանրակրկիտ քարտեզը, որպեսզի հնարավոր լիներ քարոզչությունը կազմակերպված իրականացնել և հիմնովին վկայություն տալ։

Գործը ընդլայնվում է

1947 թ.-ին արդեն մոտ 60 քարոզիչներ մասնակցում էին բարի լուրը հռչակելու գործին։ Նույն տարի Կուբայում ծառայող որոշ միսիոներներ նշանակվեցին Դոմինիկյան Հանրապետություն։ Նրանց թվում էին Ռոյ և Խուանիտա Բրանտները։ Եղբայր Բրանտը նշանակվեց մասնաճյուղի ծառայող (կոորդինատոր) և հետագա տասը տարիների ընթացքում ստանձնեց այդ պատասխանատվությունը։

1948 թ. ծառայողական տարվա վերջում արդեն մոտ 110 քարոզիչներ ուս ուսի ծառայում էին ժրաջան միսիոներների հետ։ Սակայն նրանց դաժան փորձություններ էին սպասում։

^ պարբ. 1 «Դիտարան» ընկերության գրականությունը Դոմինիկյան Հանրապետություն հասել է դեռևս 1932 թ.-ից։ Սակայն հետաքրքրված անհատներին անհատական մոտեցում է ցուցաբերվել միայն 1945թ.-ից սկսած՝ Ջոնսոնների ժամանումից հետո։