Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայիթյան կրեոլ դաշտը

Հայիթյան կրեոլ դաշտը

Բացվեց նոր լեզվի դաշտ

Իսպանախոս դաշտը շարունակում էր բարգավաճել։ Այդ ընթացքում այլ լեզուներով խոսող մարդիկ ներգաղթում էին երկիր։ Նրանց մեջ կային մարդիկ, որ դրական էին արձագանքում բարի լուրին։ Հարևան Հայիթիում հիմնականում խոսում են հայիթյան կրեոլով։ Թեև երբեմն այս երկու պետությունների միջև փոխհարաբերությունները լարված են եղել, սակայն Դոմինիկյան Հանրապետությունում հազարավոր հայիթցիներ կազմում են հիմնական աշխատուժի զգալի մասը։ Հատկապես վերջին շրջանում նրանց թիվը բավականին ավելացել է։

Տարիներ շարունակ հայիթյան կրեոլով խոսող ճշմարտությամբ հետաքրքրվող մարդկանց տվյալները փոխանցվում էին իսպանախոս ժողովներին։ Սակայն նման մարդկանց հոգևոր կարիքները լավագույնս բավարարելու համար Կառավարիչ մարմինը Գվադելուպայի մասնաճյուղին առաջարկեց այս լեզվի դաշտում ծառայելու համար Դոմինիկյան Հանրապետություն ուղարկել հատուկ ռահվիրաների։ Բարնաբե և Ժերմեն Բիաբիանիները այն երեք զույգերից մեկն էին, ովքեր տեղափոխվելու պատրաստակամություն հայտնեցին։ Բարնաբեն պատմում է. «Մենք հայիթյան կրեոլով ընդամենը երկու գրքույկ ունեինք, մյուս բոլոր հրատարակությունները ֆրանսերեն էին, ու մենք ստիպված էինք ամեն ինչ թարգմանել ֆրանսերենից»։

1996 թ. հունվարին Հիգուեյում ինը քարոզիչ, իսկ Սանտո Դոմինգոյում 10 քարոզիչ պատրաստ էր աջակցելու հայիթյան կրեոլ խմբին։ Ուստի այս երկու քաղաքներում մեկական  խումբ բացվեց։ Ժամանակի ընթացքում խմբերը ժողով դարձան։ Սակայն շատ հայիթցիներ ցանկանում էին իսպաներեն սովորել և գնում էին իսպանական ժողով։ Այդ իսկ պատճառով այդ ժողովները փակվեցին։ Եղբայր Բարնաբեն ասում է. «Մենք հանդիպում ունեցանք ծառայողական բաժնի եղբայրների հետ և եկանք այն համոզման, որ լավ կլինի որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը կրեոլ դաշտում»։

Հայիթյան կրեոլ դաշտում աշխատանքները վերսկսվում են

2003 թ.-ին Կառավարիչ մարմինը միսիոներներ Դոն և Գլադիս Բարկերին նշանակեց Դոմինիկյան Հանրապետություն՝ ծառայելու հայիթյան կրեոլ դաշտում։ Երկու տարի նրանք ծառայեցին Հիգուեյում, և արդյունքներն իրենց երկար չսպասեցրին։ 2005 թ. հունիսի 1-ին հիմնվեց ժողով հայիթյան կրեոլ լեզվով։ Դոն Բարկը, Բարնաբե Բիաբիանին և Սթիվեն Ռոջերս անունով մեկ այլ միսիոներ շրջում էին երկրի տարբեր քաղաքներում՝ մշակելով հայիթյան կրեոլ լեզվի դաշտը։

Քարոզչական գործը առաջ էր գնում, ուստի շատ ժողովներ հիմնվեցին։ 2006թ. սեպտեմբերի 1-ին կազմվեց հայիթյան կրեոլի առաջին շրջանը, որի մեջ մտնում էր յոթ ժողով և երկու խումբ։ Իսկ որպես շրջանային վերակացու ծառայում էր եղբայր Բարնաբե Բիաբիանին։

Հետագա տարիներին մի քանի այլ միսիոներներ ևս նշանակվեցին ծառայելու հայիթյան կրեոլ դաշտում։ Այս դաշտին աջակցելու համար եկան նաև կամավորներ Եվրոպայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից ու այլ երկրներից։ Համապատասխան որակներ ունեցող մի խումբ եղբայրներ նշանակվեցին կազմակերպելու հայիթյան կրեոլի դասընթացներ թե՛ արտասահմանցի և թե՛ տեղացի քարոզիչների համար։

Եթե մեկը, որ Հայիթիից չէ, բայց խոսում է հայիթյան կրեոլով, ուրեմն Եհովայի վկա է։

Հայիթիից եկածների վրա մեծ տպավորություն է թողնում այն փաստը, որ շատ դոմինիկացիներ ջանքեր են թափում  սովորելու իրենց մայրենի լեզուն։ Երբ դոմինիկացի քարոզիչը նրանց հետ աստվածաշնչյան ճշմարտությունների մասին խոսում է հայիթյան կրեոլով, նրանց միջև անմիջապես ջերմ մթնոլորտ է ստեղծվում։ Այնքան շատ դոմինիկացի քարոզիչներ են սովորել այս լեզուն, որ շատերի մեջ այն կարծիքն է ձևավորվել, որ եթե մեկը, որ Հայիթիից չէ, բայց խոսում է հայիթյան կրեոլով, ուրեմն Եհովայի վկա է։

Մի օրինակով ներկայացնենք, թե ինչ մեծ ազդեցություն է թողնում այլ մշակույթի մարդու հանդեպ դրսևորվող հետաքրքրվածությունը։ Դոմինիկացի մի ռահվիրա քույր, ով մասնակցում էր լեզվի դասընթացներին, ծառայության ժամանակ հանդիպեց Հայիթիից եկած մի զույգի, որոնց հետաքրքրեց Թագավորության լուրը։ Քույրը վերայցելեց նրանց՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։ Նա պատմում է. «Երբ հանդիպեցինք, ես ողջունեցի նրանց և համբուրեցի կնոջ այտը, ինչպես որ ընդունված է դոմինիկացի կանանց մոտ։ Կինը հուզվեց ու արտասվեց։ Հարցրի, թե ինչ պատահեց։ Նա ասաց. «Այսքան տարի ապրում եմ այստեղ, բայց առաջին անգամ է, որ ինձ ողջունեցին համբույրով»»։

Եհովայի օրհնությամբ եղբայրների ու քույրերի թափած ջանքերը այս դաշտում մեծ արդյունքներ բերեցին։ 2009 թ. սեպտեմբերի 1-ի տվյալներով՝ երկրում կար հայիթյան կրեոլի 23 ժողով և 20 խումբ, ուստի կազմվեց երկրորդ շրջանը։ Իսկ 2011-ին Հիշատակի երեկոյի ներկաների թիվը բացահայտեց այս դաշտում ապագա աճի լայն հնարավորությունները։ Օրինակ՝ Ռիո Լիմպիո փոքրիկ քաղաքում ընդամենը 11 քարոզիչներ անչափ ուրախացան, երբ իրենց մոտ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 594 մարդ։ Իսկ Լաս Յայաս դե Վիախամա քաղաքում, որտեղ ոչ մի քարոզիչ չկար,  Հիշատակի երեկո անցկացվեց, որին ներկա եղավ 170 հոգի։ Մինչև 2011-ի սեպտեմբերը հայիթյան կրեոլ դաշտում գործում էին արդեն 33 ժողովներ և 21 խմբեր։ Այսպիսով՝ 2012-ին կազմվեց ևս մեկ շրջան։

Դոմինիկյան Հանրապետության և Հայիթիի մասնաճյուղերը համագործակցելով կրթում էին երկու երկրների եղբայրներին։ Հայիթյան կրեոլով կազմակերպվեց ու անցկացվեց Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար, որտեղ սովորեցին 5 դասարաններ, և Աստվածաշնչյան դպրոց քրիստոնյա զույգերի համար, որտեղ սովորեցին 4 դասարաններ։

Սովորում են հայիթյան կրեոլ