Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Ես կռվում էի առյուծի պես»

Լուիս Էդուարդո Մոնտաս

«Ես կռվում էի առյուծի պես»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1906 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1947 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Նախկինում եղել է Ռաֆայել Տրուխիլիոյի կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա։ Ճշմարտությունն իմանալուց հետո հավատարմորեն ծառայել է Եհովային մինչև իր մահը՝ 2000 թ.-ը։

ԼՈՒԻՍԸ, ով Տրուխիլիոյի բարեկամն էր, իշխող «Պարտիդո Դոմինիկանո» կուսակցությունում աշխատում էր որպես գանձապահ։ Սակայն Տրուխիլիոյի վարած քաղաքականությունն արդեն անտանելի էր Լուիսի համար։ Նա մի քանի անգամ փորձեց հրաժարական տալ, բայց դիկտատորը նրան թույլ չտվեց։

Երբ Տրուխիլիոն սպանել տվեց նրա երկու մեծ եղբայրներին, Լուիսը երկու անգամ փորձեց վրեժ լուծել նրանից։ Սակայն երբեք ոչ ոք չկասկածեց, որ այդ մահափորձերը ինքն է կազմակերպել։ Լուիսը նույնիսկ ոգեհարցի մոտ գնաց՝ փորձելով գտնել այդ մարդուն սպանելու միջոց, ում մասին ասում էր. «Նա ասես վայրի գազան լինի, ով իրեն բոլորից բարձր է դասում»։ Մի անգամ ոգեհարցներից մեկի տանը՝ սեղանի վրա, նա տեսավ «Ճշմարտությունը կազատի ձեզ» գիրքը և սկսեց կարդալ։ Գիրքն անչափ հետաքրքրեց իրեն, և նա իր հետ տուն տարավ այն։ Շուտով նա եկավ այն համոզման, որ սա այն կրոնն ու այն ճշմարտությունն է, որ փնտրել է ինքը։

 Երբ Լուիսը եկավ Սիուդադ Տրուխիլիո, մասնակցեց ժողովի հանդիպումներից մեկին և մի քանի գիրք ու ամսագիր վերցրեց։ Այդ գիշեր նա կարդաց դրանք բոլորը, որից հետո խնդրեց՝ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Երբ սկսեց հոգևորապես առաջադիմել, որոշեց դուրս գալ կուսակցությունից և թողնել քաղաքականությունը։ Այդ մասին իմանալով՝ Տրուխիլիոն նրան առաջարկեց Պուերտո Ռիկոյում Դոմինիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Սակայն Լուիսը մերժեց առաջարկը, թեև գիտակցում էր, որ դրա պատճառով խնդիրներ է ունենալու։

«Իմ հանդեպ ամեն տեսակ վատ վերաբերմունք տեսել եմ,— պատմում էր Լուիսը։— Իշխանությունները իմ դեմ լարում էին ամեն տեսակ ծուղակ։ Բայց ես վճռել էի, որ չեմ ընկնի այս աշխարհի հաճույքների թակարդը»։ Լուիսը այնքան եռանդով էր պատմում բարի լուրը բոլորին, որ կաթոլիկ քահանաները նրան «քարոզիչ» կոչեցին։ Առաջին անգամ ժողով գնալուց ընդամենը վեց ամիս հետո՝ 1947-ի հոկտեմբերի 5-ին, նա մկրտվեց։

Մկրտվելուց հետո Լուիսի հանդեպ հետապնդումներ սկսեցին, նրան բանտարկեցին, նույնիսկ մենախուց նստեցրին։ Մի քանի անգամ փորձեցին սպանել նրան։ Այդուհանդերձ, ամեն անգամ, երբ նրան ձերբակալում էին ու դատարան տանում, նա, օգտվելով առիթից, վկայություն էր տալիս։ «Հավատիս համար ես կռվում էի առյուծի պես,— պատմում էր նա։— Ամեն անգամ այդ օրերը հիշելիս մի տեսակ ուրախություն եմ զգում»։

Հասարակության կողմից աննկատ չմնաց այն, որ Լուիսը հավատարմորեն ծառայում է Աստծուն։ 1994-ին դոմինիկյան «Էլ Սիգլո» թերթում նրա մասին գրվեց. «Պարոն Լուիս Էդուարդո Մոնտասը Սան Կրիստոբալում հայտնի է որպես լրջամիտ մարդ։ Նա ասես Աստծու մարդ լինի՝ կարեկից և մեղմաբարո։ Սան Կրիստոբալի պատմության մեջ այն ամենը, ինչ կապված է այս մարդու հետ, խոսում է նրա իսկական քրիստոնյա լինելու մասին»։