Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Եվրոպա

Եվրոպա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 47

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 741 311 996

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1 611 036

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 847 343

Այցելություն Թագավորության սրահ

Ֆինլանդիա։ Չորրորդ դասարանի աշակերտները Թագավորության սրահում

Ֆինլանդիայում չորրորդ դասարանում սովորող Ինեսը, երբ իմացավ, որ կրոնագիտության դասին խոսելու են Եհովայի վկաների մասին, որոշեց ամբողջ դասարանին հրավիրել Թագավորության սրահ։ Այդ միտքը դուր եկավ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցչին։

Հաջորդ շաբաթ 38 աշակերտները հեծանիվներով եկան Թագավորության սրահ, որը մոտ 5 կիլոմետր հեռու էր։ Եկան նաև դպրոցի  տնօրենը և երկու ուսուցչուհի։ Երկու եղբայր և երեք քույր դիմավորեցին նրանց Թագավորության սրահում։ Փոքրիկ հյուրասիրության ընթացքում երեխաները հարցեր էին տալիս Սրահի և Վկաների մասին. «Ի՞նչ եք անում ժողովի ժամանակ», «Այս ի՞նչ սենյակ է» (ցույց տալով գրադարանը), «Պատի վրա ինչո՞ւ է գրված 6-ը բաժանած 10-ի» (տարվա խոսքի՝ Մատթեոս 6։10-ի վերաբերյալ)։

Քանի որ դպրոցը մասնակցում էր մի ծրագրի, որի նպատակն է կանխել դպրոցականների շրջանում ծաղրուծանակի ու ճնշումների դրսևորումները, եղբայրները jw.org-ից ցուցադրեցին «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիան։ Նաև ներկայացրին կայքի տարբեր բաժիններ ու լսեցին Թագավորության երգերից մեկը։ Այցելությունը տևեց մոտ մեկ ժամ։

Տնօրենը, ուսուցիչները և երեխաները շատ ոգևորված էին։ Տնօրենին հետաքրքրեցին կայքի նյութերը։ Նա մտածեց, որ դրանք կարելի է օգտագործել կրոնագիտության դասերի ժամանակ։ Իսկ երբ իմացավ, որ մյուս դասարաններն էլ կարող են այցելել Թագավորության սրահ, ավելի ուրախացավ։ Հաջորդ օրը մի ուսուցիչ կապ հաստատեց Վկաների հետ և հարցրեց, թե արդյոք կարող է իր դասարանի հետ գալ Թագավորության սրահ։

Աղբանոցում նա գանձ գտավ

Քրիստինան, ով ապրում է Ռումինիայում, երբեք դպրոց չի գնացել և գրել-կարդալ չգիտեր։ Նա ապրուստ էր հայթայթում քաղաքի աղբարկղերից մետաղյա և պլաստիկ տարաներ հավաքելով։ Մի օր աղբանոցում նրա աչքն ընկավ աստվածաշնչյան գրականության վրա, որտեղ երջանիկ մարդկանց նկարներ կային։ Նա մտածեց. «Ուրեմն այս աշխարհում երջանիկ մարդիկ կան»։ Ցանկանալով իմանալ, թե ինչ է գրված հրատարակություններում, նա խնդրեց մեկին, որ կարդա իր համար։ Լսելով, որ դրանք կրոնին են առնչվում, Քրիստինան ապշեց, թե ինչպես կարող  էին մարդիկ Աստծու Խոսքի մասին տեղեկությունը աղբանոց նետել։ Քրիստինան շարունակեց աղբանոցում փնտրել դեն նետված գրքույկներ, թերթիկներ և ամսագրեր։ Կային, որ վնասված չէին, բայց կային՝ պատռված էին։ Նա կարդալ սովորեց հատուկ նրա համար, որ իմանա, թե ինչեր կան գրված դրանց մեջ։

 Հետագայում Վկաները հանդիպեցին Քրիստինային և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ Նա շատ ուրախ էր, որ ուրիշների դեն նետած գրականության միջոցով ճանաչել է Եհովային, և Նա դեպի իրեն է ձգել նրան։ Այժմ Քրիստինան հաճախում է ժողովի հանդիպումներին, որտեղ նորանոր բաներ է սովորում։ Այլևս աղբանոցում գրականություն փնտրելու կարիք չկա. նա ունի նոր ամսագրեր, գրքեր ու գրքույկներ։ Քրիստինայի գտածը իսկապես որ գանձ էր։

Աստվածաշնչի ուսումնասիրություն անտառում

Գերմանիա։ Մարգրեթը Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում անտառում

Գերմանիայում ապրող Մարգրեթը ամեն առավոտ իր շան հետ գնում է անտառ՝ զբոսանքի։ Նա պատմում է. «Այնտեղ ես փորձում եմ զրուցել մարդկանց հետ։ Երբ անկաշկանդ զրույց է ստացվում, ես թեման փոխում եմ Աստվածաշնչի վրա»։

Մի անգամ նա հանդիպեց 70-անց մի կնոջ, որը նույնպես շան հետ դուրս էր եկել զբոսնելու։ Քույրը սկսեց խոսել նրա հետ, և կինն ասաց, որ իրեն հաճելի են այդ թեմաները, և որ ինքը աղոթում է Աստծուն ու ամեն օր Աստվածաշունչ է կարդում։ Դրանից հետո նրանք ամեն օր հանդիպում էին և խոսում Աստվածաշնչից։ Մի օր այդ կինը հարցրեց Մարգրեթին. «Ինչպե՞ս է, որ այդքան լավ գիտես Աստվածաշունչը»։ Մարգրեթը ասաց, որ Եհովայի վկա է։

Մի քանի անգամ Մարգրեթը նրան Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն առաջարկեց, բայց նա մերժեց։ Սակայն դա չխանգարեց, որ նրանք շարունակեն հանդիպել ու զրուցել։ Մի քանի ամիս հետո Մարգրեթը նորից ուսումնասիրություն առաջարկեց։ Այս անգամ կինը խոստովանեց, որ չի ընդունում առաջարկը, քանի որ ապրում է մի տղամարդու հետ, ով չի սիրում Եհովայի վկաներին։

 Հաջորդ անգամ, երբ Մարգրեթը գնաց զբոսնելու, իր հետ վերցրեց Աստվածաշունչ և «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Երբ նա հանդիպեց այդ կնոջը, ասաց. «Այս անգամ առաջարկում եմ Աստվածաշնչի ուսումնասիրություն ոչ թե ձեր տանը, այլ անտառում»։ Կինը, արցունքներն աչքերին, համաձայնվեց։ Նա շաբաթը վեց օր գալիս է անտառ՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Կախված եղանակից և օրվա ժամից՝ Մարգրեթն ուսումնասիրությունը երբեմն անցկացնում է անձրևանոցի, երբեմն էլ լապտերի լույսի տակ։

Շփոթեցնող պատասխան

Դելֆին անունով մի քույր Բուլղարիայում Աստվածաշունչ էր ուսումնասիրում Իրինա անունով մի կնոջ հետ։ Իրինան թանկ էր գնահատում այն ամենը, ինչ սովորում էր, և կանոնավորաբար հաճախում էր ժողովի հանդիպումներին։ Սակայն նրա ամուսինը չէր ուզում, որ իր կինը որևէ կապ ունենա Եհովայի վկաների հետ։ Ուստի նրանք ընտանիքով տեղափոխվեցին Շվեդիայի փոքր գյուղերից մեկը, և Իրինան կորցրեց կապը Դելֆինի հետ։ Մի օր երկու ռահվիրա քույրեր՝ Ալեքսանդրան ու Ռեբեկան, հանդիպեցին Իրինային։ Եվ քանի որ նա շվեդերեն չգիտեր, քույրերը «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկից բացեցին բուլղարերեն լեզվով էջը և տվեցին, որ կարդա։ Հետո գրքույկի օգնությամբ հարցրին, թե կուզեր՝ իր լեզվով գրականություն բերեն։ Իրինան վստահությամբ գլուխը աջ ու ձախ տարուբերեց։ Քույրերը հեռացան՝ մտածելով, թե նրան չի հետաքրքրում։

Հետո Ալեքսանդրան հիշեց, որ մի քանի շաբաթից Բուլղարիայում ծառայող Լինդա անունով մի շվեդ քույր է գալու, ուստի մտածեց, որ լավ կլինի՝ նրա հետ այցելի Իրինային։ Երբ Լինդան եկավ, նրանք միասին գնացին Իրինայի մոտ։ Իրինան ասաց Լինդային, որ ամեն երեկո աղոթել է Եհովային, որ օգնի շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը։  Նա հաճախ իր հետ վերցնում էր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, որպեսզի ցույց տար Վկաներին, երբ փողոցում նրանց տեսներ։ Սակայն նա երբեք չէր հանդիպում նրանց։ Իրինան շատ ուրախացավ, որ իր լեզվով գրականություն ստացավ։

Լինդան հարցրեց Ալեքսանդրային, թե ինչու էր նա մտածել, թե Իրինան չի հետաքրքրվում։ Երբ Ալեքսանդրան պատմեց պատահածը, Լինդան ծիծաղեց և ասաց, որ բուլղարացիները համաձայնվելիս գլուխը աջ ու ձախ են տարուբերում, ոչ թե վեր ու վար։ Այժմ Իրինան շարունակում է Աստվածաշունչ ուսումնասիրել իր մայրենի լեզվով։ Իսկ ո՞վ է նրան օգնում։ Դելֆինը, ինտերնետի միջոցով։

Հոր լավ օրինակը

Խեմիման ապրում է Իսպանիայում։ Նրան մանկուց սովորեցրել են ճշմարտությունը։ Սակայն երբ յոթ տարեկան էր, ողջ կյանքը փոխվեց։ Մայրը որոշեց, որ այլևս չի ցանկանում լինել Եհովայի վկա, և բաժանվեց ամուսնուց։ Տասներեք տարեկանում Խեմիման դադարեց շփվել Վկաների հետ և մերժեց իր հոր օգնությունը։

Ժամանակի ընթացքում Խեմիման ներգրավվեց հասարակական ու քաղաքական շարժումների մեջ՝ ցանկանալով «արդարություն» հաստատել հասարակ ժողովրդի համար։ Իսկ երբ մնաց առանց աշխատանքի, հայրը՝ Դոմինգոն, առաջարկեց իր հետ ներկարար աշխատել։

Մի օր, երբ միասին աշխատում էին, նա աղջկան առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Խեմիման հրաժարվեց՝ ասելով, որ երբ ցանկություն ունենա, կասի։ Ներկելու ընթացքում հայրը լսում էր Աստվածաշնչի և ամսագրերի ձայնագրություններ, բայց աղջիկը նախընտրում էր փոփ երաժշտություն լսել ականջակալներով։

Դոմինգոն, որ ամուսնացել էր մեկ ուրիշի հետ, 2012-ի նոյեմբերին հրավեր ստացավ մասնակցելու քրիստոնյա զույգերի դպրոցին։ Այն, որ հայրը պատրաստ էր երկու ամիս  սովորել այդ դպրոցում և հետո թողնել ամեն բան ու գնալ, ուր կուղարկեն, անչափ տպավորեց Խեմիմային։ Առաջին անգամ նա իսկապես տեսավ, թե որքան խորն է ճշմարտությունը արմատավորված հոր սրտում։ Նա ցանկացավ իմանալ պատճառը։

Աղջիկը սկսեց երաժշտության փոխարեն լսել հոր միացրած ձայնագրությունները։ Նաև սկսեց հարցեր տալ։ Մի օր էլ, երբ հայրը աստիճանի վրա կանգնած ներկ էր անում, Խեմիման ասաց. «Հիշո՞ւմ ես, որ ասացի, թե երբ ուզեմ Աստվածաշունչ ուսումնասիրել, կասեմ։ Հիմա ուզում եմ»։

Դոմինգոն անչափ ուրախացավ։ 2013 թ. հունվարին նրանք սկսեցին շաբաթը երկու անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Դպրոցը սկսվելու էր ապրիլին։ Հայր ու աղջիկ չդադարեցրին ուսումնասիրությունը. նրանք տեսազանգով էին միանում իրար։ Խեմիման եկավ հոր ավարտականին և մեծ բավականություն ստացավ ծրագրից։ 2013-ի դեկտեմբերի 14-ին նա մկրտվեց։

«Եհովան իմ հանդեպ շատ համբերատար է եղել, ու ես վստահ եմ, որ երբեք հույսը չի կտրել ինձնից,— ասում է Խեմիման։— Նա տվել է ինձ այն, ինչ երբեք չես գտնի այս աշխարհում. իսկական ընկերներ։ Մեր համաշխարհային եղբայրությունը մղում է, որ առավել խորությամբ գնահատեմ Եհովայի մեծագույն սերը»։

Հարգանքի ուժը

2014 թ. մարտի 30-ին Ռուսաստանում երկար տարիների բեթելցի եղբայր Վասիլին գրականության ցուցատախտակի մոտ կանգնած վկայություն էր տալիս Բեթելի հարակից տարածքում, երբ ոստիկանության մեքենա մոտեցավ։ Մեքենայից մի ոստիկան իջավ և, մոտենալով Վասիլիին, քաղաքավարի ասաց, որ դադարեցնի իր գործունեությունը, քանի որ բնակիչներից բողոքներ են եղել։ Մի ուրիշ ոստիկան տեսագրում էր նրանց խոսակցությունը։ Վասիլին որոշեց, որ այդ պահին ճիշտ կլինի՝ չպնդի իր իրավունքները  ու պարզապես հեռանա։ Այդ ընթացքում անցորդներ էին հավաքվել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Երկու օր հետո Վասիլին դիմեց ոստիկանություն ոստիկանապետին տեսնելու խնդրանքով։ Նրա խնդրանքը ընդունվեց։ Հանդիպման ժամանակ նա ոստիկանապետին շնորհակալություն հայտնեց հասարակության օգտին նրանց կատարած կարևոր ծառայության և երկու օր առաջ իր հանդեպ քաղաքավարի լինելու համար։ Ոստիկանապետը թեքվեց իր օգնականի կողմն ու ասաց. «32 տարի է՝ այս համակարգում եմ աշխատում, երբեք չեմ լսել, որ մեկը շնորհակալություն հայտնի մեզ մեր աշխատանքի համար»։ Զրույցի ընթացքում Վասիլին բացատրեց, որ մեր քարոզչական գործունեությունը օրինական է։ Ոստիկանապետը հարցրեց նրան, թե լիովին իրազեկ լինելով հանդերձ իր իրավունքներին՝ ինչու չի հակառակվել ոստիկանի պահանջին։ Վասիլին պատասխանեց. «Ես հարգում եմ ոստիկաններին։ Պատկերացրեք՝ ինչ կմտածեին հավաքվածները, եթե մեղադրեի ոստիկանին, որ օրենքը չգիտի»։ Ոստիկանապետն ու նրա օգնականը անչափ տպավորված էին։ Նրանք վստահեցրին Վասիլիին, որ կարող է հանգիստ քարոզել գրականության ցուցատախտակով, այլևս ոչ մի խնդիր չի լինի։