Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Գործը շարունակվում է

Գործը շարունակվում է

Միսիոներները շարունակում են գործը, բայց գաղտնի

Արգելքը սկիզբ դրեց այն բազմաթիվ դժվարություններին, որոնց հանդիպելու էին եղբայրները։ Միսիոներ Ալմա Պարսոնը պատմում է. «Թագավորության սրահները փակվեցին, իսկ գործն արգելվեց։ Մեր սիրելի հավատակիցների վիճակը շատ վատացավ»։ Այդ ժամանակ Վկաներին հեռացնում էին աշխատանքից, բանտարկում էին։ Ալման գոհունակությամբ  ավելացնում է. «Եհովայի առաջնորդող ձեռքն ու պաշտպանությունը բազում անգամներ ակնհայտորեն երևաց»։ Ապավինելով «Եհովայի առաջնորդող ձեռքին»՝ եղբայրները շարունակում էին իրենց ընդհատակյա գործունեությունը։

Այն օրերի մասին, երբ Վկաներին արգելված էր հանդիպումներ անցկացնել, Լենարդ Ջոնսոնը պատմում է. «Եղբայրները սկսեցին փոքր խմբերով հանդիպումներ անցկացնել հավատակիցների տներում։ Ուսումնասիրում էինք «Դիտարանի» հոդվածները, որոնք բազմացնում էինք միմիոգրաֆով (պատճենահանման սարք)։ Եհովայի բոլոր հավատարիմ ծառաները մեծապես գնահատում էին այն հոգևոր լիցքերը, որ Եհովան շարունակաբար տալիս էր իրենց այս փոքրիկ ուսումնասիրության խմբերի միջոցով»։

Ռոյ և Խուանիտա Բրանտները չլքեցին երկիրը արգելքի ժամանակ

Այդ ժամանակ իշխանությունների կողմից հսկողությունն ավելի էր խստանում, իսկ հալածանքը՝ ուժգնանում։ Սակայն եղբայրներին ու քույրերին դա չէր վախեցնում։ 1950-ի սեպտեմբերի 15-ին քարտուղար Ունգրիան նախագահին տեղեկացրեց հետևյալը. «Պարոն Լի Ռոյ Բրանտը և Եհովայի վկաների խմբի մյուս ղեկավարները շարունակաբար կանչվել են մեր աշխատասենյակ և կարգադրություն են ստացել, որ մեր Հանրապետությունում օրինականորեն լուծարված այս կազմակերպության պրոպագանդան դադարեցնեն. հրաման, որին ակներևաբար նրանք չեն հետևում։ Մենք ամեն օր տեղեկություններ ենք ստանում երկրի տարբեր ծայրերից, որ նրանք շարունակում են գաղտնի առաջ տանել իրենց պրոպագանդան՝ ծաղրելով իշխանության կարգադրությունները»։ Նամակը եզրափակվում էր առաջարկով, որ երկրից արտաքսվեն Եհովայի վկաների «օտարերկրացի ղեկավարները»։

«Զորության աղբյուր»

1950 թ. վերջին եղբայր Նորը և եղբայր Հենշելը այցելեցին Դոմինիկյան Հանրապետություն, ինչից հետո միսիոներներից  ոմանք նշանակվեցին Արգենտինա, Գվատեմալա և Պուերտո Ռիկո։ Սակայն ոմանք աշխատանքի ընդունվեցին, որպեսզի կարողանան մնալ երկրում։ Եղբայր Բրանտը, օրինակ, սկսեց աշխատել էլեկտրոցանցի մի ընկերությունում, ոմանք էլ դարձան անգլերենի ուսուցիչ։ 1951 թ. «Տարեգրքում» այս միսիոներների մասին ասվում էր. «Միայն նրանց ներկայությունը, այն, որ չհեռացան երկրից, զորացնում էր հավատարիմներին՝ Տիրոջ հետևորդներին, ովքեր ճշմարտությունը լսել էին նրանցից։ Բոլորին ոգևորում էր նրանց խիզախությունը, որն ակնհայտ էր նրանով, որ կառչած մնացին իրենց ծառայությանը»։

«Միայն նրանց ներկայությունը.... զորացնում էր հավատարիմներին»

Դորըթի Լորենսը այն միսիոներներից մեկն էր, որ անգլերեն դասեր էր տալիս։ Անգլերեն սովորեցնելուց բացի, նա նաև Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում հետաքրքրվող մարդկանց հետ։ Այդպես նա մի քանիսին օգնեց գալ ճշմարտության։

Եհովայի հավատարիմ ծառաները այլ կերպեր էլ էին փնտրում քարոզչական ծառայությունն իրականացնելու՝ չնայած մշտական խիստ հսկողությանը։ Երբեմն նրանք գրքերի թերթերն առանձնացնում էին և դրանք ծալած դնում էին իրենց վերնաշապիկի գրպանը կամ մթերքի տոպրակում, որպեսզի կարողանան քարոզել առանց ուշադրություն գրավելու։ Հաշվետվության թերթիկները կազմվեցին այնպես, ասես դրանք մթերքի ցուցակ էին. գրքի, գրքույկի, ամսագրի, վերայցելության և ժամի փոխարեն հաշվետվության թերթիկի  վրա գրված էր պապայա, լոբի, ձու, կաղամբ և սպանախ։ Միմիոգրաֆով արված «Դիտարանի» պատճենների ծածկանունն էր՝ արմավաշուշան (յուկա) կամ մանիոկա, բույսեր, որոնք տարածված են այդ տարածքում։

Աշակերտներ պատրաստելու գործը շարունակվում է

1954 թ. հունիսի 16-ին Ռաֆայել Տրուխիլիոն դաշնագիր ստորագրեց Վատիկանի հետ, որով կաթոլիկ եկեղեցին Դոմինիկյան Հանրապետությունում հատուկ արտոնություններ էր ստանում։ Այդ ժամանակ արդեն մոտ չորս տարի էր, որ Եհովայի Վկաների գործունեությունը արգելքի տակ էր դրված։ Չնայած դրան՝ 1955 թ.-ին երկրում կային 478 քարոզիչներ։ Ինչպե՞ս էր հնարավոր այդպիսի աճ նման պայմաններում։ 1956 թ. «Տարեգրքում» ասվում էր. «Մեր զորության գաղտնիքը Եհովայի ոգին է։ Եղբայրները միասնական են և ուժեղ հավատի մեջ, նրանք համարձակորեն առաջ են գնում»։

1955 թ. հուլիսին գլխավոր վարչությունը պաշտոնական՝ նոտարի կողմից հաստատված մի նամակ ուղարկեց նախագահ Տրուխիլիոյին։ Նամակում մանրամասն բացատրվում էր Եհովայի վկաների դիրքորոշումը չեզոքության հարցում, ինչպես նաև ներկայացվում էր խնդրանք դադարեցնելու Եհովայի վկաների ու «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան  ընկերության» հանդեպ հետապնդումները։ Ի՞նչ եղավ արդյունքը։