Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Աֆրիկա

Աֆրիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 58

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 994 839 242

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1 421 375

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 3 516 524

Նրանք հետևեցին իրենց ուսուցչին

Երիտասարդ ռահվիրա Ժոզեն ապրում է Անգոլայում՝ Լուանդայի արվարձաններում։ Նա աշխատում է Թագավորության սրահի հարևանությամբ գտնվող դպրոցում։ Քրիստոնեական հատկություններ դրսևորելու և լավ ուսուցիչ լինելու շնորհիվ նա վայելում է իր 86 աշակերտների սերն ու հարգանքը։ Որպեսզի չորեքշաբթի օրերին կարողանար ներկա լինել ժողովի հանդիպմանը, որը  սկսվում էր ժամը չորսին, նա թույլտվություն էր ստացել այդ օրերին շուտ դուրս գալ աշխատանքից։ Նա ամեն չորեքշաբթի դպրոցից անմիջապես գնում էր Թագավորության սրահ։

Նրա աշակերտներից ոմանց սկսեց հետաքրքրել, թե ինչու է Ժոզեն շուտ դուրս գալիս աշխատանքից և ուր է գնում։ Իրենց հետաքրքրությունը բավարարելու համար նրանցից երկուսը հետևեցին Ժոզեին և գնացին Թագավորության սրահ։ Մի օր էլ ուրիշ երեքը գնացին այնտեղ ու ներկա եղան ժողովին, որի ժամանակ՝ Ծառայողական հանդիպմանը, Ժոզեն ելույթ ներկայացրեց։ Այս լուրը շատ արագ տարածվեց ամբողջ դասարանում։ Հաջորդ շաբաթների ընթացքում Թագավորության սրահ գնացող աշակերտների թիվը 5-ից հասավ 21-ի։ Այնտեղ նրանց առաջարկեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն, և մեծ մասը ընդունեց առաջարկը։ Երբ աշակերտները իրենց հետ աստվածաշնչյան գրականություն տարան դպրոց, մյուսներն էլ սկսեցին հետաքրքրվել և գնալ ժողովի հանդիպումներին։ Ուսումնական տարվա ընթացքում 86 աշակերտներից 54-ը եկան Թագավորության սրահ։ Ըստ Ժոզեի հայտնած տեղեկությունների՝ նրա աշակերտներից 23-ը հոգևորապես առաջադիմում են և շարունակում են մասնակցել ժողովներին։

Չկա՞ բավականաչափ տարածք

Նիգերիա։ Ջոզեֆն ու Էվազին ծառայության ժամանակ օգտագործում են DVD նվագարկիչ

Երբ հատուկ ռահվիրա Ջոզեֆ և Էվազի զույգը ժամանեց իր նշանակման վայր՝ Նիգերիա, մի քանի քարոզիչներ տխուր ասացին. «Մենք բավականաչափ տարածք չունենք։ Այն շատ հաճախ է մշակվում»։ Մեկ տարի անց եղբայր Ջոզեֆը մասնաճյուղին գրեց. «Մենք քարոզում ենք ժողովի տարածքում շաբաթվա բոլոր օրերին՝ չնայած մարդկանց  անտարբերությանն ու կանխակալ կարծիքին։ Ծառայության ենք գնում DVD նվագարկիչներով և ցույց ենք տալիս մեր տեսանյութերը երեխաներին, պատանիներին, ինչպես նաև չափահասներին։ Ամեն ամիս ես ու կինս անցկացնում ենք 18 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Երբեմն նույնիսկ չենք հասցնում այցելել մեր բոլոր ուսուցումներին։ Երեխաները միշտ խնդրում են, որ ցույց տանք մուլտիկները»։

 Օգնության կանչ կղզուց

Կոնգո (Կինշասա)։ Քարոզում են ձկնորսի

2014թ. ապրիլին Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղը մի հուզիչ նամակ ստացավ Կիվու լճի Իբինջա կղզում ապրող մի խումբ ձկնորսներից։ Գործի բերումով նրանք հաճախ են նավարկում դեպի մոտակա քաղաքներ։ Մի օր՝ հենց այդպիսի ճամփորդության ժամանակ, Բուկավու քաղաքում նրանք հանդիպեցին Եհովայի վկաների։ Վկաները նրանց հայտնեցին բարի լուրը և Աստվածաշունչ ու գրականություն տվեցին։

Ձկնորսներին դուր եկավ այն ամենը, ինչ կարդացին, ու նրանք սկսեցին իրենց իմացածի մասին պատմել կղզու բնակիչներին։ Քանի որ շատերը հետաքրքրվեցին, ձկնորսները իրենց մարդկանցից մեկին ուղարկեցին Բուկավու՝ Վկաներին գտնելու և նրանց Իբինջա հրավիրելու համար։ Այդ մարդը չկարողացավ գտնել Վկաներին, ուստի նամակ գրեց մասնաճյուղ. «Խնդրում եմ, Վկաներ ուղարկեք մեզ մոտ, որպեսզի օգնեն մեզ իրենց պես լավ իմանալ Աստվածաշունչը ու սովորել, թե ինչպես կարող ենք ապրել հավիտյան։ Մենք պատրաստ ենք նրանց կացարանով ապահովել։ Ես իմ սեփական տարածքը կտրամադրեմ եկեղեցի կառուցելու համար։ Մենք Աստվածաշնչից և ձեր գրականությունից հասկացել ենք, որ քահանաները մեզ սխալ բաներ են սովորեցրել։ Մենք համոզված ենք, որ գտել ենք ճշմարիտ կրոնը։ Իբինջայում շատերը կցանկանան ուսումնասիրել Աստվածաշունչն ու դառնալ Եհովայի վկա»։

Նամակում ասվում էր, որ կղզում մոտ 40 հոգի հետաքրքրվում է ճշմարտությամբ։ Իբինջայում ապրում է ավելի քան 18 000 մարդ, բայց չկան Վկաներ։ Մասնաճյուղը անմիջապես երկու հատուկ ռահվիրա նշանակեց Իբինջա, որոնք խոսում էին տեղացիների լեզվով։

Քահանան փոխեց իր վերաբերմունքը

«Երբեք բաց չեմ թողնի Հիշատակի երեկոն»։ Այսպես արտահայտվեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում   հայտնի բողոքական եկեղեցիներից մեկի քահանան։ Իսկ ի՞նչն էր մղել նրան ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ տարբեր ռասայի երկու եղբայրներ թակեցին նրա տան դուռը։ Հաշվի առնելով նրա նախկին արձագանքը՝ եղբայրները մտածում էին, որ հավանաբար նա չի ցանկանա խոսել իրենց հետ։ Նրանցից մեկը՝ Ադանը, պատմում է. «Ի զարմանս մեզ՝ նա բացեց դուռը ու ներս հրավիրեց։ Մենք երկար զրուցեցինք։ Նա շատ էր զարմացել՝ տեսնելով, որ սպիտակամորթը քարոզում է սևամորթների թաղամասում և խոսում է իրենց մայրենի լեզվով։ Քահանան սկսեց կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել»։

Ադանը շարունակում է. «Այս մարդը ավելի քան 40 տարի ծառայել է միսիոներ և քահանա, բայց միայն 80 տարեկան հասակում նա գտավ իր բոլոր հարցերի պատասխանները։ Նա շատ է սիրում «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը։ Ուսումնասիրության ժամանակ անգիր է անում որոշ մտքեր և հետո դրանք մեջբերում է եկեղեցու իր քարոզներում։ Նա իր հոտի անդամներին ցույց է տվել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և ասել է. «Երբ Եհովայի վկաները ձեր տուն գան այս գրքով, ընդունեք նրանց և լսեք, թե ինչ են նրանք ասում, քանի որ այս գիրքը լի է հոգևոր գանձերով»»։

Քահանան խոստովանեց, որ իր եկեղեցու առաջնորդները խստորեն հանդիմանել են իրեն և զգուշացրել, որ չխոսի Եհովայի վկաների մասին եկեղեցու քարոզների ժամանակ։ Նա չգիտեր ինչ անել։ Ադանը հիշեց, որ 2013թ. «Տարեգրքում» գրված էր մյանմացի մի քահանայի մասին։ Երբ նա կարդաց այդ պատմությունը նրա համար, նա ասաց. «Իսկը իմ մասին է։ Ես շատ կարևոր որոշում պետք է կայացնեմ։ Չպետք է ուշացնել»։

 Քահանան 2014 թ. ապրիլի 14-ին առաջին անգամ ներկա եղավ Հիշատակի երեկոյին և վճռեց խզել իր բոլոր կապերը կեղծ կրոնի հետ ու երբեք բաց չթողնել այդ միջոցառումը։

Կակաոյի պլանտացիաներում

Գանա։ Բաֆուրն ու Արոնը քարոզում են կակաոյի պլանտացիայում

Բաֆուրն ու Արոնը հատուկ ռահվիրա են ծառայում Արևմտյան Գանայի Բոկաբո մարզում։ Այս ընդարձակ տարածքում մարդիկ կակաո են աճեցնում։ Նրանց տները իրարից հեռու են։ Այդ մարդկանց հնարավոր է հասնել միայն կակաոյի պլանտացիաների միջով անցնող նեղ արահետներով, որոնք այնքան շատ են, որ եթե հանկարծ շփոթվես, հեշտությամբ կմոլորվես։ Մի օր իրենց սովորական ճանապարհով գնալու փոխարեն՝ ռահվիրաներն ուրիշ ճանապարհով գնացին և դուրս եկան մի բնակելի տարածք, որտեղ երբեք չէին եղել։ Այնտեղ նրանք հանդիպեցին ամուսիններ Մայքլին և Փեյշնսին, ովքեր հետաքրքրվեցին ճշմարտությամբ և ուրախությամբ ընդունեցին Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Մայքլն ասաց նրանց. «Երկու տարի է՝ չենք գնում եկեղեցի, քանի որ այնտեղ տեսել ենք բաներ, որոնք հակասում են Աստվածաշնչին։ Ես ու Փեյշնսը սկսեցինք ամեն երեկո ինքնուրույն Աստվածաշունչ ուսումնասիրել՝ փորձելով գտնել մեր հարցերի պատասխանները։ Աստծուց խնդրում էինք, որ օգնի մեզ գտնել ճշմարտությունը»։ Մայքլն ու Փեյշնսը սկսեցին հաճախել հանդիպումներին, չնայած որ պետք է պլանտացիաների միջով երկար ճանապարհ անցնեին։ Անցած տարի ամուսինները մկրտվեցին և սկսեցին ռահվիրա ծառայել։ Այժմ նրանք էլ են անցնում կակաոյի պլանտացիաների արահետներով՝ փնտրելու այն մարդկանց, ովքեր իրենց պես աղոթում են Աստծուն՝ ճշմարտությունը գտնելու համար։

Մայքլն ու Փեյշնսը անցնում են պլանտացիաների միջով