Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամերիկա

Ամերիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 57

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 980 780 095

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 4 034 693

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 4 339 285

Մանկատան երեխաները հաճախում են ժողովի հանդիպումներին

Անժելան, ով ապրում է Սուրինամում, այցելեց իր տան մոտ գտնվող մանկատուն։ Պարզվեց, որ մանկատան տնօրենը ոչ ակտիվ քույր է։ Վերջինս թույլ տվեց, որ նա խոսի երեխաների հետ։ Անժելան զրուցեց 85 երեխաների հետ և jw.org-ից տեսանյութեր ցույց տվեց։ Արդյունքում՝ նա շատերի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Նրան միացան երկու  ռահվիրաներ, որոնք առանձին խմբերի հետ սկսեցին ուսումնասիրել։ Ոչ ակտիվ քույրը ասաց, որ մեր երգարանից երգեր է սովորեցրել երեխաներին, իսկ երեկոները նրանց համար աստվածաշնչյան պատմություններ է կարդում։ Նա ցանկանում էր հաճախել ժողովի հանդիպումներին, սակայն չէր կարող 85 երեխաներին մենակ թողնել մանկատանը։ Այդ պատճառով քայլեր ձեռնարկվեցին, որ բոլորը միասին գնան Թագավորության սրահ։ Քանի որ մանկատունը հեռու չէր, եղբայրները երեխաներին ուղեկցեցին Սրահ։ Այժմ մանկատան տնօրենը՝ մեր քույրը, բոլոր 85 երեխաների հետ կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին։

Պապիկը չմերժեց թոռնիկին

Պարագվայ։ Գաբրիելը տեսազանգի միջոցով խոսում է պապիկի հետ

Պարագվայում համաժողովից տուն վերադառնալու ճանապարհին վեց տարեկան Գաբրիելը մտածում էր, որ շատ կարևոր է քարոզել Թագավորության լուրը։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ կա մեկը, ում հետ ինքը շատ կուզեր ապրել Դրախտում։ Այդ մարդն իր պապիկն էր։ Սակայն պապիկը ոչ միայն չէր հետաքրքրվում ճշմարտությամբ, այլև դեմ էր, որ իր ընտանիքի անդամները Վկաներ էին։

Այդ օրը Գաբրիելը խնդրեց ծնողներին տեսազանգով կապվել պապիկի հետ, որը ապրում էր Արգենտինայում։ Գաբրիելը բացատրեց պապիկին, թե ինչու է կարևոր ուսումնասիրել Աստվածաշունչը, և անմիջական հարց ուղղեց. «Պապի՛կ, կուզե՞ս ես քո հետ Աստվածաշունչ ուսումնասիրեմ»։ Պապիկը համաձայնվեց։ Գաբրիելն առաջարկեց ուսումնասիրությունն անել «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկով։ Հաջորդ ամիսների ընթացքում պապ ու թոռ միասին ուսումնասիրեցին այդ գրքույկը։ Քանի որ երկուսն էլ չէին կարողանում վարժ կարդալ,  նախապես պատրաստվում էին։ Գաբրիելը մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին. նա հագնում էր գեղեցիկ վերնաշապիկ և կապում էր փողկապ։

Որոշ ժամանակ անց Գաբրիելի պապիկն ու տատիկը որոշեցին մի քանի շաբաթով այցելել նրանց։ Այդ ընթացքում պապիկը բոլորի հետ միասին հաճախեց ժողովի հանդիպումներին, իսկ տուն վերադառնալուն պես ուսումնասիրությունը շարունակեց տեղի եղբայրներից մեկի հետ։ Շատ չանցած՝ նա դարձավ չմկրտված քարոզիչ։ Այժմ Գաբրիելի տատիկն ու պապիկը միասին են աղոթում։ Փոքրիկը նույնպես հոգևորապես առաջադիմում է։ Հիմա նա չմկրտված քարոզիչ է։ Իսկ պապիկը ցանկություն է հայտնել մկրտվելու։

«Դա պատահականություն չէր»

Բրազիլիայում «Կարո՞ղ են մահացածները նորից ապրել» թերթիկը տարածելիս Ջենիֆերը թակեց մի կնոջ տան դուռ, ով պատրաստվում էր գնալ իր ընկերուհու թաղմանը։  Ջենիֆերն ասաց, որ պատահմամբ իր մոտ կա մի թերթիկ, որտեղ խոսվում է մահացած մտերիմներին դարձյալ տեսնելու հույսի մասին։ Նայելով թերթիկի վերնագրին՝ կինը մի պահ տարակուսեց, բայց վերցրեց այն։ Ջենիֆերը հարցրեց, թե չէր ուզի արդյոք մի քանի թերթիկ էլ վերցնել, որպեսզի տար սգացող ընտանիքին։ Կնոջը դուր եկավ այդ միտքը, ու նա ևս ինը թերթիկ վերցրեց։

Հետո, երբ Ջենիֆերը այցելեց այդ կնոջը, նա ասաց. «Այն օրը, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես հետո հասկացա, որ դա պատահականություն չէր։ Աստված էր քեզ ուղարկել, որ մխիթարեիր ինձ։ Ես դրա կարիքը շատ ունեի»։ Այդ կինը բաժանել էր բոլոր թերթիկները։ Թաղման ժամանակ մահախոսական ասող տղամարդը բոլորի համար բարձրաձայն կարդացել էր թերթիկը։ Բոլորը կնոջը շնորհակալություն էին հայտնել մխիթարական լուր բերելու համար։ Երբ Ջենիֆերը նրան առաջարկեց Աստվածաշնչի ուսումնասիրություն, կինը հաճույքով համաձայնվեց։

Վկայություն «թափ-թափ»-ում

Հայիթիում երեք բեթելցիներ ճանապարհորդում էին «թափ-թափ»-ով՝ գունագեղ նկարազարդված տաքսի-ավտոբուսով, որը միշտ լի է լինում մարդկանցով։ Երկուսուկես ժամվա ընթացքում՝ մինչ նրանք կհասնեին իրենց ուզած վայրը, վկայություն տվեցին ուղևորներին, բաժանեցին 50 ամսագիր և 30 թերթիկ։ Բեթելցիներից մեկը՝ Գուրվիթչը, ուղևորներից մեկի համար մի հատված կարդաց «Արթնացե՛ք»-ից։ Պեպե անունով մի երիտասարդ, լսելով նրա կարդացածը, իսկույն ներգրավվեց զրույցի մեջ։ Նա խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Պարզվեց, որ նա ապրում է հենց այն տարածքում, որտեղ Գուրվիթչի ժողովն է։ 2014 թ. հունվարից սկսած՝ Պեպեն ներկա է լինում ժողովի գրեթե բոլոր հանդիպումներին և համաժողովներին։ Նա իր նոր գտած հավատի մասին պատմում է ուրիշներին և ցանկանում է դառնալ քարոզիչ։