Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ազատություն և կրկին արգելք

Ազատություն և կրկին արգելք

Անսպասելի ազատություն

Մանուել Իռեսուելոն սպանվեց իշխանությունների կողմից հարցաքննվելիս

Արգելքի դժվար տարիներին Լենարտ ու Վիրջինիա Ջոնսոնները և Ռոյ ու Խուանիտա Բրանտները մնացին իրենց միսիոներական նշանակման մեջ։ Լենարտը պատմում է. «Ինձ ու Ռոյ Բրանտին կանչեցին հարցաքննության։ Մինչ այդ Տրուխիլիոյի կառավարության պաշտոնյաները իրենց մոտ էին կանչել եղբայր Մանուել Իռեսուելոյին»։ Դժբախտաբար, նա հարցաքննության ժամանակ սպանվել էր՝ պահելով իր անարատությունը մինչև վերջ։ Իսկ ի՞նչ արեցին Լենարտի և Ռոյի հետ։ Եղբայրը շարունակում է. «Այնտեղ մեզ առանձին հարցաքննեցին։ Ակնհայտորեն մեր պատասխանները ձայնագրվում էին։ Մոտ երկու ամիս ոչ մի արտառոց բան չեղավ։ Հետո թերթերը հայտնեցին, որ Տրուխիլիոյի կառավարությունը հանել է Եհովայի վկաների գործունեության վրա դրված արգելքը։ Մենք կարող էինք կրկին ազատ գործել»։

1950-ի արգելքից առաջ երկրում քարոզելու գործին ակտիվ մասնակցում էին 261 քարոզիչներ։ Իսկ 1956 թ. օգոստոսին, երբ արգելքը հանվեց, բարի լուրի քարոզիչների թիվն արդեն 522 էր։ Եղբայրների համար մեծ ուրախություն էր, որ բանտարկությունները, արգելքն ու խիստ հսկողությունը մնացին անցյալում, և հիմա նրանք ազատ են բացահայտորեն ծառայելու Աստծուն։

Իսկ ինչպե՞ս դրսևորվեց Աստծու ժողովրդի ուրախությունը, որ պատճառեց դեպքերի այս անսպասելի շրջադարձը։ Նրանք սկսեցին վերակազմակերպել գործը։ Անմիջապես ժողովներն անցկացնելու տեղ փնտրեցին և թարմացրին տարածքի քարտեզն ու ժողովի թղթերը։ Եղբայրները մեծ գոհունակություն էին զգում, որ կարող են պատվիրել ու ստանալ գրականություն։ Օգտվելով իրենց ազատությունից՝ նրանք նախանձախնդրությամբ լծվեցին քարոզելու գործին։ Արդյունքում՝ ընդամենը երեք ամիս անց՝ 1956-ի նոյեմբերին, քարոզչական գործին ակտիվորեն մասնակցում էր 612 քարոզիչ։

 Ատելությամբ լցված հոգևորականության քայլերը

Տոլեդանոյի հուշագիրը, որտեղ ներկայացվում էին մեր գրականության ներմուծումն արգելող ծրագրեր

Կաթոլիկ հոգևորականությունը անմիջապես սկսեց նենգ քայլեր ձեռնարկել Եհովայի վկաների դեմ։ Հենվելով Վատիկանի հետ կնքած Տրուխիլիոյի դաշնագրի վրա՝ հոգևորականությունն ավելի ուժգնացրեց իր ջանքերը՝ ստիպելու համար, որ կառավարությունը երկրից վերացնի Վկաներին։ Քահանա Օսկար Ռոբլես Տոլեդանոն հուշագիր ուղարկեց ներքին գործերի նախարարություն՝ Վիրխիլիոս Ալվարես Պինային, կառավարությանը խնդրելով աջակցել իրենց ջանքերին, որ ուղղված են «բնակչության մեջ զգոնություն արթնացնելու այն ծայրահեղ վտանգների հանդեպ, որ ներկայացնում է Եհովայի վկաների աղանդը»։

Տոլեդանոն բացատրում էր, որ իր գլխավոր նպատակն է «կասեցնել Եհովայի վկաների կողմից իրականացվող դավանափոխության արշավը»։ Նա իր հուշագրում առաջարկում էր նաև թույլ չտալ, որ մեր հրատարակությունները, «հատկապես «Ճշմարտությունը կազատի ձեզ» գիրքը և «Դիտարան» ամսագիրը» երկիր մտնեն։

 Կրկին արգելք

Կրոնական առաջնորդները և Տրուխիլիոյի կառավարության մեջ նրանց համախոհները միասին Եհովայի վկաների դեմ դավադրություն կազմակերպեցին։ Դոմինիկյան կուսակցության նախագահ Ֆրանսիսկո Պրաց-Ռամիրեսը 1957 թ. հունիսին հուշագիր գրեց Տրուխիլիոյին, որտեղ բացատրում էր. «Ես ծրագրում եմ մի շարք հանդիպումներ անցկացնել՝ ուղղված Եհովայի վկաների կործանարար և հակապետական տենդենցների դեմ»։

Ինչպես հետագայում ներկայացվեց «Տրուխիլիոն. Կարիբյան կղզիների փոքրիկ կայսրը» գրքում, այս զրպարտչական մեքենայի ազդեցությունն անմիջապես զգացվեց։ Գրքում ասվում է. «1957 թ. ամռան ամիսներին դոմինիկյան թերթերը հեղեղված էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Եհովայի վկաների հասցեին հնչած մեղադրական հոդվածներով, որտեղ նրանց դատապարտում էին «խռովարար ու պառակտիչ» գործունեության համար։ Զրպարտությունների այս շղթայի սկիզբը եղավ այն, որ մի օր ճիզվիտ քահանա Մարիանո Վասկես Սանսը վարկաբեկիչ խոսքեր հնչեցրեց Վկաների հասցեին Տրուխիլիոյին պատկանող «Լա վոս դոմինիկանա» ռադիոկայանով՝ նրանց անվանելով կոմունիզմի ծառաներ, իսկ այդ կրոնին հարողներին՝ «արատավոր, խորամանկ, հանցավոր դավաճաններ ու թշնամիներ»։ Դրան հաջորդեց եկեղեցական մի նամակ, որ ստորագրել էին արքեպիսկոպոսներ Ռիկարդո Պիտինին և Օկտավիո Անտոնիո Բերասը, ինչով կոչ էր արվում քահանաներին պաշտպանել իրենց հոտը «սարսափելի հերետիկոսությունից»»։

Եկեղեցու և պետության միացյալ ուժերը հասան իրենց նպատակին։ Հուլիսին Դոմինիկյան Հանրապետության կոնգրեսը ընդունեց Եհովայի վկաների գործունեությունն արգելող օրենք։ Շուտով մեր եղբայրները դարձան ոստիկանության բռնարարքների թիրախ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվեցին 150 եղբայրներ։