Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Վերադարձիր Եհովայի մոտ

 ՄԱՍ 4

Մեղքի զգացում—«Սրբի՛ր ինձ իմ մեղքից»

Մեղքի զգացում—«Սրբի՛ր ինձ իմ մեղքից»

«Իմ նոր աշխատանքը բարելավեց ընտանիքիս կենսամակարդակը, սակայն դրա պատճառով սկսեցի Եհովային տհաճ բաներով զբաղվել։ Մասնակցում էի տոների, քաղաքական իրադարձությունների, նույնիսկ եկեղեցի էի գնում։ Դարձա ոչ ակտիվ Վկա և այդպես 40 տարի։ Ժամանակն անցնում էր, ու ինձ թվում էր, թե Եհովան այլևս չի ների ինձ։ Ինքս էլ չէի կարողանում ինձ ներել։ Չէ՞ որ նախքան սխալ ճանապարհով ընթանալը ես գիտեի ճշմարտությունը» (Մարթա)։

ՄԵՂՔԻ զգացումը խիղճը տանջող ծանր բեռ է։ Դավիթ թագավորը գրեց. «Անօրենություններս գլխիցս վեր են բարձրացել, ծանր բեռի պես շատ ծանր են ինձ համար» (Սաղմոս 38։4)։ Որոշ քրիստոնյաներ կուլ են գնացել ծայրահեղ տրտմությանը ու համոզված են, որ Եհովան երբեք չի ների իրենց (2 Կորնթացիներ 2։7)։ Այդպես մտածելը ճի՞շտ է։ Անգամ եթե ծանր մեղքեր ես գործել, արդյո՞ք այնքան ես հեռացել Եհովայից, որ նա երբեք չի ների քեզ։ Ո՛չ, Եհովան պատրաստ է ներելու քեզ։

«Եկեք պարզենք մեր հարաբերությունները»

Եհովան չի թողնում զղջամիտ մեղավորին։ Հակառակը՝ նա ինքն է մոտենում նրան։ Անառակ որդու մասին առակում Հիսուսը Եհովային նմանեցրեց սիրող հոր, որի որդին թողեց հայրական տունը և սկսեց ցոփ ու շվայտ կյանք վարել։ Սակայն ժամանակի ընթացքում նա որոշեց տուն վերադառնալ։ Կարդում ենք. «Երբ [որդին] դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան ու խղճահարվեց, ապա վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց» (Ղուկաս 15։11–20)։ Դու է՞լ ես ուզում մոտենալ Եհովային, բայց քեզ թվում է, թե հեռու ես նրանից։ Հիսուսի առակում նշված հոր պես՝ Եհովան սիրում ու կարեկցում է քեզ։ Նա փափագում է, որ դու վերադառնաս իր մոտ։

Գուցե մտածում ես, որ քո մեղքերն այնքան մեծ են կամ այնքան շատ են, որ Եհովան չի ների քեզ։ Նկատիր, թե նա ինչ հրավեր է տալիս քեզ. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները,— ասում է Եհովան։— Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1։18)։ Այո՛, Եհովան ներում է նույնիսկ այն մեղքերը, որ թվում է, թե սպիտակ հագուստի վրա թափված կարմիր ներկի պես անջնջելի են։

Եհովան չի ուզում, որ դու կրես տանջող խղճիդ ծանր բեռը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես խաղաղություն և հանգստություն ձեռք բերել՝ համոզված լինելով, որ Աստված ներել է քեզ, ու քո խիղճն արդեն մաքուր է։ Տե՛ս, թե ինչ երկու քայլ արեց Դավիթ թագավորը։ Նախ՝ նա ասաց. «Հանցանքներս պիտի խոստովանեմ Եհովային» (Սաղմոս 32։5)։ Հիշիր, Եհովան արդեն հրավիրել է քեզ աղոթքով մոտենալ իրեն և «պարզել հարաբերությունները» իր հետ։ Ընդունիր այդ հրավերը։ Խոստովանիր Եհովային քո մեղքերը և ասա նրան, թե ինչ ես զգում։ Դավիթը նման իրավիճակում էր, երբ համոզվածությամբ աղոթեց. «Լվա՛ ինձ իմ անօրենությունից.... Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի» (Սաղմոս 51։2, 17

Երկրորդ՝ Դավիթը ընդունեց Աստծու ներկայացուցչի՝ Նաթան մարգարեի օգնությունը (2 Սամուել 12։13)։ Եհովան կրթել է երեցներին, որպեսզի նրանց միջոցով օգնի զղջացող մեղավորներին վերականգնելու փոխհարաբերությունները իր հետ։ Երբ մոտենաս երեցներին, նրանք Աստվածաշնչի և սրտաբուխ աղոթքների միջոցով կսփոփեն  քեզ, կօգնեն քեզ ազատվելու բացասական զգացմունքներից և ապաքինվելու (Հակոբոս 5։14–16

Եհովան ուզում է, որ դու մաքուր խիղճ ունենաս ու ներքին խաղաղություն վայելես

«Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է»

Քեզ համար գուցե անչափ դժվար է խոստովանել քո մեղքերը Եհովային և մոտենալ երեցներին։ Ակներևաբար, Դավիթը նույնպես այդպես էր զգում։ Մի որոշ ժամանակ նա «լուռ մնաց» ու չխոսեց իր մեղքերի մասին (Սաղմոս 32։3)։ Սակայն հետո նա հասկացավ, որ ավելի լավ է խոստովանել իր մեղքերը և ուղղել իր ընթացքը։ Ինչո՞ւ։

Ամենամեծ օրհնությունն այն էր, որ Դավիթը վերագտավ իր ուրախությունը։ Նա գրեց. «Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է» (Սաղմոս 32։1)։ Բացի այդ, նա աղոթեց. «Ո՜վ Եհովա, բա՛ց արա իմ շուրթերը, որ բերանս գովաբանի քեզ» (Սաղմոս 51։15)։ Ազատվելով մեղքի ծանր զգացումից և հավաստիանալով, որ Աստված ներել է իրեն՝ Դավիթը մղվեց ուրիշներին պատմելու Եհովայի մասին։

Եհովան ուզում է, որ դու մաքուր խիղճ ունենաս ու ներքին խաղաղություն վայելես։ Նա ուզում է, որ դու ուրիշներին իր ու իր նպատակների մասին պատմես ոչ թե մեղքի զգացում ունենալով, այլ անկեղծությամբ ու ցնծությամբ (Սաղմոս 65։1–4)։ Հիշիր Եհովայի հրավերը. «Դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որ Եհովան թարմություն բերի ձեզ» (Գործեր 3։19

Հենց այսպես եղավ Մարթայի դեպքում։ Նա պատմում է. «Տղաս ամեն ամիս «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերն էր ուղարկում ինձ։ Կամաց-կամաց մտերմացա Եհովայի հետ։ Ամենից դժվարն այն էր, որ պետք է ներողություն խնդրեի այն բոլոր մեղքերի համար, որ գործել էի։ Վերջապես, աղոթեցի Եհովային ու խնդրեցի, որ ների ինձ։ Դժվար է հավատալ, որ ես վերադարձա Եհովայի մոտ 40 տարի անց։ Ես կենդանի ապացույց եմ այն բանի, որ անգամ երկար տարիներ հետո անհատը կարող է հնարավորություն ունենալ կրկին զգալու Աստծու սերը և ծառայելու նրան»։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում քեզ համար։

Այն, թե Եհովան ինչպես է անցյալում վարվել մեղք գործած մարդկանց հետ, շատ բան է մեզ ասում նրա ներողամտության մասին։

Մոտեցիր Եհովային

Աստված, որ «ներելու պատրաստ» է

Եթե Աստված ամեն ինչ հիշում է, ինչպե՞ս նա կարող է ներել և մոռանալ։