Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Վերադարձիր Եհովայի մոտ

 ՄԱՍ 1

«Կորածին կորոնեմ»

«Կորածին կորոնեմ»

Գառնուկը մոլորվել է։ Արածելիս նա աննկատ ձևով հեռացել է հոտից։ Եվ հիմա ո՛չ հոտը, ո՛չ հովիվը չեն երևում։ Արդեն մթնում է։ Հովտում թափառում են գիշատիչ կենդանիներ. մոլորված գառնուկն անպաշտպան է։ Հանկարծ ծանոթ ձայն է լսում. հովվի ձայնն է։ Նա վազում է ընդառաջ, գրկում է նրան, առնում է իր հանդերձի ծալքերի մեջ ու տուն տանում։

ԵՀՈՎԱՆ հաճախ է իրեն նմանեցնում այսպիսի հովվի։ Իր Խոսքում նա մեզ հավաստիացնում է. «Ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց» (Եզեկիել 34։11, 12

«Հոգ կտանեմ նրանց»

Ովքե՞ր են Եհովայի գառները։ Նրանք, ովքեր սիրում ու երկրպագում են նրան։ Աստվածաշունչն ասում է. «Եկե՛ք երկրպագենք ու խոնարհվենք, եկե՛ք ծնկի գանք Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ, որովհետև նա է մեր Աստվածը, իսկ մենք նրա արոտի ժողովուրդն ենք և նրա ձեռքի ոչխարները» (Սաղմոս 95։6, 7)։ Գառների նման՝ Եհովայի ծառաները հետևում են իրենց Հովվին։ Իսկ մի՞շտ են նրանք այդպես վարվում։ Ո՛չ։ Երբեմն Աստծու ծառաներից ոմանք դառնում են «ցրված», «կորած» և «մոլորված» ոչխարների նման (Եզեկիել 34։12; Մատթեոս 15։24; 1 Պետրոս 2։25)։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Եհովան չի լքում իր գառնուկին և իր հույսը չի կտրում նրանից։

 Զգո՞ւմ ես, որ Եհովան հիմա էլ է քո Հովիվը։ Ինչպե՞ս է այսօր Եհովան ցույց տալիս, որ մեր Հովիվն է։ Նկատի առնենք երեք կերպ։

Նա սնում է մեզ հոգևորապես։ Եհովան ասում է. «Լավ արոտավայրում նրանց կարածեցնեմ.... Այնտեղ նրանք լավ փարախում կպառկեն.... պարարտ արոտավայրում կարածեն» (Եզեկիել 34։14)։ Եհովան երբեք մեզ չի թողնում առանց կերակուրի։ Նա միշտ իր ժամանակին տալիս է բազմատեսակ ու թարմություն պատճառող կերակուր։ Կարդացե՞լ ես որևէ հոդված, լսե՞լ ես ելույթ կամ դիտել մի տեսանյութ ու մտածել, որ դա քո աղոթքի պատասխանն է։ Եթե այո, ապա մի՞թե դա ցույց չի տալիս, որ Եհովան հոգ է տանում քո մասին անհատապես։

Նա պաշտպանում և աջակցում է մեզ։ Եհովան խոստանում է. «Փախցրածին հետ կբերեմ, վիրավորի կոտրվածքին վիրակապ կդնեմ, հիվանդին կզորացնեմ» (Եզեկիել 34։16)։ Եհովան ուժ է տալիս տկարացած ու հոգսերով ծանրաբեռնված անհատին։ Իսկ եթե գառնուկը վիրավոր է ու վնասված, նա կոտրվածքին վիրակապ է դնում և բուժում այն վերքը, որը գուցե առաջացել է հավատակցի պատճառով։ Եհովան հետ է բերում նրանց, ովքեր հեռացել են և հնարավոր է՝ պայքարում են բացասական զգացումների դեմ։

Նա իր աչքը մեզ վրա է պահում։ Եհովան ասում է. «Նրանց կազատեմ այն բոլոր վայրերից, որտեղ ցիրուցան են եղել.... Կորածին կորոնեմ» (Եզեկիել 34։12, 16)։ Եհովայի համար կորած ոչխարը անհույս կորած չէ։ Նա տեսնում է, որ գառնուկը հոտի մեջ չէ, ուստի որոնում է նրան և ուրախանում է, երբ գտնում է (Մատթեոս 18։12–14)։ Նկատիր, որ Եհովան իր ծառաներին անվանում է «իմ ոչխարներ, իմ արոտավայրի ոչխարներ» (Եզեկիել 34։31)։ Այո՛, դու նրա գառներից մեկն ես։

Եհովայի համար կորած գառնուկը անհույս կորած չէ։ Նա ուրախանում է, երբ գտնում է նրան

«Թող ամեն ինչ լինի առաջվա պես»

Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ վերադառնաս իր մոտ։ Ինչո՞ւ է նա որոնում քեզ։ Քանի որ ուզում է, որ երջանիկ լինես։ Եհովան խոստանում է, որ օրհնություններ կթափի իր գառների վրա (Եզեկիել 34։26)։ Այս խոստումը պատրանք չէ։ Դու արդեն ճաշակել ես դրանք։

Հիշո՞ւմ ես, թե ինչ զգացիր, երբ ճանաչեցիր Եհովային, իմացար նրա անվան ու մարդկանց առնչությամբ նրա նպատակի մասին։ Դա իմանալը թարմություն պատճառեց քեզ։ Հիշո՞ւմ ես, թե ինչ ոգևորությամբ էիր լցվում, երբ համաժողովների ժամանակ տեսնում էիր, որ դու միաբանված մեկ ընտանիքի անդամ ես։ Իսկ երբ բարի լուրը քարոզում էիր անկեղծորեն հետաքրքրված անհատի, մի՞թե ցնծալով տուն չէիր վերադառնում։ Այս գործին մասնակցելը, ինչ խոսք, մեծ բավականություն էր պատճառում քեզ։

Դու կարող ես վերագտնել այն ուրախությունը, որ ունեցել ես ժամանակին։ Աստծու վաղեմի ծառաներն աղոթում էին. «Մեզ հե՛տ բեր քեզ մոտ, ո՛վ Եհովա, և մենք իսկույն հետ կգանք։ Թող ամեն ինչ լինի առաջվա պես» (Ողբ 5։21)։ Եհովան պատասխանեց այս աղոթքին, և նրա ժողովուրդը վերադարձավ գերությունից ու սկսեց ուրախությամբ ծառայել նրան (Նեեմիա 8։17)։ Եհովան նույն բանը կանի քեզ համար։

Այդուհանդերձ, գուցե դժվարանում ես վերադառնալ, թեև ուզում ես։ Նկատի առնենք, թե ինչ դժվարություններ կան, և ինչպես կարող ես հաղթահարել դրանք։