Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 3

Ռախաբը հավատում էր Եհովային

Ռախաբը հավատում էր Եհովային

Պատկերացրու՝ Երիքով քաղաքում ես։ Այս քաղաքը գտնվում է Քանանի երկրում, որտեղ մարդիկ չեն հավատում Եհովային։ Այս քաղաքում ապրում է Ռախաբ անունով մի կին։

Դեռ փոքր տարիքում Ռախաբը շատ պատմություններ էր լսել այն մասին, թե ինչպես է Մովսեսը բաժանել Կարմիր ծովը և իսրայելացիներին ազատագրել Եգիպտոսից։ Նաև լսել էր, թե ինչպես է Եհովան օգնել նրանց, որ հաղթեն իրենց թշնամիներին։ Այժմ նա իմանում է, որ իսրայելացիները բանակ են դրել Երիքովի մոտ։

Ռախաբը օգնեց լրտեսներին, քանի որ հավատում էր Եհովային

Մի գիշեր երկու իսրայելացի գնում են Երիքով, որպեսզի լրտեսեն քաղաքը։ Նրանք գալիս են Ռախաբի տուն։ Ռախաբը նրանց ներս է կանչում և առաջարկում է, որ մնան իր տանը։ Գիշերը թագավորն իմանում է, որ քաղաքում լրտեսներ կան, և որ նրանք գնացել են Ռախաբի տուն։ Ուստի մարդիկ է ուղարկում, որ բռնեն նրանց։ Ռախաբը թաքցնում է լրտեսներին իր տան տանիքում, իսկ թագավորի ուղարկած մարդկանց ասում է. «Այդ լրտեսներն այստեղ էին, բայց արդեն հեռացել են քաղաքից։ Եթե հիմա գնաք, գուցե բռնեք նրանց»։ Գիտե՞ս՝ ինչու է Ռախաբը պաշտպանում լրտեսներին։~ Քանի որ հավատում է Եհովային և գիտի, որ նա Քանանի երկիրը տալու է իսրայելացիներին։

Ռախաբի տնից դուրս գալուց առաջ լրտեսները խոստանում են, որ Ռախաբն ու իր ընտանիքը կփրկվեն, երբ Երիքովը կործանվի։ Գիտե՞ս՝ նրանք ինչ են ասում, որ Ռախաբն անի։~ Նրանք ասում են. «Վերցրու այս կարմիր պարանը և կախիր քո տան պատուհանից։ Եթե այդպես անես, քո տան մեջ լինողները կփրկվեն»։ Ռախաբն ամեն բան անում է այնպես, ինչպես լրտեսներն են ասում։ Գիտե՞ս՝ ինչ է լինում հետո։~ 

Եհովան փրկեց Ռախաբին ու նրա ընտանիքին

Մի քանի օր հետո իսրայելացիները սկսում են լուռ պտտվել քաղաքի շուրջը և այդպես՝ վեց օր, օրը՝ մեկ պտույտ։ Սակայն յոթերորդ օրը նրանք յոթ անգամ են պտտվում քաղաքի շուրջը։ Հետո բարձր ձայնով աղաղակում են, և այդ պահին Եհովան այնպես է անում, որ քաղաքի պարիսպները փուլ են գալիս։ Սակայն  այն տունը, որի պատուհանից կարմիր պարան է կախված, չի փլվում։ Տեսնո՞ւմ ես նկարում։~ Ռախաբն ու իր ընտանիքը փրկվում են։

Ի՞նչ ես սովորում Ռախաբի օրինակից։~ Ռախաբը հավատում էր Եհովային, քանի որ շատ հրաշալի բաներ էր իմացել նրա մասին։ Դու էլ շատ բան գիտես Եհովայի մասին։ Ռախաբի նման՝ հավատո՞ւմ ես Եհովային։~ Գիտենք, որ հավատում ես։