Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 12

Պողոսի քրոջ որդին քաջ էր

Պողոսի քրոջ որդին քաջ էր

Ե՛կ իմանանք մի երիտասարդի մասին, որը փրկեց իր քեռու՝ Պողոս առաքյալի կյանքը։ Մենք չգիտենք, թե ինչ էր այդ երիտասարդի անունը, բայց գիտենք, որ նա մի խիզախ քայլ արեց։ Կուզե՞ս իմանալ՝ ինչ արեց։~ 

Պողոսը Երուսաղեմի բանտում էր։ Նրան ձերբակալել էին, քանի որ նա քարոզում էր Հիսուսի մասին։ Որոշ վատ մարդիկ ատում էին Պողոսին և չար ծրագիր կազմեցին նրա դեմ։ Նրանք ասացին. «Եկեք ասենք զորապետին, որ պատվիրի իր զինվորներին Պողոսին դատարան տանել։ Մենք էլ կթաքնվենք ճանապարհին, և երբ Պողոսը անցնի այնտեղով, կսպանենք նրան»։

Պողոսի քրոջ որդին չար ծրագրի մասին հայտնեց Պողոսին ու զորապետին

Պողոսի քրոջ որդին լսեց այս ծրագրի մասին։ Ուստի գնաց բանտ և այդ ամենը պատմեց Պողոսին։ Պողոսն էլ խնդրեց նրան, որ այդ չար ծրագրի մասին հայտնի զորապետին։ Ի՞նչ ես կարծում, Պողոսի քրոջ որդու համար հե՞շտ էր դրա մասին պատմել զորապետին։~ Ո՛չ, քանի որ զորապետը շատ կարևոր անձնավորություն էր։ Բայց Պողոսի քրոջ որդին խոսեց զորապետի հետ, քանի որ շատ քաջ էր։

Զորապետը հստակ գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա հանձնարարեց, որ մոտ 500-հոգանոց մի զորք պաշտպանի Պողոսին, և պատվիրեց, որ Պողոսին այդ գիշեր Կեսարիա տանեն։ Պողոսը փրկվե՞ց։~ Այո՛, չար մարդիկ չկարողացան հարձակվել նրա վրա։ Նրանց ծրագիրը չկատարվեց։

Ի՞նչ ես սովորում այս պատմությունից։~ Դու նույնպես կարող ես, Պողոսի քրոջ որդու պես, քաջ լինել։ Մենք պետք է քաջ լինենք, երբ մարդկանց հետ խոսում ենք Եհովայի մասին։ Իսկ դու քաջ կլինե՞ս և կշարունակե՞ս խոսել Եհովայի մասին։~ Եթե այդպես վարվես, հնարավոր է՝ փրկես ինչ-որ մեկի կյանքը։