Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 10

Հիսուսը միշտ հնազանդվում էր

Հիսուսը միշտ հնազանդվում էր

Հե՞շտ է միշտ հնազանդվել ծնողներիդ։~ Երբեմն դա դժվար է։ Գիտե՞ս, որ Հիսուսը հնազանդվում էր և՛ Եհովային, և՛ իր ծնողներին։~ Նրա օրինակը կօգնի քեզ հնազանդվելու ծնողներիդ, նույնիսկ երբ դա հեշտ չէ։ Ե՛կ ավելի շատ բան իմանանք այդ մասին։

Մինչ երկիր գալը Հիսուսը երկնքում էր իր Հոր՝ Եհովայի հետ։ Սակայն նա երկրի վրա էլ ծնողներ ուներ։ Նրանց անուններն էին Հովսեփ ու Մարիամ։ Գիտե՞ս, թե նրանք ինչպես դարձան Հիսուսի ծնողները։~ 

Եհովան Հիսուսի կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի փորի մեջ, որպեսզի Հիսուսը ծնվեր և ապրեր երկրի վրա։ Դա իսկապես հրաշք էր։ Հիսուսը մեծանում էր Մարիամի փորի մեջ, ինչպես մյուս երեխաներն են մեծանում իրենց մայրիկների փորի մեջ։ Ինը ամիս անց Հիսուսը ծնվեց։ Ահա թե ինչպես Մարիամն ու Հովսեփը դարձան նրա ծնողները։

Երբ Հիսուսը 12 տարեկան էր, տեղի ունեցավ մի բան, ինչը ցույց տվեց, թե որքան շատ էր նա սիրում իր Հորը՝ Եհովային։ Դա եղավ այն ժամանակ, երբ Հիսուսը և իր ընտանիքը երկար ճանապարհ անցան ու գնացին Երուսաղեմ՝ Պասեքը նշելու։ Տուն վերադառնալիս Հովսեփն ու Մարիամը նկատեցին, որ Հիսուսը չկար։ Գիտե՞ս՝ որտեղ էր նա։~ 

Ինչո՞ւ էր Հիսուսը տաճար գնացել

Հովսեփն ու Մարիամը շտապ վերադարձան Երուսաղեմ և սկսեցին ամենուրեք փնտրել Հիսուսին։ Նրանք անհանգստացած էին, քանի որ չէին կարողանում գտնել նրան։ Բայց երեք օր անց Հովսեփն ու Մարիամը Հիսուսին գտան տաճարում։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր Հիսուսը տաճարում։~ Այնտեղ նա կարող էր սովորել իր Հոր՝ Եհովայի մասին։ Նա ուզում էր իմանալ, թե ինչպես կարող է հաճեցնել Եհովային, քանի որ սիրում էր նրան։ Անգամ երբ Հիսուսը մեծացավ, չդադարեց Եհովային հնազանդվելուց։ Նա հնազանդվում էր Աստծուն, նույնիսկ երբ դա դժվար էր իր համար, և գիտեր, որ իր հնազանդության պատճառով տառապանքներ է կրելու։ Իսկ Հովսեփին ու Մարիամին Հիսուսը հնազանդվո՞ւմ էր։~ Այո՛, Աստվածաշունչն ասում է, որ հնազանդվում էր։

Ի՞նչ ես սովորում Հիսուսի օրինակից։~ Դու պետք է հնազանդվես ծնողներիդ, նույնիսկ երբ դա դժվար է։ Կհնազանդվե՞ս։~