Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 7

Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս

Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս

Նայիր նկարում պատկերված փոքրիկ տղային։ Նա միայնակ ու վախեցած է երևում, այդպես չէ՞։ Երբևէ քեզ այդպես զգացե՞լ ես։ Բոլորս էլ երբեմն ունենում ենք նման զգացումներ։ Աստվածաշնչում խոսվում է մի շարք մարդկանց մասին, ովքեր եղել են Եհովայի ընկերները և իրենց միայնակ են զգացել ու վախեցել են։ Նրանցից մեկը Եղիան էր։ Ե՛կ ավելին իմանանք նրա մասին։

Հեզաբելն ուզում էր սպանել Եղիային

Եղիան ապրել է Իսրայելում երկար տարիներ առաջ՝ նախքան Հիսուսի ծնվելը։ Իսրայելի թագավորը՝ Աքաաբը, չէր երկրպագում ճշմարիտ Աստված Եհովային։ Նա ու իր կին Հեզաբելը երկրպագում էին կեղծ աստված Բահաղին։ Իսրայելում ապրող շատ մարդիկ նույնպես սկսեցին երկրպագել Բահաղին։ Հեզաբել թագուհին շատ չար էր և ցանկանում էր սպանել Եհովայի բոլոր երկրպագուներին, այդ թվում նաև Եղիային։ Իսկ գիտե՞ս՝ ինչ արեց Եղիան։~ 

 Նա փախավ անապատ ու թաքնվեց մի քարայրում։ Ինչո՞ւ նա փախավ։~ Այո՛, Եղիան վախենում էր։ Բայց նա վախենալու պատճառ չուներ, քանի որ գիտեր, որ Եհովան կարող է օգնել իրեն։ Եհովան մինչ այդ ցույց էր տվել իր զորությունը։ Մի անգամ նա պատասխանել էր Եղիայի աղոթքին՝ երկնքից կրակ ուղարկելով։ Այնպես որ Եհովան այդ պահին էլ կարող էր օգնել նրան։

Ինչպե՞ս Եհովան օգնեց Եղիային

Երբ Եղիան քարայրում էր, Եհովան խոսեց նրա հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ»։ Եղիան պատասխանեց. «Քո երկրպագուներից միայն ես եմ մնացել։ Բոլորովին մենակ եմ ու վախենում եմ, որ ինձ կսպանեն»։ Եղիան մտածում էր, թե Եհովայի մյուս բոլոր երկրպագուներին սպանել են։ Սակայն Եհովան ասաց նրան. «7000 հոգի էլ կա, որ ծառայում է ինձ։ Քա՛ջ եղիր։ Ես դեռ ուրիշ գործեր եմ հանձնարարելու քեզ»։ Ի՞նչ ես կարծում, Եղիան ուրախացա՞վ, երբ լսեց դա։~ 

Ի՞նչ ես սովորում Եղիայի հետ պատահածից։~ Դու չպետք է քեզ միայնակ զգաս կամ վախենաս։ Դու ունես ընկերներ, ովքեր սիրում են Եհովային ու քեզ։ Բացի այդ, Եհովան մեծ զորություն ունի և միշտ պատրաստ է քեզ օգնելու։ Արդյոք չե՞ս ուրախանում, երբ հասկանում ես, որ մենակ չես։~