Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները

 ՀԱՐՑ 1

Ո՞վ եմ ես

Ո՞վ եմ ես

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Ինքդ քեզ ճանաչելը և որոշելը, թե ինչն է քեզ համար կարևոր, կօգնի, որ իմաստուն որոշումներ կայացնես, երբ ճնշումների ենթարկվես։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Էլենը մոտ տասը րոպե է, ինչ եկել է խնջույքի։ Հանկարծ նա իր հետևից լսում է մի ծանոթ ձայն։

— Ինչո՞ւ ես պասիվ կանգնած։

Էլենը շրջվում է և տեսնում իր ընկերուհի Աննային, որի ձեռքին գարեջրի երկու բացած շիշ կա։ Աննան շշերից մեկը մեկնում է Էլենին և ասում. «Մենակ չասես, թե փոքր ես ու չես կարող խմել և մի քիչ զվարճանալ»։

Էլենը ուզում է հրաժարվել, բայց երկմտում է. Աննան նրա ընկերուհին է, և Էլենը չի ուզում, որ նա մտածի, թե ինքը անհետաքրքիր մարդ է։ Բացի այդ, Աննան «լավ աղջիկներից» է։ Եվ եթե նա խմում է, ուրեմն դրա մեջ այդքան էլ վատ բան չկա։ Էլենը մտածում է. «Եղածը գարեջուր չէ՞։ Հո թմրանյութ չեմ օգտագործում»։

Եթե դու լինեիր Էլենի փոխարեն, ի՞նչ կանեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Այսպիսի իրավիճակում իմաստուն որոշում կայացնելու համար պետք է հասկանաս քո ինքնությունը։ Ինքնությունը ներքին զգացում է, որը խոսում է քո ով լինելու մասին և այն մասին, թե ինչն է քեզ համար կարևոր։ Սա իմանալը ուժ կտա քեզ, որ ինքդ վերահսկես քո կյանքը և թույլ չտաս, որ ուրիշները դա անեն քո փոխարեն (1 Կորնթացիներ 9։26, 27

Ինչպե՞ս կարող ես ճանաչել քո ինքնությունը։ Նախ պատասխանիր հետևյալ չորս հարցերին։

 1 ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՄ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

Երբ գիտես, թե ինչ ունակություններ ու դրական կողմեր ունես, ավելի մեծ վստահությամբ ես լցվում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ։ Պողոս առաքյալը գրել է. «Նույնիսկ եթե ես անհմուտ եմ խոսելու մեջ, անկասկած այդպիսին չեմ գիտելիքների հարցում» (2 Կորնթացիներ 11։6)։ Աստվածաշնչի վերաբերյալ խոր հասկացողություն ունենալը օգնում էր Պողոսին հաստատակամ մնալու, երբ մարդիկ վատաբանում էին նրան։ Նա թույլ չէր տալիս, որ նրանց բացասական խոսքերը թուլացնեն իր վստահությունը (2 Կորնթացիներ 10։10; 11։5

ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ։ Ստորև գրի առ, թե ինչ ունակություն կամ հմտություն ունես։

Այժմ նկարագրիր քո անձնավորության ուժեղ կողմը (օրինակ՝ հոգատա՞ր ես, առատաձե՞ռն, վստահելի՞, ճշտապա՞հ)։

2 ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՄ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

Ինչպես որ շղթայի օղակներից մեկի թույլ լինելը կարող է ողջ շղթայի ամրության վրա անդրադառնալ, այնպես էլ քո ինքնությունը կարող է արագ փոխվել դեպի վատը, եթե թույլ տաս, որ թույլ կողմերդ իշխեն քեզ վրա։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ։ Պողոսը լավ գիտեր իր թույլ կողմերը։ Նա գրեց. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին» (Հռոմեացիներ 7։22, 23

ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ։ Որո՞նք են իմ թույլ կողմերը, որ պետք է սովորեմ վերահսկել։

 3 Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՄ

Երբ տաքսի նստես, կասե՞ս վարորդին, որ շենքի շուրջ պտտվի այնքան, մինչև որ վառելիքը վերջանա։ Դա, իհարկե, անմտություն կլինի, բացի այդ, փողերդ քամուն կտաս։

Ի՞նչ դաս ենք քաղում։ Եթե նպատակներ ունենաս, տեղում չես դոփի։ Դու կիմանաս, թե կյանքում որ ուղղությամբ պետք է գնաս և նախապես կծրագրես, թե ինչպես պետք է տեղ հասնես։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ։ Պողոսը գրել է. «Ես աննպատակ չեմ վազում» (1 Կորնթացիներ 9։26)։ Աննպատակ ու անկազմակերպ կյանքով ապրելու փոխարեն՝ Պողոսը նպատակներ էր դնում և ապա ձգտում էր հասնել դրանց (Փիլիպպեցիներ 3։12–14

ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ։ Ստորև գրի առ երեք նպատակ, որոնք կուզեիր հաջորդ տարվա մեջ իրագործած լինել։

4 Ի՞ՆՉ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ

Եթե ուժեղ ինքնություն ունես, նման ես ամուր արմատներ ունեցող ծառի, որը նույնիսկ սաստիկ փոթորիկների ժամանակ կանգուն է մնում

Առանց համոզմունքների՝ դու կլինես անկայուն անձնավորություն։ Քամելեոնի նման՝ կփոխես քո «գույները», որ նմանվես հասակակիցներիդ, ինչն էլ ցույց կտա, որ դու չունես քո ինքնությունը։

Եվ հակառակը՝ եթե արարքներդ հիմնված լինեն համոզմունքներիդ վրա, դու կպահպանես քո ինքնությունը՝ անկախ նրանից, թե ինչպես կվարվեն ուրիշները։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ։ Դանիել մարգարեն թերևս պատանի հասակում արդեն «իր սրտում որոշել» էր հնազանդվել Աստծու օրենքներին, թեև այդ ժամանակ ապրում էր իր ընտանիքից հեռու (Դանիել 1։8)։ Ապրելով իր համոզմունքների համաձայն՝ Դանիելը պահեց իր ինքնությունը։

ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ։ Ի՞նչ համոզմունքներ ունեմ։ Օրինակ՝ հավատո՞ւմ եմ Աստծուն։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Ի՞նչն է ինձ համոզում, որ Աստված գոյություն ունի։

Հավատո՞ւմ եմ, որ Աստծու սահմանած բարոյական չափանիշները օգտակար են ինձ համար։ Եթե այո, ապա ինչո՞ւ։

Ի վերջո, ինչի՞ կուզեիր նմանվել՝ ծառից ընկած տերևի՞, որը թեթև քամուց անգամ այս ու այն կողմ է քշվում, թե՞ այնպիսի ծառի, որը նույնիսկ սաստիկ փոթորիկների ժամանակ կանգուն է մնում։ Պահպանիր ինքնությունդ ու կլինես այդպիսի ծառի նման։ Այդ դեպքում կկարողանաս պատասխանել այս հարցին՝ «ո՞վ եմ ես»։