Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 29

«Ճանաչեք Քրիստոսի սերը»

«Ճանաչեք Քրիստոսի սերը»

1–3. ա) Ինչի՞ շնորհիվ էր Հիսուսի մեջ ցանկություն առաջացել նմանվելու իր Հորը։ բ) Հիսուսի սիրո ո՞ր դրսևորումները կքննենք։

ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես, թե ինչպես է փոքրիկ տղան ամեն ինչում ձգտում ընդօրինակել իր հորը։ Նա փորձում է քայլել իր հոր պես, խոսել իր հոր պես և նույնիսկ անել այն, ինչ անում է իր հայրը։ Ժամանակի ընթացքում որդին կարող է նույնիսկ յուրացնել ծնողի բարոյական ու հոգևոր արժեքները։ Այո՛, սիրառատ հոր հանդեպ սերն ու հիացմունքը տղայի մեջ ցանկություն են առաջացնում նմանվելու նրան։

2 Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի ու իր երկնային Հոր միջև եղած փոխհարաբերության մասին։ «Ես սիրում եմ Հորը»,— մի առիթով ասաց նա (Հովհաննես 14։31)։ Վստահաբար, ոչ ոք Եհովային այնքան չի կարող սիրել, որքան Որդին, որն իր Հոր հետ է եղել դեռևս այն ժամանակներից, երբ ուրիշ ոչ մի էակ գոյություն չուներ։ Այդ սերը ցանկություն առաջացրեց այս անձնվեր Որդու մեջ նմանվելու իր Հորը (Հովհաննես 14։9

3 Նախորդ գլուխներից մի քանիսում արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես էր Հիսուսը կատարելապես ընդօրինակում Եհովայի զորությունը, արդարությունը և իմաստությունը։ Բայց ինչպե՞ս էր նա արտացոլում իր Հոր սերը։ Քննենք Հիսուսի սիրո երեք դրսևորումները. նրա անձնազոհությունը, խոր կարեկցանքը և ուրիշներին ներելու պատրաստակամությունը։

«Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի»

4. Ինչպե՞ս էր Հիսուսը անձնազոհ սիրո մեծագույն օրինակը։

4 Անձնազոհ սեր դրսևորելու հարցում Հիսուսը անզուգական օրինակ է։ Անձնազոհությունը ուրիշի կարիքներն ու հոգսերը սեփական կարիքներից վեր դասելն է։ Ի՞նչ կերպերով էր Հիսուսը այդպիսի սեր դրսևորում։ Ահա թե ինչ է ասում նա. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13)։ Հիսուսը պատրաստակամորեն իր կյանքը զոհեց մեզ համար։  Դա մարդու կողմից ցուցաբերված սիրո մեծագույն դրսևորումն էր։ Բայց Հիսուսը այլ կերպերով էլ անձնազոհ սեր դրսևորեց։

5. Ինչո՞ւ կարելի է ասել, որ երկինքը թողնելը սիրուց բխող զոհողություն էր Աստծու միածին Որդու կողմից։

5 Երկրի վրա որպես մարդ ծնվելուց առաջ Աստծու միածին Որդին առանձնաշնորհյալ ու փառավոր դիրք ուներ երկնքում։ Նա մտերիմ էր Եհովայի, ինչպես նաև բյուրավոր ոգեղեն էակների հետ։ Չնայած այս ամենին՝ նա «զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման» (Փիլիպպեցիներ 2։7)։ Նա պատրաստակամորեն եկավ՝ ապրելու մեղավոր մարդկանց հետ մի աշխարհում, որը «Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Մի՞թե սա սիրուց բխող զոհողություն չէր Աստծու Որդու կողմից։

6, 7. ա) Ինչպե՞ս Հիսուսը անձնազոհ սեր դրսևորեց իր երկրային ծառայության ընթացքում։ բ) Անձնազոհ սիրո ինչպիսի՞ հուզիչ օրինակ է արձանագրված Հովհաննես 19։25–27-ում։

6 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը անձնազոհ սեր դրսևորեց բազմաթիվ կերպերով։ Նա եսասիրության նշույլ անգամ ցույց չտվեց։ Հիսուսն այնքան էր զբաղված իր ծառայությամբ, որ հրաժարվել էր նույնիսկ տարրական հարմարություններից, որոնց մարդիկ սովոր են։ «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ,— մի առիթով ասաց նա,— բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի» (Մատթեոս 8։20)։ Հմուտ ատաղձագործ լինելով՝ Հիսուսը կարող էր ժամանակ տրամադրել և հարմարավետ տուն կառուցել իր համար կամ էլ գեղեցիկ կահույք պատրաստել ու վաճառել փող կուտակելու նպատակով։ Բայց նա իր հմտությունները գործի չդրեց նյութական բարիքներ ձեռք բերելու համար։

7 Հիսուսի անձնազոհ սիրո մասին մի հուզիչ օրինակ էլ արձանագրված է Հովհաննես 19։25–27-ում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ զգացումներ էին պարուրել Հիսուսին, ու ինչն էր մտահոգում նրան ցցի վրա տառապելիս։ Իր մահվան պահին նա մտածում էր աշակերտների, քարոզչական գործի, անարատություն պահելու, ինչպես նաև այն մասին, թե իր հավատարմությունը ինչպես կանդրադառնա Հոր անվան վրա։ Իրոք, մարդկության  ո՛ղջ ապագան կախված էր Հիսուսից։ Այդուհանդերձ, մահվանից ընդամենը մի քանի րոպե առաջ նա հոգատարություն դրսևորեց իր մոր՝ Մարիամի հանդեպ, որն, ըստ երևույթին, արդեն այրի էր. խնդրեց Հովհաննես առաքյալին հարազատ որդու պես խնամք տանել նրան։ Դրանից հետո Մարիամը սկսեց ապրել առաքյալի տանը։ Այդպես Հիսուսը հոգ տարավ իր մոր ֆիզիկական ու հոգևոր կարիքների մասին։ Անշահախնդիր սիրո ինչպիսի՜ հուզիչ դրսևորում։

«Խղճաց»

8. Ի՞նչ իմաստ ունի Հիսուսի կարեկցանքը նկարագրող հունարեն բառը։

8 Իր Հոր պես՝ Հիսուսը կարեկից էր։ Աստվածաշունչը նրան ներկայացնում է որպես մի անձնավորություն, որը պատրաստ էր օգնության ձեռք մեկնելու նեղության մեջ գտնվողներին, քանի որ այդ մարդկանց ծանր վիճակը ցավ էր պատճառում նրան։ Հիսուսի կարեկցանքը նկարագրելու համար Աստվածաշունչը օգտագործում է հունարեն մի բառ, որը թարգմանվում է «խղճալ»։ Մի աստվածաշնչագետ ասում է. «Այս բառը նկարագրում է.... մի զգացում, որը հուզում է մարդուն մինչև սրտի խորքը։ Հունարենում դա կարեկցանք արտահայտող ամենազորեղ բառն է»։ Ահա մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես խոր կարեկցանքը Հիսուսին մղեց գործերի։

9, 10. ա) Ինչո՞ւ էին Հիսուսն ու իր առաքյալները ցանկանում հանգիստ տեղ գտնել։ բ) Երբ ամբոխը չթողեց, որ Հիսուսը հանգստանա, ինչպիսի՞ն եղավ նրա արձագանքը և ինչո՞ւ։

9 Մղված էր բավարարելու հոգևոր կարիքները։ Մարկոս 6։30–34 համարներից կարելի է տեսնել, թե գլխավորապես ինչն էր մղում Հիսուսին խղճահարություն դրսևորելու։ Փորձենք պատկերացնել նկարագրված դեպքը։ Առաքյալները ցնծության մեջ էին։ Նրանք ավարտին էին հասցրել մի մեծ քարոզարշավ ու վերադառնալով Հիսուսի մոտ՝ ոգևորությամբ պատմում էին այն ամենը, ինչ տեսել ու լսել էին։ Սակայն նրանց շուրջը հավաքվել էր մի մեծ բազմություն, այնպես որ Հիսուսն ու իր առաքյալները նույնիսկ ուտելու ժամանակ չէին ունեցել։ Հիսուսը, որը միշտ դիտունակ էր, նկատեց  աշակերտների հոգնածությունը։ «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք»,— ասաց նա։ Նավ նստելով՝ նրանք կտրեցին-անցան Գալիլեայի ծովի հյուսիսային մասը, որ մի հանգիստ տեղ գտնեն։ Սակայն հավաքվածները նկատեցին դա։ Այդ մասին իմացան նաև ուրիշ մարդիկ։ Բոլորը վազեցին հյուսիսային ափի երկայնքով ու նավից շուտ հասան հակառակ ափ։

10 Արդյո՞ք Հիսուսը զայրացավ, որ իրեն չթողեցին հանգստանալ։ Ամենևի՛ն։ Իրեն սպասող հազարավոր մարդկանց տեսնելով՝ նա խորապես հուզվեց։ Մարկոսը գրում է. «Նա մի մեծ բազմություն տեսավ և խղճաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Ուստի սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց»։ Հիսուսն այդ մարդկանց դիտում էր որպես առանձին անհատներ, որոնք հոգևոր կարիքներ ունեին։ Նրանք նման էին մոլորված, անօգնական ոչխարների, որոնք իրենց առաջնորդող ու պաշտպանող հովիվ չունեին։ Հիսուսը գիտեր, որ անսիրտ կրոնական առաջնորդները անտեսում էին հասարակ մարդկանց, մինչդեռ պետք է հովվի պես հոգ տանեին նրանց մասին (Հովհաննես 7։47–49)։ Հավաքվածներին խորապես խղճալով՝ նա սկսեց սովորեցնել «Աստծու թագավորության» մասին (Ղուկաս 9։11)։ Հետաքրքիր է, որ Հիսուսը խղճահարություն զգաց նախքան իր սովորեցրածի հանդեպ նրանց արձագանքը տեսնելը։ Այլ կերպ ասած՝ նրա խոր կարեկցանքը մարդկանց ուսուցանելու պատճառն էր և ոչ թե հետևանքը։

Իր «ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան»

11, 12. ա) Ինչպիսի՞ վերաբերմունքի էին արժանանում բորոտները, սակայն ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը, երբ նրան մոտեցավ «բորոտությամբ լեցուն» մի մարդ։ բ) Ի՞նչ զգաց բորոտը, երբ Հիսուսը դիպավ նրան, և ինչպե՞ս է դա երևում մի բժշկի հետ տեղի ունեցած դեպքից։

11 Մղված էր թեթևացնելու ցավը։ Տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ նույնպես զգում էին, որ Հիսուսը կարեկից է, և ձգտում էին մոտ լինել նրան։ Սա հատկապես երևում է մի դեպքից։ Հիսուսի հետևից մի մեծ բազմություն էր գնում։ Այդ ժամանակ նրան մոտեցավ «բորոտությամբ լեցուն» մի մարդ (Ղուկաս 5։12)։ Աստվածաշնչյան ժամանակներում բորոտներին առանձնացնում էին ուրիշ մարդկանցից, որպեսզի չվարակեին նրանց (Թվեր 5։1–4)։ Ժամանակի ընթացքում ռաբունական  առաջնորդները բորոտության վերաբերյալ սխալ տեսակետ սերմանեցին և հաստատեցին իրենց անգութ օրենքները *։ Սակայն ուշադրության է արժանի այն, թե բորոտի հանդեպ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց Հիսուսը. «Նրա մոտ մի բորոտ եկավ ու ծնկի եկած աղաչում էր նրան. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։ Նա էլ խղճահարվեց և ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Եվ հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից» (Մարկոս 1։40–42)։ Հիսուսը գիտեր, որ այնտեղ ներկա գտնվելով արդեն՝ բորոտն օրենք էր խախտում։ Բայց այդ մարդուց երես թեքելու փոխարեն՝ նա այն աստիճան լցվեց խղճահարության զգացումով, որ անհավատալի մի բան արեց՝ դիպա՛վ նրան։

12 Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ զգաց բորոտը, երբ Հիսուսը դիպավ նրան։ Սա հասկանալու համար տեսնենք, թե ինչ է պատմում բորոտների բժշկությամբ զբաղվող դոկտոր Փոլ Բրանդը։ Հնդկաստանում մի բորոտի զննելիս նա իր ձեռքը դրեց հիվանդի ուսին և թարգմանչի միջոցով սկսեց բացատրել, թե ինչ բուժում է նրան նշանակելու։ Հանկարծ բորոտը սկսեց լաց լինել։ «Ինչ-որ բան այնպես չասացի՞»,— հարցրեց բժիշկը։ Թարգմանիչը նույն հարցը տվեց երիտասարդին նրա լեզվով և ապա հայտնեց նրա պատասխանը. «Ո՛չ, բժիշկ։ Նա լաց է լինում այն պատճառով, որ ձեր ձեռքը դրել եք նրա ուսին։ Մինչև այստեղ գալը արդեն երկար տարիներ է, ինչ նրան ոչ ոք չի դիպչել»։ Հիսուսին մոտեցած բորոտի համար, սակայն, դիպչելը շատ ավելի մեծ նշանակություն ուներ. դրանից անմիջապես հետո այն հիվանդությունը, որ նրան «վտարանդի» էր դարձրել, վերացավ։

13, 14. ա) Ի՞նչ թափորի հանդիպեց Հիսուսը Նային քաղաքին մոտենալիս, և ինչո՞ւ էր իրավիճակը հատկապես ողբերգական։ բ) Հիսուսի կարեկցանքը ի՞նչ քայլի մղեց նրան։

 13 Մղված էր փարատելու վիշտը։ Հիսուսին խոր ցավ էր պատճառում ուրիշների վիշտը։ Այս մասին է վկայում Ղուկաս 7։11–15-ում արձանագրված օրինակը։ Գրեթե մեկ ու կես տարի էր անցել այն ժամանակվանից, երբ Հիսուսը սկսել էր իր երկրային ծառայությունը։ Մի առիթով Գալիլեայի Նային քաղաքին մոտենալիս դարպասից ոչ հեռու նա հանդիպեց թաղման թափորի։ Իրավիճակը հատկապես ողբերգական էր, քանի որ մահացածը մի երիտասարդ էր՝ իր մոր մինուճար զավակը, իսկ մայրը այրի էր։ Այս արարողությունը կնոջ սրտում հավանաբար դառը հուշեր էր արթնացնում. հուշեր իր ամուսնու թաղման հետ կապված։ Այս անգամ մահացածը նրա որդին էր և, ըստ երևույթին, միակ հույսը։ Ամենայն հավանականությամբ, ուղեկցողների թվում կային նաև ողբասացներ ու երաժիշտներ, որոնք սգո եղանակներ էին նվագում (Երեմիա 9։17, 18; Մատթեոս 9։23)։ Հիսուսի հայացքը, սակայն, սևեռվեց վշտահար մոր վրա, որը քայլում էր պատգարակի վրա դրված իր որդու անկենդան մարմնի կողքով։

14 Հիսուսը «խղճաց» ողբացող մորը։ Հանգստացնող ձայնով նա ասաց՝ «լաց մի՛ եղիր»։ Մոտենալով՝ Հիսուսը դիպավ պատգարակին։ Այն տանող մարդիկ կանգ առան։ Հավանաբար, կանգ առան նաև մյուսները։ Ապա Հիսուսը զորեղ ձայնով դիմեց անկենդան մարմնին. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ «Մահացածը նստեց ու սկսեց խոսել», ասես խոր քնից արթնացած լիներ։ Ապա մի հուզիչ բան տեղի ունեցավ. «Հիսուսը նրան իր մորը տվեց»։

15. ա) Հիսուսի խղճահարության մասին արձանագրությունների համաձայն՝ ի՞նչ կապ գոյություն ունի կարեկցանքի ու գործնական օգնություն ցույց տալու միջև։ բ) Այս հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

15 Ի՞նչ ենք սովորում այս արձանագրություններից։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երկու դեպքում էլ կարեկցանքի և գործնական օգնություն ցույց տալու միջև կապ գոյություն ունի։ Հիսուսը չէր կարողանա նկատել ուրիշների թշվառ վիճակը, եթե չկարեկցեր նրանց։ Իսկ այդ զգացումը չէր կարող նրան գործերի չմղել։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։  Որպես քրիստոնյաներ՝ մենք պարտականություն ունենք քարոզել բարի լուրը և աշակերտներ պատրաստել։ Այդ քայլին մեզ առաջին հերթին մղում է Աստծու հանդեպ սերը։ Հիշենք, սակայն, որ այս գործը անում ենք նաև կարեկցանքից ելնելով։ Եթե մենք էլ Հիսուսի նման կարեկցենք մարդկանց, ապա ցանկություն կունենանք մեր ուժերի ներածին չափով անել ամեն բան, որպեսզի նրանց հասցնենք բարի լուրը (Մատթեոս 22։37–39)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք կարեկցել մեր հավատակցին, որն ինչ-որ բանից տառապում է կամ խոր վիշտ ունի։ Անշուշտ, չենք կարող հրաշքով բուժումներ անել կամ հարություն տալ։ Սակայն կարող ենք կարեկցանք դրսևորել՝ նախաձեռնություն վերցնելով նրա հանդեպ մեր հոգատարությունն արտահայտելու կամ անհրաժեշտ օգնությունը ցույց տալու հարցում (Եփեսացիներ 4։32

«Հա՛յր, ների՛ր նրանց»

16. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց ներելու իր պատրաստակամությունը նույնիսկ ցցի վրա գամված ժամանակ։

16 Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հոր սերը մեկ այլ կարևոր ձևով ևս. նա պատրաստ էր ներելու (Սաղմոս 86։5)։ Դա երևաց նույնիսկ այն ժամանակ, երբ Հիսուսը ցցին էր գամված։ Ի՞նչ էր ասում նա, երբ ձեռքերն ու ոտքերը մեխված՝ դատապարտվել էր խայտառակ մահվան։ Խնդրում էր Եհովային պատժե՞լ իր մահապատիժն իրականացնողներին։ Ընդհակառակը՝ նրա արտասանած վերջին խոսքերից էին. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23։34) *։

17–19. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ներել է Պետրոսին։

17 Հիսուսի ներողամտության ավելի հուզիչ օրինակ է թերևս  այն, թե ինչպես նա վարվեց Պետրոսի հետ։ Կասկած չկա, որ առաքյալը խորապես սիրում էր իր ուսուցչին։ Նիսանի 14-ին՝ Հիսուսի կյանքի վերջին գիշերը, Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ թե՛ բանտ գնալու և թե՛ մեռնելու»։ Սակայն ընդամենը մի քանի ժամ հետո երեք անգամ ուրացավ Հիսուսին՝ ասելով, որ նույնիսկ չի ճանաչում նրան։ Երբ նա ուրացավ վերջին անգամ, «Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին»։ Իր մեղքի ողջ ծանրությունը գիտակցելով՝ առաքյալը ընկճված «դուրս գնալով՝ դառնապես լաց եղավ»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Հիսուսը մահացավ, և Պետրոսին հավանաբար սկսեց տանջել այն միտքը, թե արդյոք իր Տերը ներեց իրեն (Ղուկաս 22։33, 61, 62

18 Առաքյալը ստիպված չեղավ երկար սպասել, որպեսզի ստանա պատասխանը։ Նիսանի 16-ի առավոտյան Հիսուսը հարություն առավ և, ակներևաբար, նույն օրը անձամբ այցելեց Պետրոսին (Ղուկաս 24։34; 1 Կորնթացիներ 15։4–8)։ Ինչո՞ւ նա նման հատուկ ուշադրության արժանացրեց մի մարդու, որն այդպիսի վճռականությամբ ուրացել էր իրեն։ Հավանաբար, Հիսուսը ցանկանում էր վստահեցնել զղջացող Պետրոսին, որ նա շարունակում է սիրված ու գնահատված լինել իր Տիրոջ կողմից։ Սակայն Պետրոսին սփոփելու համար Հիսուսը ուրիշ քայլեր էլ ձեռնարկեց։

19 Այս դեպքերից որոշ ժամանակ անց Քրիստոսը հայտնվեց իր աշակերտներին Գալիլեայի ծովի մոտ։ Այդ ժամանակ նա երեք անգամ հարց տվեց Պետրոսին (որը երեք անգամ ուրացել էր իր Տիրոջը), թե արդյոք նա սիրում է իրեն։ Երրորդ անգամ Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Եվ իրոք, Հիսուսը, որ կարողանում էր կարդալ մարդկանց սրտերը, շատ լավ գիտեր, որ Պետրոսը ջերմորեն սիրում է իրեն։ Սակայն նա առաքյալին հնարավորություն տվեց հաստատելու իր սերը։ Ավելին, Հիսուսը հանձնարարեց Պետրոսին «կերակրել» և «հովվել» իր «գառնուկներին» (Հովհաննես 21։15–17)։ Նախկինում առաքյալը քարոզելու հանձնարարություն էր ստացել (Ղուկաս 5։10)։ Զարմանալի վստահություն դրսևորելով՝ Հիսուսը նրան ևս մեկ՝ ավելի պատասխանատու հանձնարարություն տվեց. հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր դառնալու էին իր հետևորդները։ Կարճ ժամանակ անց Հիսուսը շատ կարևոր առանձնաշնորհում տվեց Պետրոսին՝ աշակերտների մեջ առաջնորդություն վերցնել (Գործեր 2։1–41)։ Ինչպիսի՜  թեթևացում պետք է զգացած լիներ առաքյալը՝ իմանալով, որ Հիսուսը ներել է իրեն ու շարունակում է վստահել։

Ճանաչո՞ւմ ես «Քրիստոսի սերը»

20, 21. Ի՞նչը կօգնի, որ լիարժեքորեն ճանաչենք «Քրիստոսի սերը»։

20 Եհովայի Խոսքն, իրոք որ, գեղեցիկ կերպով է նկարագրում Քրիստոսի սերը։ Սակայն ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք դրան։ Աստվածաշունչը քաջալերում է մեզ «ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտելիքները» (Եփեսացիներ 3։19)։ Ինչպես տեսանք, Հիսուսի կյանքի ու ծառայության մասին պատմող Ավետարանները շատ բան են սովորեցնում մեզ նրա սիրո վերաբերյալ։ Բայց այն լիովին ճանաչելու համար բավարար չէ միայն իմանալ, թե ինչ է այդ մասին գրված Աստվածաշնչում։

21 «Ճանաչել» թարգմանված հունարեն բառը նշանակում է ճանաչել «փորձով, գործնականում»։ Երբ մենք սեր ենք դրսևորում այնպես, ինչպես Աստծու Որդին՝ անշահախնդրորեն մեր ուժերը տալիս ենք հանուն ուրիշների բարօրության, կարեկցանքով արձագանքում ենք նրանց կարիքներին և սրտանց ներում ենք, այդ ժամանակ է, որ կարողանում ենք լիովին հասկանալ նրա զգացմունքները։ Այդպես վարվելով՝ սեփական փորձով ենք սկսում ճանաչել «Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտելիքները»։ Միշտ հիշենք. որքան շատ ենք նմանվում Քրիստոսին, այնքան ավելի ենք մոտենում այն Անձնավորությանը, որին Հիսուսը կատարելապես ընդօրինակեց՝ մեր սիրառատ Աստծուն՝ Եհովային։

^ պարբ. 11 Ռաբունական կանոնների համաձայն՝ ոչ ոք չորս կանգունից (մոտ 1,8 մետր) ավելի չպետք է մոտենար բորոտին։ Իսկ եթե քամի փչեր, ապա բորոտը առնվազն 100 կանգուն (մոտ 45 մետր) պետք է հեռու մնար մարդկանցից։ Հրեական մի աշխատության մեջ պատմվում է երկու ռաբբիների մասին, որոնցից մեկը թաքնվում էր բորոտներից, իսկ մյուսը քարեր էր նետում նրանց վրա, որ մոտ չգան (Midrash Rabbah)։ Ուստի բորոտները գիտեին, թե որքան ցավալի զգացում է մերժված, արհամարհված ու անցանկալի լինելը։

^ պարբ. 16 Որոշ հին ձեռագրերում բաց է թողնված Ղուկաս 23։34 համարի առաջին մասը։ Սակայն քանի որ այս խոսքերը հանդիպում են շատ ուրիշ հեղինակավոր ձեռագրերում, դրանք ընդգրկվել են բազմաթիվ թարգմանությունների, այդ թվում նաև «Նոր աշխարհ թարգմանության» մեջ։ Ակնհայտ է, որ այս համարում Հիսուսի խոսքերը վերաբերում էին իրեն ցցին գամած հռոմեացի զինվորներին։ Նրանք չգիտեին, թե ինչ են անում այն իմաստով, որ տեղյակ չէին, թե իրականում ով էր Հիսուսը։ Իսկ մահապատիժը կազմակերպած կրոնական առաջնորդներն, ինչ խոսք, ավելի շատ էին արժանի դատապարտության, քանի որ գործել էին գիտակցաբար ու չարամտորեն։ Նրանցից շատերը ներում չունեին (Հովհաննես 11։45–53

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Պահպանիր անձնազոհ ոգիդ

Մենք ունենք թշնամի, որը կարող է աննկատ քայքայել մեր անձնազոհ ոգին։ Ո՞վ է այդ թշնամին և ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի օգնությամբ պայքարել նրա դեմ։