Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 30

«Շարունակեք քայլել սիրո մեջ»

«Շարունակեք քայլել սիրո մեջ»

1–3. Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ սեր դրսևորելիս հետևում ենք Եհովայի օրինակին։

«ԱՎԵԼԻ շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Հիսուսի այս խոսքերում ընդգծվում է մի կարևոր ճշմարտություն. անշահախնդիր սերը միշտ վարձատրվում է։ Թեպետ սիրված լինելը՝ սեր ստանալը, մեծ երջանկություն է, սակայն առավել մեծ է այն երջանկությունը, որ պարգևում է ուրիշներին սեր տալը՝ դրսևորելը։

2 Մեր երկնային Հայրը բոլորից լավ գիտի սա։ Ինչպես տեսանք նախորդ գլուխներից, Եհովան սիրո գերագույն օրինակն է։ Ոչ ոք ավելի վեհ կերպերով և ավելի երկար չի դրսևորել այդ հատկությունը, քան նա։ Ուրեմն մի՞թե զարմանալի է, որ Եհովան կոչվում է «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1։11

3 Մեր սիրառատ Աստվածը ցանկանում է, որ մենք ձգտենք իրեն նմանվել ամեն ինչում և հատկապես սեր դրսևորելու հարցում։ Եփեսացիներ 5։1, 2-ում հետևյալ խորհուրդն է տրվում մեզ. «Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակեք քայլել սիրո մեջ»։ Երբ սեր դրսևորելիս ընդօրինակում ենք Եհովային, զգում ենք այն առավելագույն երջանկությունը, որ գալիս է տալուց։ Բացի այդ, բավարարվածության զգացում ենք ունենում այն բանի գիտակցումից, որ գոհացնում ենք Եհովային, քանի որ նրա Խոսքը հորդորում է մեզ «իրար սիրել» (Հռոմեացիներ 13։8)։ Սակայն «սիրո մեջ» քայլելու ուրիշ պատճառներ էլ կան։

Ինչու է սերը կենսական

4, 5. Ինչո՞ւ է անհրաժեշտ անձնազոհ սեր դրսևորել հավատակիցների հանդեպ։

4 Ինչո՞ւ է կարևոր սեր դրսևորել հավատակիցների հանդեպ։ Կարճ ասած՝ սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող հատկությունն է։ Առանց սիրո՝ մենք չենք կարող սերտ կապ ունենալ հավատակիցների հետ և, որ ավելի կարևոր է, ոչ մի արժեք չենք  ունենա Եհովայի աչքում։ Տեսնենք, թե ինչպես է Աստծու Խոսքն ընդգծում այս ճշմարտությունները։

5 Իր երկրային կյանքի վերջին գիշերը Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։ «Ինչպես ես ձեզ սիրեցի». այո՛, մեզ պատվեր է տրված այնպիսի սեր դրսևորել, ինչպիսին Հիսուսն էր դրսևորում։ 29-րդ գլխում նշեցինք, որ Հիսուսը անձնազոհ սիրո գերազանց օրինակ է թողել՝ ուրիշների կարիքներն ու շահերը սեփական շահերից վեր դասելով։ Մենք նույնպես պետք է անձնազոհ սեր դրսևորենք, և դա պետք է լինի այնքան ակներև, որ նկատվի նույնիսկ նրանց կողմից, ովքեր քրիստոնեական ժողովի անդամ չեն։ Իսկապես, անձնազոհ եղբայրական սերը Քրիստոսի ճշմարիտ հետևորդների տարբերակիչ նշանն է։

6, 7. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի Խոսքում շատ է արժևորվում սեր դրսևորելը։ բ) Ինչպիսի՞ սիրո մասին է խոսում Պողոսը 1 Կորնթացիներ 13։4–8-ում։

Իսկ եթե մենք սիրո պակա՞ս ունենք։ «Եթե.... սեր չունենամ,— գրեց Պողոս առաքյալը,— կլինեմ ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա» (1 Կորնթացիներ 13։1)։ Ծնծղան ականջ ծակող ձայն է արձակում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել «ձայն հանող պղնձի կտորի» մասին։ Որոշ թարգմանություններում այս արտահայտությունը փոխանցված է որպես «խլացնող կոչնազանգ» կամ «զրնգացող կոչնազանգ»։ Որքա՜ն տեղին են այս համեմատությունները։ Սեր չունեցող անձնավորությունը նման է այնպիսի երաժշտական գործիքի, որն ականջ ծակող բարձր ձայն է արձակում և ավելի շուտ վանում է, քան թե գրավում։ Ինչպե՞ս կարող է նման անհատը մտերիմ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։ Պողոսը նաև գրեց. «Եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ» (1 Կորնթացիներ 13։2)։ Պատկերացնո՞ւմ ես, սեր չունեցող անհատը «ոչինչ է», անկախ այն բանից, թե ինչ գործեր է նա կատարում։ Պարզ է, ուրեմն, որ սեր դրսևորելը Եհովայի Խոսքում շատ է արժևորվում։

7 Իսկ ինչպե՞ս կարող ենք դրսևորել այս հատկությունը ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում։ Պատասխանը գտնելու  համար քննենք Պողոսի խոսքերը, որ գրված են 1 Կորնթացիներ 13։4–8-ում։ Այս համարներում չի խոսվում այն մասին, թե ինչպես է Աստված սիրում մեզ, կամ մենք՝ նրան։ Այստեղ Պողոսը խոսում է այն մասին, թե ինչպես պետք է մենք սեր դրսևորենք իրար հանդեպ։ Նա նշում է, թե ինչն է բնորոշ սիրուն, և ինչը՝ ոչ։

Ինչպիսին է սերը

8. Ինչպե՞ս կարող է համբերատարությունն օգնել ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում։

8 «Սերը համբերատար է»։ Համբերատար լինել նշանակում է համբերությամբ վերաբերվել ուրիշներին (Կողոսացիներ 3։13)։ Արդյոք մեզ անհրաժեշտ չէ՞ այդպիսի համբերություն։ Կարող ենք ակնկալել, որ մեր քրիստոնյա եղբայրների հետ սերտորեն համագործակցելիս մենք, լինելով անկատար մարդիկ, ժամանակ առ ժամանակ գուցե զայրացնենք իրար։ Բայց համբերատարությունն ու ինքնատիրապետումը կօգնեն մեզ հաղթահարելու փոխհարաբերությունների մեջ առաջացած փոքր «ճեղքերը»,  կամ՝ թյուրիմացությունները և չխաթարելու ժողովի խաղաղությունը։

9. Ինչպե՞ս կարող ենք բարություն դրսևորել ուրիշների հանդեպ։

9 «Սերը.... բարի է»։ Բարությունն արտահայտվում է օգտակար գործերով ու ջերմ խոսքերով։ Սերը մղում է մեզ առիթներ փնտրելու, որ բարություն դրսևորենք հատկապես նրանց հանդեպ, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը։ Օրինակ՝ տարեց եղբայրը կամ քույրը կարող է իրեն միայնակ զգալ և քաջալերական այցելության կարիք ունենալ։ Միայնակ մայրը կամ կրոնապես բաժանված ընտանիքում ապրող քույրը գուցե աջակցության կարիք զգա։ Հիվանդ կամ դժբախտության հանդիպած անհատը թերևս կարիք ունենա լսելու հավատարիմ ընկերոջ բարի խոսքերը (Առակներ 12։25; 17։17)։ Երբ ձգտում ենք նման կերպերով բարություն դրսևորել, ցույց ենք տալիս, որ անկեղծորեն ենք սիրում (2 Կորնթացիներ 8։8

10. Ինչպե՞ս է սերն օգնում, որ «ճշմարտությունն ասենք» և այն պաշտպանենք, նույնիսկ եթե այդպես վարվելը հեշտ չէ։

10 «Սերը.... ուրախանում է ճշմարտության համար»։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասվում է. «Սերը.... ուրախությամբ ճշմարտության կողմն է բռնում»։ Սերը մղում է մեզ պաշտպանելու ճշմարտությունը և իրար «ճշմարտությունն ասելու» (Զաքարիա 8։16)։ Օրինակ՝ եթե մեզ համար թանկ որևէ մեկը լուրջ մեղք է գործել, Եհովայի և այդ անձնավորության հանդեպ սերը կօգնի, որ հավատարիմ մնանք Աստծու չափանիշներին ու չփորձենք որևէ ձևով թաքցնել կամ մեղմացնել նրա արարքը և նույնիսկ ստել կատարվածի մասին։ Ինչ խոսք, երբեմն շատ դժվար է հաշտվել իրականության հետ։ Սակայն եթե մտածում ենք մեր հարազատի բարօրության մասին, կցանկանանք, որ նա ստանա Աստծու տված խրատը, որը սիրուց է բխում, և արձագանքի դրան (Առակներ 3։11, 12)։ Որպես սիրող քրիստոնյաներ՝ մենք նաև ցանկանում ենք «ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

11. Քանի որ սերը «ամեն ինչի դիմանում է», ի՞նչ պետք է անենք հավատակիցների սխալները տեսնելիս։

11 «Սերը.... ամեն ինչի դիմանում է»։ Այս արտահայտությունը բառացի նշանակում է «ամեն բան ծածկում է» (Թագավորության տողացի թարգմանություն, անգլ.)։ 1 Պետրոս 4։8-ում  ասվում է. «Սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը»։ Այո՛, սիրով առաջնորդվող քրիստոնյան չի մերկացնի իր եղբայրների բոլոր թերություններն ու սխալները։ Շատ դեպքերում հավատակիցների սխալներն աննշան են, և դրանք հնարավոր է ծածկել սիրո օգնությամբ (Առակներ 10։12; 17։9

Սերը մղում է մեզ վստահելու եղբայրներին

12. Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ Փիլիմոնի առնչությամբ «հավատում էր լավագույնին», և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։

12 «Սերը.... ամեն ինչի հավատում է»։ Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է, որ սերը «միշտ ձգտում է հավատալ լավագույնին» (Moffatt’s Translation)։ Մենք անտեղի կասկածի չենք ենթարկում մեր հավատակիցներին և հարցականի տակ չենք դնում նրանց յուրաքանչյուր մղումը։ Սերն օգնում է, որ վստահենք եղբայրներին և նրանց առնչությամբ «հավատանք լավագույնին» *։ Այս առումով ուշագրավ օրինակ է Փիլիմոնին ուղղված Պողոսի նամակը, որում առաքյալը հորդորում էր նրան ջերմորեն ընդունել փախուստի դիմած իր ստրուկին՝ Օնեսիմոսին, որը դարձել էր քրիստոնյա։ Պողոսը ոչ թե ստիպում էր Փիլիմոնին այդպես վարվել, այլ սիրով խնդրում էր նրան։ Առաքյալն իր վստահությունը արտահայտեց այն բանի հանդեպ, որ Փիլիմոնը ճիշտ կվարվի՝ ասելով. «Վստահ լինելով, որ կհամաձայնվես՝ գրում եմ քեզ՝ գիտենալով, որ ասածներիցս նույնիսկ ավելին կանես» (Փիլիմոն 21)։ Երբ վստահում ենք մեր եղբայրներին, մղում ենք նրանց դրսևորելու իրենց լավագույն հատկությունները։

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մեր եղբայրների առնչությամբ լավագույն հույսերն ունենք։

13 «Սերը.... ամեն ինչի համար հույս ունի»։ Սերը ոչ միայն վստահում է, այլև լեցուն է հույսով։ Այն մղում է մեզ լավագույն հույսերն ունենալու եղբայրների առնչությամբ։ Օրինակ՝ եթե որևէ եղբայր «սխալ քայլ անի նախքան դա գիտակցելը», մենք հույս ունենք, որ նա կարձագանքի իրեն շտկելու անկեղծ ջանքերին (Գաղատացիներ 6։1)։ Նաև չենք կորցնում հույսը այն բանի հանդեպ, որ նրանք, ովքեր թույլ են հավատի մեջ, կամրանան։ Ընդհակառակը՝ համբերությամբ ենք վարվում նման մարդկանց  հետ և հնարավորինս օգնում ենք նրանց, որ հավատի մեջ զորանան (Հռոմեացիներ 15։1; 1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Նույնիսկ եթե մեր հարազատը շեղվում է ճշմարիտ ուղուց, մենք չենք դադարում հուսալուց, որ մի օր նա «ուշքի կգա» և կվերադառնա Եհովայի մոտ, ինչպես Հիսուսի առակում նկարագրված անառակ որդին (Ղուկաս 15։17, 18

14. Ի՞նչ կերպերով կարող է փորձվել մեր տոկունությունը ժողովում, և ինչպե՞ս կօգնի մեզ սեր դրսևորելը։

14 «Սերը.... ամեն ինչի տոկում է»։ Տոկունությունը օգնում է, որ հիասթափություն ապրելիս կամ դժվարության բախվելիս ամուր մնանք։ Մեր տոկունությունը փորձվում է ոչ միայն ժողովից դուրս, այլև երբեմն նրա ներսում։ Իրենց անկատարության պատճառով եղբայրները երբեմն կարող են հիասթափեցնել մեզ։ Անմտածված խոսքերը կարող են վիրավորել մեր զգացմունքները (Առակներ 12։18)։ Հնարավոր է, որ ժողովում ինչ-որ բան չի արվում այնպես, ինչպես որ, մեր կարծիքով, պետք է արվի։ Գուցե մեզ վշտացնում է պատասխանատու եղբոր վարքը, և մեր մեջ հարց է առաջանում, թե ինչպես կարող է քրիստոնյան նման ձևով վարվել։ Այդպիսի իրավիճակներում հայտնվելիս կհեռանա՞նք կազմակերպությունից և կդադարե՞նք Եհովային ծառայելուց։ Ո՛չ, եթե սեր ունենք։ Այո՛, սերը թույլ չի տա, որ եղբոր սխալներն այն աստիճան կուրացնեն մեզ, որ այլևս չկարողանանք նրա մեջ կամ ողջ ժողովում որևէ լավ բան տեսնել։ Սերն օգնում է հավատարիմ մնալու Աստծուն և աջակցելու ժողովին, անկախ այն բանից, թե ինչ կասի կամ կանի անկատար մարդը (Սաղմոս 119։165

Ինչպիսին չէ սերը

15. Ի՞նչ է նախանձը, և սերը ինչպե՞ս կօգնի խուսափելու այս կործանարար զգացումից։

15 «Սերը նախանձոտ չէ»։ Մենք չպետք է նախանձենք ուրիշներին՝ նրանց ունեցվածքին, առանձնաշնորհումներին կամ կարողություններին։ Նախանձը եսասեր, կործանարար զգացում է, ու եթե հսկողության տակ չառնվի, կարող է խաթարել ժողովի խաղաղությունը։ Ի՞նչը կօգնի մեզ պայքարելու «նախանձելու հակումի» դեմ (Հակոբոս 4։5)։ Սերը։ Այս անգին հատկությունը կմղի մեզ ուրախանալու նրանց հետ, ովքեր թերևս ավելի մեծ  հաջողությունների են հասել, քան մենք (Հռոմեացիներ 12։15)։ Սերն օգնում է անձնական վիրավորանք չհամարելու այն, որ ինչ-որ մեկը գովասանքի է արժանանում իր բացառիկ ունակությունների կամ մեծ ձեռքբերումների համար։

16. Եթե սիրում ենք մեր եղբայրներին, ինչո՞ւ չպետք է պարծենանք ծառայության մեջ ունեցած հաջողություններով։

16 «Սերը.... չի պարծենում, չի հպարտանում»։ Սերը թույլ չի տա, որ փողահարենք մեր կարողությունների ու հաջողությունների մասին։ Մի՞թե անընդհատ կպարծենանք ծառայության մեջ մեր հաջողություններով ու ժողովում ունեցած առանձնաշնորհումներով, եթե անկեղծորեն սիրում ենք եղբայրներին։ Դա կարող է ճնշել ուրիշներին և այնպիսի զգացում առաջացնել նրանց մեջ, թե իրենք մեզանից ցածր են։ Սերը թույլ չի տա, որ պարծենանք ծառայության մեջ ունեցած մեր հաջողություններով, քանի որ դրանք Աստծուց ենք ստացել (1 Կորնթացիներ 3։5–9)։ Ավելին, սերը «չի հպարտանում» կամ, ինչպես ասվում է մեկ ուրիշ թարգմանության մեջ, չի «փայփայում մտքեր իր սեփական կարևորության մասին»։ Այո՛, սերը թույլ չի տա, որ մեր մասին չափից ավելի բարձր կարծիք ունենանք (Հռոմեացիներ 12։3

17. Սերը մղում է մեզ ի՞նչը հաշվի առնելու, և այդպիսով ի՞նչ վարվելակերպից կխուսափենք։

17 «Սերը.... անպատշաճ վարմունք չի ունենում»։ Անպատշաճ վարք ունեցող անհատը վարվում է անվայել և անհարգալից կերպով։ Այդպիսի վարքագիծը վկայում է սիրո պակասի մասին, քանի որ այն բացահայտ արհամարհանք է ուրիշների զգացմունքների ու բարօրության հանդեպ։ Ի տարբերություն դրա՝ սերը մղում է լինել քաղաքավարի և ուշադիր ուրիշների հանդեպ։ Սերն օգնում է, որ ունենանք ճիշտ վարվելաձև, արժանավայել պահվածք և հարգանք հավատակիցների հանդեպ։ Ուստի այն թույլ չի տա, որ «ամոթալի վարք» դրսևորենք, որը կցնցի կամ կվիրավորի մեր եղբայրներին (Եփեսացիներ 5։3, 4

18. Ինչո՞ւ սիրող անհատը չի պահանջի, որ ամեն բան արվի իր ուզածի պես։

18 «Սերը.... իր շահը չի փնտրում»։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասվում է. «Սերը իրենը չի պնդում»։ Սիրող անհատը չի պահանջի, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ասես նրա տեսակետը միշտ ճիշտ է։ Նա ճնշում չի բանեցնի  ուրիշների վրա՝ համոզելով ու պնդելով, որ փոխեն իրենց տեսակետը։ Համառության նման դրսևորումը խոսում է հպարտության մասին, իսկ ըստ Աստվածաշնչի՝ «հպարտությունը նախորդում է կործանմանը» (Առակներ 16։18)։ Եթե մենք իսկապես սիրում ենք մեր եղբայրներին, ապա կհարգենք նրանց տեսակետը, և հնարավորության դեպքում ցույց կտանք, որ պատրաստ ենք զիջելու։ Զիջողամտության ոգի ցուցաբերելով՝ կվարվենք Պողոսի խոսքերին ներդաշնակ. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24

19. Սերն օգնում է ինչպե՞ս արձագանքելու ուրիշների հասցրած վիրավորանքին։

19 «Սերը.... բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում»։ Սերը հեշտությամբ չի բորբոքվում այն բանից, թե ինչ են ասում կամ անում ուրիշները։ Բնական է, որ դիմացինի հասցրած վիրավորանքը վրդովեցնում է մեզ։ Սակայն նույնիսկ եթե մեր զայրույթը արդարացի է, սերը թույլ չի տա մնալ բարկացած վիճակում (Եփեսացիներ 4։26, 27)։ Մենք հաշվապահական մատյան չենք պահի, որ գրանցենք խոսքով թե գործով մեզ հասցված վիրավորանքները՝ դրանք չմոռանալու նպատակով։ Փոխարենը՝ սերը կմղի ընդօրինակելու մեր սիրառատ Աստծուն։ Ինչպես տեսանք 26-րդ գլխից, Եհովան ներում է, երբ դրա համար հիմնավոր պատճառներ կան։ Իսկ ներելիս նա մոռացության է մատնում մեր գործած մեղքը, այսինքն՝ չի հիշում այն, որ օրերից մի օր նորից մեր դեմ օգտագործի։ Շնորհակալ չե՞նք արդյոք Եհովայից, որ նա չի հաշվում իրեն հասցված վիրավորանքները։

20. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, եթե հավատակիցն ընկնում է մեղքի ծուղակը և դառը պտուղներ քաղում։

20 «Սերը.... անարդարության վրա չի ուրախանում»։ Այլ թարգմանություններում այս խոսքերը հնչում են հետևյալ կերպ. «Սերը.... չի չարախնդում ուրիշ մարդկանց մեղքերի վրա», «սերը երբեք չի ուրախանում, երբ ուրիշները սխալներ են գործում»։ Սերը բավականություն չի ստանում անարդարությունից։ Այդ պատճառով մենք աչք չենք փակում անբարո և ոչ մի արարքի վրա։ Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքենք, եթե հավատակիցն ընկնում է մեղքի ծուղակը և արդյունքում դառը պտուղներ քաղում։ Սերը թույլ չի տա, որ ուրախանանք՝ ասելով. «Լա՛վ եղավ։ Նա արժանի էր դրան» (Առակներ 17։5)։ Բայց երբ  սխալ գործած եղբայրը ճիշտ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերականգնի իր հոգևոր առողջությունը, դա մեզ ուրախություն է պատճառում։

«Գերազանց ճանապարհ»

21–23. ա) Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով, որ «սերը երբեք չի վերջանում»։ բ) Ինչի՞ մասին ենք խոսելու գրքի վերջին գլխում։

21 «Սերը երբեք չի վերջանում»։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը այս խոսքերն ասելիս։ Ինչպես ցույց է տալիս համատեքստը, նա խոսում էր ոգու պարգևների մասին, որոնք տրվում էին առաջին քրիստոնյաներին։ Դրանք այն բանի նշանն էին, որ նորաստեղծ ժողովն ուներ Աստծու հավանությունը։ Ոչ բոլոր քրիստոնյաներն էին կարողանում բուժել, մարգարեանալ, տարբեր լեզուներով խոսել։ Բայց դա այնքան էլ էական չէր, քանի որ գերբնական պարգևները ի վերջո անհետանալու էին։ Մի բան, սակայն, մնալու  էր, և դա կարող էր զարգացնել յուրաքանչյուր քրիստոնյա։ Այդ բանը անհամեմատ ավելի անզուգական էր ու հավիտենական, քան ցանկացած գերբնական պարգև։ Պողոսը նույնիսկ դա անվանեց «գերազանց ճանապարհ» (1 Կորնթացիներ 12։31)։ Ո՞րն է այդ «գերազանց ճանապարհը»։ Դա սիրո ճանապարհն է։

Եհովայի ծառաները ճանաչվում են իրար հանդեպ ունեցած սիրով

22 Եվ իրոք, քրիստոնեական սերը, որի մասին խոսեց Պողոսը, «երբեք չի վերջանում»։ Առ այսօր Հիսուսի ճշմարիտ հետևորդները ճանաչվում են անձնազոհ եղբայրական սիրով։ Արդյոք այդպիսի սեր չե՞նք տեսնում աշխարհով մեկ սփռված Եհովայի երկրպագուների ժողովներում։ Այդ սերը հավերժ կմնա, քանի որ Աստված հավիտենական կյանք է խոստանում իր հավատարիմ ծառաներին (Սաղմոս 37։9–11, 29)։ Ուրեմն ջանքեր գործադրենք, որ «շարունակենք քայլել սիրո մեջ»։ Այդպես վարվելով՝ կվայելենք այն մեծ ուրախությունը, որը գալիս է տալուց։ Ավելին, մենք կշարունակենք ապրել ու սիրել ողջ հավիտենության ընթացքում՝ ընդօրինակելով մեր սիրառատ Աստված Եհովային։

23 Այս գլխում, որը եզրափակում է գրքի այն մասը, որը նվիրված է սիրուն, քննեցինք, թե ինչպես կարող ենք սեր դրսևորել իրար հանդեպ։ Սակայն հաշվի առնելով, թե ինչ բազում օգուտներ ենք քաղում Եհովայի սիրուց, ինչպես նաև զորությունից, արդարությունից ու իմաստությունից՝ տեղին կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Եհովային, որ իսկապես սիրում եմ նրան»։ Այս հարցի պատասխանը կգտնենք գրքի վերջին գլխում։

^ պարբ. 12 Իհարկե, քրիստոնեական սերը դյուրահավատ չէ։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս «աչքի տակ առնել նրանց, ովքեր բաժանումներ են առաջ բերում և գայթակղության առիթ են ստեղծում», և «խուսափել նրանցից» (Հռոմեացիներ 16։17