Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 23

«Առաջինը նա սիրեց մեզ»

«Առաջինը նա սիրեց մեզ»

1–3. Ի՞նչ առումներով էր Հիսուսի մահը առանձնահատուկ։

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ մի օր՝ մոտ 2000 տարի առաջ, մի անմեղ մարդու դատեցին ու մեղադրեցին այնպիսի հանցագործությունների մեջ, որ նա երբեք չէր կատարել, ապա տանջալից մահվան դատապարտեցին։ Դա առաջին դաժան և անարդար մահապատիժը չէր մարդկության պատմության մեջ և ոչ էլ, ցավոք, վերջինը։ Սակայն այդ մահը առանձնահատուկ էր։

2 Մինչ այդ մարդը իր կյանքի վերջին, տանջալից ժամերն էր ապրում, անգամ երկինքը վկայություն տվեց պատահածի կարևորության մասին։ Չնայած կեսօր էր, անսպասելիորեն խավար իջավ ամբողջ երկրի վրա։ Ինչպես նշում է մի պատմագիր, «արևի լույսը խավարեց» (Ղուկաս 23։44, 45)։ Իր վերջին շունչը տալուց առաջ նա ասաց հետևյալ անմոռանալի խոսքը. «Կատարվե՛ց»։ Եվ իրոք, իր կյանքը տալով՝ նա մի սքանչելի բան իրագործեց։ Այդ զոհագործությունը մարդու կողմից երբևէ ցուցաբերված սիրո մեծագույն դրսևորումն էր (Հովհաննես 15։13; 19։30

3 Այդ մարդն, անշուշտ, Հիսուս Քրիստոսն էր։ Մ.թ. 33թ. նիսանի 14-ի այդ մռայլ օրը նրա կրած չարչարանքն ու մահը բոլորին է հայտնի։ Բայց հաճախ անտեսվում է մի կարևոր փաստ։ Չնայած Հիսուսի տառապանքներն աննկարագրելի էին, սակայն կար մեկը, ով ավելի շատ տառապեց։ Իրականում, այդ օրը նա ավելի մեծ զոհողություն արեց։ Դա ողջ տիեզերքում երբևէ ցուցաբերված սիրո մեծագույն դրսևորումն էր։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այս հարցի պատասխանը հարմար նախաբան է թեմաներից կարևորագույնի՝ Եհովայի սիրո։

Սիրո մեծագույն դրսևորումը

4. Ինչպե՞ս հռոմեացի զինվորականը համոզվեց, որ Հիսուսը սովորական մարդ չէր, և ի՞նչ եզրակացրեց նա։

4 Հռոմեացի հարյուրապետը, որի գլխավորությամբ իրականացվեց Հիսուսի մահապատիժը, շատ վախեցավ՝ տեսնելով թե՛ խավարը, որ նախորդեց Հիսուսի մահվանը, և թե՛ դրան հաջորդած  ուժգին երկրաշարժը։ «Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»,— ասաց նա (Մատթեոս 27։54)։ Հստակ է, որ Հիսուսը սովորական մարդ չէր։ Հռոմեացի այդ զինվորականը մասնակից էր եղել Բարձրյալ Աստծու միածին Որդու մահապատժին։ Իսկ որքա՞ն թանկ էր Որդին իր Հոր համար։

5. Տեսանելի ի՞նչ միջոցով է հնարավոր ցույց տալ այն հսկայական ժամանակը, երբ Եհովան ու իր Որդին միասին են եղել երկնքում։

5 Աստվածաշունչը Հիսուսին կոչում է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1։15)։ Մի պահ մտածիր. Եհովայի Որդին գոյություն է ունեցել դեռևս տիեզերքի ստեղծվելուց առաջ։ Իսկ որքա՞ն ժամանակ են Հայրն ու Որդին միասին եղել։ Որոշ գիտնականների հաշվարկներով՝ տիեզերքը գոյություն ունի 13 միլիարդ տարի։ Այս ահռելի թիվը պատկերացնելն անգամ դժվար է։ Որպեսզի մարդիկ կարողանան պատկերացնել այս թիվը, մի աստղադիտարանում հետևյալ բանն են արել. պատի վրա հիշյալ ժամանակահատվածը ներկայացրել են ուղիղ գծի միջոցով, որի երկարությունը 110 մետր է։ Յուրաքանչյուր քայլը, որ կատարում են այցելուներն այդ գծի երկայնքով, համապատասխանում է տիեզերքի տարիքի 75 միլիոն տարուն։ Ժամանակը ցույց տվող սանդղակի վերջում մարդկության ողջ պատմությունը ներկայացվում է մի գծիկով, որն ընդամենը մարդու մազի հաստություն ունի։ Նույնիսկ եթե այս հաշվարկները ճշգրիտ են, միևնույնն է, այդ սանդղակն իր ողջ երկարությամբ բավարար չի լինի ներկայացնելու համար Եհովայի Որդու կյանքի տևողությունը։ Իսկ ինչո՞վ է նա զբաղված եղել այդ անհաշիվ տարիների ընթացքում։

6. ա) Ինչո՞վ էր զբաղված Եհովայի Որդին երկնքում նախքան երկիր գալը։ բ) Ինչպիսի՞ կապ գոյություն ունի Եհովայի և իր Որդու միջև։

6 Որդին ուրախությամբ ծառայել է իր Հոր մոտ՝ որպես «հմուտ վարպետ» (Առակներ 8։30)։ Աստվածաշնչում կարդում ենք. «Առանց [Որդու] ոչինչ չստեղծվեց» (Հովհաննես 1։3)։ Ուստի Եհովան և իր Որդին միասին են ստեղծել մյուս բոլոր բաները։ Ի՜նչ հետաքրքիր և ուրախ ժամանակներ են նրանք անցկացրել միասին։ Թերևս շատերը կհամաձայնեն, որ սերը երեխայի ու ծնողի միջև զարմանալիորեն ուժեղ է։ Սերը «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։ Ուստի որքա՜ն ամուր է եղել սիրո այն կապը, որ գոյություն է ունեցել այդ աներևակայելի երկար տարիների ընթացքում։ Անկասկած, Եհովա Աստված ու իր Որդին միավորված են սիրո ամենաամուր կապով։

7. Եհովան ինչպե՞ս արտահայտեց իր զգացմունքները Որդու հանդեպ, երբ Հիսուսը մկրտվեց։

 7 Չնայած դրան՝ Հայրը Որդուն երկիր ուղարկեց, որ ծնվի որպես մարդ։ Դա նշանակում էր, որ մի քանի տասնամյակ Եհովան ստիպված էր լինելու զրկել իրեն սիրելի Որդու հետ ունեցած սերտ ընկերակցությունից։ Մեծ հետաքրքրությամբ նա երկնքից հետևում էր, թե ինչպես էր Հիսուսը մեծանում որպես կատարյալ մարդ։ Մոտ 30 տարեկան հասակում նա մկրտվեց։ Հարկ չկա ենթադրություններ անելու այն մասին, թե ինչ էր զգում Եհովան այդ պահին։ Նա անձամբ խոսեց երկնքից՝ ասելով. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։17)։ Ինչպիսի՜ ուրախություն պետք է զգար Հայրը՝ տեսնելով, որ Հիսուսը հավատարմորեն կատարում է այն ամենը, ինչ մարգարեացվել էր նրա մասին և ինչ նրան հանձնարարվել էր անելու (Հովհաննես 5։36; 17։4

8, 9. ա) Ի՞նչ փորձությունների միջով անցավ Հիսուսը մ.թ. 33թ. նիսանի 14-ին, և ի՞նչ ապրումներ ունեցավ Եհովան։ բ) Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ իր Որդին չարչարվի ու մահանա։

8 Իսկ ի՞նչ ապրումներ ունեցավ Եհովան մ.թ. 33թ. նիսանի 14-ին։ Ի՞նչ զգացումներ ունեցավ նա, երբ Հիսուսին մատնեցին, երբ վայրագ մի ամբոխ գիշերով նրան ձերբակալեց, երբ Հիսուսին լքեցին նրա մտերիմները, երբ անարդարացիորեն դատեցին նրան, երբ ծաղրուծանակի ենթարկեցին, թքեցին նրա վրա և բռունցքներով հարվածեցին, երբ խարազանեցին նրան, ինչի արդյունքում մեջքը վերածվեց արյունոտ մսի դողդոջուն ծվենների, երբ նրա ձեռքերն ու ոտքերը մեխեցին փայտե սյանը և, մինչ մարդիկ շարունակում էին անարգել նրան, թողեցին այդպես կախված։ Ի՞նչ զգացումներ ունեցավ Հայրը, երբ իր Որդին կյանքի վերջին րոպեներին անասելի տառապանքների միջից դեպի իրեն աղաղակեց։ Եվ վերջապես, ի՞նչ ապրումներ ունեցավ Եհովան, երբ իր սիրելի Որդին վերջին շունչը տվեց ու արարչագործության պատմության մեջ առաջին անգամ դադարեց գոյություն ունենալուց (Մատթեոս 26։14–16, 46, 47, 56, 59, 67; 27։38–44, 46; Հովհաննես 19։1

«Աստված.... իր միածին Որդուն տվեց»

9 Բառերն անզոր են։ Քանի որ Եհովան զգացմունքներ ունի, անհնար է խոսքերով նկարագրել այն անտանելի ցավը, որ Հիսուսի մահը պատճառեց նրան։ Բայց հնարավոր է բացատրել այն, թե ինչու Հայրը թույլ տվեց, որ նման բան տեղի ունենա։ Ուրեմն ի՞նչը մղեց Եհովային այդպիսի տառապանք պատճառելու ինքն  իրեն։ Հովհաննես 3։16-ում Եհովան մի զարմանալի բան է հայտնում. աստվածաշնչյան այնքան կարևոր մի համար, որ կոչվել է «փոքրիկ Ավետարան»։ Այնտեղ ասվում է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Փաստորեն, Եհովայի մղիչ ուժը սերն էր։ Աստված երկիր ուղարկեց իր Որդուն, որպեսզի նա տառապեր ու մահանար մեզ համար։ Սա էր Եհովայի պարգևը՝ երբևէ ցուցաբերված սիրո մեծագույն դրսևորումը։

Աստվածային սիրո սահմանումը

10. Մարդիկ ինչի՞ կարիք ունեն, և ի՞նչ կարելի է ասել «սեր» բառի նշանակության հետ կապված մեր օրերում։

10 Ի՞նչ է նշանակում «սեր» բառը։ Սերը մի բան է, որի կարիքը մարդիկ ամենից շատ են զգում։ Օրորոցից մինչև մահվան անկողին մարդիկ շարունակ ձգտում են սիրո, ծաղկում են նրա ջերմությունից, իսկ առանց նրա՝ թառամում և նույնիսկ մահանում են։ Այնուհանդերձ, դժվար է սահմանել այս բառը։ Մարդիկ, անշուշտ, շատ են խոսում սիրո մասին։ Այդ թեմայով անթիվ-անհամար գրքեր են գրվում, երգեր են հորինվում ու բանաստեղծություններ են հյուսվում։ Բայց, միևնույնն է, «սեր» բառը ավելի հասկանալի չի դառնում։ Ընդհակառակը՝ այնքան հաճախ է օգտագործվում, որ նրա իրական նշանակությունը ավելի անհասկանալի է դառնում։

11, 12. ա) Որտեղի՞ց կարող ենք սիրո մասին ավելի շատ բան իմանալ և ինչո՞ւ։ բ) Սիրո ի՞նչ տեսակներ գոյություն ունեին հին հունարենում, և Քրիստոնեական Հունարեն Գրություններում «սեր» թարգմանված ո՞ր բառն է ամենից հաճախ գործածվում (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ գ) Ի՞նչ է ագապեն։

11 Աստվածաշունչը, սակայն, հստակ բացատրում է, թե ինչ է սերը։ Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանում» (անգլ.) նշվում է. «Սերը ճանաչվում է բացառապես գործերով, որոնց այն մղում է»։ Աստվածաշնչում նկարագրված Եհովայի գործերը շատ բան են հայտնում այն մասին, թե ինչ է նրա սերը. դա ջերմ կապվածություն է, որ նա ունի իր ստեղծած էակների հանդեպ։ Ի՞նչը կարող է մեզ ավելի շատ բան հայտնել այդ հատկության մասին, եթե ոչ Եհովայի անգերազանցելի սիրո օրինակը, որի մասին կարդացինք այս գլխի սկզբում։ Հաջորդ գլուխներում կքննենք ուրիշ օրինակներ, որոնք ցույց կտան,  թե ինչպես է Աստված գործնականում դրսևորում իր սերը։ Այս հատկության մասին կարող ենք իմանալ նաև՝ հետազոտելով այդ բառի համար Աստվածաշնչի բնագիր տեքստում գործածված համապատասխան բառերը։ Հին հունարենում կար չորս բառ, որոնցից յուրաքանչյուրը թարգմանվել է «սեր» *։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում ամենից հաճախ հանդիպում է ագապե բառը։ Աստվածաշնչյան մի բառարան այն անվանում է «սիրո գաղափարն արտահայտող ամենազորեղ բառը»։ Ինչո՞ւ։

12 Ագապեն սկզբունքների վրա հիմնված սերն է։ Ուստի այն ավելին է, քան միայն զգացմունքի թելադրանքով որևէ մեկի խոսքերին կամ գործերին արձագանքելը։ Սիրո այս տեսակը ավելի լայն իմաստ ունի և դրսևորվում է անշահախնդրորեն ու գիտակցաբար։ Բայց ամենակարևորը, ագապեն եսասիրության նշույլ անգամ չունի։ Կրկին անդրադառնանք Հովհաննես 3։16-ին։ Ի՞նչ է «աշխարհը», որին Աստված այդքան շատ սիրեց և որի համար տվեց իր միածին Որդուն։ Դա փրկանքի կարիք ունեցող մարդկությունն է, այդ թվում նաև այն բազմաթիվ անհատները, ովքեր մեղավոր ընթացք են բռնել։ Արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրին Եհովան համարում է իր ընկերը և սիրում է այնպես, ինչպես հավատարիմ Աբրահամին էր սիրում (Հակոբոս 2։23)։ Ո՛չ, բայց Աստված սիրով բարություն է ցուցաբերում բոլորի հանդեպ, նույնիսկ երբ դրա դիմաց հարկ է լինում թանկ վճարել։ Նա ցանկանում է, որ բոլոր մարդիկ զղջան ու փոխեն իրենց սխալ ընթացքը (2 Պետրոս 3։9)։ Շատերը հենց այդպես էլ անում են։ Եվ այդ ժամանակ Եհովան ուրախությամբ համարում է նրանց իր ընկերները։

13, 14. Ինչի՞ց է երևում, որ ագապեն հաճախ ներառում է ջերմ զգացմունքներ։

13 Ոմանք սխալ են պատկերացնում ագապեն։ Նրանց կարծիքով՝  դա սիրո մի տեսակ է, որը զուրկ է ջերմությունից ու հիմնված է զուտ գիտակցության վրա։ Իրականում, սակայն, ագապեն ներառում է ջերմ անձնական կապվածություն։ Օրինակ՝ երբ Հովհաննեսը գրեց՝ «Հայրը սիրում է Որդուն», գործածեց ագապե բառի ձևերից մեկը։ Արդյո՞ք այդ սերը զուրկ է ջերմությունից։ Հետաքրքիր է, որ երբ Հիսուսը ասաց՝ «Հայրը սիրում է Որդուն», գործածեց ֆիլեո բառի մի ձև (Հովհաննես 3։35; 5։20)։ Փաստորեն, Եհովայի սերը հաճախ ներառում է ջերմ զգացմունքներ։ Բայցևայնպես, այն երբեք չի «տարուբերվում» զգացմունքներից, այլ միշտ առաջնորդվում է Աստծու իմաստուն և արդար սկզբունքներով։

14 Ինչպես տեսնում ենք, Եհովայի բոլոր հատկությունները անբասիր են, կատարյալ ու հրապուրիչ։ Բայց դրանցից ամենահրապուրիչը սերն է։ Ոչ մի բան մեզ այնքան շատ չի մոտեցնում Եհովային, որքան նրա սերը։ Իսկ սերը նրա գլխավոր հատկությունն է։ Որտեղի՞ց գիտենք դա։

«Աստված սեր է»

15. Ի՞նչ է հայտնում Աստվածաշունչը Եհովայի սիրո մասին, և ի՞նչ առումով են այդ խոսքերն անզուգական (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

15 Աստվածաշնչում սիրո մասին ասվում է մի բան, որը չի ասվում Եհովայի հիմնական հատկություններից և ոչ մեկի մասին։ Սուրբ Գրքում չի նշվում, օրինակ, որ Աստված զորություն է, արդարություն կամ իմաստություն է։ Նա ունի այդ հատկությունները, դրանց հիմնական աղբյուրն է և դրանք դրսևորելու մեջ իրեն հավասարը չունի։ Սակայն չորրորդ հատկության մասին ասվում է ավելի խորիմաստ մի բան. «Աստված սեր է» *(1 Հովհաննես 4։8)։ Ի՞նչ է դա նշանակում։

16–18. ա) Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ «Աստված սեր է»։ բ) Ինչո՞ւ բոլոր արարածներից միայն մարդն է Եհովայի սիրո համապատասխան խորհրդանիշը։

16 «Աստված սեր է» արտահայտությունը նման չէ պարզ հավասարման,  օրինակ՝ «Աստված հավասար է սիրո»։ Ճիշտ չի լինի նաև բառերի տեղերը փոխել և ասել, թե «սերն է Աստված»։ Եհովան զուտ վերացական հատկություն չէ։ Նա անձնավորություն է և սիրուց բացի ունի մի շարք ուրիշ հատկություններ ու զգացմունքներ։ Սակայն սերը Եհովայի բուն էությունն է։ Մի աշխատության մեջ ասվում է. «Աստծու ողջ էությունը սեր է»։ Սա կարելի է արտահայտել հետևյալ կերպ. Եհովայի զորությունը հնարավորություն է տալիս նրան գործելու։ Արդարությունը և իմաստությունը առաջնորդում են նրան իր բոլոր գործերում։ Բայց Եհովայի սերը մղում է նրան գործելու։ Եհովայի սերը արտացոլվում է բոլոր այն դեպքերում, երբ նա գործի է դնում իր մյուս հատկությունները։

17 Հաճախ է ասվում, որ Եհովան սիրո մարմնացում է։ Ուստի եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է սկզբունքների վրա հիմնված սերը, պետք է սովորենք Եհովայի մասին։ Այդ գեղեցիկ հատկությունը, ինչ խոսք, կարելի է տեսնել նաև մարդկանց մեջ։ Ինչո՞ւ։ Ահա թե արարչագործության ժամանակ ինչ էր ասել Աստված՝ ակներևաբար, իր Որդուն դիմելով. «Եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք» (Ծննդոց 1։26)։ Երկրի վրա ստեղծված բոլոր արարածներից միայն մարդիկ կարող են գիտակցաբար սեր դրսևորել և այդպես ընդօրինակել իրենց երկնային Հորը։ Հիշենք, որ Եհովան իր գլխավոր հատկությունները ներկայացրել է տարբեր արարածների միջոցով։ Բայց որպես սիրո՝ իր ամենագլխավոր հատկության խորհրդանիշ՝ նա ընտրել է երկրային ստեղծագործությունների գլուխգործոցին՝ մարդուն (Եզեկիել 1։10

18 Երբ սիրում ենք անշահախնդրորեն, սկզբունքների վրա հիմնված սիրով, արտացոլում ենք Եհովայի այդ մեծագույն հատկությունը։ Այս առնչությամբ Հովհաննես առաքյալը գրել է. «Մենք սիրում ենք, քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 Հովհաննես 4։19)։ Բայց ինչի՞ց է երևում, որ առաջինը Եհովան սիրեց մեզ։

Եհովան քայլեր ձեռնարկեց

19. Ինչո՞ւ կարելի է ասել, որ սերը կարևոր դեր է խաղացել Եհովայի արարչագործության մեջ։

19 Սերը նոր բան չէ։ Ի վերջո, ի՞նչը մղեց Եհովային, որ սկսի արարել։ Նա իրեն միայնակ չէր զգում ու ոչ էլ ընկերակցության կարիք ուներ։ Աստված կատարյալ է և ինքնաբավարարված։ Նա ոչ  մի բանի կարիք չունի։ Ուստի հարկ չկա, որ ինչ-որ մեկը լրացնի այդ պակասը։ Բայց սերը՝ այդ գործուն հատկությունը, մղեց նրան կյանքը վայելելու ուրախությունը պարգևել բանականությամբ օժտված իր ստեղծագործություններին, որոնք կարող էին գնահատել այդ պարգևը։ «Աստծու ստեղծագործության սկիզբը» նրա միածին Որդին էր (Հայտնություն 3։14)։ Այնուհետև Եհովան այդ Հմուտ Վարպետի միջոցով ստեղծեց հրեշտակներին, իսկ հետո նաև մնացած բոլոր բաները (Հոբ 38։4, 7; Կողոսացիներ 1։16)։ Ազատությամբ, բանականությամբ և զգացմունքներով օժտված այդ զորեղ ոգեղեն արարածները հնարավորություն ունեին սեր զարգացնելու միմյանց և, ամենակարևորը, Եհովա Աստծու հանդեպ (2 Կորնթացիներ 3։17)։ Հետևաբար, հրեշտակները սիրեցին, որովհետև առաջինը իրենք սիրվեցին։

20, 21. Եհովայի սիրո մասին վկայող ի՞նչ ապացույցներ ունեին Ադամն ու Եվան, բայց ինչպե՞ս արձագանքեցին։

20 Պարագան նույնն էր նաև մարդկանց դեպքում։ Սկզբից ևեթ Ադամն ու Եվան ողողված էին սիրով։ Իրենց եդեմական տան յուրաքանչյուր անկյունում, որ կողմ էլ նրանք նայեին, ամեն բան վկայում էր իրենց Հոր սիրո մասին։ Ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Եհովա Աստված արևելյան կողմում՝ Եդեմում, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած մարդուն այնտեղ դրեց» (Ծննդոց 2։8)։ Երբևէ եղե՞լ ես գեղեցիկ պարտեզում։ Ի՞նչն է քեզ ամենից շատ դուր եկել։ Սաղարթախիտ ծառի միջից թափանցող լույսի ճառագա՞յթը։ Բազմագույն ծաղիկների ապշեցուցիչ երանգնե՞րը։ Առվակի կարկա՞չը, թռչունների անուշ դայլայլն ու միջատների բզզո՞ցը, որ ասես մի համահունչ մեղեդի լիներ։ Իսկ ծառերի, ծաղիկների ու մրգերի բուրմո՞ւնքը։ Սակայն որքան էլ գեղեցիկ լիներ այդ պարտեզը, այն, ինչպես նաև այսօր գոյություն ունեցող ոչ մի պարտեզ, չի համեմատվի Եդեմի հետ։ Ինչո՞ւ։

21 Բանն այն է, որ այդ պարտեզը ստեղծվել էր Եհովայի կողմից։ Այն աննկարագրելիորեն գեղեցիկ էր։ Յուրաքանչյուր ծառ հիացմունք էր պատճառում իր գեղեցկությամբ ու համեղ պտուղներով։ Պարտեզը, որ լավ ոռոգված էր և ընդարձակ, ապշեցնում էր իր կենդանական աշխարհի բազմազանությամբ։ Լիարժեք ու երջանիկ կյանքով ապրելու համար Ադամն ու Եվան ունեին ամեն ինչ, այդ թվում նաև գոհացուցիչ աշխատանք ու կատարյալ ընկերակցություն։ Եհովան առաջի՛նը սիրեց նրանց, և նրանք ամեն  պատճառ ունեին նույն ձևով արձագանքելու։ Բայց այդպես չվարվեցին։ Իրենց երկնային Հորը սիրելու և հնազանդվելու փոխարեն՝ Ադամն ու Եվան եսասիրաբար ըմբոստացան նրա դեմ (Ծննդոց, գլ. 2)։

22. Ինչպե՞ս Եհովայի արձագանքը ցույց տվեց, որ նրա սերը նվիրված է։

22 Ինչպիսի՜ ցավ պետք է որ դա պատճառեր Եհովային։ Այդ ըմբոստությունը դառնացրե՞ց արդյոք նրա սիրող սիրտը։ Ամենևի՛ն, քանի որ «նրա սիրառատ բարությունը [կամ՝ նվիրված սերը] հավերժական է» (Սաղմոս 136։1)։ Ուստի սիրուց մղված՝ նա անմիջապես նպատակ դրեց փրկագնել Ադամի ու Եվայի բոլոր այն զավակներին, ովքեր սրտի ճիշտ տրամադրվածություն կունենային։ Եվ ինչպես տեսանք, այդ նպատակով Եհովան զոհեց իր սիրելի Որդուն, որը շատ թանկ էր իր համար (1 Հովհաննես 4։10

23. Ո՞րն է պատճառներից մեկը, թե ինչու է Եհովան «երջանիկ Աստված», և ի՞նչ կարևոր հարց կքննենք հաջորդ գլխում։

23 Այո՛, հենց սկզբից Եհովան քայլեր ձեռնարկեց, որ մարդկության նկատմամբ սեր դրսևորի։ Բազմաթիվ կերպերով «առաջինը նա սիրեց մեզ»։ Սերը նպաստում է համերաշխությանն ու երջանկությանը, ուստի զարմանալի չէ, որ Եհովան նկարագրվում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթեոս 1։11)։ Սակայն մի կարևոր հարց է ծագում։ Արդյո՞ք Եհովան սիրում է մեզանից յուրաքանչյուրին անհատապես։ Այս հարցի պատասխանը կգտնենք հաջորդ գլխում։

^ պարբ. 11 Քրիստոնեական Հունարեն Գրություններում հաճախ օգտագործվում է ֆիլեո բայը, որը նշանակում է «համակրել, հավանել, որևէ մեկի հանդեպ ջերմ կապվածություն ունենալ (զգացմունքներ, որ տածում ենք մտերիմ ընկերոջ կամ եղբոր հանդեպ)»։ Իսկ ստորգե բառաձևը, որը ընտանիքի անդամների և հարազատների միջև եղող սերն է, հանդիպում է 2 Տիմոթեոս 3։3-ում, որում կանխագուշակվում է, որ սիրո այս տեսակը գրեթե բացակայելու էր վերջին օրերում։ Հաջորդը էրոսն է՝ ռոմանտիկ սեր տղամարդու և կնոջ միջև։ Թեպետ Քրիստոնեական Հունարեն Գրություններում այն չի հիշատակվում, սակայն Աստվածաշունչը խոսում է սիրո այս տեսակի մասին (Առակներ 5։15–20

^ պարբ. 15 Սուրբգրային մյուս արտահայտությունները գործածվում են որպես համեմատություն։ Օրինակ՝ «Աստված լույս է» և «Աստված.... սպառող կրակ է» (1 Հովհաննես 1։5; Եբրայեցիներ 12։29)։ Այս արտահայտությունները պետք է հասկանալ փոխաբերական իմաստով, քանի որ Եհովան այստեղ նմանեցվում է ֆիզիկական երևույթների։ Եհովան նման է լույսի, քանի որ սուրբ է և արդար։ Նրանում չկա «խավար», կամ՝ անմաքրություն։ Եհովային կարելի է նմանեցնել նաև կրակի, քանի որ նա գործի է դնում կործանելու իր զորությունը։