Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 24

Ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց»

Ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց»

1. Ի՞նչ բացասական մտքեր են անհանգստացնում շատ մարդկանց, այդ թվում որոշ ճշմարիտ քրիստոնյաների։

ՍՒՐՈ՞ՒՄ է արդյոք Եհովան անձամբ քեզ։ Ոմանք համաձայն են այն մտքին, որ Աստված սիրում է մարդկությանը ընդհանուր առմամբ, ինչպես գրված է Հովհաննես 3։16-ում։ Սակայն նրանք ասում են. «Աստված երբեք չի կարող սիրել անձամբ ինձ»։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ ճշմարիտ քրիստոնյաները կարող են նման կասկածներ ունենալ։ Հուսահատության մեջ ընկած մի մարդ այսպիսի խոսքեր ասաց. «Դժվարանում եմ հավատալ, որ Աստված ընդհանրապես հոգ է տանում իմ մասին»։ Երբևէ նման զգացումներ ունեցե՞լ ես։

2, 3. Ո՞վ է ուզում, որ հավատանք, թե չենք կարող սիրվել ու արժեքավոր լինել Եհովայի աչքում, և ինչպե՞ս կարող ենք պայքարել այդ մտածելակերպի դեմ։

2 Սատանան ուզում է, որ մենք հավատանք, թե Եհովա Աստված ո՛չ սիրում է մեզ և ո՛չ էլ գնահատում է։ Ճիշտ է, նա հաճախ գայթակղում է մարդկանց՝ օգտագործելով նրանց հպարտությունն ու սնափառությունը (2 Կորնթացիներ 11։3)։ Բայց նա հաճույք է ստանում նաև, երբ խոցում է մարդկանց ինքնահարգանքը (Հովհաննես 7։47–49; 8։13, 44)։ Եվ այդպես վարվում է հատկապես այս չափազանց դժվար «վերջին օրերում»։ Շատերն այսօր մեծանում են այնպիսի ընտանիքներում, որտեղ բացակայում է միմյանց հանդեպ «բնական կապվածությունը»։ Մյուսները ամեն օր բախվում են դաժան, եսասեր ու քմահաճ մարդկանց (2 Տիմոթեոս 3։1–5)։ Տարիներ շարունակ իրենց հանդեպ դրսևորվող դաժան վերաբերմունքի, ատելության կամ ռասայական խտրականության պատճառով նրանք մտածում են, թե անարժեք են և չեն կարող սիրված լինել։

3 Եթե դու էլ նման բացասական զգացումներ ունես, մի՛ հուսահատվիր։ Մեզանից շատերն են ժամանակ առ ժամանակ շատ բան պահանջում իրենք իրենցից։ Բայց հիշենք, որ Աստծու Խոսքը գրվել է «ուղղելու» և «ցանկացած ամրություն քանդելու համար»  (2 Տիմոթեոս 3։16; 2 Կորնթացիներ 10։4)։ Աստվածաշունչն ասում է. «Մեր սրտերում հավաստիացած ենք, որ Աստված սիրում է մեզ, որ եթե նույնիսկ ինչ-որ բաներում էլ մեր սրտերը դատապարտում են մեզ, հիշում ենք, որ Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։19, 20)։ Տեսնենք, թե ինչ չորս կերպերով է Սուրբ Գիրքն օգնում, որ «մեր սրտում հավաստիանանք» Եհովայի սիրո մեջ։

Եհովան գնահատում է քեզ

4, 5. Ճնճղուկների օրինակով Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ մենք արժեք ունենք Եհովայի համար։

4 Առաջին՝ Աստվածաշնչում հստակ նշվում է, որ Աստված տեսնում է իր ծառաներից յուրաքանչյուրի արժանիքները։ Հիսուսն ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է։ Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք» (Մատթեոս 10։29–31)։ Տեսնենք, թե ինչ էին նշանակում այս խոսքերը Հիսուսի՝ առաջին դարի ունկնդիրների համար։

«Դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք»

5 Գուցե մեր մեջ հարց առաջանա, թե ինչու էին մարդիկ ճնճղուկ գնում։ Հիսուսի օրերում ճնճղուկը սննդի մեջ օգտագործվող թռչուններից ամենաէժանն էր։ Հետաքրքիր է, որ չնչին արժեք ունեցող մեկ մետաղադրամ վճարելով՝ կարելի էր երկու ճնճղուկ գնել։ Բայց ինչպես երևում է Հիսուսի հետագա խոսքերից, եթե գնորդը վճարեր երկու մետաղադրամ, ապա դրա դիմաց նա կգներ ոչ թե չորս, այլ հինգ ճնճղուկ։ Հինգերորդին ձրի էին տալիս, ասես այն ընդհանրապես ոչ մի արժեք չուներ։ Թեև այդ արարածները մարդկանց աչքում ոչ մի արժեք չունեին, սակայն ինչպե՞ս էր նրանց վերաբերվում Ստեղծիչը։ Հիսուսը նշեց. «Նրանցից և ոչ մեկը [նույնիսկ այն մեկը, որը ձրի էին տալիս] չի մոռացվում Աստծու առաջ» (Ղուկաս 12։6, 7)։ Այժմ հասկանում ենք Հիսուսի խոսքերի իմաստը։ Եթե Եհովայի համար անգամ մեկ ճնճղուկն արժեք ունի, ապա որքա՜ն ավելի մեծ արժեք ունի մարդ արարածը։ Ինչպես բացատրեց Հիսուսը, Եհովան գիտի մեր մասին բոլոր մանրամասները։ Մեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։

6. Ինչո՞ւ ենք համոզված, որ Հիսուսը չէր չափազանցնում՝ ասելով, որ մեր գլխի մազերը հաշվված են։

 6 Մեր մազերը հաշվվա՞ծ են։ Ոմանք թերևս մտածեն, թե Հիսուսի այս խոսքերը չափազանցություն են։ Խորհիր, սակայն, հարության հույսի մասին։ Որքա՜ն լավ պետք է Եհովան ճանաչի մեզ, որպեսզի կարողանա նորից ստեղծել։ Նա այնքան թանկ է գնահատում մեզ, որ հիշում է ամեն մի մանրուք, այդ թվում մեր գենետիկական կոդը, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կուտակած մեր փորձն ու հիշողությունները *։ Այս ամենի հետ համեմատած՝ մեր մազերի թիվն իմանալը, որ միջին հաշվով կազմում է 100000, Եհովայի համար, ինչ խոսք, դժվար չէ։

Ի՞նչն է Եհովան արժևորում մեր մեջ

7, 8. ա) Որո՞նք են այն հատկությունները, որ ուրախություն են պատճառում Եհովային։ բ) Որո՞նք են մեր կատարած գործերից մի քանիսը, որ Եհովան գնահատում է։

7 Երկրորդ՝ Աստվածաշունչը սովորեցնում է, թե Եհովան ինչն է գնահատում իր ծառաների մեջ։ Կարճ ասած՝ նա ուրախանում է, երբ տեսնում է մեր ներդրած ջանքերը և լավ հատկությունները։ Դավիթ թագավորը իր որդի Սողոմոնին ասաց. «Եհովան քննում է բոլոր սրտերը և գիտի բոլոր մտքերն ու ցանկությունները» (1 Տարեգրություն 28։9)։ Քննելով միլիարդավոր մարդկանց սրտերը այս ատելությամբ լի, դաժան աշխարհում՝ որքա՜ն է ուրախանում Եհովան, երբ գտնում է այնպիսի սիրտ, որը ծարավ է խաղաղության, ճշմարտության ու արդարության։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ Աստված գտնում է մի այնպիսի սիրտ, որը լեցուն է իր հանդեպ սիրով, սիրտ, որը փափագում է ճանաչել իրեն և պատմել մարդկանց իր իմացածը։ Եհովան մեզ հայտնում է, որ նա առանց ուշադրության չի թողնում այն անհատներին, ովքեր իր մասին պատմում են ուրիշներին։ Նա նույնիսկ «հիշատակի գիրք» ունի բոլոր իրենից «վախեցողների ու իր անվան շուրջ խորհրդածողների  մասին» (Մաղաքիա 3։16)։ Եհովան բարձր է գնահատում նման հատկություններ դրսևորող մարդկանց։

8 Որո՞նք են մի քանիսը այն բարի գործերից, որոնք թանկ են Եհովայի համար։ Անշուշտ, այն ջանքերը, որ մենք թափում ենք ընդօրինակելու համար նրա Որդի Հիսուս Քրիստոսին (1 Պետրոս 2։21)։ Գնահատելի և կարևոր գործերից է նաև նրա Թագավորության բարի լուրը մարդկանց քարոզելը։ Հռոմեացիներ 10։15-ում կարդում ենք. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որ բարի լուր են հռչակում բարի բաների մասին»։ Հնարավոր է՝ մեր ոտքերը մենք գեղեցիկ չհամարենք։ Այս համարում, սակայն, դրանք ներկայացնում են Եհովայի ծառաների ջանքերը, որ գործադրվում են բարի լուրը քարոզելու համար։ Այդպիսի ջանքերը գեղեցիկ ու արժեքավոր են Աստծու աչքում (Մատթեոս 24։14; 28։19, 20

9, 10. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան թանկ է գնահատում մեր տոկունությունը։ բ) Ի՞նչ բացասական կարծիք երբեք չի կազմում Եհովան իր հավատարիմ ծառաների մասին։

9 Եհովան գնահատում է նաև մեր տոկունությունը (Մատթեոս 24։13)։ Հիշիր՝ Սատանան ցանկանում է, որ երես թեքես Աստծուց։ Ամեն օր Եհովային հավատարիմ մնալով՝ դու օգնում ես, որ պատասխան տրվի Սատանայի չարախոսություններին (Առակներ 27։11)։ Ճիշտ է, երբեմն այնքան էլ հեշտ չէ տոկալ։ Առողջական  խնդիրները, ֆինանսական դժվարությունները, հոգեկան ապրումները և այլ արգելքներ կարող են ամեն մի նոր օրը վերածել փորձության։ Ձգձգվող ակնկալիքները նույնպես կարող են վհատեցնել (Առակներ 13։12)։ Տոկունությունը, որ դրսևորում ենք նման դժվարությունների հանդիպելիս, առանձնապես թանկարժեք է Եհովայի աչքին։ Ահա թե ինչու Դավիթ թագավորը խնդրեց Աստծուն հավաքել իր արցունքները «տկի մեջ» և ապա վստահությամբ ասաց. «Չէ՞ որ դրանք քո գրքի մեջ են» (Սաղմոս 56։8)։ Այո՛, Եհովան գնահատում և հիշում է մեր արցունքներն ու տառապանքները, որ կրել ենք նրա հանդեպ մեր հավատարմությունը պահելու համար։ Դրանք նույնպես արժեքավոր են Աստծու աչքում։

Եհովան գնահատում է փորձությունների ժամանակ մեր դրսևորած տոկունությունը

10 Բայցևայնպես, մեր սիրտը, որը մեզ քննադատելու հակում ունի, գուցե հերքի բոլոր ապացույցներն այն մասին, որ մենք թանկ ենք Աստծու աչքում։ Այն կարող է համառորեն շշնջալ. «Այնքա՜ն շատ մարդիկ կան, որ ինձանից ավելի օրինակելի են։ Որքա՜ն մեծ հիասթափություն է թերևս ապրում Եհովան, երբ ինձ համեմատում է նրանց հետ»։ Բայց Եհովան մարդկանց իրար հետ չի համեմատում և խիստ եզրակացություններ չի անում նրանց մասին (Գաղատացիներ 6։4)։ Մեծ խորաթափանցությամբ նա կարդում է մեր սրտերը և գնահատում լավ հատկությունները՝ իրենց բոլոր, անգամ չնչին դրսևորումներով։

Եհովան զատում է լավը վատից

11. Ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին Աբիայի հանդեպ նրա վարվելակերպից։

11 Երրորդ՝ երբ Եհովան քննում է մեզ, ուշադրությամբ զատում է լավը վատից՝ փնտրելով լավը։ Օրինակ՝ երբ նա որոշեց բնաջնջել Հերոբովամ թագավորի ողջ հավատուրաց դինաստիան, հրամայեց, որ թագավորի որդիներից մեկին՝ Աբիային, պատշաճ կերպով թաղեն։ Ինչո՞ւ։ «Քանի որ Իսրայելի Աստված Եհովան.... միայն նրա մեջ էր մի բարի բան գտել» (1 Թագավորներ 14։1, 10–13)։ Եհովան ասես մաղով անցկացրել էր այդ պատանու սիրտը ու «մի բարի բան» տեսել այնտեղ։ Որքան էլ փոքր կամ աննշան եղած լիներ այդ բանը, Եհովան հարկ համարեց, որ այդ մասին գրվի իր Խոսքում։ Նա նույնիսկ որոշ չափով վարձատրեց այդ բարի բանի համար՝ ողորմություն դրսևորելով հավատուրաց ընտանիքի այդ անդամի հանդեպ։

12, 13. ա) Ինչպե՞ս է Հովսափատի հետ կատարված դեպքը ցույց տալիս, որ Եհովան մեր մեջ լավն է փնտրում, նույնիսկ երբ մեղք ենք գործում։ բ) Որպես սիրառատ Ծնող՝ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում մեր լավ հատկություններին ու գործերին։

 12 Ավելի վառ օրինակ է բարի թագավոր Հովսափատը։ Երբ վերջինս անխոհեմ քայլ արեց, Եհովայի մարգարեն նրան ասաց. «Այդ պատճառով էլ Եհովայի բարկությունը բորբոքվել է քո դեմ»։ Ինչպիսի՜ սթափեցնող խոսքեր։ Բայց Եհովայի ասելիքը չվերջացավ։ «Սակայն քո մեջ լավ բաներ գտնվեցին»,— ասաց մարգարեն (2 Տարեգրություն 19։1–3)։ Փաստորեն, Եհովայի արդար բարկությունը չկուրացրեց նրան. նա տեսավ այն լավ բաները, որ կային Հովսափատի սրտում։ Որքա՜ն են անկատար մարդիկ տարբերվում Եհովայից։ Երբ վիրավորված ենք լինում որևէ մեկից, սկսում ենք աչք փակել այդ մարդու լավ կողմերի վրա։ Իսկ երբ մենք ենք մեղք գործում, հիասթափությունը, ամոթի և մեղքի զգացումը շղարշի պես փակում են մեր աչքերը, և մենք այլևս որևէ լավ բան չենք տեսնում մեր մեջ։ Հիշենք, սակայն, որ եթե զղջում ենք մեր մեղքերի համար ու ամեն ինչ անում ենք, որ դրանք այլևս չկրկնենք, Եհովան ներում է մեզ։

13 Մաղով անցկացնելով քո սիրտը՝ Եհովան մի կողմ է նետում նման մեղքերը, ինչպես որ ոսկի որոնողն է զատում ու մի կողմ նետում ոչինչ չարժեցող ավազը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո լավ հատկությունների ու գործերի մասին։  Եհովայի համար դրանք իսկական «ոսկու բնակտորներ» են, որոնք նա թանկ է գնահատում։ Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են սիրառատ ծնողները նույնիսկ տասնյակ տարիներ խնամքով պահում իրենց երեխաների ձեռագործ աշխատանքները կամ նկարները, թեպետ վերջիններս արդեն մոռացել են դրանց գոյության մասին։ Եհովան ամենասիրառատ Ծնողն է։ Քանի դեռ հավատարիմ ենք նրան, նա երբեք չի մոռանա մեր լավ հատկություններն ու գործերը։ Իրականում, դրանք մոռանալը Եհովան անարդար բան է համարում, իսկ նա ամենևին անարդար չէ (Եբրայեցիներ 6։10)։ Բայց Եհովան մաղում է մեր սիրտը մեկ ուրիշ կերպով ևս։

14, 15. ա) Ինչո՞ւ մեր թերությունները չեն խանգարում Եհովային՝ տեսնելու մեր մեջ լավը։ Բեր օրինակ։ բ) Ի՞նչ է անում Եհովան մեր մեջ լավ հատկություններ գտնելիս, և ինչպե՞ս է նա վերաբերվում իր հավատարիմ ծառաներին։

14 Եհովան մեր թերություններից ավելին է տեսնում, նա տեսնում է մեր պոտենցիալ հնարավորությունները։ Քննենք մի օրինակ։ Կերպարվեստի սիրահարները ահռելի ջանքեր են թափում, որ վերականգնեն մեծ վարպետների վնասված կտավները և այլ աշխատանքներ։ Երբ Լոնդոնի Ազգային պատկերասրահում մի չարագործ կրակեց Լեոնարդո դա Վինչիի կտավներից մեկի վրա, որը գնահատվում է մոտ 30 միլիոն դոլար, ոչ ոքի մտքով չանցավ վնասվածքի պատճառով դեն նետել նկարը։ Անմիջապես միջոցներ ձեռնարկվեցին վերականգնելու համար համաշխարհային արվեստի այդ գլուխգործոցը, որը մոտ 500 տարվա հնություն ունի։ Ինչո՞ւ։ Որովհետև արվեստասերների համար այն անչափ արժեքավոր է։ Մի՞թե դու կավիճով ու ածուխով նկարված կտավից ավելի թանկ չես։ Աստծու համար դու, անկասկած, ավելի թանկ ես, չնայած որ ժառանգած անկատարությունը հետքեր է թողել քեզ վրա (Սաղմոս 72։12–14)։ Եհովա Աստված՝ մարդկային ընտանիքի հմուտ Արարիչը, ամեն բան կանի, որ կատարելության հասցնի բոլոր նրանց, ովքեր արձագանքում են իր սիրառատ հոգատարությանը (Գործեր 3։21; Հռոմեացիներ 8։20–22

15 Այո՛, Եհովան մեր մեջ տեսնում է այն լավ բաները, որոնք թերևս մենք չենք նկատում։ Եվ եթե ծառայենք նրան, նա մեր մեջ «կաճեցնի» այդ լավ հատկությունները այնքան ժամանակ, մինչև որ հասնենք կատարելության։ Անկախ նրանից, թե ինչպես է մեզ վերաբերվում Սատանայի աշխարհը, Եհովան գնահատում է  իր հավատարիմ ծառաներին՝ նրանց ցանկալի համարելով (Անգե 2։7

Եհովան գործերով է ցույց տալիս իր սերը

16. Ո՞րն է Եհովայի սիրո ամենամեծ ապացույցը, և որտեղի՞ց գիտենք, որ նրա տված այդ պարգևը մեզանից յուրաքանչյուրի համար է։

16 Չորրորդ՝ Եհովան շատ բաներ է անում ցույց տալու համար, որ սիրում է մեզ։ Անշուշտ, Հիսուսի քավիչ զոհը ամենահիմնավոր պատասխանն էր Սատանայի այն ստին, թե մենք անարժեք ենք ու չենք կարող սիրվել որևէ մեկի կողմից։ Երբեք չպետք է մոռանանք, որ ցցի վրա Հիսուսի տանջալից մահը, ինչպես նաև Եհովայի կրած ավելի մեծ տառապանքը, երբ տեսավ, թե ինչպես է մահանում իր սիրելի Որդին, մեր հանդեպ նրանց սիրո ապացույցն են։ Ցավոք, շատ մարդիկ դժվարանում են հավատալ, որ այդ թանկարժեք պարգևը նախատեսված էր անձամբ իրենց համար։ Նրանք իրենց անարժեք են զգում։ Հիշիր, սակայն, որ թեպետ ժամանակին Պողոս առաքյալը հալածում էր Քրիստոսի հետևորդներին, սակայն գրեց. «Աստծու Որդին.... սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղատացիներ 1։13; 2։20

17. Ինչպե՞ս է Եհովան «ձգում» մեզ դեպի իրեն և դեպի իր Որդին։

17 Եհովան փաստում է իր սերը մեր հանդեպ՝ օգնելով մեզանից յուրաքանչյուրին օգուտներ ստանալ Քրիստոսի զոհից։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհաննես 6։44)։ Իրոք, Եհովան անձամբ է «ձգում» մեզ դեպի իր Որդին և հավիտենական կյանքի հույս տալիս։ Ինչպե՞ս։ Քարոզչության միջոցով, որի շնորհիվ բարի լուրը հասնում է մեզանից յուրաքանչյուրին։ Նաև սուրբ ոգու միջոցով, որով Աստված օգնում է մեզ հասկանալու և կիրառելու հոգևոր ճշմարտությունները՝ չնայած մեր սահմանափակ կարողություններին ու անկատարությանը։ Ուստի Եհովան մեզ էլ կարող է ասել այն խոսքերը, որոնք ասաց Իսրայելին. «Հավիտենական սիրով ես քեզ սիրեցի։ Դրա համար էլ քեզ դեպի ինձ քաշեցի սիրառատ բարությամբ» (Երեմիա 31։3

18, 19. ա) Ինչի՞ շնորհիվ ենք կարողանում զգալ Եհովայի սերը իր ողջ ջերմությամբ, և ի՞նչն է ցույց տալիս, որ նա անձամբ է լսում մեր աղոթքները։ բ) Ինչպե՞ս է Աստծու Խոսքը հավաստիացնում, որ Եհովան գթասրտությամբ է մեզ լսում։

18 Սակայն Եհովայի սերը իր ողջ ջերմությամբ թերևս զգում ենք այն ժամանակ, երբ օգտվում ենք աղոթելու առանձնաշնորհումից։  Աստվածաշունչը յուրաքանչյուրիս կոչ է անում «անդադար աղոթել» Աստծուն (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Նա լսում է մեզ։ Եհովան նույնիսկ կոչվում է «աղոթքներ Լսող» (Սաղմոս 65։2)։ Այդ իրավունքը նա չի տվել ուրիշ ոչ մեկի, նույնիսկ իր Որդուն։ Մի պահ մտածիր. տիեզերքի Արարիչը հորդորում է, որ աղոթքով մոտենանք իրեն՝ ազատորեն արտահայտելով մեր մտքերը։ Իսկ ինչպե՞ս է նա մեզ լսում՝ անտարբերությա՞մբ, սառնասրտորե՞ն։ Ո՛չ։

19 Եհովան գթասիրտ Աստված է։ Ի՞նչ է գթասրտությունը։ Մի հավատարիմ տարեց քրիստոնյա ասել է. «Գթասրտությունը քո ցավն է իմ սրտում»։ Եհովան իսկապե՞ս զգում է մեր ցավը։ Ահա թե ինչ ենք կարդում նրա ժողովրդի՝ Իսրայելի կրած տանջանքների մասին. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում» (Եսայիա 63։9)։ Եհովան ոչ միայն տեսնում էր իր ժողովրդի տանջանքները, այլև նրանց հետ միասին ինքն էլ էր ցավ զգում։ Թե որքան խորն էին նրա զգացմունքները, երևում է իր ծառաներին ուղղված այս խոսքերից. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» * (Զաքարիա 2։8)։ Որքա՜ն ցավալի պետք է որ դա լիներ նրա համար։ Այո՛, Եհովան նույն ապրումներն է ունենում, ինչ որ մենք։ Երբ մենք տառապում ենք, տառապում է նաև նա։

20. Ո՞ր անխոհեմ մտածելակերպից պետք է խուսափենք, եթե ուզում ենք հետևել Հռոմեացիներ 12։3-ում տրված խորհրդին։

20 Ողջախոհ ոչ մի քրիստոնյա Աստծու գնահատանքի ու սիրո այս արտահայտումը երբեք չի դիտի որպես արդարացում՝ հպարտանալու կամ եսասեր լինելու համար։ Պողոս առաքյալը գրեց. «Ինձ տրված անզուգական բարությամբ ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա հավատի այն չափով, ինչ չափով որ Աստված բաժանեց յուրաքանչյուրին» (Հռոմեացիներ 12։3)։ Մեկ այլ թարգմանության մեջ այս խոսքերը հնչում են հետևյալ կերպ. «Այս պատվերն եմ տալիս յուրաքանչյուրիդ. մեծամիտ մի՛ եղեք, ընդհակառակը, միշտ համե՛ստ եղեք  և մեր Աստծուց ձեզ տրված հավատի չափո՛վ գնահատեցեք ինքներդ ձեզ» (Աշխարհաբար նոր թարգմանություն)։ Ուստի քանի դեռ վայելում ենք մեր երկնային Հոր սիրո ջերմությունը, թող որ ողջախոհ լինենք և հիշենք, որ մենք ո՛չ վաստակել ենք այդ սերը, ո՛չ էլ արժանի ենք դրան (Ղուկաս 17։10

21. Սատանայի ո՞ր ստերը պետք է մերժենք և ո՞ր աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ պիտի ամրացնենք մեր վստահությունը։

21 Թող որ մեզանից յուրաքանչյուրն անի իր ուժերից եկած ամեն բան՝ հերքելու Սատանայի բոլոր ստերը, այդ թվում նաև այն սուտը, թե անարժեք ենք ու չեն կարող սիրվել։ Եթե կյանքը քեզ սովորեցրել է, թե դու այնպիսի մի «խոչընդոտ» ես, որին չի կարող հաղթահարել նույնիսկ Աստծու անսահման սերը, թե քո բարի գործերն այնքան աննշան են, որ նույնիսկ նրա ամենատես աչքերը չեն կարող դրանք նկատել, թե քո մեղքերն այնքան մեծ են, որ անգամ նրա թանկագին Որդու մահը չի կարող դրանք ծածկել, ուրեմն դու ստությո՛ւն ես սովորել։ Քո ամբողջ սրտով մերժի՛ր նման ստերը։ Շարունակի՛ր ամրացնել վստահությունդ այն ճշմարտության հանդեպ, որը Պողոսն արտահայտեց Աստծու կողմից ներշնչված հետևյալ խոսքերով. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմեացիներ 8։38, 39

^ պարբ. 6 Աստվածաշունչը հաճախակի է հարության հույսը կապում Եհովայի հիշողության հետ։ Հավատարիմ Հոբը, դիմելով Աստծուն, ասաց. «Օ՜, եթե միայն.... ինձ համար ժամանակ սահմանեիր ու հիշեիր ինձ» (Հոբ 14։13)։ Իսկ Հիսուսի խոսքերով՝ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են [բառացի՝ հիշատակի դամբաններում, ծնթ.]», հարություն կառնեն։ Դա այդպես է, որովհետև Եհովան կատարելապես հիշում է բոլոր այն մահացածներին, ում նա մտադիր է կյանքի վերադարձնել (Հովհաննես 5։28, 29

^ պարբ. 19 Մի շարք թարգմանություններ այս համարում փոխանցել են այն միտքը, որ նա, ով դիպչում է Աստծու ժողովրդին, դիպչում է ոչ թե Աստծու աչքի բիբին, այլ հենց Իսրայել ազգի կամ իր աչքի բիբին։ Սխալը գալիս է որոշ գրագիրներից, որոնք անհարգալից համարելով այս խոսքերը՝ փոխել են դրանք։ Այդ պատճառով տեքստը չի արտացոլել Եհովայի գթասրտության ողջ խորությունը։