Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

 ԳԼՈՒԽ 21

Հիսուսը հայտնում է «Աստծուց եկած իմաստությունը»

Հիսուսը հայտնում է «Աստծուց եկած իմաստությունը»

1–3. Հիսուսի նախկին հարևանները ինչպե՞ս արձագանքեցին նրա սովորեցրածին և ի՞նչ չընդունեցին նրա առնչությամբ։

ԺՈՂՈՎԱՐԱՆՈՒՄ գտնվող մարդիկ ապշած էին։ Նրանք զարմանքով լսում էին երիտասարդ Հիսուսին, որն իրենց առջև կանգնած՝ սովորեցնում էր։ Հիսուսն անծանոթ չէր նրանց. նա մեծացել էր իրենց քաղաքում և տարիներ շարունակ ատաղձագործությամբ էր զբաղվել։ Հավանաբար, նրանցից ոմանք ապրում էին այն տներում, որոնց շինարարությանը մասնակցել էր Հիսուսը, կամ էլ իրենց հողը մշակում էին այն գութաններով ու լծերով, որոնք նա իր ձեռքով էր պատրաստել *։ Բայց ինչպե՞ս կարձագանքեին այդ մարդիկ նախկին ատաղձագործի սովորեցրածներին։

2 Ունկնդիրներից շատերը ապշահար հարցնում էին. «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը»։ Բայց նաև նշում էին. «Սա այն ատաղձագործը չէ՞՝ Մարիամի որդին» (Մատթեոս 13։54–58; Մարկոս 6։1–3)։ Ցավոք, Հիսուսի նախկին հարևաններն այն կարծիքին էին, թե «այդ ատաղձագործը» ընդամենը իրենց նման տեղացի մարդ էր։ Ու թեև Հիսուսի խոսքերի մեջ իմաստություն կար, այդ մարդիկ մերժեցին նրան։ Նրանք չգիտեին, որ Հիսուսի իմաստությունը իրենից չէր։

3 Իսկ որտեղի՞ց նրան այդպիսի իմաստություն։ «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ,— ասաց նա,— այլ ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7։16)։ Իսկ Պողոս առաքյալը բացատրում է, որ Հիսուսը «մեզ համար դարձավ Աստծուց եկած իմաստություն» (1 Կորնթացիներ 1։30)։ Եհովայի իմաստությունն էր, որ բացվում էր իր Որդու՝ Հիսուսի միջոցով։ Եվ դա այնքան ճշմարիտ էր, որ  նա կարող էր ասել. «Ես և Հայրը մի ենք» (Հովհաննես 10։30)։ Քննենք, թե ինչ երեք կերպերով Հիսուսը դրսևորեց «Աստծուց եկած իմաստությունը»։

Ինչ սովորեցրեց

4. ա) Ո՞րն էր Հիսուսի հաղորդած լուրի գլխավոր թեման, և ինչո՞ւ էր այն շատ կարևոր։ բ) Հիսուսի խորհուրդները ինչո՞ւ էին միշտ գործնական և օգտակար։

4 Առաջին՝ խորհենք այն մասին, թե ինչ էր Հիսուսը սովորեցնում։ Իր քարոզչության գլխավոր թեման «Աստծու թագավորության բարի լուրն» էր (Ղուկաս 4։43)։ Դա շատ կարևոր էր, քանի որ Թագավորությունը մեծ դեր էր խաղալու Եհովայի գերիշխանության արդարացման և մարդկությանը հարատև օրհնություններ բերելու հարցում։ Սովորեցնելիս Հիսուսը նաև առօրյա կյանքին վերաբերող իմաստուն խորհուրդներ էր տալիս։ Նա իրեն դրսևորեց որպես «Հրաշալի Խորհրդատու», որի մասին վաղուց կանխագուշակվել էր (Եսայիա 9։6)։ Հիսուսի խորհուրդները չէին կարող հրաշալի չլինել։ Նա հսկայական գիտելիքներ ուներ Աստծու Խոսքի ու կամքի վերաբերյալ, լավ էր հասկանում մարդու էությունը և խոր սեր էր տածում մարդկանց հանդեպ։ Ուստի նրա խորհուրդները միշտ գործնական էին ու մեծ օգուտներ էին բերում իր ունկնդիրներին։ Հիսուսի շուրթերից դուրս էին գալիս «հավիտենական կյանքի տանող խոսքեր»։ Եվ իրոք, նրա խորհրդին հետևելը փրկության է առաջնորդում (Հովհաննես 6։68

5. Նշիր այն թեմաներից մի քանիսը, որոնց մասին Հիսուսը խոսեց Լեռան քարոզում։

5 Լեռան քարոզը Հիսուսի ուսմունքների անզուգական իմաստության մեծագույն օրինակն է։ Մատթեոս 5։3–7։27-ում արձանագրված այս քարոզը թերևս կարելի է ներկայացնել 20 րոպեում, բայց նրանում տրվող խորհուրդները անանց են և նույնքան կիրառելի են մեր օրերում, որքան այն ժամանակ, երբ տրվեցին առաջին անգամ։ Հիսուսը խոսեց տարբեր թեմաների մասին, օրինակ՝ թե ինչպես կարելի է բարելավել փոխհարաբերությունները ուրիշների հետ (5։23–26, 38–42; 7։1–5, 12), բարոյապես մաքուր մնալ (5։27–32) և իմաստալից կյանք վարել (6։19–24;  7։24–27)։ Բայց նա իր ունկնդիրներին ոչ միայն ասում էր իմաստուն խոսքեր, այլև բացատրում էր դրանք՝ տրամաբանական փաստարկներ ու ապացույցներ բերելով։

6–8. ա) Ի՞նչ համոզիչ փաստարկներ բերեց Հիսուսը, որ օգնի մեզ խուսափելու մտահոգությունից։ բ) Ինչի՞ց է երևում, որ Հիսուսի խորհուրդները արտացոլում են վերին իմաստությունը։

6 Տեսնենք, թե ըստ Մատթեոս 6-րդ գլխի՝ ինչ իմաստուն խոսքեր ասաց Հիսուսը նյութական բաների մասին մեր մտահոգությունները փարատելու վերաբերյալ։ «Մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք»,— խորհուրդ տվեց նա (համար 25)։ Սնունդն ու հագուստը մարդու հիմնական կարիքներն են, և դրանց մասին մտահոգվելը բնական է։ Բայց Հիսուսը պատվիրում է, որ չմտահոգվենք նման բաների համար *։ Ինչո՞ւ։

7 Ուշադրություն դարձնենք Հիսուսի համոզիչ փաստարկներին։ Եթե Եհովան կյանք ու մարմին է պարգևել մեզ, մի՞թե չի կարող նաև սնունդ տալ մեր կյանքը պահպանելու համար և հագուստ՝ մարմնի համար (համար 25)։ Եթե Աստված կերակրում է թռչուններին և շքեղությամբ հագցնում է ծաղիկներին, առավել ևս հոգ կտանի իրեն երկրպագող մարդկանց (համարներ 6։26; 28–30)։ Իրոք, անտեղի մտահոգվելն անիմաստ է, քանի որ դա մի վայրկյանով անգամ չի կարող երկարացնել մեր կյանքը * (համար 27)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք խուսափել մտահոգություններից։ Հիսուսը խորհուրդ է տալիս շարունակել Եհովային երկրպագելը կյանքում առաջին տեղում դնել։ Եթե այդպես վարվենք, կարող ենք վստահ լինել, որ մեր երկնային Հայրը «կտա» բոլոր անհրաժեշտ բաները (համար 33)։ Վերջում Հիսուսը ամենագործնական խորհուրդն է տալիս՝ ապրել տվյալ օրով։ Ինչո՞ւ այսօրվա հոգսերին ավելացնել վաղվա մտահոգությունները (համար 34)։ Բացի  այդ, ինչո՞ւ անտեղի մտահոգվել այնպիսի բաների մասին, որոնք, հնարավոր է, երբեք տեղի չունենան։ Այս իմաստուն խորհուրդները կիրառելով՝ այսօրվա լարված աշխարհում կխուսափենք բազում հոգեկան ապրումներից։

8 Ակնհայտ է, որ Հիսուսի խորհուրդները այսօր նույնքան կիրառելի են, որքան 2000 տարի առաջ։ Մի՞թե սա չի վկայում վերին իմաստության մասին։ Սովորաբար մարդու ամենաիմաստուն խորհուրդն անգամ հնանում է և ժամանակի ընթացքում վերանայվում կամ փոխարինվում մեկ ուրիշով։ Հիսուսի ուսմունքները, սակայն, անցել են ժամանակի փորձությունը։ Եվ սա չպետք է մեզ զարմացնի։ Չէ՞ որ այդ Հրաշալի Խորհրդատուն «Աստծու խոսքերն» էր հայտնում (Հովհաննես 3։34

Ինչպես սովորեցրեց

9. Զինվորները ի՞նչ ասացին այն մասին, թե ինչպես էր սովորեցնում Հիսուսը, և ինչո՞ւ դա չափազանցություն չէր։

Երկրորդ՝ Հիսուսն Աստծու իմաստությունը դրսևորում էր նրանով, թե ինչպես էր սովորեցնում։ Մի անգամ նրան ձերբակալելու համար զինվորներ ուղարկվեցին։ Բայց վերջիններս ձեռնունայն վերադարձան։ Ահա թե ինչ բացատրություն տվեցին նրանք. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Հովհաննես 7։45, 46)։ Նրանք չէին չափազանցնում։ Իր գիտելիքներով ու փորձով՝ Հիսուսը, որ եկել էր «վերևից», գերազանցում էր երբևէ ապրած ցանկացած մարդու (Հովհաննես 8։23)։ Իրոք, ոչ մի մարդ չէր կարող սովորեցնել այնպես, ինչպես այս իմաստուն Ուսուցիչը։ Քննենք նրա մեթոդներից երկուսը։

«Ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա»

10, 11. ա) Ինչո՞ւ կարելի է միայն հիանալ Հիսուսի բերած օրինակներով։ բ) Ի՞նչ է առակը, և ո՞ր օրինակն է ցույց տալիս, թե ինչու են Հիսուսի առակները ուսուցանելու արդյունավետ մեթոդ։

10 Ազդեցիկ օրինակներ։ Մատթեոս 13։34-ում կարդում ենք. «Այս ամեն բաները Հիսուսը առակներով խոսեց ժողովրդի հետ։ Առանց առակի չէր խոսում նրանց հետ»։ Մենք չենք կարող չզմայլվել խոր ճշմարտությունները առօրյա բաների միջոցով սովորեցնելու Հիսուսի անզուգական կարողությամբ։ Սերմ ցանող գյուղացիներ, հացի խմոր պատրաստող կանայք, հրապարակում խաղացող երեխաներ, ուռկանը ջրից դուրս քաշող ձկնորսներ, կորած ոչխարին որոնող հովիվներ. նրա ունկնդիրները հաճախ էին տեսել այս բաները։ Երբ կարևոր ճշմարտությունները  բացատրվում են մեզ ծանոթ օրինակներով, դրանք արագորեն ու խորապես տպավորվում են մեր սրտում ու մտքում (Մատթեոս 11։16–19; 13։3–8, 33, 47–50; 18։12–14

11 Հիսուսը հաճախ պատմում էր առակներ՝ կարճ պատմություններ, որոնցից կարելի է բարոյական կամ հոգևոր ճշմարտություններ քաղել։ Քանի որ պատմություններն ավելի հեշտ է հասկանալ ու մտապահել, քան վերացական գաղափարները, առակներն օգնում էին հիշելու Հիսուսի սովորեցրածները։ Դրանցից շատերում նա իր Հորը նկարագրում էր վառ պատկերների միջոցով, որոնք դժվար թե մոռացվեին։ Օրինակ՝ անառակ որդու մասին առակը։ Ո՞վ չի կարող հասկանալ դրա իմաստը։ Երբ ճանապարհից շեղված անհատը անկեղծորեն զղջում է, Եհովան ողորմում է նրան ու կրկին ջերմորեն ընդունում (Ղուկաս 15։11–32

12. ա) Սովորեցնելիս ինչպե՞ս էր Հիսուսը հարցեր օգտագործում։ բ) Հիսուսն ինչպե՞ս լռեցրեց նրանց, ովքեր հարցականի տակ դրեցին իր իշխանությունը։

12 Հմտորեն տրված հարցեր։ Հիսուսը հարցեր էր տալիս, որպեսզի օգներ իր ունկնդիրներին ինքնուրույն եզրահանգումներ անելու, իրենց մղումները քննելու և որոշումներ կայացնելու (Մատթեոս 12։24–30; 17։23–26; 22։41–46)։ Երբ կրոնական առաջնորդները հարցրին, թե արդյոք Աստված է նրան իշխանություն տվել, Հիսուսը պատասխանեց. «Հովհաննեսի կատարած մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։ Այդ հարցից շփոթված՝ նրանք սկսեցին խորհրդակցել. «Եթե ասենք՝ երկնքից, նա մեզ կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»։ Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդից վախենում ենք, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին որպես մարգարե են ընդունում»։ Ի վերջո նրանք պատասխանեցին՝ չգիտենք (Մարկոս 11։27–33; Մատթեոս 21։23–27)։ Մի պարզ հարցով Հիսուսը լռեցրեց այդ կրոնավորներին ու բացահայտեց նրանց սրտի նենգությունը։

13–15. Բարի սամարացու մասին առակը ինչպե՞ս է արտացոլում Հիսուսի իմաստությունը։

13 Երբեմն Հիսուսը համատեղում էր իր մեթոդները՝ օրինակների մեջ ընդգրկելով մտածելու առիթ տվող հարցեր։ Երբ Օրենքից լավատեղյակ մի հրեա հարցրեց, թե ինչ է հարկավոր հավիտենական կյանք ստանալու համար, Հիսուսը հիշատակեց Մովսիսական  օրենքը, որը պատվիրում էր սիրել Աստծուն և մերձավորին։ Ցանկանալով արդար մարդու տպավորություն թողնել՝ այդ անհատը հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»։ Ի պատասխան՝ Հիսուսը պատմեց հետևյալ առակը։ Մի հրեա, որ մենակ ճանապարհ էր ընկել, հանկարծակի ենթարկվեց ավազակների հարձակմանը։ Վերջիններս նրան կիսամեռ վիճակում գցեցին ճանապարհի վրա ու հեռացան։ Որոշ ժամանակ անց այդ կողմով իրար հետևից անցան երկու հրեա՝ սկզբում մի քահանա, հետո մի ղևտացի։ Բայց նրանցից ոչ մեկը օգնության ձեռք չմեկնեց տուժածին։ Այնուհետև հայտնվեց մի սամարացի։ Խղճահարվելով՝ նա զգուշությամբ կապեց այդ մարդու վերքերը և տարավ մի անվտանգ վայր՝ իջևանատուն, որտեղ տուժածը կարող էր ապաքինվել։ Ավարտելով պատմությունը՝ Հիսուսը հարցրեց այդ մարդուն. «Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար»։ Նա էլ հարկադրված պատասխանեց. «Նա, ով ողորմածաբար վարվեց նրա հետ» (Ղուկաս 10։25–37

14 Ինչպե՞ս է այս առակը արտացոլում Հիսուսի իմաստությունը։ Նրա օրերում հրեաները «մերձավոր» էին անվանում միայն նրանց, ովքեր պահում էին իրենց ավանդույթները։ Անկասկած, սամարացիները այդ մարդկանց թվում չէին (Հովհաննես 4։9)։ Եթե իր պատմության մեջ Հիսուսը տուժածի դերում ներկայացներ սամարացուն, իսկ օգնողի դերում հրեային, արդյոք դա կօգնե՞ր, որ իր հրեա ունկնդիրները ձերբազատվեին իրենց նախապաշարումներից։ Իմաստություն դրսևորելով՝ Հիսուսն առակը ներկայացրեց այնպես, որ սամարացին հանդես եկավ հրեային հոգ տանողի դերում։ Ուշադրություն դարձրու նաև, թե իր պատմության վերջում ինչ հարց տվեց Հիսուսը։ Նա փոխեց «մերձավոր» բառի վրա դրվող իմաստային շեշտը։ Օրենքից լավատեղյակ այդ հրեան, ըստ էության, հարցրել էր. «Որպես մերձավոր՝ ո՞վ պետք է արժանանա իմ սիրուն»։ Իսկ Հիսուսի հարցը հետևյալն էր. «Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր եղավ»։ Հիսուսը ուշադրություն հրավիրեց ոչ թե այն անհատի վրա, ում հանդեպ դրսևորվեց բարություն, այսինքն՝ տուժածի, այլ նրա վրա, ով դրսևորեց բարություն, այսինքն՝ սամարացու։ Իսկական մերձավորը ջանում է սեր դրսևորել ուրիշների հանդեպ, անկախ այն բանից, թե ինչ էթնիկական ծագում ունեն նրանք։ Հազիվ թե հնարավոր լիներ ավելի լավ ընդգծել այս միտքը։

 15 Մի՞թե զարմանալի է, որ մարդիկ ապշում էին Հիսուսի «սովորեցնելու կերպի վրա» և ցանկանում էին մոտ լինել նրան (Մատթեոս 7։28, 29)։ Մի առիթով «շատ ժողովուրդ» երեք օր մնաց Հիսուսի հետ, թեպետ նրանց ուտելիքն արդեն սպառվել էր (Մարկոս 8։1, 2

Նրա ապրելակերպը

16. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ առաջնորդվում է աստվածային իմաստությամբ։

16 Երրորդ՝ Հիսուսը Եհովայի իմաստությունը արտացոլում էր իր ապրելակերպով։ Իմաստությունը հատկություն է, որն արտահայտվում է գործերով և ցանկալի արդյունքներ է բերում։ «Ո՞վ է իմաստուն.... ձեր մեջ»,— հարցնում է Հակոբոս աշակերտը։ Այնուհետև իր իսկ հարցին պատասխանելով՝ ասում է. «Թող նա իր լավ վարքով մեղմությամբ ցույց տա իր գործերը» (Հակոբոս 3։13)։ Իր վարքով Հիսուսը ցույց տվեց, որ առաջնորդվում է աստվածային իմաստությամբ։ Քննենք, թե կյանքում և ուրիշների հետ փոխհարաբերություններում ինչպես նա առողջ դատողություն դրսևորեց։

17. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը հավասարակշռված անձնավորություն էր։

17 Հավանաբար նկատել ես, որ այն մարդիկ, ովքեր թերանում են առողջ դատողություն դրսևորելու հարցում, հաճախ են ընկնում ծայրահեղությունների մեջ։ Մինչդեռ հավասարակշռված լինելու համար իմաստություն է հարկավոր։ Աստծու իմաստությունը ցուցաբերելով՝ Հիսուսը կատարյալ հավասարակշռվածություն էր դրսևորում։ Կյանքում նա առաջնային տեղը հատկացնում էր հոգևորին։ Ամբողջ ժամանակ նա զբաղված էր բարի լուրը քարոզելու գործով։ «Հենց այս նպատակով եմ եկել»,— ասում էր Հիսուսը (Մարկոս 1։38)։ Նա չէր կարևորում նյութական բաները. ինչպես գիտենք, Հիսուսը շատ քիչ բան ուներ (Մատթեոս 8։20)։ Սակայն նա ճգնավոր չէր։ Իր Հոր՝ «երջանիկ Աստծու» պես՝ Հիսուսը ուրախ անձնավորություն էր և ուրախություն էր պատճառում ուրիշներին (1 Տիմոթեոս 1։11; 6։15)։ Մի առիթով, երբ նա մասնակցեց հարսանեկան խնջույքի (մի իրադարձություն, որի ընթացքում սովորաբար երգ ու երաժշտություն է հնչում, և մարդիկ ուրախանում են), ներկաների տրամադրությունը չգցեց։ Ընդհակառակը՝ երբ գինին վերջացավ, նա հրաշքով ջուրը վերածեց  բարձրորակ գինու. ըմպելիք, որը «ուրախացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։15; Հովհաննես 2։1–11)։ Հիսուսին հաճախ հրավիրում էին ճաշի, և նա ընդունում էր այդ հրավերները՝ սովորաբար նման առիթները օգտագործելով մարդկանց սովորեցնելու համար (Ղուկաս 10։38–42; 14։1–6

18. Ինչպե՞ս էր Հիսուսը առողջ դատողություն դրսևորում աշակերտների հետ փոխհարաբերություններում։

18 Հիսուսը առողջ դատողություն էր դրսևորում նաև ուրիշների հետ իր փոխհարաբերություններում։ Քանի որ նա լավ էր հասկանում մարդու էությունը, ճիշտ տեսակետ ուներ իր աշակերտների հանդեպ։ Հիսուսը գիտեր, որ աշակերտները կատարյալ չէին։ Սակայն նկատում էր նրանց լավ հատկությունները։ Նա տեսնում էր այդ մարդկանց պոտենցիալ հնարավորությունները, որոնց ձգել էր Եհովան (Հովհաննես 6։44)։ Չնայած որ աշակերտները սխալներ էին գործում, Հիսուսը ցույց էր տալիս, որ պատրաստ է վստահելու նրանց։ Ի նշան իր վստահության՝ նա աշակերտներին պատասխանատու մի հանձնարարություն տվեց՝ քարոզել բարի լուրը։ Հիսուսը վստահ էր, որ աշակերտները կկարողանան կատարել այդ գործը (Մատթեոս 28։19, 20)։ «Գործեր» գիրքը վկայում է, որ նրանք հավատարմորեն մինչև վերջ արեցին այդ հանձնարարությունը (Գործեր 2։41, 42; 4։33; 5։27–32)։ Որքա՜ն իմաստնորեն վարվեց Հիսուսը՝ չվախենալով իր աշակերտներին վստահելուց։

19. Հիսուսը ինչպե՞ս ցույց տվեց, որ «հեզ է ու սրտով խոնարհ»։

19 Ինչպես արդեն նշեցինք 20-րդ գլխում, Աստվածաշունչն  իմաստությունը կապում է խոնարհության ու մեղմության հետ։ Այս հարցում, ինչ խոսք, Եհովան է լավագույն օրինակը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի մասին։ Նա մեծ խոնարհություն դրսևորեց իր աշակերտների հանդեպ։ Լինելով կատարյալ՝ Հիսուսը բոլոր հարցերում գերազանցում էր իր հետևորդներին, սակայն վերևից չէր նայում նրանց ու երբեք այնպես չէր անում, որ նրանք իրենց ցածր կամ անօգտակար զգային։ Ընդհակառակը՝ նա հաշվի էր առնում աշակերտների հնարավորությունները և համբերությամբ էր վերաբերվում նրանց սխալներին (Մարկոս 14։34–38; Հովհաննես 16։12)։ Իսկ մի՞թե ուշադրության արժանի չէ այն փաստը, որ Հիսուսի հետ ազատ էին զգում նույնիսկ երեխաները։ Ինչ խոսք, նրանք ցանկանում էին նրա կողքին լինել, քանի որ զգում էին, որ նա «հեզ է ու սրտով խոնարհ» (Մատթեոս 11։29; Մարկոս 10։13–16

20. Հիսուսը ինչպե՞ս խոհեմություն դրսևորեց ոչ հրեա կնոջ հանդեպ։

20 Հիսուսը դրսևորում էր Աստծու խոնարհությունը մեկ ուրիշ կարևոր առումով ևս։ Նա խոհեմ, կամ՝ զիջող էր, երբ ողորմություն դրսևորելը տեղին էր։ Հիշենք այն դեպքը, երբ ծագումով ոչ հրեա մի կին խնդրեց նրան բուժել իր դիվահար դստերը։ Սկզբում Հիսուսը երեք տարբեր ձևերով հասկացրեց, որ չի օգնելու նրան։ Առաջին անգամ պատասխան չտվեց կնոջը, իսկ հետո պարզ ասաց, որ ուղարկված է հրեաների և ոչ թե այլազգիների մոտ, այնուհետև օրինակ բերեց, որում քաղաքավարի կերպով ընդգծեց նույն միտքը։ Սակայն կինը հաստատակամ էր, ինչը ցույց էր տալիս, որ նա առանձնահատուկ հավատ ուներ։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը այս բացառիկ իրավիճակում։ Նա արեց հենց այն, ինչից հրաժարվում էր՝ բուժեց դիվահար աղջկան (Մատթեոս 15։21–28)։ Իրոք որ, ապշեցուցիչ խոնարհություն։ Հիշենք, որ խոնարհությունը իսկական իմաստության հիմքն է։

21. Ինչո՞ւ պետք է ջանանք ընդօրինակել Հիսուսի բնավորությունը, խոսելաձևն ու վարվելակերպը։

21 Որքա՜ն երախտապարտ ենք, որ Ավետարանները ծանոթացնում են մեզ երբևէ ապրած ամենաիմաստուն մարդու խոսքերին ու գործերին։ Միշտ հիշենք, որ Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հորը։ Նրա բնավորությունը, խոսելաձևն ու վարվելակերպն ընդօրինակելով՝ մեր մեջ կզարգացնենք վերին իմաստությունը։ Հաջորդ գլխում կտեսնենք, թե ինչպես մենք կարող ենք կյանքում կիրառել աստվածային իմաստությունը։

^ պարբ. 1 Աստվածաշնչյան ժամանակներում ատաղձագործները մասնակցում էին տների շինարարությանը, պատրաստում էին կահույք և գյուղատնտեսական գործիքներ։ Հիսուսի մասին Հուստինոս Վկան (մ.թ. 2-րդ դար) գրել է. «Ապրելով մարդկանց մեջ՝ նա սովորություն ուներ ատաղձագործությամբ զբաղվելու՝ պատրաստելով գութաններ ու լուծեր»։

^ պարբ. 6 «Մտահոգվել» թարգմանված հունարեն բայը նշանակում է «մտքով շեղվել»։ Մատթեոս 6։25-ում այն վերաբերում է անհանգստություն պատճառող մտավախություններին, որոնք կարող են շեղել մարդու միտքը՝ նրան զրկելով ուրախությունից։

^ պարբ. 7 Հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց մեծ մտահոգությունն ու սթրեսը կարող են վտանգել սիրտանոթային համակարգը, ինչպես նաև կյանքը կարճացնող այլ բնույթի բազում հիվանդությունների պատճառ դառնալ։

Իմացիր ավելին

Հիսուս. ինչպես է ապրել

Ինչո՞ւ էր Հիսուսը Աստծու կամքը կատարելու համար ապրում, և ի՞նչ էր դա նշանակում։

Ինչու կարող ես վստահել Ավետարաններին

Ստուգիր հին ձեռագրերի վրա հիմնված փաստերը։